Դեկտեմբերի 3-ից Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում ծավալվող զարգացումները տարածաշրջանում ընթացող չափազանց բարդ և խորքային գործընթացների միայն մակերեսային շերտն են, կամ, ինչպես ընդունված է ասել, այսբերգի միայն երևացող մասը։ Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ Արցախի չճանաչված հանրապետությանը Հայաստանի միջոցով արտաքին աշխարհին կապող ցամաքային միակ ճանապարհը փակ է Ադրբեջանի «բնապահպանական քաղաքացիական հասարակության մտահոգությունների» ու «խաղաղ բողոքի ակցիայի» պատճառով, ինչի արդյունքում շրջափակման մեջ է հայտնվել հայաբնակ տարածաշրջանի շուրջ 120 հազար հայ բնակչությունը։ Իրականում Լաչինի միջանցքի Շուշի-Ստեփանակերտ հատվածը փակած խմբերը սոսկ թատերական ներկայացման դերասաններ են, որոնց շարքերում քաղաքացիական համազգեստով զինվորականներ են, Ադրբեջանի էկոլոգիայի նախարարության և ուժային կառույցների աշխատակիցներ ու բացառապես Իլհամ Ալիևի քաղաքական գիծը սպասարկող մերձկառավարական ՀԿ-ների, հետազոտական կենտրոնների աշխատակիցներ, «Ենի Ադրբեջան» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներ։
Սակայն գործընթացների խորությունն ու միջազգային հանրության համար Ալիևի ձեռնարկած քայլերի հեռահարությունն ամենևին չեն սահմանափակվում դրանով։ Թիրախներն ավելի հեռուն են և հասնում են մինչև Արցախից մնացած հայաբնակ հատվածի զավթում՝ զինաթափման, հայաթափման ու «ինտեգրման» միջոցով, ինչպես նաև Հայաստանից Նախիջևանին կապող արտատարածքային ցամաքային «միջանցքի» կորզում։ Իսկ թե ինչու «բնապահպանական» ճանապարհով՝ նախապատմությունը բավականին ուշագրավ է։
Ի պատասխան «վերանվաճված» տարածքներում հետհակամարտային վերականգնման ծրագրերում ու տարածաշրջանային նոր՝ տրանսպորտային-հաղորդակցական ենթակառուցվածքային նախաձեռնություններում ԵՄ-ի ու եվրոպական ընկերութուններին ներգրավելու իր ձգտման՝ Իլհամ Ալիևն անձամբ է լսել եվրոպական պահանջ-առաջնայնություններից մեկը, որի մասին 2021 թ․ հուլիսի 18-ին Բաքվում հրապարակավ նրան հայտնել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Վերջինս, դրանց նախնական սկզբունքային համաձայնություն տալով, մասնավորապես հայտարարել էր․ «տեխնոլոգիական ոլորտում նորարարությունների և տնտեսական հարցերի շուրջ երկխոսելու համատեղ պարտավորություն ստանձնելու ցանկության վրա հենվող գործընկերությունը պետք է բխի տնտեսական զարգացման տեսանկյունից ԵՄ-ի երկու առաջնահերթություններից՝ կլիմայի փոփոխություն և թվային հեղափոխություն, որոնք կարող են լինել այդ նախագծերի հիմքում»:
Թերևս, այս իրողությունն է բացատրում, թե ինչու է Ադրբեջանի նախագահը փորձում «էկոբարեհաճ» միջավայր ու «խելացի» բնակավայրեր հիմնել հատկապես իր վերանվաճած տարածքներում, նույնը չանելով Ադրբեջանի մնացած շրջաններում։ Գաղտնիքը թաքնված է նրանում, որ արևմտյան ու եվրոպական ընկերությունները հիմնականում չեն շտապում դեպի այն տարածքներ, որտեղ վերջնական ու տևական անվտանգային կայունություն չի հաստատվել, և որոնք շարունակում են մնալ «հակամարտության կամ դրա հարակից գոտի», որքան էլ Ալիևը հայտարարում է հիմնախնդիրը լուծված լինելու մասին։ Սրան էլ հավելած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները և շատ այլ արևմտյան երկրներ չեն ճանաչել պատերազմում Ադրբեջանի հաղթանակը, նրան չեն շնորհավորել, Բաքվում նրանց դեսպանները հրաժարվել են մասնակցել դեպի պատերազմով նվաճված տարածքներ Ալիևի աշխատակազմի կազմակերպած «զբոսաշրջային այցերին», քանզի այդ ամենը եղել է «հակամարտությունը չունի ուժային լուծում» դիվանագիտորեն ձևակերպված խաղի կանոնին հակառակ։
Եվ ահա Իլհամ Ալիևը, ցանկանալով չեզոքացնել ԵՄ-ի ներգրավվածության համար խոչընդոտող հանդիսացող հանգամանքը, Արցախում գործարկեց ու լայնորեն գովազդեց «կանաչ» նախագծերը։ Մասնավորապես, նա Զանգելանի/Կովսականի շրջանում սկսեց կառուցել էկոբարեհաճ «խելացի ավան»՝ կազմակերպելով որոշ ընտանիքների վերաբնակեցում այնտեղ, Ջրականի/Ջեբրայիլի շրջանում գործարկեց «Ադրբեջան-Թուրքիա անտառտնտեսության ուսուցման միջազգային կենտրոն», «Խելացի սածիլներ» և «Բարեկամության անտառ» համալիր նախագծերը։ Մինչև Արցախի ու Լաչինի միջանցքի վրա «բնապահպանական գրոհը», հոկտեմբերի 19-ին, նա իր փոխնախագահ տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ Ջրականի/Ջեբրայիլի շրջանում «Բարեկամության անտառ» համալիրում բաց թողեց 18 եղնիկներ՝ ընդգծված շեշտելով իրենց «նվիրվածությունը» էկոլոգիային[1]․․․
Իսկ դեկտեմբերի 7-ին արտաքին ու անվտանգային քաղաքականությունների հարցերով նրա օգնական Հիքմեթ Հաջիևը Անկարայում ու Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի 150 ներկայացուցիչների համար, որոնց մեջ էր նաև Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, շրջայց կազմակերպեց Զանգելանի շրջան, որտեղ նորաբաց օդանավակայանում ներկայացրեց հակամարտությունից տուժած շրջանների վերակառուցման ծրագրերը, նրանց ուղեկցեց նորակառույց «խելացի» էկոգյուղը, ապա Ողջի գետի մոտ ցուցադրեց վերականգնվող էներգետիկայի ենթակառուցվածքներ, հիդրոէլեկտրակայաններ ու պատմեց, թե ինչպես են Արցախում հայերը հանքարդյունաբերությամբ ու դրա թափոններով աղտոտում շրջակա միջավայրը, գետերը։ Թերևս, այս ամենը նախերգանք էր Լաչինի «բնապահպանական բողոքը» բեմականացնելու համար, որպեսզի ամեն ինչ շատ «բնական» լինի։
Արդեն դեկտեմբերի 3-ի առավոտյան Արցախը Հայաստանին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ նախ փակեցին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ապա Ադրբեջանի էկոլոգիայի ու բնական պաշարների նախարարության և “AzerGold” բաժնետիրական ընկերության ներկայացուցիչները ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Վոլկովից պահանջեցին ապահովել մուտք Կաշենի հանքավայր՝ բնապահպանական մշտադիտարկում անցկացնելու համար։ Ստեփանակերտում 3 ժամ տևած բանակցությունների արդյունքում ավտոմայրուղու երթևեկությունը երկու ուղղությամբ վերականգնվեց, իսկ հաջորդ օրը ադրբեջանցի «մոնիթորները» ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հայտնվեցին հանքի տարածքում, սակայն տեղի բնակիչներն ու հանքավայրի աշխատակիցները թույլ չտվեցին մուտք գործել։
Ապա ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Վոլկովը հայտարարեց, թե որպեսզի Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների, անձանց կապակցությամբ մտահոգություններ ի հայտ չգան, հայկական ու ադրբեջանական կողմերի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի իրենք Լաչինի միջանցքում մինիմաքսակետ տեղադրեն։ Ի պատասխան դրա՝ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ նման համաձայնություն չի տվել, և որ որևէ մաքսակետ չի կարող տեղադրվել։ Այս ամենի արդյունքն արդեն Ադրբեջանի նախագահի բարձր հովանու ներքո գործող «բնապահպանական քաղհասարակության» հերթական գրոհն էր Լաչինի միջանցքի վրա՝ այն փակելով, ինչպես նաև խափանելով գազամատակարարումը։ Միջազգային ճնշման տակ գազամատակարարումը վերականգնվեց, բայց միջանցքը դեռ շարունակում է փակ մնալ։
Թերևս, Բաքուն չէր սպասում հումանիտար միջանցքը բացելու միջազգային հստակ ու հասցեական պահանջ։ Ի պատասխան դրա՝ Բաքուն սկսեց պնդել, թե ճանապարհն ինքը չի փակել, այլ ռուս խաղաղապահները, իսկ «բնապահպանների» մտահոգությունները լեգիտիմ են ու պետք է հարգվեն։ Այդուհանդերձ, այս ամենի արդյունքում ու այս պահի դրությամբ «խաղաղ ցուցարարները» միայն ռուս խաղաղապահներին թույլատրում են որոշ հումանիտար բեռներ տեղափոխել ու նրանց առջև ժամանակ առ ժամանակ բացում են ճանապարհը։
Վերոնշյալը ոչ միայն ցույց է տալիս Բաքվի ռազմավարության հեռահար նպատակները, այլև ի ցույց է դնում Արցախում օրեցօր ավելացող անվտանգային վակուումն ու խաղաղապահական ճգնաժամն այնպիսի պայմաններում, երբ Բաքուն մի կողմից Մոսկվայից պահանջում է «ետ վերադարձնել» Լաչինի միջանցքը՝ եթե ի զորու չէ Երևանին ճնշել «Զանգեզուրի միջանցք» ապահովելու հարցում, Արևմուտքին այդ ամենը ներկայացնում է որպես ռուս խաղաղապահներին դիմակայելու ու նրանցից ազատվելու ձգտում և գործընթաց՝ «բնապահպանական» մտահոգությունների սոուսով։ Պաշտոնական Բաքուն նաև փորձում է այս ողջ գործընթացը հանգեցնել Լաչինի միջանցքում մաքսակետ տեղադրելուն ու այնտեղ փոխադրումների վերահսկողության իրավունքը ռուսների հետ կիսելուն, Ռուսաստանից ու Արևմուտքից Արցախում «ինսպեկցիայի» թույլտվություն ստանալուն։ Ու փորձում է մինչև «Խաղաղության պայմանագրի» բանակցումն ու ստորագրումը Արցախի տնտեսությունը կաթվածահար անել ու Արցախը հայաթափելու ճանապարհով այն նվաճել։
Միջազգային հանրության արձագանքն այս իրավիճակում չափազանց հատու պետք է լինի, քանզի Ալիևն արդեն ի ցույց է դրել, որ բանակցված լուծման հարցում բացարձակ շահագրգռված չէ, իսկ նոր պատերազմի կանխման ճանապարհը կոնսոլիդացված արձագանքն է ոչ թե աղետից հետո, ինչպես Ուկրաինայում, այլ դրանից առաջ։ Թերևս, եկել է Ադրբեջանի նախագահի ու քաղաքական վերնախավի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահը, քանի դեռ ուշ չէ։
Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի
հայկական ինստիտուտի հիմնադիր և տնօրեն
Երևան
___________________
[1] 18 gazelles were released to territory of Jabrayil while viewing project of forest training center, smart seedlings and friendship forest complex to be established in the district, 19.10.2022, https://azertag.az/en/xeber/18_gazelles_were_released_to_territory_of_Jabrayil_while_viewing_project_of_forest_training_center_smart_seedlings_and_friendship_forest_complex_to_be_established_in_the_district_VIDEO-2340683