2023 թվականի դեկտեմբերի 14-ին ԵՄ 27 երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ որոշում ընդունեցին։ Այդ որոշումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որակեց որպես Ուկրաինայի և Եվրոպայի համատեղ հաղթանակ։ Կարևոր է նշել, որ Ուկրաինան և Մոլդովան ԵՄ-ին միանալու հայտ են ներկայացրել այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա ավերեց ամբողջական քաղաքներ և խլեց բազմաթիվ ուկրաինացի խաղաղ բնակիչների, ինչպես նաև երկու կողմերի զինվորականների կյանքեր:
Բրյուսելն ու Օրբանը
Ուկրաինան դարձավ Բրյուսելի գագաթնաժողովի գլխավոր թեման, որի ընթացքում ԵՄ առաջնորդների մեծամասնությունը (բացի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից, որը հատուկ դիրքորոշում ուներ) հավանություն տվեց մինչև 2027 թվականը ԵՄ բյուջեի փոփոխություններին՝ ներառելով 50 միլիարդ եվրոյի տնտեսական օգնությունը Ուկրաինային, ավելացնելով մինչև 20 միլիարդ ռազմական օգնություն Ուկրաինային, ինչպես նաև Ուկրաինային հրավիրելով Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների։
Ուկրաինայում տիրող իրավիճակը շատ ակնառու նկարագրեց նախագահ Վլադիմիր Զելենսկու բավականին տագնապալի տեսաուղերձը, որով բացվեց գագաթնաժողովը. «10 տարի առաջ Ուկրաինայում մարդիկ ոտքի ելան Եվրամիության դրոշների ներքո: Եվ այսօր ես ձեզ մի բան եմ խնդրում՝ մի դավաճանեք ժողովրդին և Եվրոպայի հանդեպ նրանց հավատին: Եթե ոչ ոք չի հավատում Եվրոպային, ապա ի՞նչը կօգնի ԵՄ-ին գոյատևել: Եվրոպայում մարդիկ ոչ մի օգուտ չեն ունենա, եթե Մոսկվան Բրյուսելից Ուկրաինայի հանդեպ բացասական վերաբերմունքի տեսքով հաղթաթուղթ ստանա: Պուտինն, անշուշտ, դա կօգտագործի անձամբ ձեր և ամբողջ Եվրոպայի դեմ: Մի տվեք նրան այս առաջին և միակ հաղթանակը: Եվրոպան պետք է հաղթի, պայմանավորվածությունները պետք է հարգվեն, և խոսքը պետք է կարևոր լինի»,- հայտարարեց Զելենսկին։
Հավանաբար, Զելենսկուն Բրյուսելում հերթական անգամ ականջալուր եղան։ Ուկրաինային ֆինանսական օգնության որոշումների վրա վետո դրած Օրբանին համոզելու համար ԵՄ-ն 2024 թվականի հունվարին արտահերթ գագաթնաժողով կանցկացնի՝ վերը նշված 50 միլիարդ եվրոյի փաթեթը Կիևին հատկացնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Եվ կարևոր է ընդգծել, որ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով, եթե Օրբանը չլսի բանականության ձայնը, որոշումը կկայացվի՝ շրջանցելով նրա հատուկ դիրքորոշումը։ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն էլ հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում Ուկրաինային օգնության նոր փաթեթը կարող է համաձայնեցվել ԵՄ ընդհանուր բյուջեի շրջանակներից դուրս՝ միջպետական համաձայնագրերով։
Վաշինգտոնն ու Թրամփը
Ընդհանուր առմամբ, Զելենսկու տագնապը միանգամայն հասկանալի է։ Հատկապես նկատի ունենալով Վաշինգտոնում դեմոկրատների և հանրապետականների պայքարը, ինչը ձգձգում է Ուկրաինային ֆինանսական օգնության հաստատումը։ Պայքար, որը կասկածի տակ է դնում ապագայում սպառազինությունների նոր մատակարարումների հեռանկարները և անգամ ռուսական ագրեսիային Ուկրաինայի հակազդեցության հաջողությունը: Այնպես որ, եթե Զելենսկուն լսել են Բրյուսելում, ապա նույնը հնարավոր չէ պնդել՝ դատելով դեկտեմբերի 12-ին Վաշինգտոն կատարած այցի արդյունքներից։ Ուկրաինայի նախագահը ՌԴ-ի հետ պատերազմի ժամանակաշրջանում արդեն երրորդ անգամ է այցելում ԱՄՆ, սակայն, ի տարբերություն նախորդ այցերի, Կոնգրեսում նրա բանակցությունների արդյունքները մեծ հույսեր չեն ներշնչում Ուկրաինային։ Պատճառը դեմոկրատների և հանրապետականների միջև ներքաղաքական պայքարն է՝ 2024 թվականի նոյեմբերի 5-ին նշանակված ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին։
Անցյալ տարվա այցի ընթացքում Զելենսկուն հիացմունքով և հանդիսավորությամբ ընդունեցին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում և Սպիտակ տանը։ Դրանից հետո Միացյալ Նահանգները հավանություն տվեց Ուկրաինային 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթին, որը զգալիորեն օգնեց Ռուսաստանի գրաված տարածքների մի մասը վերադարձնելու Կիևի ջանքերին։ Օրինակ՝ նույն Խերսոնը։ Իսկ վերջին այցի ընթացքում Ուկրաինայի նախագահին ընդունեցին առանց ծնծղաների։ Զելենսկին փակ դռների հետևում հանդիպեց ամերիկացի սենատորների հետ և խորհրդակցություններ ունեցավ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և նախագահ Ջո Բայդենի հետ։ Զելենսկու հետ հանդիպումից հետո Ջոնսոնն ասաց, թե ռազմական օգնությունը կախված է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու հստակ ռազմավարությունից և Կոնգրեսի համապատասխան վերահսկողությունից։ Զելենսկու հետ ամփոփիչ ասուլիսում ԱՄՆ նախագահը, հույս հայտնելով, որ լուծում դեռ կարելի է գտնել, ընդգծեց, որ ոչինչ խոստանալ չի կարող։
Կարևոր է ընդգծել, որ ԱՄՆ-ի ներքաղաքական պայքարում, որը փաստացի արդեն թևակոխել է նախընտրական փուլ, Ուկրաինային լրացուցիչ միջոցներ հատկացնելու հարցը կապված է միգրացիայի ոլորտում ամերիկյան ներքին քաղաքականության հետ։ Այսպես, եթե դեմոկրատներն առաջարկում են միջոցներ հատկացնել ԱՄՆ սահմանին անվտանգության ամրապնդման համար՝ ընդհանուր 110 միլիարդ դոլարի փաթեթում, որը ներառում է օգնությունը Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին, ապա հանրապետականները ձգտում են ամբողջությամբ վերանայել ԱՄՆ-ում ապաստան հայցող միգրանտների նկատմամբ վերաբերմունքի սկզբունքները։ Իսկ Զելենսկու հետ հանդիպումից հետո չեն թաքցնում, որ ամերիկյան սահմանին ստեղծված իրավիճակը համարում են ազգային անվտանգության ավելի կարևոր գործոն, քան Ուկրաինայի հետագա ճակատագիրը։
Այսպիսով, թեև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա վարչակազմը շարունակում են Ուկրաինայում պատերազմը դիտարկել որպես ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև գլոբալ հակամարտության վճռական ճակատամարտ, այդուհանդերձ՝ Ուկրաինայի նախագահի Վաշինգտոն կատարած այցի որևէ շոշափելի արդյունքի մասին խոսք լինել չի կարող: Եվ հիմա Բայդենը կամ պետք է հանրապետականներին համոզի մեղմել իրենց դիրքորոշումը միգրացիայի հարցում, կամ էլ զիջումների անի նրանց, ինչը մեծապես դուր չի գա իր ձախամետ կողմնակիցներին և կարող է խորացնել պառակտումը դեմոկրատների ճամբարում։ Դա էլ հաշվի առնելով՝ հանրապետականներին մնում է միայն սպասել այն պահին, երբ Կիևին արդեն տրամադրված միջոցները կսպառվեն։ Դա նրանց թույլ կտա հաղթել դեմոկրատներին, ինչը մեծապես կուրախացնի արդեն երկար ժամանակ Ուկրաինային նոր օգնություն հատկացնելուն դեմ արտահայտվող ընտրողներին:
Պուտինի հույսերը
ԱՄՆ ընտրությունների արդյունքներին սպասում է նաև Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին ասում է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը՝ ենթադրելով, որ ՌԴ նախագահը, նախքան Ուկրաինայում խաղաղություն հաստատելը, կսպասի 2024 թվականին Եվրոպայում նախատեսված և ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին։ «Պուտինը կարծում է, թե իր հաղթանակի ճանապարհը Ուկրաինային աջակցությունը նվազելն է։ Սակայն ակնհայտ է, որ եթե նախագահ Բայդենը վերընտրվի, ապա Պուտինի հույսերը չեն արդարանա», – ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ամերիկացի գլխավոր դիվանագետը։ Ուկրաինայի նախագահի վերջին այցը Վաշինգտոն բնութագրելով որպես շատ օգտակար՝ Օ՛Բրայենը հիշեցրել է բոլոր կասկածողներին, որ Ուկրաինան վերադարձրել է Ռուսաստանի կողմից 2022 թվականի փետրվարից զավթված տարածքների կեսից ավելին։ Իսկ այժմ էլ շարունակում է առաջխաղացումը մարտի դաշտում՝ արդեն բացելով սևծովյան առևտրային սեփական ուղիները՝ տնտեսության վերականգնման կարևոր գործոնը։ «ԵՄ-ի օգնությամբ, մեր օգնությամբ, Ուկրաինան կկարողանա զարգացնել այս հաջողությունը և հաղթանակած դուրս գալ պատերազմից: Դա կհանգեցնի նրան, որ Ուկրաինան լավ պատրաստված կլինի դառնալու հարուստ պետություն, իսկ նրա բնակչությունը կձգտի անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Եվ այս ամենն օգտակար է Միացյալ Նահանգների անվտանգության և բարգավաճման համար»,- ասել է Օ’Բրայենը։
Իսկ առայժմ, սպասելով Ուկրաինային հետագա օգնություն տրամադրելու ուղղությամբ Կոնգրեսի ձեռնարկելիքներին, Սպիտակ տունը դեկտեմբերի 19-ին հայտարարեց մինչև դեկտեմբերի վերջը Ուկրաինային օգնության ևս մեկ փաթեթ տրամադրելու պլանների մասին։ Միևնույն ժամանակ, Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ անմիջապես ԱՄՆ պաշտպանության նախարարության պահեստից Ուկրաինային զենք մատակարարելուց հետո Պենտագոնն այլևս լիազորություն չի ունենա համալրելու պահեստը։ «Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին՝ անհապաղ անհրաժեշտ միջոցներ հատկացնել Ուկրաինային հետագա աջակցություն ցուցաբերելու համար, գործողություններ ձեռնարկել, ոտքի ելնել հանուն ազատության և ժողովրդավարության՝ ի պաշտպանություն մեր ազգային անվտանգության շահերի»,- ճշտել է Քիրբին։
Պատկերը լրացնում է Պենտագոնի ֆինանսական վերահսկիչ Մայքլ Մաքքորդի նամակը, որում նա դեկտեմբերի 15-ին հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ծախսում է վերջին 1,07 միլիարդ դոլարը՝ նոր զենք և սարքավորումներ ձեռք բերելու և Պենտագոնի պահեստներից Ուկրաինա ուղարկված պաշարների տեղը լրացնելու համար: Անկասկած, ԱՄՆ քաղաքական վերնախավում կա ըմբռնում, որ Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի պարտությունը աղետ կլինի և կսպառնա հենց ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անվտանգությանը: Այնուամենայնիվ, Կոնգրեսում Ուկրաինային օգնության ֆինանսավորման հարցում փոխզիջման հասնելու վերաբերյալ օրենսդիրների միջև ակտիվ բանակցությունների ֆոնին դրա հնարավոր ժամկետները դեռևս անորոշ են թվում:
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևայի խոսքով՝ արտաքին ֆինանսական օգնության բացակայության դեպքում Ուկրաինան կարող է մի քանի ամիս դիմանալ, սակայն դժվարությունների կբախվի, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն չկարողանան այդ ընթացքում լուծել Կիևին ֆինանսավորելու հարցը։ Գեորգիևան նաև ընդգծել է, որ և՛ ԱՄՀ-ն, և՛ Կիևը, որը մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունն ապահովելու համար կոշտ միջոցներ է ձեռնարկել, արել են ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան ստանա անհրաժեշտ աջակցություն։ Հիմա եկել է ժամանակը, որ իրենց անելիքները կատարեն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն։ Ըստ ԱՄՀ-ի ղեկավարի՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում կշարունակվեն օգնության նոր փաթեթների հաստատման ուղղությամբ աշխատանքները, և, ընդհանուր առմամբ, ինքը լավատեսորեն է տրամադրված իրավիճակի վերաբերյալ՝ հավատալով, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը կկարողանան ֆինանսավորում ապահովել։
Իրավիճակը ռազմաճակատում
Իսկ առայժմ, եվրոպական և ամերիկյան տատանումների ֆոնին, ուկրաինական հակահարձակումն ակնհայտորեն կանգ է առել։ Իրավիճակը սրում են Ուկրաինայի զինված ուժերում զինամթերքի և զինվորների պակասի մասին հաղորդագրությունները։ Սակայն շատերը մոռանում են արդեն իսկ Ուկրաինային մատակարարված տանկերի և զրահամեքենաների գոյության, ինչպես նաև՝ Ուկրաինային խոստացված հսկայական քանակությամբ զենքի շարունակվող մատակարարման մասին։ Այսպես, ըստ հոլանդական «Oryx» պաշտպանական վերլուծական կայքի՝ Ուկրաինայի զինված ուժերը դեռևս իրենց տրամադրության տակ ունեն Արևմուտքի երկրների արդեն փոխանցած ռազմական համակարգերի ավելի քան 95 տոկոսը։
Այսպիսով, իրականում, ըստ մի շարք ռազմական փորձագետների, Ուկրաինայի զինված ուժերն այլևս չեն փորձում ճեղքել ռուսական պաշտպանական գիծը կամ Բախմուտի օրինակով դիրքեր պահել՝ փոխարենը փորձելով դանդաղել և դիրքային մարտերով արյունաքամ անել ռուսական զորքերին։ Եվ, դատելով ըստ ամենայնի, Կիևը ռեսուրսներ է հավաքում արդեն հաջորդ տարի նոր հակահարձակման անցնելու համար: Նման ռազմավարության ձևավորմանը ակնհայտորեն նպաստում է այսօր Ուկրաինայի տարածքում փաստացի գտնվող ռուս զինծառայողների թիվը՝ 617 հազար։ Այդ թիվը Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր վերջին «ուղիղ գծի» ժամանակ, իսկ Ուկրաինայում ռուսական խմբավորման մասին այլ հասանելի տվյալներ չկան։
Եվ վերջում. որքան էլ տարօրինակ լինի՝ ռազմաճակատներում տիրող իրավիճակի մասին երկու կողմերի աղբյուրներից ստացված վերջին հաղորդումները հակասական չեն: Կիևը չի թաքցնում ուկրաինական զինուժի հարկադիր նահանջը թշնամու գերակա ուժերի գրոհներից, Մոսկվան ընդունում է, որ այդ հարձակումը հսկայական կորուստների է հանգեցնում։ Ուկրաինական բանակը, ակնկալելով Արևմուտքի խոստացած լայնածավալ աջակցությունը և հաջորդ հակահարձակումը, պահպանում է 2022 թվականին արդեն փորձարկված պաշտպանության ռազմավարությունը ՝ օգտագործելով առաջացող թշնամուն տարածքային փոքր կորուստների գնով ջախջախելու մարտավարությունը։ Այսպիսով, մարտերի ներկայիս ինտենսիվությունը երկու բանակների հրամանատարության համար առանցքային խնդիր է դարձնում հենց կենդանի ուժի կորուստները լրացնելը, այլ ոչ թե ֆինանսների կամ զենքի առկայությունը։ Հաշվի առնելով պատերազմի գրեթե երկամյա ժամանակահատվածում կողմերի հսկայական կորուստները, և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի համար այդ համալրումն արդեն այսօր դժվարացել է։
Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի
(ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ
Երևան