Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ներկայիս փուլը շարունակում է լավատեսների ու հոռետեսների միջև հավերժական բանավեճը՝ բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ կիսով չափ դատարկ։ Սակայն մեր դեպքում այն նաև հավելվում է տեղեկատվական մեծ աղմուկով, որի արարողներն ալարմիստներն են, կամ էլ պարզապես խուճապարկուները՝ ապատեղակատվության մեծ չափաբաժիններով և տեղեկատվական-հոգեբանական հատուկ գործողություններով, ինչն էլ շարքային մեդիասպառողին խանգարում է կողմնորոշվել իրադարձությունների հորձանուտում։
Մի քանի արձանագրումներ, սակայն, կասկած չեն հարուցում։ Նախ՝ «Կիևը՝ երեք օրում» օպերացիան, ինչպես նաև ներխուժած ռուսաստանյան ռազմական զորամիավորումը Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից արագ ջախջախումը ձախողվեցին, և պատերազմը երկարատև բնույթ ստացավ, եթե, իհարկե, տեղի չունենան բանակներից մեկը կազմաքանդելու ունակ արտառոց իրադարձություններ։ Երկրորդ՝ ակնհայտ է մի բան. Ռուսաստանը թեև ունի մի քանի ազդեցիկ ու ավտորիտար համակիրներ, սակայն ստիպված է լինելու պատերազմից «սողալով դուրս գալ» բոլոր առումներով միայնակ, այդ թվում՝ տնտեսական առումով։ Մինչդեռ փաստ է, որ ռուսաստանյան ագրեսիային դիմակայող կոալիցիայի և դրա հակառակորդների ուժերի հարաբերակցությունը, ինչպես բնորոշել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը, 30-ը մեկի դեմ է, ինչը, վերջին հաշվով, ոչ մի շանս չի թողնելու Մոսկվային։ Երրորդ՝ Արևմուտք-Ուկրաինա դաշինքի ակնհայտ առավելությամբ հանդերձ՝ Արևմուտքը բախվում է հաստատութենական խոչընդոտների ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում, ինչն էլ խանգարում է համապատասխան ֆինանսներով ամրագրված քաղաքական անհրաժեշտ որոշումներ ընդունելուն։ Չորրորդ՝ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում սկսված նախընտրական ժամանակաշրջաններն ամենևին էլ նպաստավոր չեն այս առումով, ինչն էլ Կրեմլի համակիրների շարքերում տարբեր ակնկալիքների համար հիմք է ստեղծել, ինչպես նաև կասկածներ է առաջացրել, թե արդյո՞ք ժողովրդավարություններն ունակ են սատարելու «յուրայիններին» և, ըստ էության, պաշտպանելու աշխարհակարգը։
Եւ դա վատ նորություն է Հայաստանի քաղաքացիներիս համար, մի երկրի, որի սահմանները (ինչպես և Ռուսաստանի սահմանները) ամրագրված են Ալմա Աթայի 1991 թ. հռչակագրով, որը միակ իրավազոր փաստաթուղթն է, ըստ որի նախկին ԽՍՀՄ-ի միութենական հանրապետությունների միջև վարչական սահմանները ստանում են միջպետական կարգավիճակ։ Խոսքն այն նույն սահմանների մասին է, որոնք փաստացի հրաժարվում է ճանաչել Ռուսաստանը, որին էլ հետևում է նույնպիսի ավտորիտար վարչակարգով Ադրբեջանը՝ շարունակելով ընկղմված մնալ հաջողության թմբիրում և փաստացի հրաժարվելով ճանաչել 1991 թ. Հայաստանի սահմանները։
Ուստի և, արդեն որերորդ անգամ, մենք պետք է կրկնենք ու հիշենք՝ պատերազմը Ուկրաինայում մի բախում է, որը կանխորոշում է ապագա աշխարհակարգը։ Իսկ դա նշանակում է, որ որոշվում է նաև Ռուսաստանի ու հետխորհրդային անխտիր բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի ճակատագիրը։
Մեր վերլուծական հանդեսի հերթական թողարկումը նվիրված է Ուկրաինայում ընթացող պատերազմի շուրջ ստեղծված իրավիճակին և դրա անդրադարձին մեր տարածաշրջանի վրա։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն