Հոկտեմբերի 12-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում Երևանի ու Բաքվի միջև համաձայնություն է ձեռք բերվել մինչև տարվա վերջ ստորագրել խաղաղության պայմանագիր, ինչպես նաև ավարտին հասցնել դելիմիտացիայի գործընթացը:
Պրահայի հանդիպումն ու այդ ձեռք բերված պայմանավորվածությունը Ադրբեջանի կողմից վերջին շրջանում վարվող քաղաքականության տրամաբանական ավարտն է: Բաքուն վերջին ամիսների ընթացքում լրջագույն ուժային ճնշում էր գործադրում Երևանի վրա` սեփական առավելապաշտական օրակարգը վերջինիս պարտադրելու համար: Այս փուլում կարելի է արձանագրել, որ, մասնավորապես, խաղաղության պայմանագրի օրակարգում Ադրբեջանի իշխանությունները հասնում են իրենց բոլոր նպատակներին:
Ադրբեջանը խաղաղության պայմանագրի բովանդակության վերաբերյալ իր պատկերացումները ներկայացրել էր դեռևս մարտին: Բաքուն հրապարակել էր 5 սկզբունքներից բաղկացած փաթեթ, որի մեջ առանցքային նշանակություն ունեին միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ու միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության վերաբերյալ կետերը: Ադրբեջանական փաթեթում ոչ մի հիշատակում չկար Լեռնային Ղարաբաղի կամ Ղարաբաղյան հակամարտության մասին:
Հայկական կողմն ի սկզբանե հայտարարել էր, որ ադրբեջանական փաթեթում Երևանի համար անընդունելի կետեր չկան, սակայն այն պետք է փոխլրացվի հայկական առաջարկներով: Ի պատասխան Բաքվի հրապարակած սկզբունքներին` Երևանը մայիսին հրապարակել էր 6 սկզբունքներից բաղկացած սեփական փաթեթը, որի առանցքային կետը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանը, իրավունքներին, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի հարցին:
Ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ խաղաղության պայմանագրի հիմքում պետք է ընկած լինեն ադրբեջանական 5 ու հայկական 6 սկզբունքները: Այնուամենայնիվ, Ադրբեջանը կտրականապես հրաժարվում էր Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կամ Ղարաբաղյան հակամարտության հետ առնչություն ունեցող որևէ քաղաքական հարցի շուրջ բանակցել: Բաքուն պատերազմի ավարտից հետո հայտարարում է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է:
Խաղաղության պայմանագրի բովանդակության վերաբերյալ կողմերի միջև առկա հիմնարար տարաձայնություններն ամիսներ շարունակ բացառում էին այս օրակարգում որևէ առաջընթաց: Այնուամենայնիվ, ադրբեջանական ճնշման ներքո Հայաստանի իշխանություններն աստիճանաբար սկսեցին հետ կանգնել իրենց կողմից մինչ այդ որդեգրված դիրքորոշումից: Հուլիսի վերջին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ պետք է քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգից տարանջատելու հարցը: Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից հետո այս երկու գործընթացները տարանջատելու մասին արդեն ուղիղ տեքստով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սա փաստացիորեն նշանակում է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի օրակարգում ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները: Այդ առումով կա մեծ հավանականություն, որ այս փաստաթուղթը ստորագրվելու է մինչև տարեվերջ և չի պարունակելու Լեռնային Ղարաբաղի ապագայի ու Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որևէ կետ:
Ստորագրվելիք փաստաթղթի հանրային ընկալումները մեղմելու համար Հայաստանի իշխանությունները վերջին շաբաթների ընթացքում հրապարակային դաշտ են մտցրել մի պատում, ըստ որի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ապագայում ուղիղ բանակցություններ պիտի տեղի ունենան Ստեփանակերտի ու Բաքվի միջև: Նշվում է, որ այդ նոր գործընթացն իրականացնելու համար պետք է նաև միջազգային մեխանիզմ ստեղծվի: Այս հարցն, ամենայն հավանականությամբ, քննարկվել է ինչպես սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում, այնպես էլ դրան հաջորդած արտգործնախարարների ու երկու երկրների ղեկավարների մակարդակով անցկացված հանդիպումների ընթացքում՝ Ժնևում ու Պրահայում:
Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Բաքվի ու Ստեփանակերտի միջև քաղաքական հարցերով ուղիղ բանակցությունները գրեթե բացառված են: Վերոնշյալ բոլոր հանդիպումներից հետո Ադրբեջանի նախագահն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին, որ Լեռնային Ղարաբաղի հետ առնչություն ունեցող բոլոր հարցերն Ադրբեջանի ներքին գործն են և պետք է լուծվեն այդ երկրի սահմանադրության ու օրենքների սահմաններում: Նրանք բացառում են նաև տվյալ հարցով որևէ միջազգային մեխանիզմի ստեղծումը: Այս կապակցությամբ պետք է նաև արձանագրել, որ որևէ միջազգային դերակատար այս փուլում ոչ բավարար լծակներ, ոչ էլ ցանկություն ունի Ադրբեջանին պարտադրել Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններ սկսել:
Հայաստանի իշխանությունների հակվածությունը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, լուրջ անորոշություն է ստեղծում Արցախի շուրջ: Այդ փաստաթղթի ստորագրումից հետո Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելու Երևանի հնարավորությունները զգալիորեն նվազելու են: Ինչպես նշվեց, Հայաստանի իշխանություններն արդեն իսկ հայտարարում են, որ այդ հարցով բանակցությունները պետք է տեղի ունենան Բաքվի և Ստեփանակերտի միջև: Ի հեճուկս այն հանգամանքի, որ Ադրբեջանը որևէ պարագայում չի համաձայնելու Արցախի իշխանությունների հետ քաղաքական հարցերի շուրջ ուղիղ բանակցություններ սկսել` այս նոր իրողությունների պատճառով Ստեփանակերտի վրա պատասխանատվության հսկայական բեռ է ընկնելու մոտ ապագայում:
Այդ նոր, ավելի պատասխանատու դերին նախապատրաստվելու համար Արցախի իշխանությունները պետք է լուրջ աշխատանք կատարեն:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից Ստեփանակերտի քաղաքական կախվածությունը Երևանից շեշտակիորեն նվազել է: Պատճառներն ակնհայտ են: Մի կողմից՝ փոխվել են գետնի վրա առկա իրողությունները` Հայաստանն այլևս Արցախի անվտանգության միակ երաշխավորի կարգավիճակում չի գտնվում: Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունները վերջին երկու տարվա ընթացքում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով գիտակցաբար դիստանցավորվել են Արցախում տեղի ունեցող մի շարք կարևոր գործընթացներից:
Երևանից Ստեփանակերտի քաղաքական կախվածության նվազման միտումն իր արտացոլումն է գտնում Արցախի իշխանությունների տարբեր ճյուղերի կողմից պարբերաբար արվող հայտարարություններում: ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների ու Արցախի նախագահի կողմից արվող հայտարարություններում հաճախ ուղղակի կամ անուղղակի քննադատության են ենթարկվում Հայաստանի իշխանություններն ու Արցախյան հիմնահարցում նրանց վարած քաղաքականությունը: Այդ առումով կարելի է արձանագրել, որ վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ Երևանի ու Ստեփանակերտի միջև լրջագույն տարաձայնություններ գոյություն ունեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Ստեփանակերտի հետպատերազմական ակտիվության ու ինքնուրույնության ավելացման ֆոնին, սակայն, լուրջ խնդիրներ կան Արցախից հնչող պաշտոնական դիրքորոշումների բովանդակային բաղադրիչի հարցում: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Արցախում իշխանության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հայտարարություններն արվում են նախապատերազմական իներցիայիով, երբ Արցախյան հիմնահարցի կարգավորման հարցում Ստեփանակերտի պատասխանատվության աստիճանը չնչին էր, ինչը վերջինիս հնարավորություն էր տալիս իրականության հետ առնչություն չունեցող դիրքորոշումներ բարձրաձայնել:
Արցախի ապագայի համար այս կարևոր պահին պաշտոնական Ստեփանակերտը պետք է առաջին հերթին կարողանա այնպիսի բովանդակությամբ լցնել սեփական դիրքորոշումները, որպեսզի դրանք ընկալելի լինեն արտաքին աշխարհի համար: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է մի շարք սկզբունքներ որդեգրել Արցախյան հիմնահարցի շուրջ դիրքորոշումներ արտահայտելիս ու քայլեր ձեռնարկելիս:
Առաջին հերթին պետք է ընկալել հակամարտության գոտում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ստեղծված իրողությունները: Այդ իրողություններն արձանագրելուց հետո անհրաժեշտ է հստակ տարանջատում մտցնել ռազմավարական նպատակների ու մարտավարական քայլերի միջև: Այս փուլում պետք է գիտակցել, որ աշխարհի որևէ ուժային կենտրոն պատրաստ չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ճանաչման օրակարգը կարող է շարունակել մնալ Ստեփանակերտի երկարաժամկետ նպատակը, սակայն այս փուլում շեշտադրումները պետք է դրվեն ավելի կենսական ու հրատապ հարցերի վրա: Արցախի իշխանությունները պետք է, օրինակ, հստակ պատկերացումներ ունենան, թե ինչ մեխանիզմներից պիտի բաղկացած լինի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը: Այդ պատկերացումներն անհրաժեշտ է նաև փաստարկված ներկայացնել տարբեր դերակատարների:
Սեփական տեսակետները միջազգային հանրության համար ավելի ընկալելի դարձնելու գործընթացում Ստեփանակերտը պետք է հրաժարվի կարգախոսային դիրքորոշումներից ու կլիշեներից: Օրինակ, այն պնդումը, որ Արցախը արդեն իսկ ինքնորոշվել է 1991 թվականին, և աշխարհը պարզապես պարտավոր է ճանաչել այդ հանգամանքը, նման կարգախոսային դիրքորոշման վառ օրինակ է: Բանակցային գործընթացի որևէ փուլում միջազգային հանրությունը պատրաստ չէր 1991 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքների հիման վրա Արցախի կարգավիճակի վերաբերյալ որոշումներ կայացնել կամ առաջարկներ ներկայացնել:
Դրա փոխարեն վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում բանակցային սեղանին դրված են եղել փաստաթղթեր, որոնք Լեռնային Ղարաբաղին ինքնորոշման իրավունքն իրացնելու առնվազն տեսական հնարավորություն էին ընձեռում: Այս փուլում, ինչպես արդեն նշվեց, իրավիճակը շատ ավելի բարդ է: Այդ իսկ պատճառով Արցախի իշխանությունները պետք է կենտրոնանան առկա ստատուս-քվոյի արձանագրման ու պահպանման վրա` ցույց տալով, որ դրա այլընտրանքը ԼՂ-ի էթնիկ զտումն է: Ինքնորոշման վերաբերյալ բոլոր խոսակցությունները ևս պետք է տեղի ունենան Արցախի էթնիկ զտման վտանգի տեսանկյունից:
Հակամարտությանն առնչվող թեմաներով արտահայտվելիս Արցախի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ կարգախոսներից ու կլիշեներից բացի պետք է խուսափեն նաև պոպուլիզմից ու տարբեր զգայուն հարցերը ներքաղաքական նպատակներով օգտագործելուց: Պոպուլիստական ու քվազիհայրենասիրական հայտարարությունները կարող են, իհարկե, կարճաժամկետ կտրվածքով քաղաքական դիվիդենտներ բերել, բայց կարող են նաև զգալիորեն թուլացնել Արցախի անվտանգությունը:
ԼՂՀ իշխանություններն այս փուլում պետք է զերծ մնան այնպիսի քայլերից ու հայտարարություններից, որոնք կարող են Արցախն ու Ղարաբաղյան հակամարտությունը նույն հարթության մեջ դնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում վարվող պատերազմի ու այդ պատերազմի ընթացքում օկուպացված տարածքների հետ: Վերջին ամիսների ընթացքում Ստեփանակերտից նմանատիպ վտանգավոր հայտարարություններ արդեն իսկ հնչել են: Եթե Արցախի իշխանություններն այս հարցում համապատասխան հետևություններ չանեն, նրանք անդառնալի վնաս կհասցնեն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միջազգային ընկալումներին:
Եվ, վերջապես, պաշտոնական Ստեփանակերտը պետք է չափազանց զգույշ լինի Բաքվի հետ իր շփումներում: Ինչպես արդեն նշվեց, բացառվում է, որ Ադրբեջանը կարող է Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններ սկսել քաղաքական հարցերի շուրջ: Այնուամենայնիվ, ինչպես հայտնի է, Բաքվի ու Ստեփանակերտի միջև վերջին շրջանում որոշակի շփումներ կային մի շարք կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ (Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղու կառուցում, ջրային ռեսուրսների կառավարում): Այս տեսակի շփումները անխուսափելի են և տեղի են ունենալու նաև ապագայում: Սակայն, ակնհայտ է նաև, որ Բաքուն փորձելու է օգտագործել դրանք ու միջազգային հանրությանը ներկայացնել որպես Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի «ռեինտեգրացիայի» գործընթաց: Այդ փորձերը կանխելու համար Ստեփանակերտը պետք է տեղեկատվական դաշտում ավելի պրոակտիվ քաղաքականություն վարի:
Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Երևան