2022 թ․ նոյեմբերի 13-ին ժամը 16։20-ին պայթյուն գրանցվեց Ստամբուլի բանուկ հատվածներից Իսթիքլյալ պողոտայում, ինչի հետևանքով զոհվեց 6 և վիրավորվեց 81 մարդ։ Թուրքական իշխանությունները դա որակեցին ահաբեկչություն՝ հայտնելով, որ այն Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքից ստացված հրահանգով իրականացրել է Ահլամ Ալբաշըրը։ Թեև PKK-ն հրաժարվեց ստանձնել Ստամբուլի պայթյունի պատասխանատվությունը, Թուրքիան նոյեմբերի 19-20-ի գիշերն Իրաքի ու Սիրիայի հյուսիսում PKK-ի ու իր բնորոշմամբ՝ նրա սիրիական թև YPG-ի դեմ սկսեց Pençe Kılıç («Մագիլ Սուր») ավիագործողությունը։ Նշենք, որ այս իրավիճակը մեզ հիշեցնում է 2016 թ․ ամառը, երբ օգոստոսի 20-ին Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող Գազիանթեփ (Այնթափ) քաղաքում գրանցվեց խոշոր ահաբեկչություն (59 զոհ և ավելի քան 90 վիրավոր), Թուրքիան ահաբեկչության պատասխանատվությունը դրեց ԻՊ-ի վրա, շահեց միջազգային հանրության կարեկցանքն ու աջակցությունը և 4 օր անց Սիրիայի հյուսիսում՝ ԻՊ-ի վերահսկած Ազեզ-Ջերաբլուս գոտում, սկսեց «Եփրատի վահան» ռազմական գործողությունը։
Այս անգամ էլ Ստամբուլի ահաբեկչությունն օգնեց Թուրքիային ստանալ միջազգային հանրության (տասնյակ երկրների ու միջազգային կառույցների) զորակցությունը և սկսել Pençe Kılıç գործողությունը։ Չենք բացառում, որ Ստամբուլի պայթյունը հենց այդ նպատակով կազմակերպել են Թուրքիայի հատուկ ծառայությունները։ Արդեն կան տեղեկություններ, որ ահաբեկչություն իրականացնող կինը ոչ թե քուրդ է, այլ պաղեստինցի (Գազայի հատվածից), ով թուրքական իշխանությունների պնդմամբ՝ «Սիրիայի քաղաքացի է, Թուրքիա մուտք է գործել Աֆրինից և պատրաստվել Ռաս ալ-Այնում գտնվող PKK-ի բազայում»։ Սակայն թե՛ Աֆրինը, թե՛ Ռաս ալ-Այնն արդեն մի քանի տարի գտնվում են Թուրքիայի ու Սիրիական ազատ բանակի վերահսկողության ներքո։ Հատկանշական է, որ երբ Թուրքիայի խորհրդարանի երրորդ խոշոր ուժ, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունն առաջարկեց հետաքննել Ստամբուլի պայթյունը, իշխող դաշինքը (ԱԶԿ-ԱՇԿ) մերժեց այն։
Ի տարբերություն 2016 թվականի՝ թուրքական իշխանություններն այս անգամ նպատակահարմար չգտան հայտարարել, թե պայթյունն իրականացրել է ԻՊ-ն, քանի որ այն Սիրիայի հյուսիսում չի վերահսկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիրախում գտնվող սիրիական շրջանները (Քոբանի` Եփրատի արևելքում, Մանբիչ և Թել Ռըֆաթ` Եփրատի արևմուտքում)․ դրանք վերահսկում են Սիրիայի քրդերը (YPG)։ Արդյունում թուրքական իշխանությունները պայթյունի պատասխանատվությունը դրեցին «PKK-YPG-ի» վրա՝ ստեղծելով Իրաքի ու Սիրիայի հյուսիսում ավիացիոն ռազմական գործողության ճշմարտանման պատրվակ։
Բացի այդ, թուրքական իշխանությունների համար PKK-YPG-ի թեման շահարկելը բավական անհրաժեշտ էր Շվեդիային, ինչպես նաև Ֆինլանդիային և ընդհանրապես հավաքական Արևմուտքին ի ցույց դնելու համար «ահաբեկչական խմբավորումների թիրախում գտնվելու» մասին իրենց խոսքերի ճշմարտացիությունը։ Թուրքիան այդ պատրվակով է ձգձգում ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը՝ հատկապես առաջինից պահանջելով իրեն արտահանձնել մի շարք մարդկանց, որոնց նա համարում է ահաբեկիչ։
Ձգձգելով ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը՝ Թուրքիան ունի առնվազն 3 թիրախ, որոնցից մեկը հենց սկանդինավյան երկրներից տարատեսակ զիջումներ (նաև ռազմաարդյունաբերական ոլորտում, ԵՄ-ին առնչվող հարցերում) կորզելն է։ Թուրքիայի թիրախում են նաև Արևմուտքն ու Ռուսաստանը, որոնցից նույնպես նա ձգտում է կորզել տարատեսակ զիջումներ՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը չձգձգելու և ընդհակառակը՝ ձգձգելու համար։ Թուրքիան հուսով է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հաշվի կառնեն իր կարևոր դերն այդ հարցում և ընդհանրապես՝ ուկրաինական ճգնաժամի և մնացյալ այլ հարցերում, ու «կանաչ լույս» կվառեն Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հերթական ցամաքային ներխուժման առջև (Pençe Kılıç-ի մեկնարկից հետո Էրդողանը հայտարարեց, թե չեն պատրաստվում սահմանափակվել միայն օդային գործողությամբ՝ ակնարկելով ցամաքային ռազմական գործողության հնարավորության մասին)։
Եվ, վերջապես, Pençe Kılıç-ը նպաստեց նոյեմբերի 20-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում 2022թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումից առաջ կայացած Թուրքիայի ու Եգիպտոսի նախագահների ձեռքսեղմումից թուրք հանրության ուշադրությունը շեղելուն։ Էրդողանն ու Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարեցին, որ իրենց ձեռքսեղմամբ նոր ժամանակաշրջան կբացվի Թուրքիայի ու Եգիպտոսի փոխհարաբերություններում։ Ավելին, Էրդողանը խոստովանեց, որ ոչ միայն սեղմել է ալ-Սիսիի ձեռքը, այլև՝ 45 րոպեանոց հանդիպում է ունեցել նրա հետ (դա արդեն որակվել է «ֆուտբոլային դիվանագիտություն»)։ Այդ ամենը Թուրքիայում շոկային ազդեցություն ունեցավ անգամ իշխանամետ հոդվածագիրների ու փորձագետների վրա՝ հաշվի առնելով, թե վերջին 9 տարում Էրդողանը (ինչպես նաև նրա նախարարները) որքան սուր է քննադատել ռազմական հեղաշրջման ճանապարհով Եգիպտոսում իշխանության եկած ալ-Սիսիին, նրան անվանել «մարդասպան ու բռնապետ» և անգամ ՄԱԿ ԳԱ-ի շրջանակներում տրված ճաշկերույթի ժամանակ հրաժարվել է նրա հետ սեղան նստել։
Ալ-Սիսիի հետ իր հանդիպման հետևանքները մեղմելու, դրանից թուրք հանրության ուշադրությունը շեղելու համար Էրդողանը, ըստ ամենայնի, կատարել է հետևյալ հաշվարկը․ 1) Հաշվի է առել, որ իր ձեռքսեղմումից քիչ անց մեկնարկելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, և մարդկանց ուշադրության կենտրոնում լինելու է հենց դա։ 2) Ըստ էության, նույն օրը Սիրիայի ու Իրաքի հյուսիսում մեկնարկեց Pençe Kılıç-ը, որը նաև կոչված է որոշակի բարձրացնելու Էրդողանի վարկանիշը Թուրքիայի ներսում ու արտերկրում։ Հիշեցնենք, որ 2016 թ․ ամռանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Էրդողանի մասնակի/անհասցե ներողության նամակից հետո խոշոր պայթյուն էր գրանցվել Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան օդանավակայանում (45 զոհ, 236 վիրավոր), ինչը զգալի շեղել էր թուրք հասարակության ուշադրությունը։
Pençe Kılıç-ի անվանումն ուշագրավ է նրանով, որ այն պարունակում է հարձակողական իմաստ։ Մինչդեռ նախորդ տարիներին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած 4 հայտնի ռազմական գործողությունների անունները («Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ», «Խաղաղության ակունք», «Գարնանային վահան») ունեցել են պաշտպանական, խաղաղասիրական բնույթ (Իրաքում էլ Թուրքիան իրականացնում էր Pençe Kilit (Մագիլ կողպեք) գործողությունը)։ Ի դեպ, Թուրքիան 2019-ից Իրաքի հյուսիսում իրականացնում է Pençe դասի ռազմական գործողություններ (Pençe-1, Pençe-2, Pençe-3, Pençe-Kartal, Pençe-Kaplan, Pençe-Kartal 2, Pençe-Şimşek, Pençe-Yıldırım)։ Մեր կարծիքով, Pençe անունը պատահաբար չի ընտրվել, այն օսմանյան ժամանակաշրջանում ունեցել է ստորագրության/կնիքի իմաստ։ Եվ, փաստորեն, 21-րդ դարում Թուրքիան Pençe դասի ռազմական գործողություններով իր դրոշմն է թողնում Իրաքի և հիմա նաև Սիրիայի հյուսիսում, ինչը խոսում է այդ տարածքների հանդեպ նրա երկարաժամկետ պլանների մասին։
Թուրքիայի զինուժը Pençe Kılıç-ի շրջանակներում հարվածներ է հասցնում 750 կմ սահմանի երկայնքով և մինչև 195 կմ խորության վրա։ Տվյալ գործողությունում ներգրավված է մոտ 70 կործանիչ, 1 վաղ նախազգուշացման համակարգով ինքնաթիռ, 4 լիցքավորիչ ինքնաթիռ, 20 ԱԹՍ։ Թուրքիան իր գործողությունները հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքի մասին ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով (թուրքական կողմի թիրախում են նաև Հասեկեի ու Դեյր էզ Զորի շրջաններում Սիրիայի քրդերի վերահսկած նավթային օբյեկտները)։
Ընդ որում, թուրքական մարտական ինքնաթիռները մուտք են գործել Սիրիայի օդային տիրույթ, որը վերահսկվում է Ռուսաստանի կողմից։ Դա մի կողմից վկայում է, որ Ռուսաստանը «կանաչ լույս» է վառել Թուրքիայի առջև, ինչի մասին գրում են նաև թուրքական մամուլում, իսկ մյուս կողմից վկայում է Սիրիայի ու Թուրքիայի միջև որոշակի համագործակցության մասին (վերջին ամիսներին շատ է խոսվել երկու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումների մասին)։ Նոյեմբերի 29-ին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը խոստովանել է, որ Անկարան Սիրիայի հյուսիսում և Իրաքում օդային օպերացիայի ընթացքում իր գործողությունները համակարգել է Մոսկվայի հետ․ «Ինչպե՞ս ենք մտել Թել Ռըֆաթի օդային տիրույթ։ Դա քննարկել ենք Ռուսաստանի հետ»:
Մեր կարծիքով, Ռուսաստանն այդպիսով փորձում է միայն մասնակի բավարարել Թուրքիայի պահանջները՝ նրան թույլ տալով ավիացիոն գործողություն սկսել Սիրիայում քրդերի դեմ, ինչը նրանց կստիպի հիասթափվել ԱՄՆ-ից, ավելի շատ հաշվի նստել ռուսական գործոնի հետ ու նաև համաձայնվել իրենց վերահսկած տարածքները Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հանձնելուն։ Թուրքիան արդեն իր դժգոհություններն է հայտնել Ռուսաստանին, որը փորձում է Սիրիայի քրդերին համոզել իրենց վերահսկած տարածքները հանձնել Ասադին։ Իսկ Ասադի բանակի մուտքով փակվում է Սիրիայի հյուսիսում ցամաքային նոր ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի հնարավորությունը (առկա տեղեկություններով՝ ռուսական կողմն ու Ասադը մեծացնում են ռազմական ներկայությունը Քոբանիում)։
ԱՄՆ-ն, թեև հայտարարում է, որ ընդունում է սեփական սահմաններին 30 կմ-անոց անվտանգության գոտի ձևավորելու հարցում Թուրքիայի մտահոգությունները, սակայն դեմ է ցամաքային ռազմական գործողությանը։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը ներկայումս զբաղված են Սիրիայի քրդերին համոզելով, որպեսզի վերջիններս Թուրքիայի սահմանից հետ քաշվեն 30 կմ և դրանով ի չիք դարձնեն թուրքական հնարավոր ցամաքային ներխուժման հնարավորությունը։
Եթե Էրդողանը կարողանա ռուսական կողմին համոզել, որ ցամաքային ներխուժումը կօգնի իրեն վերընտրվել Թուրքիայի գալիք կարևոր ընտրություններում, ապա նա կստանա նման թույլտվություն (Պուտինի համար չափազանց մեծ կարևորություն ունի Էրդողանի պաշտոնավարման շարունակումը)։ Հակառակ դեպքում Թուրքիայի ցամաքային ռազմական գործողությունը Սիրիայում տեղի չի ունենա՝ հաշվի առնելով նաև, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ի անդամ երկրները (Ֆրանսիա, Գերմանիա), Իրանը[1] և նաև Չինաստանը հստակ ու կտրուկ դեմ են արտահայտվում դրան։ Շատ բան կախված է նաև ԱՄՆ-ի հակազդեցության աստիճանից, թե վերջինս ցամաքային ներխուժման դեպքում ինչպիսի հետևանքներով կսպառնա Թուրքիային (նախընտրական շրջանում Էրդողանը բավական խոցելի է)։
Էրդողանը դեռ 2022 թ․ հունիսին (ավելի լայն իմաստով՝ 2020-ից) էր սպառնում ցամաքային ռազմական գործողություն սկսել Հալեպի նահանգում՝ Թել Ռըֆաթում ու Մանբիչում։ Վերջինս, մեր կարծիքով, նրա համար ունի առանձնահատուկ նշանակություն․ 2016 թ․ Սիրիայի քրդերի կողմից հենց Մանբիչի գրավումը Էրդողանին ստիպեց հաշտվել Պուտինի հետ և ստանալ Սիրիա ներխուժելու թույլտվություն՝ «Եփրատի վահան» (2016 թ․ Սիրիայի քրդերը հատեցին Թուրքիայի սահմանած «կարմիր գիծը»՝ Եփրատը, հունիսի 23-ին գրավեցին ռազմավարական կարևորության Մանբիչը, ինչին 4 օր անց հետևեց Էրդողանի վերոնշյալ ներողությունը)։
Էրդողանն արդեն մի քանի տարի է, ինչ ձգտում է Սիրիայի հյուսիսում ձևավորել 30 կմ-անոց անվտանգության գոտի, որի դրդապատճառներն են․ ա) Սիրիայի քրդերին դուրս մղել Թուրքիային սահմանակից սիրիական շրջաններից և դրանով սեպ խրել Թուրքիայի ու Սիրիայի քրդերի միջև, բ) ընդլայնել Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում, հնարավորինս մոտենալ նրա համար բաղձալի համարվող Հալեպին, մեծացնել հետպատերազմյան Սիրիայում նրա ձայնի իրավունքը, գ) չեզոքացնել քրդական դե ֆակտո ինքնավարությունը Սիրիայում, այդ ֆոնին համագործակցել նաև Սիրիայի իշխանությունների հետ, դ) Թուրքիայում հանգրվանած սիրիացի փախստականներին տեղավորել տվյալ անվտանգության գոտում և դրանով փոփոխել տարածաշրջանի դեմոգրաֆիական պատկերը, ե) ապագայում այդ տարածքներում հանրաքվե կազմակերպելու միջոցով հնարավորություն ստեղծել Սիրիայի հյուսիսը բռնակցելու համար, զ) 2023թ․ ընտրություններից առաջ բարձրացնել սեփական վարկանիշը և միգուցե նշանակել արտահերթ ընտրություններ[2], է) առավել խորացնել սեփական հետքը Թուրքիայի պատմության մեջ՝ փորձելով հասնել ու անցնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին։
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Թուրքագետ
Երևան
______________________
[1] Իրանը Pençe Kılıç գործողությունից առաջ և ընթացքում հարվածներ է հասցնում Իրաքի հյուսիս-արևելքում։ Նրա թիրախում են իրանական իշխանությունների դեմ գործող և Իրանի քրդերի շրջանում անջատողականություն տարածող «Իրանի Քրդստանի ազատ կյանք», «Քոմելե», «Ազատ Քրդստան» կուսակցությունները, որոնց Իրանի իշխանություններն անվանում են ահաբեկիչ-անջատողական։
[2] Էրդողանն արտահերթ ընտրությունների, թերևս, չի գնա, քանի դեռ չի ձերբակալել/լռեցրել ԱՄԷ-ում գտնվող թուրքական մաֆիայի պարագլուխներից Սեդաթ Փեքերին, ով սկանդալային բացահայտումներ է անում Էրդողանի թիմի վերաբերյալ և սպառնացել է ընտրություններից երկու ամիս առաջ բացահայտումներ անել հենց Էրդողանի վերաբերյալ։ 2022 թ․ նոյեմբերի վերջին Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, ում նույնպես խստապես վարկաբեկել է Ս․ Փեքերը, մեկնել է Աբու Դաբի և հանդիպել իր գործընկեր Սաիֆ բին Զայեդ ալ-Նահայանին։