Մեր թվարկությունից 2023 տարի անց, երբ թվում էր՝ մարդկությունն արդեն ամեն ինչ տեսել ու լսել է, պարզվեց՝ կան բաներ, որ կարող են դեռ զարմացնել։ Եվ այսպես, տասը իրադարձություն, որ 2023-ին առաջին անգամ պատահեց աշխարհում
1․ Կաթվածահար մարդը քայլեց՝ մտքի ուժով
2023-ին գիտնականներին հաջողվեց էլեկտրոդներ տեղադրել ավելի քան տասը տարի անվասայլակին գամված Գերտ-Յան Օսկամի գլխուղեղի և ողնուղեղի մեջ, հետո դրանք առանց լարի՝ Bluetooth-ով միացնել իրար։ Նորամուծությունը հնարավորություն տվեց նրան նորից կանգնել, քայլել ու աստիճան բարձրանալ՝ մտքի ուժով։ Փաստացի, էլեկտրոդները ծառայում են որպես յուրօրինակ կամուրջ՝ ուղեղից հրաման են ստանում , վերծանում այն ու փոխանցում վերջույթներին։
Գիտնականները մինչ այդ էլ էին անդամալույծ մարդկանց ոտքի կանգնեցրել՝ հատուկ իմպլանտ տեղադրելով նրանց ողնուղեղում։ Բայց այն ժամանակ մարդը պետք է հատուկ կոճակ սեղմեր՝ այս կամ այն շարժումն անելու համար։ Հիմա դա հնարավոր է անել մտքով ու ուղեղի հսկողության շնորհիվ։
«Ես երկար ճանապարհ անցա, բայց հիմա կարող եմ կանգնել ու գարեջուր խմել ընկերոջս հետ։ Սա մի հաճույք է, որի արժեքը շատերը պարզապես չեն գիտակցում», – ասել է Օսկամը։
2․ Մկան ձագ՝ կենսաբանորեն երկու հայր-ծնողների բջիջներից
Ճապոնացի գիտնականներին էլ հաջողվեց առաջին անգամ մկան ձագ ստանալ՝ կենսաբանորեն երկու հայր-ծնողների բջիջներից, ինչը կարող է նոր էջ բացել անպտուղ, կամ միասեռ ընտանիքների կյանքում։
Հայտնագործության հեղինակները՝ Օսակայի համալսարանի մասնագետները, փոխել էին արու մկների պոչից վերցված բջիջների քրոմոսոմները՝ արականը դարձնելով իգական, հետո էլ արհեստական բեղմնավորմամբ ստացել մոտ 600 էմբրիոն։
Էգ մկները պետք են եկել ամենավերջում՝ արհեստական բեղմնավորմամբ ստացված սաղմը մեծացնելու և լույս աշխարհ բերելու համար։
Հիմա գիտնականները փորձում են այս նորամուծությունը կրկնել մարդկային բջիջների հետ։
Ըստ հայտնագործության հեղինակ Կատշուկո Հայաշիի՝ դա հնարավոր կարող է դառնալ մոտ տասը տարի անց։
3․ Կանայք առաջին անգամ ընտրության իրավունք ստացան Վատիկանում
Կանայք էլ առաջին անգամ ընտրության իրավունք ստացան Վատիկանում՝ տղամարդկանց ավելի քան 2000 տարվա գերիշխանությունից հետո։
2023-ի հոկտեմբերին կաթոլիկ եկեղեցին դռնափակ ժողով գումարեց աշխարհի չորս ծայրերից եկած հարյուրավոր եպիսկոպոսների ու միանձնուհիների հետ, որոնք առաջին անգամ մասնակցեցին Սինոդի քվեարկությանը։ Օրակարգում էր ոչ միայն կաթոլիկ եկեղեցու ապագան, այլև կանանց հնարավոր ձեռնադրությունը որպես սարկավագ կամ քահանա։
Վերջնական որոշումն այս հարցով Հռոմի պապը պետք է կայացնի։
Սինոդի ընդունած փաստաթուղթը մինչ այդ ամրագրում է՝ եկեղեցին պետք է մերժի կանանց դեմ խտրականության ու մեկուսացման բոլոր ձևերը։
4․ Հոգևորից՝ խիստ նյութական
2023-ին յուանը առաջին անգամ ամերիկյան դոլարից առաջ անցավ Չինաստանի միջազգային վճարումներում․ մարտին ազգային արժույթով կատարված վճարումների մասնաբաժինը Չինաստանում հասավ 48 տոկոսի, այն դեպքում, երբ 2010-ին այդ ցուցանիշը հավասար էր զրոյի։
Պաշտոնական Պեկինը սրան վաղուց էր ձգտում՝ ամերիկյան դոլարի գերակայությունը սասանելու համար։
Չինաստանի սահմաններից դուրս, սակայն, յուանը դեռ երկար ճանապարհ պիտի անցնի․ միջազգայի առևտրում, ըստ Swift-ի, փոխանցումների 80 տոկոսից ավելին դեռ կատարվում է ամերիկյան փողով։
5․ Հնդկաստանն առաջ անցավ Չինաստանից
Հնդկաստանը գերազանցեց Չինաստանին բնակչության թվով։ Վերջին տվյալներով, այդ երկրում այլևս 1,4 միլիարդ մարդ է ապրում։
Ըստ հաշվարկների՝ այս շարքում Հնդկաստանն աշխարհում առաջինը կմնա առնվազն մի քանի տասնամյակ, քանի որ մինչ այդ առաջատար Չինաստանի բնակչությունը հիմա նվազում է և ծերանում։
«Եթե այս միտումը պահպանվի, Ասիայում ուժերի հավասարակշռությունը կարող է էապես փոխվել»,- կանխատեսում են ժողովրդագրության մասնագետները։
6․ Մարդկությանը հասանելի դարձավ նաև Լուսնի հարավային բևեռը
2023-ին Հնդկաստանը դարձավ առաջին երկիրը, որը հաջողությամբ տիեզերանավ իջեցրեց Լուսնի հարավային բևեռի մոտ՝ խորդուբորդ տեղանքում, ուր դրանից օրեր առաջ ռուսական տիեզերանավը փորձել էր իջնել, բայց աղետի էր ենթարկվել։
Հնդկական Chandrayaan-3-ի պատմական վայէջքը Լուսնի հարավային բևեռից մոտ 370 մղոն հեռավորության վրա տեղի ունեցավ օգոստոսին։ Այս տեղանքը ուշադրության կենտրոնում էր հայտնվել 1996-ից, երբ մասնագետները հայտարարել էին, որ Լուսնի այս հատվածում ջրային սառույցի հետքեր են երևում։
7․ 13 միլիարդ տարվա պատմություն ունեցող սև խոռոչը բացահայտված է
Մինչ կպարզեն՝ կա՞ արդյոք կյանք Լուսնի վրա, հետազոտողները 2023-ին բացահայտեցին մինչ օրս մեզ հայտնի ամենահին սև խոռոչը՝ այն մոտ 13 միլիարդ տարվա պատմություն ունի։
ՆԱՍԱ-ի գիտնականների խոսքով՝ տարածաժամանակային այս հարթությունը, որի գրավիտացիոն ձգողականությունն այնքան մեծ է, որ նույնիսկ լույսի արագությամբ շարժվող օբյեկտները պոկվել չեն կարողանում, ձևավորվել է տիեզերքի մեծ պայթյունից մոտավորապես 470 միլիոն տարի անց։ Այն տասն անգամ ավելի մեծ է, քան մինչ այդ Ծիր կաթինում հայտնաբերվածը, զանգվածով՝ միլիոն անգամ Արևից ծանր, ինչը հարց է առաջացնում, թե ինչպե՞ս է այդ չափերի հասել հարաբերականորեն այդքան կարճ ժամկետում։
«Մինչ օրս գաղտնիք էր՝ որտեղից են սև խոռոչները ի հայտ գալիս, հիմա այս հարցերին ավելանում է ևս մեկը՝ ինչպես են դրանք մեծանում»,- ասում են ՆԱՍԱ-ի գիտնականները։
8․ Տիեզերքից մինչև երկրակեղև՝ Վերին մանթիա
Մարդկությունը անցնող տարում ոչ միայն տիեզերքում գաղտնիքներ բացահայտեց, այլև հասավ մինչև երկրակեղև՝ Վերին մանթիա, որտեղից գիտնականները կարողացան մի քանի քար հանել ջրի երես։
1961-ին նրանք փորձել, բայց չէին կարողացել անել, իսկ 2023-ին հաջողեցին՝ գործի դնելով նոր տեխնոլոգիաներ Ատլանտյան օվկիանոսի միջնորմում:
Երկրաբաններն ասում են՝ Մոհորովիչի մակերևույթից դուրս բերված նմուշները կօգնեն առաջիկայում ավելի լավ հասկանալ՝ ինչ է թաքնված երկրի հաստ կեղևի տակ։
9․ 2023-ը՝ մոլորակի ամենատաք տարին
Անցնող տարին նաև պատմության մեջ մտավ ռեկորդային բարձր ջեմաստիճանով․ 2023-ը դարձավ մոլորակի՝ 12 ամսվա կտրվածքով, ամենատաք տարին։
Եվրոպացի գիտնականները պնդում են, թե աշխարհով մեկ նման ռեկորդ չէր արձանագրվել ոչ միայն մեր օրերում, այլև նախորդ 125 հազար տարում։
Կլիմայի փոփոխության արդյունքում տարվա ընթացքում բնական աղետները սկսեցին հաջորդել մեկը մյուսին՝ ընդարձակ անտառային հրդեհներից մինչև աննախադեպ երաշտ ու ջրհեղեղներ։
Չնայած կառավարությունները աշխարհով մեկ խոստանում են կրճատել վտանգավոր արտանետումները, նրանց խոսքը գործ չի դարձել։
10․ 21-ամյա ուսանողին հաջողվեց գաղտնազերծել Հին Հռոմից մեր օրեր հասած բառերից մեկը
Նեբրասկայի համալսարանի 21 տարեկան ուսանողներից մեկին էլ հաջողվեց գաղտնազերծել Հին Հռոմից մեր օրեր հասած, բայց մինչ այդ անընթեռնելի բառերից մեկը։
Հնադարյա պապիրուսը հողի տակ էր անցել մոտ 2000 տարի առաջ՝ 79 թվականին՝ Վեզուվի ժայթքումից հետո, և այնքան վնասվել, որ հարյուրամյակներ շարունակ գիտնականները պարզապես վախենում էին գլանակն ուղղել՝ կարդալու համար։
Ծրագրավորող Լյուք Ֆարիտորը որոշեց ժամանակակից տեխնոլոգիաները գործի դնել։ Ամիսներ շարունակված տքնաջան աշխատանքից հետո նրա հնարած ռոբոտը Հերկուլանումի թղթերից մեկում կարդաց հին հունարեն «porphyras» բառը, որ թարգմանաբար նշանակում է մանուշակագույն։