ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրանական մշակութային ժառանգությունը Հարավային Կովկասում» խորագրով աշխատաժողովի մասնակիցները կարծում են՝ մեր օրերում տարբեր պետություններ փորձում են յուրացնել այլ պետությունների, հատկապես բնիկ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը: Դա կանխելու համար պետք է ճանաչել, ուսումնասիրել այլ երկրների քաղաքակրթությունը, ինչին ուղղված ջանքերը կարող են հանգեցնել ժառանգության փաստագրմանը, խեղաթյուրման կանխարգելմանը և մշակութային ժառանգության պահպանման շուրջ կոնսենսուսի հասնելու համար հող նախապատրաստելուն:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ աշխատաժողովը տեղի ունեցավ դեկտեմբերի 22-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում:
Բացմանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց՝ մեր տարածաշրջանի երկու բնիկ ժողովուրդները՝ հայերն ու իրանցիները, ինչպես նաև նրանց ստեղծած քաղաքակրթությունները հազարամյակների փոխառնչություններ ունեն, իսկ Հարավային Կովկասում իրանական քաղաքակրթության ազդեցությունն ակնհայտ է: «Այսօր որոշ պետություններ, ժողովուրդներ փորձում են յուրացնել այլ, հատկապես բնիկ ժողովուրդների մշակույթը: Այդ սեփականաշնորհման մշակույթի գործընթացները մեր տարածաշրջանում ակնհայտ են և տասնամյակների պատմություն ունեն: Ադրբեջանի Հանրապետությունը փորձում է յուրացնել, սեփականաշնորհել ոչ միայն հայերի, այլև տեղաբնիկ այլ ժողովուրդների՝ վրացիների, իրանախոս ժողովուրդների, Աղվանքի ժառանգորդները համարվող կովկասյան այլ ժողովուրդների մշակույթը: Դրանով այդ երկիրը փորձում է հնացնել իր պատմությունը, ինչն անընդունելի է»,-շեշտեց նա:
Ըստ Ղազարյանի՝ անհրաժեշտ է համատեղ ջանքերով հակադարձել այդ քաղաքականությանը, որը տարվում է պետական մակարդակով:
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին էլ ընդգծեց՝ հայերն ու իրանցիներն ընդհանրություններ ունեն ինչպես աշխարհագրական, այնպես էլ մշակութային ու պատմական ժառանգության ոլորտում: «Աշխարհագրորեն հայկական մշակութային ու պատմական ժառանգությունը տարածված է նաև Հայաստանի քաղաքական սահմաններից դուրս, իսկ հեռավոր Արևելքից մինչև Եվրոպայի սիրտն ընդգրկող այս մեծ աշխարհագրական տարածքում կան իրանական պատմական և քաղաքակրթական ժառանգության նմուշներ: Այդ ժառանգության բազմաթիվ նմուշներ կան նաև Հարավային Կովկասում: Իրանական այդ ժառանգության մի մասը դեռևս պահպանված է, սակայն մի մասը տարբեր պատճառներով ենթարկվել է ոչնչացման կամ աղավաղման»,-շեշտեց դեսպանը:
Նրա խոսքով՝ երկար ժամանակ ականատես ենք եղել տարածաշրջանի ժողովուրդների պատմական փաստերը խեղաթյուրելու կամ նույնիսկ մշակութային ժառանգությունը ոչնչացնելու փորձերի: Զոհուրիի համոզմամբ՝ թիրախավորել են տարածաշրջանի բնակիչների թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական ժառանգությունը:
«Ուրիշների պատմության չիմացությունն ու ինքնավստահությունը նշված գործողությունների ամենակարևոր պատճառներից են, ուրիշների ժառանգությունը ժխտելը կամ խեղաթյուրելը հաճախ ուղեկցվում են վտանգավոր քաղաքական նպատակներով: Ուստի մշակույթի ավելի խորը իմացությունը կարող է բերել նրան, որ քաղաքական գործիչներն ավելի համեստ վարքագիծ դրսևորեն, իսկ հասարակական կարծիքն ավելի մեծ հարգանք արտահայտի այլ երկրների իրավունքների և անվտանգության նկատմամբ: Մշակութային ժառանգությունը ճանաչելու ջանքերը, հավանաբար, կհանգեցնեն այդ ժառանգության փաստագրմանը և հիմք կհանդիսանան առավել խորը ուսումնասիրությունների իրականացման, խեղաթյուրման կանխարգելման և մշակութային ժառանգության պահպանման շուրջ կոնսենսուսի հասնելու համար հող նախապատրաստելուն»,-վստահեցրեց Աբբաս Բադախշան Զոհուրին:
Նրա խոսքով՝ արժեքավոր գիտաժողովը պետք է առաջին քայլը լինի այդ ճանապարհին:
Աշխատաժողովին ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի գիտնականները։ Աշխատաժողովը վարեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը: