Քաղաքական գործիչները, քաղաքական մեկնաբանները, փորձագետները և այլ «քաղաքականամերձ մարդիկ» ավանդաբար Սուրբ Ծննդյան և Ամանորի նախաշեմին մամուլում ամփոփում են անցնող տարվա արդյունքները և կանխատեսումներ անում գալիք տարվա համար։ Շատ բան է ասվել և կասվի՝ պատերազմի և խաղաղության մասին, այն մասին, թե ինչպես է և ինչպիսին կլինի գործերի վիճակը, և ինչու այսպես և ոչ այլ կերպ։ Սակայն պարզից էլ պարզ է, որ այս ամենը պարունակում է մարդկային էությանը բնորոշ մի մեծ պայմանականություն. պարբերաբար ամփոփել արվածը և նախանշել ապագայի խնդիրները: Ավանդույթը` ավանդույթ, բայց, այդուհանդերձ, առաջիկա չորս ոչ աշխատանքային օրերն ամեն դեպքում մեզ կստիպեն վերաիմաստավորելու արված-չարվածը և ապագայի որոշակի գաղափարներ ունենալու։ Առաջնորդվելով այդ տրամադրությամբ՝ ստանում ենք ստորև ուրվագծված պատկերը:
Անցնող 2023 թվականն, անշուշտ, դժվար էր Հայաստանի ամեն մի քաղաքացու համար։ Մի երկրի, որ պայքարում է հաղթահարելու 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, որը դեռ չի վերածվել կայուն խաղաղության։ 2020 թվականի պատերազմին և դրա արդյունքին հանգեցրած պատճառները նույնպես հիմնականում դեռ չեն վերացել։ Այս ամենին գումարվեց հայության ողբերգությունը՝ ալիևյան Ադրբեջանի ուժային գործողության հետևանքով արցախահայության բռնի տեղահանությունը և Արցախի հայաթափումը։ Այո՛, մենք կարող ենք թվարկել տեղի ունեցածի պատճառները. դրանք հայտնի են՝ պետական ինստիտուտների թուլությունը, ժամանակի մարտահրավերներին քաղաքական դասի զգալի հատվածի անհամապատասխանությունը, հարևանի պայմանագրունակության բացակայությունը, «դարավոր բարեկամի» և «ռազմավարական դաշնակցի» հիբրիդային պատերազմն ընդդեմ հայկական պետականության, խաղաղության և անվտանգության համար պատասխանատու միջազգային կառույցների ձախողումն Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի խորապատկերում և այլն։ Բայց սա ոչ մի դեպքում արդարացում կամ մեր սերնդին պատասխանատվությունից ազատելու ինդուլգենցիա չէ: Ընդհակառակը, սա էական, լրացուցիչ շարժառիթ է՝ արմատապես փոխելու իրենց չարդարացրած մոտեցումները, վերափոխելու արտաքին աշխարհի հետ կապերի համակարգը, քանզի հինն այլ կերպ չես բնութագրի, քան կամավոր թակարդ ընկնել ու փակվել մի վանդակում, որից պետք է ազատվել որքան հնարավոր է շուտ և բոլոր միջոցներն օգտագործելով:
Սակայն 2020 թվականից հետո ի հայտ եկավ մի օրինաչափություն. որքան ավելի շատ է Հայաստանը ցուցաբերում ազգային շահերին հետևելու և «կարմիր գծերի» «նշաձողն իջեցնելու» կառուցողականության իր ձգտումը, այնքան հենց դա են չարաշահում ինչպես մեր հարևան-հակառակորդները, այնպես էլ «ռազմավարական դաշնակիցը»՝ հընթացս մեզ մեղադրելով «ոչ կառուցողական» լինելու և, հետևաբար, իրենց «խաղաղության ջանքերը» ձախողելու մեջ։ Իսկ Ադրբեջանի ուժային գործողությունները՝ Ռուսաստանի թողտվությամբ ու բարոյական աջակցությամբ, երբեմն էլ անգամ հրահրումով, ներկայացվում էին իբրև թե հենց մեր «ապակառուցողականության» պատճառով«պարտադրված»։
Ներկայումս, Արևմուտքում որոշակի քաղաքական լճացման (Ուկրաինայի ֆինանսավորման ձգձգումը ԱՄՆ Կոնգրեսում՝ հանրապետականների դիրքորոշման պատճառով, ԵՄ-ում՝ Հունգարիայի դիրքորոշման պատճառով), ռազմաճակատում ուկրաինական զինված ուժերի դժվարությունների ֆոնին Ռուսաստանում հույսեր արթնացան, թե Հարավային Կովկասում հետագա «ճնշումների» հնարավորություն կունենա։ Եվ ահա տարեվերջին մենք բախվում ենք Ռուսաստանի կողմից Հայաստանին նեղելու նոր ալիքի հետ։ Դա ուղղակիորեն անդրադառնում է բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման վրա. «փախուստ» Գրանադայից (Մակրոնը «դուր չի գալիս»), «խուսափում» բրյուսելյան հանդիպումից (Միշելն ու Բորելը «դուր չեն գալիս»), Ալիևի մեղադրանքները Հայաստանին՝ Պուտինի կողքին նստած՝ Բիշքեկում («Ռուսաստանը և՛ մեր, և՛ ձեր դաշնակիցն է»), ուր Փաշինյանը չգնաց, ապա «պնդաճակատ» հրաժարում Վաշինգտոն գնալուց («դուր չի գալիս» Օ՛Բրայենը, և ընդհանրապես՝ «դուր չի գալիս» Արևմուտքը, քանի որ այն «հայակենտրոն» է): Եզրակացությունն այն է, որ Ալիևը, Պուտինի աջակցությամբ, նպատակ չունի համաձայնության գալ Հայաստանի հետ։ Ալիևի նպատակն է «սեղմել» Հայաստանին՝ օգտագործելով ուժային առավելությունը։ Իսկ Պուտինի զուգահեռ նպատակը Հայաստանն անկենսունակ դարձնելն է, և այստեղ երկու ավտորիտար ռեժիմների նպատակները գոնե տակտիկապես համընկնում են։ Ուստի ոչ թե համաձայնության գալ Հայաստանի հետ, այլ դե ֆակտո վերացնել՝ այս նպատակն է ուրվագծվում նրանց այդ համատեղ դիրքորոշման մեջ։
Մյուս կողմից, ակնհայտ է, որ Հայաստանը դիմադրում է և շարունակելու է դիմակայել այս ճնշմանը, քանզի ոչ ոք մտադիր չէ համակերպվել նման իրավիճակի հետ։
Հայաստանը 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին իր միջազգայնորեն ճանաչված տարածք ադրբեջանական ներխուժումից հետո հաստատեց իր հավատարմությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին։ Այն նույն հռչակագրին, որը Ռուսաստանը կոպտորեն խախտեց ռազմական ուժի կիրառմամբ 2008 թվականին (Վրաստան), 2014-ին,ապա՝ մեծ մասշտաբով՝ 2022 թվականից Ուկրաինայում։ Ավելին, Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի համաձայնագրից անմիջապես հետո հրավիրեց եվրոպացի քաղաքացիական դիտորդներին (ԵՄ-ն շատ արագ արձագանքեց)։
Զուգահեռաբար Հայաստանը դե ֆակտո դադարեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և ԱՊՀ-ին՝ դե յուրե պահելով անդամակցությունը։ Այնուամենայնիվ, շատերին թվում էր, թե քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց Ռուսաստանի հետ տնտեսական կապերին, որոնք արագ աճ էին գրանցել Ռուսաստանի Դաշնության դեմ աննախադեպ պատժամիջոցների ֆոնին, խելամիտ չէ «ձեռք տալ», և Մոսկվան չի գնա ապրանքաշրջանառության աճը ճնշման գործիքակազմի վերածելու ուղիով։ Բայց իրականում ամեն ինչ հակառակը ստացվեց։ Վերին Լարսի անցակետը, ինչպես ցույց տվեցին վերջին շաբաթները, չի գործում պայմանագրերի, ԵԱՏՄ կանոնադրության կամ որևէ այլ համաձայնագրի հիման վրա, այլ միայն Մոսկվայի կարծիքով «լավ պահվածքի» դեպքում և կարող է ակնթարթորեն դադարեցնել աշխատանքը, եթե Մոսկվան «վատ» համարի Երևանի ներկայիս պահվածքը։
«Խաղաղության խաչմերուկի» շրջանակներում Հայաստանի առաջարկները, որոնք կգործեն միայն խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո, չեն նախատեսում Ռուսաստանի կողմից մեր տարածքով հաղորդակցությունների որևէ ձևով վերահսկողություն։ Այսպիսով, Երևանն ու Մոսկվան արձանագրեցին շահերի, նպատակների, արժեքների ընդհանրության դրամատիկ բացակայությունը, ավելին՝ դրանց փոխբացառող բնույթը։ Մինչդեռ Արևմուտքի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի դեպքում ճիշտ հակառակն է։
Իսկ հիմա բացասականի մասին։ Վերոնշյալը, կարծես թե, ուրվագծում է Հայաստանի ներքին օրակարգը, նրա «տնային աշխատանքը»՝ հիմնված ազգային շահերի և ողջախոհության վերաիմաստավորման վրա. վերացնել ռուսական ներկայությունը երկրում, առաջին հերթին՝ ուժայինը ( ԱԴԾ և այլ հատուկ ծառայություններ, անձնագրային հսկողություն «Զվարթնոցում», ՌԴ ՊՆ-102-րդ բազա և այլն) և լրատվամիջոցներինը (հիբրիդային սպառնալիքների չեզոքացման տրամաբանությամբ), բարեփոխումների օրակարգին տալ եվրոպական տեսլական և եվրոպական չափում։ Եվ սա մի բան է, որը մենք դեռ չենք տեսնում և չենք զգում, քանի որ չկա գործոնների համակցություն, որը հիմք կտա պնդելու, որ նահանջի կետն անցել ենք։
Դրանով իսկ, ձևավորված իրականությունը ցույց է տալիս, որ Հայաստանի առջև ծառացած է եռամիասնական խնդիր. խաղաղություն Ադրբեջանի հետ, անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության հաստատում, եվրոպական հեռանկար՝ որպես քաղաքակրթական ընտրություն։ Այս գերխնդրի տարրերից և ոչ մեկն առանձին լուծում չունի և սկզբունքորեն չի կարող ունենալ։
Ներկա պահին այդ գերխնդիրը լուծելու ժամանակային հորիզոնը մինչև 2024 թվականի նոյեմբերն է՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները, այսինքն՝ մեկ տարուց մեկ ամիս պակաս։ Այս ժամանակահատվածում շատ ջրեր կհոսեն. ԵՄ-ում կլինեն նոր Եվրախորհրդարան և նոր եվրահանձնակատարներ, Ուկրաինայի պատերազմում իրավիճակն այլ կլինի, այլ կլինեն Ռուսաստանն ու նրա ներքին իրավիճակը։ Եվ Հայաստանը պետք է լուծի այս եռյակ խնդիրը՝ հարմարվելով արագ փոփոխվող (պարտադիր չէ, որ դեպի լավը) աշխարհին։
Դրա համար Հայաստանին անհրաժեշտ կլինի հուսալիության ավելի մեծ պաշար, որին կարելի է հասնել արդյունավետ բարեփոխումների և գիտակցության հեղափոխության, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության այլ բովանդակության և աշխարհագրության, ոչ միայն դե-ֆակտո, այլև դե-յուրե ձևակերպված առաջնահերթությունների միջոցով: Իսկ դա արդեն հսկայական աշխատանք է պահանջում, անկախ դժվարություններից։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Միջազգային և անվտանգության
հարցերի հայկական ինստիտուտ
ԵՐԵՎԱՆ