ԱՄՆ-ն չունի «կախարդական կարաս», որտեղից անընդհատ օգնություն կհանի Ուկրաինայի համար՝ անցնող շաբաթ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերը: Շաբաթներ առաջ ԱՄՆ պաշտպանության նախարարն էր այցելել Ուկրաինա եւ հայտարարել, որ ԱՄՆ-ն չունի «կախարդական զենք», որը կլուծի Ուկրաինայի խնդիրները ՌԴ-ի հետ պատերազմում: Դրանից հետո ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչն էր հայտարարել, որ չունեն «կախարդական փայտիկ», որը կլուծի Ուկրաինայի օգնության հարցը:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այդ հայտարարությունները ուկրաինական պատերազմի տրանսֆորմացիայի բավականին ակնառու նշաններից մի քանիսն են միայն: Իհարկե, ԱՄՆ-ն, նաեւ Եվրամիությունը հավաստիացնում են, որ կօգնեն Ուկրաինային այնքան, որքան պետք է: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Բլինքենը հայտարարում են, որ եթե թույլ տան Պուտինին հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում, նա կանգ չի առնի եւ կշարժվի դեպի Եվրոպայի այլ երկրներ: Պուտինի հաղթանակ թույլ չտալու մասին են հայտարարում նաև Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, բայց, միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարում է, որ պետք է պատրաստ լինել լսելու վատ նորություններ Ուկրաինայից:
2023 թվականը մեկնարկեց ուկրաինական հուժկու հակահարձակման մասին հնչեղ հայտարարություններով: Կիեւը, նաեւ նրա դաշնակիցները հայտարարում էին, որ նախապատրաստում են հակահարձակում, որի շնորհիվ պատրաստ են ընդհուպ լուծել Ղրիմի վերադարձի հարց: Խոսակցություններ էին ծավալվում մինչեւ անգամ 1991 թվականի սահման դուրս գալու մասին: 2023 թվականն ավարտվում է ուկրաինական հակահարձակման լիակատար ձախողման մասին խոստովանությամբ: Դա խոստովանում են Կիեւը, դա ընդունում են արեւմտյան դաշնակիցները: Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարում էր, որ հակահարձակումը եղել է անարդյունավետ, որովհետեւ արեւմտյան երկրները չեն ապահովել բավարար սպառազինությամբ եւ օգնությամբ: Արեւմտյան երկրները հայտարարում էին, որ Ուկրաինան ստացել է հաջող հակահարձակման համար անհրաժեշտ ամեն ինչ: Սա, թերեւս, բոլոր երկրներին եւ քաղաքական էլիտաներին բնորոշ վիճակ է, որը լավագույնս բնութագրում է հանրահայտ խոսքը՝ հաղթանակն ունի բազում ծնողներ, պարտությունը որբ է:
Իհարկե, ուկրաինական պատերազմում վաղ է խոսել հաղթանակի կամ պարտության մասին, սակայն, ի տարբերություն 2022 թվականի, որտեղ կարծես թե ռազմավարական առավելությունն իր ձեռքն էր վերցրել Կիեւը, կամ, ավելի շուտ, Արեւմուտքը, 2023 թվականն ավարտվում է Ռուսաստանի ռազմավարական առավելությամբ: Կարելի է թվարկել դրան բերած մի քանի գործոն: Հերթականությունը, որով կթվարկեմ դրանք, պայմանական է եւ ոչ թե ըստ ազդեցության աստիճանի: Որովհետեւ շատ բարդ է ասել, թե որ գործոնն էր առավել ազդեցիկը իրավիճակի փոփոխության առումով:
2022 թվականին ռազմաճակատում Ռուսաստանի մի շարք անհաջողություններն ու ձախողումները, ըստ երևույթին, Կիեւի եւ Արեւմուտքի համար դարձան որոշակի թմբիրի պատճառ, ստեղծելով տպավորություն, որ՝ մի փոքր էլ, եւ Ռուսաստանը տեղի կտա: Ռուսաստանը, սակայն, կարողացավ ոչ միայն դիմանալ, այլ նաեւ վերադասավորվեց՝ թե’ ռազմական, թե’ նաեւ տնտեսական-քաղաքական իմաստով, այդ թվում՝ հատկապես Չինաստանի եւ Իրանի հետ հարաբերություններով: Դա թույլ տվեց Մոսկվային ավելացնել դիմադրունակությունը թե’ ուժի, թե’, այսպես ասած, տեւականության իմաստով: Մի բան, որին կարծես թե պատրաստ չէր Արեւմուտքը, հետեւաբար՝ առավել եւս Ուկրաինան:
Անկասկած է, որ Արեւմուտքը հոգնեց ուկրաինական պատերազմի առնվազն ինտենսիվ ընթացքից, որը պահանջում է թե’ սպառազինություն, թե’ նաեւ փող՝ Ուկրաինայի գրեթե վերացած տնտեսությունը «փոխհատուցելու» եւ փաստացի այդ պետությունը պահելու համար: Դրան զուգահեռ, արեւմտյան հասարակությունների համար ժամանակի ընթացքում ավելի անցանկալի է դառնում ուկրաինացի փախստականներին պահելը: Հատկապես, որ նրանց շարքում կան այնպիսիք, որոնք Եվրոպայում վարում են բավականին անհոգ եւ ապահով կյանք: Դրան զուգահեռ, առաջացան ներարեւմտյան քաղաքական խնդիրներն ու բաժանարար գծերը, որոնք գործնականում միշտ էլ եղել են, որոշակիորեն ստվերվել են ուկրաինական պատերազմի բռնկումով եւ հավաքականությամբ, սակայն վերստին գլուխ են բարձրացրել պատերազմի ձգձգման պարագայում:
Հավաքական Արեւմուտք հասկացությունը զգալիորեն պայմանականություն է, ինչի վկայությունները բազմաթիվ են: Ուկրաինական պատերազմի հետեւանքով ծանր իրավիճակում է հայտնվել եվրոպական տնտեսությունը, մասնավորապես՝ Եվրոպայի առաջատար Գերմանիան: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ԱՄՆ կատարած այցի ընթացքում բաց տեքստով հայտարարել էր, որ դեմ չեն, որպեսզի ԱՄՆ-ն լուծի իր տնտեսական խնդիրները, սակայն համաձայն չեն, որ դրանք լուծվեն իրենց հաշվին, իրենց համար խնդիրներ առաջացնելով: Լեհաստանը ուկրաինական պատերազմի ընթացքում բաց տեքստով բարձրացրել է Գերմանիայից Երկրորդ համաշխարհային պատերազմի համար փոխհատուցման պահանջ: Հիշարժան է, թե ինչպիսի անվայելուչ բնորոշումներով էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասին արտահայտվում Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը՝ երբ այդ պաշտոնին էր: ԵՄ անդամ Հունգարիան արգելք է դնում Ուկրաինային օժանդակության 50 միլիարդ եվրո արժողության փաթեթի վրա, եւ այն չի ընդունվում, իսկ ԵՄ առաջնորդները հույս են հայտնում, որ հունվարին հնարավոր կլինի պայմանավորվել:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնությունն այդպես էլ համաձայնության չի գալիս Բայդենի վարչակազմի հետ եւ չի հաստատում Ուկրաինային 60 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, եւ Սպիտակ տունը հայտարարում է, որ արդեն իսկ հատկացված օգնությունը պարզապես վերջանում է: Հանրապետականները Բայդենից պահանջում են խստացնել միգրացիոն քաղաքականությունը: Դեմոկրատական վարչակազմը խուսանավում է, քանի որ առջեւում նախագահի ընտրությունն է, իսկ դեմոկրատական կուսակցության ընտրազանգվածում մեծ տեղ են զբաղեցնում, այսպես ասած, «միգրացիոն ծագմամբ» ընտրողները, եւ միաժամանակ գաղափարական առումով այդ երեւույթին աջակցության կողմնակիցները:
Միացյալ Նահանգներում թափ է հավաքում եւ վճռորոշ փուլին մոտենում նախագահի ընտրության պայքարը, որը նաեւ իր ազդեցությունն է թողնելու Ուկրաինայի խնդրի հանդեպ վերաբերմունքի վրա: Եթե Ուկրաինան ռազմաճակատում ունենա շոշափելի հաջողություն Ռուսաստանի նկատմամբ, ապա այդ հանգամանքը կլինի նախագահի թեկնածու Բայդենի համար եզակի հաղթաթղթերից, հատկապես, երբ Բայդենի հանրային վարկանիշը արձանագրում է անկման ռեկորդային ցուցանիշներ: Իսկ եթե ուկրաինական ռազմաճակատում ոչ միայն չկա փոփոխություն, այլ նաեւ առկա է Ռուսաստանի ռազմավարական առավելության առնվազն տպավորություն, պատերազմի շարունակությունը ԱՄՆ վարչակազմի համար կարող է դառնալ նախընտրական խնդիր:
Ընդ որում, որեւէ երաշխիք չկա, որ Ուկրաինային միլիարդավոր դոլարների նոր աջակցության պարագայում իրավիճակը ռազմաճակատում կարող է ենթարկվել էական փոփոխության: Այսօր ուկրաինացի պաշտոնյաները խոսում են այն մասին, որ օգնության շարունակությունը թույլ կտա գոնե ամրանալ ակտիվ պաշտպանության ռեժիմում եւ թույլ չտալ Ռուսաստանին գրավել նոր տարածքներ: Իհարկե, ԱՄՆ վարչակազմի համար դա եւս նվազագույն արդյունք է, որը անհրաժեշտ է նախընտրական ներքին արշավի համար, սակայն իրերի դասավորությունը վկայում է, որ առավել նախընտրելի է դիտվում իրավիճակի որոշակի սառեցումը: Այդ պարագայում նախագահ Բայդենի վարչակազմը կկարողանա խաղարկել այն, որ թույլ չտվեց Ռուսաստանին գրավել ամբողջ Ուկրաինան: Ըստ այդմ էլ պետք չէ բացառել, որ Սպիտակ տունը ներկայումս այդքան էլ դժգոհ չէ, որ մրցակից հանրապետականները արգելափակում են Ուկրաինային օգնության փաթեթը: Պատասխանատվությունը մնում է նրանց վրա, միեւնույն ժամանակ Ուկրաինայի իշխանությունը հայտնվում է բավականին մեծ ճնշման տակ՝ որպեսզի համաձայնի որեւէ կերպ գնալ Ռուսաստանի հետ շփման եւ պատերազմը կանգնեցնելու համաձայնության, առանց արդեն իսկ ռուսների զբաղեցրած տարածքներից նրանց հեռանալը պահանջելու:
Սա խնդիր է Զելենսկու համար, որի կառավարությունը նույնիսկ ընդունեց ռուսների հետ այլ պայմաններով բանակցությունն արգելող օրենք: Նախագահ Զելենսկին, թերեւս, հասկանում է, որ պատերազմը կանգնեցնելուց հետո հնարավոր չի լինելու կանգնեցնել եւ անգամ կառավարել իր քաղաքական գահավիժումը, հնարավոր է՝ ընդհուպ ֆիզիկական վտանգով: Մյուս կողմից, շարունակել պատերազմը այն պայմաններում, որոնք կան այսօր, այդ թվում առավել եւս՝ Արեւմուտքի նկատելի հոգնածության ու «զբաղվածության» պայմաններում, եւս հավասարազոր է քաղաքական ինքնասպանության: Այդ բարդ իրավիճակի մասին է խոսում այն, որ ուկրաինական հակահարձակման ձախողումից հետո ճաքեր են առաջացել, կամ պարզապես սկսել են դրսեւորվել ուկրաինական ռազմաքաղաքական իսթեբլիշմենտում եղած ճաքերը: Մասնավորապես, ակնհայտ է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Զալուժնիի հակասությունը նախագահ Զելենսկու հետ: Զելենսկուն քննադատության է ենթարկում նաեւ Կիեւի քաղաքապետ Կլիչկոն, հատկապես այն որոշումից հետո, որ կայացրեց Զելենսկին՝ պատերազմի պայմաններում չեղարկել Ուկրաինայի նախագահի ընտրությունը: Կլիչկոն հայտարարում է, որ Ուկրաինան դառնում է Զելենսկու մենիշխանության «գերի»:
Այս իրավիճակն, իհարկե, լրացուցիչ ինքնավստահություն է հաղորդում Ռուսաստանի նախագահ Պուտինին, ինչը նկատելի էր նրա տարեվերջյան մեծ հարցուպատասխանի, նաեւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ելույթների ընթացքում: Միեւնույն ժամանակ, անկասկած է, որ շարունակվող պատերազմը բավականին ծանր բեռ է նաեւ Պուտինի համար, ուստի նա եւս դեմ չի լինի այն կանգնեցնելու շուրջ քննարկումների, եթե, իհարկե, դրանք պարունակեն իր համար շահեկան պայմաններով քաղաքական առեւտուր: Ուկրաինան Ռուսաստանից խլում է բավականին մեծ ուժ, ռեսուրս, մինչդեռ ուկրաինական պատերազմն ընդամենը ավելի լայն աշխարհաքաղաքական պատերազմի առանցք է, սակայն ոչ ամբողջական շրջանագիծ:
Ռուսաստանը կարեւոր մարտահրավերներ ունի իր համար կենսական այլ տարածաշրջաններում եւս՝ Կովկաս, Մերձավոր Արեւելք, Կենտրոնական Ասիա, որոնց պարագայում Մոսկվան,թերեւս, դեմ չի լինի Ուկրաինայում դադարի, կրկնեմ՝ եթե լինի դադար իր համար «անակնկալ շրջադարձ բացառող» երաշխիքով: Ի դեպ, արժե հիշել, թե ամիսներ առաջ ինչպես հայտնվեց Մերկելի «խոստովանությունը», թե մինսկյան համաձայնություններն ընդամենը եղել են միջոց՝ ժամանակ շահելու եւ Ուկրաինային պատերազմի պատրաստելու համար: Ըստ ամենայնի, Մոսկվան թույլ չի տա իր հանդեպ այդօրինակ եւս մի հնարք: Ուկրաինայի հարցում միջազգային իրադրության տրանսֆորմացիայի գործընթացում առանցքային, հիմնարար դեր ունեցող գործոնների շարքում, թերեւս, մեծ տեղ ունեցավ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմը, որ բռնկվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ գրեթե անմիջապես Ուկրաինան մղելով երկրորդ պլան, ընդ որում՝ առաջինից բավականին հեռու երկրորդ պլան:
Միով բանիվ, ի՞նչ է խոստանում ուկրաինական պատերազմի համար 2024 թվականը: Եթե, իհարկե, չլինի որեւէ արտառոց հանգամանք, ինչպես, օրինակ, ՀԱՄԱՍ-ի գրոհն էր Իսրայելի դեմ, ապա ուկրաինական ճակատում գոյություն ունեցող իրադրության՝ այդ թվում դրա շուրջ միջազգային տրամադրությունների, դիրքավորումների եւ հեռանկարների փոփոխություն չի նշմարվում որեւէ կերպ: Տարեվերջին ԵՄ-ի կայացրած որոշումը՝ սկսել Ուկրաինայի հետ անդամակցության բանակցություն, ընդամենը չտրվող օգնության դիմաց Կիեւին տրված թույլ մխիթարություն է, որի այդպիսին լինելն անուղղակի, սակայն խոսուն կերպով ազդարարեց նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Նա նշել էր, որ ԵՄ-ի որոշումը չունի որեւէ իրավական ուժ, ընդամենը քաղաքական է, իսկ Եվրամիությունը դեռեւս շատ հեռու է ընդլայնվելու հեռանկարից:
Առկա պայմաններում թե՛ Ուկրաինայի շահից և թե՛ պարզապես մարդասիրական նկատառումից է, թերեւս, բխում պատերազմի դադարեցումն ու հակամարտության սառեցումը, ինչը, սակայն, տեղի կունենա միայն ԱՄՆ-Ռուսաստան պայմանավորվածության պարագայում: Կա՞ դրա նախադրյալ՝ բարդ է ասել: Սակայն արժե, թերեւս, հիշատակել այն հանգամանքը, որ ուկրաինական պատերազմի բռնկմանը նախորդել էր ԱՄՆ-Ռուսաստան բանակցության գրեթե վեցամսյա բազմաշերտ եւ բազմամակարդակ գործընթաց:
Ինչպիսի՞ ազդեցություն կունենա ուկրաինական ուղղությամբ առկա իրավիճակն, օրինակ, Կովկասի հարցում: Ակնառու էր, որ ուկրաինական պատերազմի մեկնարկը բերեց Կովկասում Ռուսաստանի կենսունակության շոշափելի նվազման, թեեւ լայն իմաստով այդ գործընթացը սկսվել էր շատ ավելի վաղ: Եթե ուկրաինական ուղղությամբ Ռուսաստանը շարունակում է դիրքերի ամրացումը եւ առավելությունը պահպանում կամ զարգացնում է, դա դեռեւս ինքնաբերաբար չի նշանակի Կովկասում Մոսկվայի կենսունակության էական աճ: Գուցե ավելի շուտ նշանակի նվազման ընդհատում, ինչը ներկայիս Ռուսաստանի համար, թերեւս, այդքան էլ քիչ չէ:
Ինչպիսի՞ն է այն տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում Հայաստանի համար՝ միարժեք գնահատման հարց չէ: Միաժամանակ, Արեւմուտքը կարող է փորձել այլ տարածաշրջաններում Ռուսաստանի համար խնդիրներն ավելացնելու գնով հակազդել Ռուսաստանին ուկրաինական հարցում: Այստեղ, սակայն, հարց է, թե արդյո՞ք ուկրաինական ուղղությամբ Արեւմուտքի նվազած կենսունակությունը բավարար կլինի այլ ուղղությունների համար, եթե նկատենք հենց նաեւ ներարեւմտյան բաժանարար գծերի ուժգնացման հանգամանքը, ինչպես նաեւ հենց արեւմտյան խաղացողների համար այլ ռեգիոններում ծիկրակող կամ արդեն իսկ բռնկված խնդիրները:
Այդ իմաստով, թերեւս, պարզ է մի բան՝ որ Կովկասը դեռեւս լինելու է անորոշության «ցիկլոնի» ազդեցության գոտում, ըստ այդմ էլ Հայաստանին անհրաժեշտ է պատրաստ լինել ընդհուպ վատթարին, հույսով, որ չի լինի պատրաստության այս ատիճանը գործադրելու կարիք: Միեւնույն ժամանակ, ուկրաինական իրավիճակից բխող գլխավոր եզրակացությունն այն է, որ ցանկացած մասշտաբի եւ բնույթի արտաքին, անվտանգային խնդրում «համեստ» ռեսուրսով եւ ներուժով պետությունները պետք է հույս դնեն բացառապես սեփական կարողության վրա, արտաքին ու անվտանգային հաշվարկները կատարեն, ըստ այդմ՝ դրանցից բխող որոշումները կայացնեն գերազանցապես այդ ռեսուրսային բազան հաշվի առնելով, առաջին հերթին աշխարհաքաղաքական պոլիգոնի ճակատագրից զերծ մնալու համար:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երևան