Վահրամ Աթանեսյան
Ուղիղ մեկ ամիս առաջ Իլհամ Ալիևը ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացի հետ հանդիպմանը հայտարարեց, որ պատրաստ է խոսելու «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների», բայց ոչ Ռուբեն Վարդանյանի հետ։
Ալիևը Ռուբեն Վարդնայանին անվանեց «Ռուսաստանից հատուկ գործողված» և ասաց, որ Ադրբեջանը կխոսի նրանց հետ, որ «ապրում են և ապրելու են Ղարաբաղում»։ Ռուբեն Վարդանյանը նույն օրը արձագանքեց և իրեն բնութագրեց որպես բանակցողի՝ Ալիևի սահմանած «չափանիշներին լիովին համապատասխանող»։
Ուշագրավ է, որ Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումից մի քանի օր առաջ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը ուրվագծել էր տեսլական, ինչից հասկացվում էր, որ Բաքվում «քննարկվում է Ղարաբաղի հայաբնակ տարածքների վարչական կառավարում ստեղծելու» հավանականություն։ «Թուրանը» գրել էր, որ Ռուբեն Վարդանյանը «կունենա տեղական բյուջե, ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման ծրագիր»։ Դա, ըստ Բաքվի լրատվամիջոցի, «ռեինտեգրացիայի հնարավորություն կստեղծի»։
Ռուբեն Վարդանյանը պետնախարար նշանակվեց նոյեմբերի 4-ին։ Հաջորդ օրը Խրամորթի ուղղությամբ հնչեց ադրբեջանական կրակոցը։ Վարդանյանի պաշտոնավարման մեկամսյա «հոբելյանը» նշանավորվեց Լաչինի միջանցքում ադրեջանական «էկոակտիվիստների ակցիայով»։ Մինչ այդ գյուղատնտեսական աշխատանքները խաթարելու մի քանի սադրանք իրականացվել էր Ամարասի հովտում, Ճանկաթաղում, Արցախի այլ համայնքներում։
Անշուշտ, վերջին միամիտը պիտի լինել՝ հավատալու, որ ռուսաստանցի միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը «մի առավոտ արթնացավ և որոշեց, որ գնում է փրկելու Արցախը»։ Մանավանդ ինքն էր խոստովանել, որ վերջնական որոշում կկայացնի խորհրդատվական հանդիպումներից հետո։
Նվազ արժանահավատ է նաև, որ նրան Արցախի պետնախարարի պաշտոնն ընդունելու «սուվերեն առաջարկ» Արայիկ Հարությունյանն է արել։ Գործ ունենք, երևի, ինչ-որ «պայմանավորվածությունների» հետ, բայց գոնե «այսբերգի երևացող մասի» առումով պիտի արձանագրել, որ Իլհամ Ալիև-Ռուբեն Վարդանյան «երկխոսությունը չի կայանում»։
Հարց է՝ փաստացի իրավիճակը դիմակայությա՞ն է, թե՞ «նախնական պայմանավորվածություններից հրաժարվելու հետևանքով ճգնաժամի դրսևորում» է։ Իլհամ Ալիևը մինչ նոյեմբերի 17-ը Արցախի որևէ պաշտոնյայի անվանապես երբեք չի վկայակոչել։ Թեև ադրբեջանական վտարանդիության աղբյուրները «տեղեկացված են», որ քառասունչորսօրյա պատերազմից հետո Բաքու-Ստեփանակերտ բարձր մակարդակի շփումներ եղել են։ Նրանք, ի մասնավորի, տալիս են Ալիևի աշխատակազմի բաժնի պետ Նաղդալիևի և Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նաղիևի անունները, որ մի քանի «հանդիպում են ունեցել Արայիկ Հարությունյանի հետ»։
Որքանով են այս տեղեկությունները հավաստի՝ դժվար է ասել, փաստ է, որ նոյեմբերի 17-ին Ալիեւը հավաստել է, որ Արցախ-Ադրբեջան «երկխոսություն եղել է, կա և, եթե չխանգարեն, կլինի»։
Ով կարող է խանգարել՝ Ալիևը փակագծեր չի բացել։
Դրանից երկու շաբաթ անց Լաչինի միջանցքի արգելափակումը, թերևս, նաեւ «մեսիջ» է, թե ում է որպես «արցախյան կողմից բանակցող» տեսնում Ալիևը։
Իհարկե, Շուշիի մոտ «բնապահպանական ակցիան» աշխարհաքաղաքական կոնտեքստ ունի։ Հարցն այն է, թե ինչով կամ ի դեմս ում է, որ Արցախի ներկայիս իշխանությունը «չի համապատասխանում խնդրի քննարկման բարձր մակարդակին»։
Այլապես ինչո՞ւ Իլհամ Ալիևը Լաչինի միջանցքը չի արգելափակել օգոստոսին։ Կամ՝ «էկոլոգիական ակցիան» ինչո՞ւ չի իրականացվում Հայաստանի հետ Լաչինի միջանցքի «շփման կետում»։ Էմոցիոնալ ֆոնը, երևի, պետք է միայն քարոզչական նպատակներով օգտագործվի։
Բուն խնդիրը, կարծես, Ստեփանակերտում է։ Որն է Իլհամ Ալիև-Ռուբեն Վարդանյան «կոշտ դիմակայության» աշխարհաքաղաքական ենթատեքստը, ինչ հանգուցալուծում կարելի է առնվազն երևակայել՝ լուրջ վերլուծության հարցադրումներ են։ Միանշանակ է, թերևս, որ Ռուբեն Վարդանյանը Իլհամ Ալիևին «հաղթել չի կարող»։ Բայց, հավանաբար, նրան ինչ-որ «ոչ հրապարակային համաձայնությունների» դաշտ բերելու խնդիր Ռուբեն Վարդանյանն ունի։ Ինտրիգն այն է, թե այդ «դեպքում» որն է Արցախի ժողովրդի իրական շահը։