Ընթացիկ իրավիճակը
Ուկրաինայում ընթացիկ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Եվ չնայած հակամարտող կողմերի ջանքերին, ընդհանուր առմամբ, նշանակալի հաջողությունների հասնել չի հաջողվում ո՛չ ուկրաինական, ո՛չ էլ ռուսական բանակին։ Համաձայն բրիտանական հետախուզության՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների թատերաբեմի նորացված քարտեզի, իրավիճակն առավել բարդ է մնում Դոնբասում, որտեղ Ուկրաինայի զինված ուժերը (ՈՒԶՈՒ) դիմակայում են մի ամբողջ շարք ուղղություններով ՌԴ զինված ուժերի (ՌԴ ԶՈՒ) զանգվածային գրոհներին։ Հարավում, մասնավորապես՝ Խերսոնի մարզում, հակառակ իրավիճակն է տիրում. ռուսաստանյան զորքերն են փորձում պահել զավթված տարածքները և կասեցնել ՈՒԶՈՒ-ի հարձակումները՝ Դնեպրի աջ ափի ուղղությամբ։
Այսպիսով, պետք է արձանագրել, որ ռուսաստանյան «հատուկ գործողությունը» արդեն խրվել-մնացել է «աշնանային ճամփախափանքում»։ Եվ դեկտեմբերի սկզբի դրությամբ իրավիճակի հետագա զարգացումը մեծ հաշվով կախված է Ռուսաստանի՝ Ուկրաինայում սեփական զորքերի մատակարարումը կարգավորելու մակարդակից։ Հասկանալի է նաև, որ սպասել ռազմական գործողությունների արագ դադարեցում, առավել ևս՝ թեկուզ ժամանակավոր հրադադարի համաձայնագրի ստորագրում, հնարավոր չէ։ Ինչը ընդունեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտարարելով, թե «հատուկ ռազմական գործողությունը» կարող է կրել երկարատև բնույթ։ Ու սա՝ համարյա 11 ամիս տևող մարտական գործողություններից հետո։
Եվ ինչպես միշտ լինում է նման դեպքերում, խիստ հակասական են կողմերի կորուստների մասին տվյալները։ Բերենք մի քանի տարբերվող գնահատականներ։ Համաձայն Ուկրաինայի Գերագույն ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության կոմիտեի անդամ Ֆեոդոր Վենիսլավսկու տվյալների՝ ՌԴ-ի կորուստները կազմում են 95 հազար զինվոր, իսկ այսպես կոչված «սանիտարական կորուստները»՝ ավելի քան 150-200 հազար մարդ։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ միայն նոյեմբերին ՈՒԶՈՒ-ն կորցրել է ավելի քան 8300 մարդ, իսկ նրա ընդհանուր կորուստները կազմում են 61 207 զինծառայող, ևս 49 368 մարդ վիրավոր է։ ՌԴ ԶՈՒ անվերադարձ կորուստը, նույն Շոյգուի հավաստմամբ, 5937 մարդ է։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ՌԴ-ի դեմ պատերազմում Ուկրաինայի կորուստների այլ թիվ է նշել՝ 100 հազար զիծառայող։ Ուկրաինայի Գլխավոր շտաբը սեփական կորուստների թիվը հրապարակել հրաժարվում է՝ հիմնավորելով, թե դա փակ տեղեկություն է։
Նոր ռազմավարական թրենդներ
Չկարողանալով լուծել ՈՒԶՈՒ-ի դեմ պայքարի իր խնդիրները, ռուսական ռազմական ղեկավարությունը որդեգրել է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու մարտավարություն։ Ուկրաինական քաղաքների, այդ թվում մայրաքաղաք Կիևի էներգետիկ ենթակառուցվածքներին հրթիռային հարվածներից հետո երկրում իրավիճակը մոտ է ճգնաժամայինին։ Եվ, Կիևի քաղաքապետ Կլիչկոյի խոսքերով, նման հարվածների շարունակման դեպքում, այս ձմեռ Կիևում կարող է աղետ լինել՝ մայրաքաղաքը կմնա առանց կենտրոնական ջեռուցման՝ օդի ջերմաստիճանի մինչև մինուս 15 իջնելու պայմաններում։
Ռուսական բանակի նման մարտավարությանն ի պատասխան՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն նշանառության տակ առավ Ռուսաստանի խորքում գտնվող թիրախները։ Դեկտեմբերի 5-ին և 6-ն ՈՒԶՈՒ-ն ուկրաինական արտադրության «Стриж» անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցրեց Սարատովի և Ռյազանի մարզերի հեռահար ավիացիայի օդակայաններին, Կուրսկի վառելիքի պահեստին։ Եվ ամենևին էլ չի կարելի բացառել, որ նման հարվածները կարող են շրջադարձային դառնալ պատերազմի ներկա փուլում։ Ինչից հետո Ուկրաինային կհաջողվի ՌԴ-ին զրկել ենթակառուցվածքները ոչնչացնելու մենաշնորհից։ Ռուսաստանյան տարածքներին հասցված այդ հարվածների գլխավոր արդյունքը հեռավոր թիրախներն առանց արևմտյան զենքի խոցելու՝ Ուկրաինայի հնարավորությունների ցուցադրումն էր։ Այս գործողությունը նաև ցույց տվեց, որ Ռուսաստանում անվտանգ գոտիներ չեն մնացել։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ու վերլուծաբաններն արդեն հայտարարել են, որ ռուսական օդակայաններին հարվածները մաս են նոր մարտավարության, որն ուղղված է խափանելու ռուսական պլանները։ Եվ եթե նույնիսկ ուկրաինական հարվածները Ռուսաստանին լուրջ ռազմական վնասներ չհասցնեն, ՌԴ ԶՈՒ-ին կստիպեն միջոցներ ծախսել դրանցից պաշտպանվելու համար. ռուսական բանակը ստիպված կլինի ՀՕՊ-ի օգնությամբ ոչ միայն ռազմաճակատի գիծն ու Ուկրաինայի հետ սահմանները փակել, այլև իր խորը թիկունքը։ Նման նպատակների, իր մարտավարական ռմբահարումներով, ձգտում է հասնել նաև ռուսական հրամանատարությունը։ Եվ ահա ՈՒԶՈՒ-ն ցուցադրեց սիմետրիկ պատասխան տալու իր հնարավորությունները։
ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումները
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը շարունակում եմ աջակցել Ուկրաինային ինչպես ռազմական մատակարարումներով, այնպես էլ զավթիչ երկրի՝ ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներով։ Դեկտեմբերի 7-ին Գերմանիան հայտարարեց Ուկրաինային զենքի նոր խմբաքանակ փոխանցելու մասին՝ ընդսմին, չճշտելով տրամադրվող սպառազինությունների տեսականին։ Եվրահանձնաժողովը նույն օրը հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթի մասին։ Ռուսաստանի պատասխանը իրանական անօդաչուների և բալիստիկ հրթիռների նոր խմբաքանակի պատվերն էր։ Ընդհանրապես, հայտնի է Ռուսաստանին տրվող դրոնների և հրթիռների մատակարարումներն ավելացնելու՝ Թեհրանի պլանների մասին։
ԱՄՆ-ի դիրքորոշման էությունը, ըստ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության, Ուկրաինային աջակցություն ցույց տալն է՝ հաշվի առնելով նրա ընթացիկ կարիքները։ Ընդսմին, Ուկրաինան ինքնուրույն կորոշի, թե որտեղով են անցնելու մարտական գործողությունների սահմանները և ինչ տարածքներ պիտի ազատագրի։ Իր հերթին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կենտրոնացած է փետրվարի 24-ից հետո ՌԴ-ի կողմից օկուպացված տարածքները վերադարձնելու՝ Ուկրաինայի ջանքերին օգնելու վրա։
Կանխատեսումներ
Ելնելով վերը բերված տեղեկությունների վերլուծությունից ՝ կարելի է արձանագրել, որ մարտական գործողությունների դադարեցման և հակամարտության կարգավորման հարցերով Կիևի և Մոսկվայի միջև առարկայական բանակցությունների մասին այսօր հնարավոր չէ խոսել։ Լավագույն դեպքում բանակցությունները կողմերին, առաջին հերթին ՌԴ-ին, պետք են շունչ առնելու, վերազինման և պատերազմը շարունակելու նպատակով նոր պահեստազոր ներգրավելու համար։ Ինչը, ի դեպ, օրերս հայտարարեց նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։ Իսկ ըստ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի՝ Ռուսաստանի վարքը ցույց է տալիս, որ Կրեմլն այժմ բացարձակապես պատրաստ չէ բանակցությունների, թեպետ և հայտարարում է նման մտադրության մասին։ Եվ վերջապես, կարևորությամբ, եթե ոչ հերթականությամբ, ամենագլխավորը՝ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները շարունակում է բացառել ինքը՝ Ուկրաինան։ Ինչի մասին տառացիորեն վերջերս հայտարարեց նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմաններ այս փուլում չի տեսնում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ «Մենք անցյալ տարվա աշնանը կանխագուշակեցինք ՌԴ-ի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա։ Մենք հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանն ուզում է սառեցնել հակամարտությունը, որպեսզի վերականգնվի և նոր հարձակում սկսի հաջորդ գարնանը»,- հայտարարել է Սթոլթենբերգը Global Boardroom-ի միջոցառման ժամանակ։
Ասվածի լույսի ներքո՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համոզված է արևմտյան գործընկերների կողմից Ուկրաինային սպառազինություններ տրամադրելու անհրաժեշտության մեջ։ Նրա կանխատեսումներով՝ ձմռանը հակամարտությունը կմտնի առավել հանգիստ փուլ, երկու կողմերն էլ կձգտեն վերախմբավորել և վերազինել սեփական ուժերը, այդ պատճառով ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է շարունակեն աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
«Ռուսաստանը պատերազմը խաղաղ դադարեցնելու ցանկության ոչ մի կանխանշան ցույց չտվեց։ Համապատասխանաբար, ինչքան շատ ենք մենք ցանկանում խաղաղ լուծում, այնքան առավել հրատապ ենք ռազմական աջակցություն ցուցաբերում Ուկրաինային։ Այժմ Ուկրաինան ազդակներ ունի, իսկ ՆԱՏՕ-ի երկրները մշտապես դիտարկում են, թե սպառազինությունների ինչ տեսակներ մենք կարող ենք տրամադրել Կիևին»,- համոզված է Սթոլթենբերգը։
Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան