Եվրոպական 44 երկրների ղեկավարներ 2022-ի հոկտեմբերի վեցին առաջին անգամ հավաքվեցին Պրահայում և մասնակիցը դարձան Եվրոպական քաղաքական համայնք- հարթակի ձևավորմանը, որի գաղափարը դեռևս մայիս ամսին արծարծել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Շատերին թվում էր, թե դա նրա հեղինակային նախաձեռնությունն էր, սակայն համաժողովի ավարտին Մակրոնը լրագրողներին տեղեկացրեց, որ դա հին գաղափար է, որը միայն հիմա է իրականություն դառնում։ Մինչև այս համաժողովի անցկացումը ոչ ոք հստակ չէր պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնելու համաեվրոպական նոր հավաքը, քանի որ Եվրոպական Միության անդամ 27 երկրներից զատ առաջին անգամ ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին հրավիրվել էին ԵՄ անդամություն չունեցող 17 երկրների ղեկավարներ, բացառությամբ Բելառուսի և Ռուսաստանի։ Ինչպես Մակրոնն ասաց՝ եթե Եվրոպական Միությունն իրականություն է, որից ոմանք հեռանում են, իսկ ոմանք էլ ցանկանում են անդամակցել, ապա Եվրոպական քաղաքական համայնքի պարագայում մասնակցությունը բաց է և կամավոր։
ԵՄ նախագահող երկրի՝ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի կարծիքով, նոր հարթակը չի կրկնօրինակում Եվրոպայում գործող որևէ կառույցի կամ ինստիտուտի, այլ միայն մի հարթակ է , ուր ազատ քննարկումներ և հանդիպումներ կանցկացվեն Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։
Այս ձևաչափը հնարավորություն է տալիս ԵՄ ոչ անդամ երկրներին մասնակից դառնալու համաեվրոպական խնդիրների քննարկմանը, նաև միմյանց միջև առկա խոչընդոտները հաղթահարելու փորձեր կատարել։ Ըստ էության, Եվրոպական քաղաքական համայնքը կնմանվի մի ակումբի, որը Եվրոպական որևէ կառույցին այլընտրանք չի լինի։
Հատկանշական է, որ այս հարթակին մասնակցելու հրավերը ոչ մի երկիր չէր մերժել։ Համաժողովին մասնակից 44 ղեկավարների թվում էին 13 երկրի նախագահներ, նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին՝ տեսակապով (թեև համաժողովին ներկա էր նաև Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը), Բոսնիա և Հերցոգովինայի նախագահության նախագահ Ջաֆերովիչը, 29 երկրի վարչապետ, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ամփոփելով բարձր մակարդակի հանդիպումը, ընդգծեց, որ առաջին անգամ Եվրոպայի 44 երկիր միավորված են մի հարցի շուրջ և դատապարտում են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ։ «Եվրոպան շատ հարցերում բաժանված է, բայց այս հարցում բոլորը միակարծիք են»,- ասաց նա։ Նրա կարծիքով, սա հիմնական պատգամն էր Ռուսաստանին։ Ֆրանսիայի նախագահը նաև շեշտեց, որ Եվրոպական Միությունը և առանձին երկրներ, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիան, կշարունակեն ֆինանսական, մարդասիրական և ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Մակրոնը ժողովի մասնակիցներին առաջարկել է կոլեկտիվ հիմնադրամ ստեղծել, որը Ուկրաինային կապահովի ռազմամթերքով։ Շառլ Միշելն էլ առաջարկել է մոբիլիզացնել Եվրոպայի բոլոր ռեսուրսները՝ Ուկրաինային տարաբնույթ օգնություն ցույց տալու համար։
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի կարծիքով, այս պատերազմով խախտվել է Եվրոպական մայրցամաքի կայունությունն ու անվտանգությունը, ինչը տարբեր ճանապարհներով ազդում է բոլոր երկրների վրա։ Չեխիայի կառավարությունը որոշել է հոկտեմբերի 31-ին Կիևում երկու երկրների կառավարությունների համատեղ նիստ գումարել, որտեղ կքննարկվի նաև հետպատերազմյան Ուկրաինայի վերակառուցման հարցը։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ իր տեսակապային ելույթում նշեց, որ Պրահայի հավաքը շատ կարևոր է Եվրոպայում խաղաղություն հաստատելու համար։ Նա նաև ընդգծեց, որ Ռուսաստանը չի մասնակցում հավաքին (թեև աշխարհագրորեն պատկանում է Եվրոպային), քանի որ իր պահվածքով ու արժեքներով այսօր ամենահակաեվրոպական երկիրն է։ Նա կրկին խնդրեց աջակցել զենքով, միևնույն ժամանակ ռուսաստանցիներին կոչ արեց իրենց բողոքը հայտնել երկրի իշխանությանը, որպեսզի օր առաջ դադարեցվի պատերազմը։
Եվրոպայի քաղաքական հարթակի մասնակիցները կլոր սեղանների ձևաչափով քննարկեցին նաև խաղաղության, կայունության, միգրացիայի, էներգետիկ անվտանգության, տնտեսության հետ կապված խնդիրները։ Նպատակը մեկն էր՝ Եվրոպայի ապագայի համար ապահովել անվտանգություն և կայունություն։ Գագաթնաժողովի անունից որևէ հայտարարություն կամ բանաձև չընդունվեց։
Փոխարենը որոշում է կայացվել, որ հաջորդ նման մակարդակի հանդիպումները կես տարին մեկ անգամ տեղի կունենան նախ Մոլդովայում, ապա՝ Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում։
Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ մի քանի կարևոր հարցեր կան, որ պետք է եվրոպական երկրները ուշադրության կենտրոնում պահեն։ Դրանց թվում են եվրոպական ենթակառուցվածքների պահպանումը, հատկապես գազատարներն ու արբանյակային կայանները, էներգետիկ համակարգը։ Պայքար պետք է տարվի համացանցային հարձակումների դեմ, որոնք վերջին տարիներին կատարվել են Ռուսաստանից, Իրանից և Ալբանիայից։ Նորվեգիայի և Ադրբեջանի հետ աշխատանք պետք է տարվի գազի գների շուրջ, պետք է մշակվի համաեվրոպական ռազմավարություն։ Ի դեպ, այս հարցը քննարկվել էր նաև հոկտեմբերի 7-ի ԵՄ անդամ երկրների ոչ պաշտոնական ժողովում, և որոշում էր կայացվել դիվերսիֆիկացիա կատարել, միասնական գներ սահմանել բոլոր երկրների համար։ Ըստ Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնի, ԵՄ երկրների մեծ մասը համաձայն է, որպեսզի մյուս տարի գազի գնումները կատարեն միասնաբար՝ ողջ Եվրամիության համար։ Վերջնական որոշում կընդունվի ԵՄ հաջորդ գագաթնաժողվում։
Պրահայի ժողովի քննարկած կարևոր ոլորտներից մեկն էլ միգրացիան էր։ Այս հարցում ԵՄ-ն պետք է ինտեգրված և հստակ քաղաքականություն վարի։
Գերմանիայի կանցլեր Շոլցն էլ արձանագրեց, որ թեև Ռուսաստանը ցանկանում է բաժանել Եվրոպան, բայց չի հասցնի։ Իսկ Չեխիայի վարչապետ Ֆիալան, ամփոփելով երկօրյա գագաթնաժողովը, նշեց, որ վերջնական որոշումներ կկայացվեն հոկտեմբերի 20-ին՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։ Նրա կարծիքով, Պրահայի բարձր մակարդակի ժողովը մեծ գովազդ էր Չեխիայի համար և ցույց տվեց, որ եվրոպական երկրները վստահում են Չեխիային։
Բազմաթիվ երկկողմ ու բազմակողմ հանդիպումների շարքում թե՛ մամուլը, և թե՛ քաղաքական գործիչներն առանձնացրին Հայաստանի վարչապետի հանդիպումները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ։
Այդ հանդիպումներին անդրադարձավ նաև Մակրոնը։ Նա նշեց Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը (ովքեր 2018 թվականից հետո երբևէ չէին հանդիպել)։ Կարևորեց նաև ճգնաժամային վիճակում գտնվող հակամարտություններին անդրադարձը՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ քառակողմ հանդիպման կազմակերպումը, որի արդյունքում նաև արվեց համապատասխան հայտարարություն։
Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունում, մասնավորապես, նշվել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:
Այս հայտարարությունը երկակի մեկնաբանությունների տեղիք տվեց։ Քաղաքական մեկնաբանների մի մասը նշում է, որ այսպիսով Հայաստանը հրաժարվում է Արցախից և այն ճանաչում է Ադրբեջանի մաս, Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարն էլ, պատասխանելով «Արմենպրեսի» հարցին, ընդգծում է, որ Ադրբեջանը չի ցանկանում Արցախի հարցը քննարկել Հայաստանի հետ, մինչդեռ «միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ։ Հայաստանն, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ»։ Իհարկե, այս բացատրությունը որևէ կերպ չի ապացուցում, որ Արցախը չի ճանաչվել իբրև Ադրբեջանի մաս։
Երկրորդ խնդիրը ադրբեջանական զորքերի դուրսբերումն է Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Այս խնդիրը պետք է լուծվի սահմանազատման և սահմանագծման ընթացքում, որին պետք է հետևի ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ ընդամենը երկու ամիս ժամկետով։ Թե ինչ կլինի դրանից հետո՝ առայժմ անհայտ է։ Ալիևը կարծիք է հայտնել, որ այս պայմանավորվածություններում մեծ է Շառլ Միշելի դերակատարությունը, որի հետ մի քանի անգամ հանդիպել են։ Սակայն, մեր կարծիքով, չի կարելի թերագնահատել նաև Մակրոնի դերը, որն առանձին կապի մեջ էր կողմերի հետ, և կարևոր դեր ուներ բանակցային գործընթացում։
Այսպիսով, Եվրոպական Միությունը խնդրի հետագա կարգավորման ղեկը վերցրեց իր ձեռքը, ինչ-որ ձևով նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, ապա Հայաստանի պաշտոնական մեկնաբանությունն այն է, որ հանդիպման արդյունքում շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը:
Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանների մասին մեր հարցին ի պատասխան նախագահ Էրդողանն ասաց, որ իրենք նախապայմաններ չունեն և ակնկալում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները նոր մակարդակի հասնեն, նրանց միջև պայմանագիր կնքվի, այդ դեպքում իրենց կողմից այլևս խնդիր չի լինի։ «Մենք կբացենք սահմանները, կգործի ոչ միայն ցամաքային, այլև օդային տրանսպորտային կապը»,- ասաց Էրդողանը։ Ընդհանրապես, Թուրքիայի նախագահը գոհ էր Փաշինյանի հետ հանդիպումից, և այդ մասին նշեց իր ներածական խոսքում ու հույս հայտնեց, որ կհասնեն հարաբերությունների նորմալացմանը հարևանների հետ։
Ցավալի է, որ ի տարբերություն Ալիևի, որը հարցազրույց տվեց իր երկրի լրատվամիջոցներին և կրկին միակողմանիորեն կեղծիքներ տարածեց Հայաստանի հասցեին, և Էրդողանի, որը պատասխանեց միջազգային մամուլի ներկայացուցիչների հարցերին, Հայաստանի վարչապետը մամուլի համար որևէ հայտարարություն չարեց և հանդիպումներից անմիջապես հետո մեկնեց։ Դա Հայաստանի արտաքին քարոզչական աշխատանքի ամենամեծ բացթողումներից մեկն է։ Այնինչ, եվրոպական այս հարթակը լավ հնարավորություն էր տալիս Հայաստանին Պրահա ժամանած 1200-ից ավելի եվրոպական լրագրողներին ներկայացնել հակամարտության մասին մեր դիրքորոշումը և Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի հետևանքները։ Ի դեպ, հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայի նախագահական ամրոցում ընթանում էր գագաթնաժողովը, չեխահայերը բողոքի ցույց էին կազմակերպել Չեխիայի արտգործնախարարության մոտ և պահանջում էին որպես ԵՄ նախագահող երկիր հրաժարվել երկակի ստանդարտներից, դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, հրաժարվել ադրբեջանական նավթից ու գազից և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել։ Հայ համայնքի բողոքագրերը ներկայացվեցին Չեխիայի արտգործնախարարությանը, Սենատին և Պատգամավորների պալատին։
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ առաջիկա երկու ամիսներին սպասվում է դիվանագիտական մեծ աշխատանք։ Խնդիրն այն է, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները ներկա թիմով ի զորու են այդ բեռը տանելու և հայանպաստ որոշումներ կայացնելու։ Առանց համազգային համախմբման և մասնագիտական պրոֆեսիոնալ թիմի դժվար թե գոհացուցիչ արդյունքների հասնեն։
Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ
«ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր
Պրահա