Իրան-Ադրբեջան հարաբերությունների բնույթը
Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Ադրբեջանական Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները երբեք էլ հարթ չեն ընթացել, զարգացել են վայրիվերումներով՝ ունենալով և՛ համագործակցության լավ օրինակներ, և՛ խնդիրներ։
Թեհրան-Բաքու հարաբերությունների կարևոր օղակներից է տնտեսական և տարանցիկ համագործակցությունը։ Կողմերը համագործակցում են Հյուսիս – Հարավ, Պարսից ծոց – Սև ծով միջազգային միջանցքների նախագծերում։ Իրանից Ռուսաստան բեռնափոխադրումների մեծ մասն իրականացվում է հենց Ադրբեջանի տարածքով՝ ցամաքային և երկաթուղային ճանապարհներով։ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների ծավալներն այնքան են մեծացել, որ երկու երկրներն իրենց սահմանին նոր կամուրջ են կառուցում։
Քաղաքական հարցերում ևս երկրներն ունեն համագործակցության տարբեր, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափեր, օրինակ՝ արտգործնախարարների մակարդակով Իրան – Ադրբեջան – Թուրքիա հանդիպումները, նախագահների մակարդակով Իրան – Ադրբեջան – Ռուսաստան կապերը, Կասպյան հնգյակի շրջանակում կապերը և այլն։
Չնայած այս հաջողված օրինակներին՝ երկու երկրների հարաբերություններում գոյություն ունեն խնդիրներ, որոնք թե՛ նախորդ երեսուն տարիների ընթացքում և թե՛ տեսանելի ապագայում լուծում չունեն, ընդհակառակը՝ կարող են ավելի խորանալ։
Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա հիմնական խնդիրներն են՝
- Ադրբեջանի նկատմամբ Իրանի կրոնական քաղաքականությունը,
- Ադրբեջանում շիա հավատացյալների ճնշումները,
- Իսրայել – Ադրբեջան հարաբերությունները,
- Իրանի հյուսիսարևմտյան նահանգների նկատմամբ Ադրբեջանի նկրտումները,
- Կասպից ծովի սահմանագծման ու հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունները,
- Մշակութային ոլորտի տարաձայնությունները։
Նշված խնդիրներից յուրաքանչյուրն Իրան-Ադրբեջան հարաբերությունների որոշակի շրջափուլերում գլուխ է բարձրացրել՝ պատճառ դառնալով երկու երկրների հարաբերությունների սրման։ Շատ հաճախ խնդիրներից մի քանիսն արտահայտվել են միաժամանակ՝ փոխլրացնելով միմյանց։
Բաքու-Թեհրան հարաբերությունների ժամանակ առ ժամանակ սրումը, սակայն, պայմանավորված է եղել և պայմանավորված է նաև աշխարհաքաղաքական խթաններով։ Այդպես էր 2010-ականների սկզբին, երբ միջուկային խնդրով պայմանավորված՝ Իրանի շուրջ իրադրությունը լարվել էր, և անգամ խոսք էր գնում ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին։ Այդ ժամանակ Ադրբեջանը դիտարկվում էր որպես Իրանի դեմ գործողությունների հնարավոր հարթակ։
Զուգահեռաբար սերտանում էին նաև Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները։ 2012 թվականին այս երկրները 1,6 մլրդ դոլարի զենքի գնումների պայմանագիր կնքեցին, ինչն Իրանին այնքան անհանգստացրեց, որ Թեհրանում Բաքվի դեսպանին հրավիրեցին Իրանի ԱԳՆ՝ գործարքի առնչությամբ բացատրություններ տալու համար։ Ընդհանուր առմամբ, 2010-2012 թթ․ հարաբերություններն այն աստիճանի սրվեցին, որ կողմերը հետ կանչեցին իրենց դեսպաններին։
Իրանի դիրքորոշումը 2020 թ․ Արցախյան պատերազմում, և Ադրբեջանի հետ հարաբերությունները պատերազմից հետո
Իրան – Ադրբեջան հարաբերությունների լարվածությունը որոշակիորեն թուլացավ 2015-2020 թվականներին։ Այդ ընթացքում երկու երկրները համագործակցության մի շարք նախագծերի շուրջ նոր պայմանավորվածություններ ձեռք բերեցին։
Հարաբերությունները, սակայն, նորից սրվեցին 2020 թ․ Արցախյան պատերազմից հետո։ Թեև այս անգամ դեսպանների հետկանչ դեռևս չի եղել, սակայն փոխադարձ մեղադրանքներն ու հայտարարություններն ու քարոզչությունը աննախադեպ են։ Որոշակի պահի մթնոլորտն այնքան լարվեց, որ Ադրբեջանը բացահայտ ու պաշտոնապես սկսեց շրջանառել «Հարավային Ադրբեջանի» թեզը։
Երկու երկրների հարաբերությունների լարման պատճառն այս անգամ այն մարտահրավերներն են, որ առաջացել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Առհասարակ, բուն ռազմական գործողություններն Իրանի համար մի շարք սպառնալիքներ էին պարունակում, այդ թվում․
- ահաբեկիչների ներկայություն սահմանների մոտ,
- թուրքական ուղղակի և անուղղակի ներկայություն,
- իսրայելական ուղղակի և անուղղակի ներկայություն,
- հրթիռներ և արկեր, որ ընկնում էին Իրանի տարածքում,
- մարտական և հետախուզական ԱԹՍ-ներ Իրանի սահմանի մոտ և դրանից ներս,
- երկրում պանթյուրքական խմորումների ակտիվացում։
Ելակետային այս պայմանների թելադրանքով ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում Իրանը շեշտել է պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը։ Իսկ հակասությունների խաղաղ կարգավորման մոտեցմամբ Իրանը հանդես է եկել Արցախյան առաջին պատերազմից ի վեր։ Եվ դրա ոչ թե անվանական, այլ հիմնավորված դիրքորոշում է եղել։
Հակամարտության հարցում Իրանի մյուս սկզբունքային մոտեցումն էլ երկրների տարածքային ամբողջականությանն աջակցելն է։ Պաշտոնապես Իրանը միշտ հայտարարել է, որ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։ Չնայած պաշտոնական մոտեցմանը՝ Իրանի փորձագիտական շրջանակները բազմիցս շեշտել են, որ Իրանի շահերից է բխում իր սահմանների հյուսիսում ադրբեջանականի փոխարեն հայկական զինված ուժերի ներկայությունը։
Ելնելով իր արտաքին քաղաքական սկզբունքներից՝ Թեհրանը նաև մշտապես բացառել է հակամարտության լուծմանը արտատարածաշրջանային ուժերի մասնակցությունը, շեշտը դնելով խնդրի՝ տարածաշրջանի երկրների միջնորդությամբ կարգավորման վրա։
Հակամարտության դադարեցման պատրվակով տարածաշրջանում այլ երկրների դիրքերի ամրապնդումը և սեփական դիրքերի կորուստը թույլ չտալու նպատակով 2020 թվականի պատերազմի ընթացքում Իրանը փորձեց նաև միջնորդություն իրականացնել և սեփական ծագիրը մշակեց, որը ներկայցնելու համար փոխարտգործնախարար Աբաս Արաղչին մեկնեց Բաքու, Մոսկվա, Երևան, Անկարա։ Թեև իրանական կողմն այդպես էլ չներկայացրեց ծրագրի մանրամասները, սակայն, ըստ հրապարակային հայտարարությունների, այն նախատեսում էր՝
- ռազմական գործողությունների դադարեցում,
- «Ադրբեջանի տարածքների օկուպացիայի» վերացում,
- Հայ «փոքրամասնության» իրավունքների պահպանում,
- Տարածաշրջանի երկրների օգնությամբ բանակցություններ:
Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար հաստատվեց, Թեհրանը հայտարարեց, որ իրենց ծրագիրը շատ նման էր ձեռք բերված համաձայնությանը։
Պատերազմի ավարտից հետո Թեհրանը նաև շնորհավորանքներ հղեց Ադրբեջանին, պատրաստակամություն հայտնեց մասնակցել գրավված տարածքների շինարարական աշխատանքներին։ Միաժամանակ, Թեհրանը նաև Հայաստանի հետ հարաբերություններին նոր թափ հաղորդեց։ Թե՛ Ադրբեջանի, և թե՛ Հայաստանի հետ համագործակցության խորացումը Իրանի համար տարածաշրջանում իր ներկայությունը չկորցնելու նշանակություն ուներ և շարունակում է ունենալ։
Ռազմական գործողությունների ավարտից հետո, սակայն, Իրանի համար նոր սպառնալիքներ առաջացան, որոնցից գլխավորը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցն է։
Դեռ մինչև պատերազմի ավարտը, երբ ռազմական գործողությունները մոտենում էին Սյունիքի տարածքին, Թեհրանը սկսեց խոսել տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխության անթույլատրելիության մասին։ Պատերազմի ավարտից հետո, երբ Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին մեծ թափով առաջ մղել «Զանգեզուրի միջանցքի» թեզը՝ Իրանում դա որպես ազգային անվտանգության սպառնալիք դիտարկեցին։ Հենց այս պատճառով նաև իրանական փորձագիտական դաշտը Իրանին պատերազմում պարտված կողմերից մեկը համարեց։
Իսլամական Հանրապետությունում «Զանգեզուրի միջանցքն» ընկալվեց որպես հայ-իրանական սահմանի վերացման և պանթյուրքական միության ստեղծման փորձ: Իրանում «Զանգեզուրի միջանցքն» առհասարակ կոչում են «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք», որի բացումը Թեհրանի համար նշանակում է սեփական տարանցիկ դերի նվազեցում, դեպի Եվրոպա այլընտրանքային ուղիների սահմանափակում, Կովկասում թուրքական լիարժեք ազդեցության հաստատում, տարածաշրջանից Իրանի դուրսմղում, Իրանի հյուսիս-արևմուտքում պանթյուրքական տարրերի ակտիվացում։
Ուստի Իրանն ամենաբարձր մակարդակներով հայտարարեց տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխության անթույլատրելիության մասին։ Մինչև իսկ երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը շեշտեց, որ Հայաստանի հետ հազարամյա հաղորդակցական ճանապարհը պետք է անփոփոխ մնա։
Զուգահեռաբար Իրանը նաև քաղաքական ու տնտեսական դաշտում ակտիվացրեց Հայաստանի հետ համագործակցությունը, և 2022թ․ հոկտեմբերին Կապանում բացվեց գլխավոր հյուպատոսություն։
Իրանի այս մոտեցումն էլ Թեհրան-Բաքու հարաբերությունների հերթական սրման ու Ադրբեջանում հակաիրանական քարոզչության ուժգնացման պատճառ դարձավ։ Լարվածության գագաթնակետերը եղան 2021 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսները և 2022 թ․ նույն ժամանակահատվածը։ Լարվածության այդ փուլերն ուղեկցվում էին նաև ուժի ցուցադրումներով։ Ոշագրավ էր, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Արաքսի ափին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի զորավարժությանը խաղարկվեցին նաև Արաքս գետն անցնելու գործողություններ, ինչին ի պատասխան նոյեմբերին Ադրբեջանն ու Թուրքիան Իրանի սահմանին «Եղբայրական բռունցք» զորավարժությունն անցկացրին ու խաղարկեցին նույնպիսի գետանցման գործողություններ։
Վերոնշյալից հարկ է առանձնացել հետևյալը՝ Արցախյան հակամարտությունը և Սյունիքի խնդիրն Իրանի համար տարբեր հարցեր են, և երկուսն էլ Թեհրանը դիտարկում է երկրների տարածքային ամբողջականությանն աջակցելու սկզբունքի շրջանակներում։ Այսինքն՝ Իրանն Արցախի հարցը դիտարկում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ծիրում։
Լաչինի միջանցքի փակումն ու Իրանը
Երբ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը, Իրանը որոշակի ժամանակ լռություն պահեց։ Թեհրանն իր պաշտոնական դիրքորոշումը հայտարարեց միայն մեկ շաբաթ անց։ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ընդգծեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ երկխոսությամբ միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Նա շեշտեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության լիարժեք կատարումը կարող է վերջ դնել կողմերի միջև հակասություններին։ Իրանցի պաշտոնյան ընդգծեց, որ պետք է խուսափել ցանկացած տեսակի լարումից։
Նախքան Իրանի պաշտոնական արձագանքը, թեման արդեն լայնորեն լուսաբանվում էր իրանական մեդիայում՝ տեղեկատվական և վերլուծական հրապարակումներով։ Թե՛ լրատվական դաշտի մոնիթորինգի և թե՛ իրանական փորձագիտական դաշտի հետ շփումներում պարզ է դառնում, որ Լաչինի միջանցքի փակման հարցում իրանական կողմը հատկապես երկու հանգամանք է ուշադրության առնում․
- Բաքուն Արցախի հանքավայրերը վաճառել է բրիտանական ընկերությունների,
- Լաչինի միջանցքի փակմամբ Բաքուն նույնպիսի կարգավիճակով «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցն է առաջ մղում։
Որպես ստեղծված իրավիճակին նպաստող հանգամանք՝ իրանական փորձագիտական դաշտում մատնանշվում են նոյեմբերի 9-ի հայտարարության տարբեր մեկնաբանությունները։ Բաքվում Իրանի նախկին դեսպանի համոզմամբ էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և այդ դեպքում միջանցքների հարցում որևէ խնդիր չի լինի։
Ըստ էության, իրանական կողմի համար Լաչինի միջանցքի փակումը առաջին հերթին կարևորվում է «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում։ Եվ եթե Լաչինի միջանցքի բացումը նշանակելու է նույնպիսի կարգավիճակով «Զանգեզուրի միջանցքի» բացում, ապա իրանցիները դեմ կլինեն դրան։ Իրանը նախընտրում է, որ Լաչինի միջանցքի բացման գինը չլինի «Զանգեզուրի միջանցքը»։
Ժաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Իրանագետ
Երևան