Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային նոր միջավայրը և մարտահրավերները քաղաքական ու փորձագիտական շրջանակներում խթանեցին մեր երկրի անվտանգային համակարգի շուրջ քննարկումներ։ Բանակի բարեփոխումների գործընթացին զուգահեռ հանրային ուշադրության կենտրոնում է նաև անվտանգության ապահովման արտաքին բաղադրիչի, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցը:
Խնդիրներն առավել ակնհայտ դարձան 2021 թվականի մայիսի 12-ին և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածք, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի տարածք Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժման հետևանքով։ Ընդ որում, վերջին էսկալացիան առանձնացավ ռազմական գործողությունների զգալի ինտենսիվությամբ, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ, մեծաթիվ զոհերով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։ Այս էսկալացիաների հետ կապված Հայաստանն առաջին անգամ փորձեց գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները: 2021 թվականին պաշտոնական Երևանը դիմել էր կառույցին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունով նախատեսված խորհրդակցություններ սկսելու պահանջով։ Ըստ այդ դրույթի՝ «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»: ՀՀ ԱԽ քարտուղարի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների նախաձեռնած համապատասխան խորհրդակցությունները, սակայն, որևէ արդյունք չտվեցին այն ժամանակ, իսկ կառույցն անգամ հասցեական հայտարարությամբ հանդես չեկավ:
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը կազմակերպությանը դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի արդեն 4-րդ հոդվածով, որի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա պայմանագրի անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա բոլոր մասնակից պետությունների դեմ, և կցուցաբերվի անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնություն, նաև օժանդակություն՝ տրամադրության տակ առկա միջոցներով»: Հայկական կողմի դիմումի համաձայն՝ տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում կողմերին հաջողվեց համաձայնության հասնել միայն երկու հարցի շուրջ՝ կառույցի գլխավոր քարտուղարի գլխավորությամբ Հայաստան ուղարկել ՀԱՊԿ առաքելություն՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, և քարտուղարության ու միացյալ շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակի մշտադիտարկման համար:
Այս որոշումները, սակայն, հայկական կողմի համար բավարար չեն՝ հաշվի առնելով, որ դրանք որևէ կերպ չեն կարող գործնականում վերացնել ադրբեջանական ագրեսիայի պահպանվող հետևանքները: Պաշտոնական Երևանն անգամ հանրայնացրեց իր դժգոհությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի և ԱԽ քարտուղարի մակարդակով արձանագրելով՝ հայկական կողմի պահանջը ՀԱՊԿ-ից եղել է ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, ինչը մինչև օրս չի կատարվել։
ՀԱՊԿ ան/արդյունավետության հիմնախնդիրը
Ռազմաքաղաքական դաշինքը, դասական սահմանումների համաձայն, ընդհանուր անվտանգային շահեր, խնդիրներ և նպատակներ ունեցող երկրների միություն է: 1992 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրումը և 2002 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձևավորումը հազիվ թե կարելի է գնահատել որպես Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի անվտանգային շահերի համընկնման արտահայտություն կամ ընդհանուր սպառնալիքների հակազդմանն ուղղված հաշվարկված որոշում: Իրականում ՀԱՊԿ-ն կառուցվել է ոչ թե անդամ երկրների ընդհանուր շահերի ու խնդիրների, այլ Ռուսաստանի և մյուս անդամների միջև երկկողմ ռազմաքաղաքական հարաբերությունների հիման վրա՝ որպես Մոսկվայի ռազմաքաղաքական շահերի իրացման հարթակ՝ կոչված լրացնելու հետխորհրդային տարածքի անվտանգային վակուումը: Այս նույն նպատակով Ռուսաստանն ակտիվ ջանքեր էր գործադրում ՀԱՊԿ-ի միջազգային ճանաչման ուղղությամբ՝ որպես տարածաշրջանի անվտանգությունն ապահովող դերակատարի։ Այս դերակատարումը, սակայն, չընդունեց ՆԱՏՕ-ն, որը մինչ օրս հրաժարվում է ճանաչել ՀԱՊԿ-ն և հարաբերություններ կառուցել նրա հետ։
Որպես ռազմաքաղաքական դաշինք՝ ՀԱՊԿ-ի ոչ լիարժեք կայացվածության մասին է վկայում նաև անդամ երկրների համար առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումների ներդաշնակեցման և միմյանց շահերին հակասող գործողությունների բացառման խնդիրը: Ասվածի լավագույն օրինակները Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված ՀԱՊԿ դաշնակիցների դիրքորոշումներն են, որոնք հաճախ ավելի ներդաշնակ են ադրբեջանականին, ինչպես, ասենք, ՀԱՊԿ անդամների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, որով թիրախավորվում է հայ զինծառայողը։ Հայկական կողմն այս խնդիրները փորձել է կառույցի օրակարգ բերել դեռ 2014-ից, սակայն ապարդյուն։ Ուշագրավ է, որ վերջին տարիներին դիրքորոշումների ներդաշնակեցման անհրաժեշտության մասին բարձրաձայնում են նաև Ռուսաստանը և Բելառուսը, օրինակ՝ կարևորելով Արևմուտքի կողմից հակառուսական քայլերին կամ պատժամիջոցներին համատեղ պատասխանելու անհրաժեշտությունը:
Վերոնշյալ բոլոր գործոններն ուղղակիորեն և անուղղակիորեն ազդում են ՀԱՊԿ-ի՝ որպես ռազմաքաղաքական դաշինքի կայացման և նրա մեխանիզմների արդյունավետության վրա, պարբերաբար դառնալով լուրջ բանավեճերի ու դժգոհությունների առարկա։
ՀԱՊԿ-ում մնալու և այն լքելու մարտահրավերները
Վերջին շրջանում ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության պահպանման նպատակահարմարությունը երկրի հանրային, քաղաքական և փորձագիտական շրջանակներում ակտիվ քննարկումների առարկա է։ Ձեռնպահ մնալով խնդրի վերաբերյալ անձնական դիրքորոշում արտահայտելուց՝ ներկայացնեմ ՀԱՊԿ-ում Հայաստանի հետագա անդամակցությունից և անդամակցության դադարեցումից բխող հնարավոր մարտահրավերերները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել։
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունից բխող մարտահրավերներ
1․ ՀԱՊԿ-ի ներկայիս դիրքորոշումը՝ որպես ապակայունացնող գործոն
ՀԱՊԿ-ն, որի հիմնարար նպատակներն են անդամ երկրների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հավաքական հիմունքներով պաշտպանությունը, այսօր փաստացի չի կատարում իր պարտավորությունները՝ անդամ երկրի նկատմամբ։ Չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք բացահայտ ներխուժման փաստին՝ կառույցին ներկայացված դիմումները չեն արժանացել համարժեք արձագանքի։ Ավելին՝ ՀԱՊԿ անդամ երկրների, կառույցի ներկայացուցիչների, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի ելույթներում հաճախ Ադրբեջանի ագրեսիան բնորոշվում է որպես սահմանային միջադեպ կամ լարվածություն, որի կարգավորումը դիտարկվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման գործընթացի տիրույթում։
ՀԱՊԿ-ի և անդամ երկրների նման դիրքավորումն, անշուշտ, չեն կարող զսպել Բաքվին և կանխել նոր էսկալացիաները, հակառակը՝ դա Ադրբեջանի ղեկավարության կողմից կարող է ընկալվել որպես «լուռ համաձայնություն» և դառնալ նոր սադրանքների խթան։
2․ ՀԱՊԿ-ն՝ որպես երրորդ երկրների հետ ռազմատեխնիկական գործակցության խոչընդոտ
Տվյալ խնդիրը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից՝ քաղաքական և իրավական: Ռուսաստանի հետ միևնույն ռազմաքաղաքական դաշինքի մեջ գտնվող Հայաստանը ներկայիս Արևմուտք-Ռուսաստան խորացող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում միջազգային տարբեր դերակատարների կողմից կարող է ընկալվել որպես ոչ հուսալի գործընկեր, ում հետ քաղաքական առումով նպատակահարմար չէ զարգացնել գործակցությունը: Ինչ վերաբերում է խնդրի իրավական հարթությանը, ապա տվյալ դեպքում հայտնի չէ որևէ դեպք, երբ ՀԱՊԿ անդամ երկրի հետ ռազմական գործակցությունը սահմանափակված լինի որևէ երկրի կամ դաշինքի իրավական կարգավորումների պատճառով: Օրինակ, Ղազախստանը վերջին տարիներին ռազմական մատակարարումներ է ունեցել Գերմանիայից, Ղրղզստանը՝ Թուրքիայից, Հայաստանը՝ Բուլղարիայից: Նշված բոլոր մատակարարները ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են և հաջող գործակցել են ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Չնայած իրավական խոչընդոտների բացակայությանը, չպետք է բացառել, որ բարդ ռազմական տեխնոլոգիաների փոխանցման հարցում հնարավոր են բարդություններ, ինչն ուղղակիորեն բխում է քաղաքական իրողություններից:
3․ Հայաստանի միջազգային վարկի խաթարման և պարտվողական տրամադրությունների տարածման ռիսկ
Այն հանգամանքը, որ Հայաստանն իր անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման հարցով երկու անգամ դիմել է ՀԱՊԿ-ին, և այդ դիմումները մնացել են անպատասխան, որևէ կերպ չի նպաստում Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Ավելին՝ կառույցի նման գործելաոճին պաշտոնական Երևանի համարժեք արձագանքի բացակայությունը ևս բացասաբար է ազդում ինչպես միջազգային դերակատարների շրջանում Հայաստանի ընկալման, այնպես էլ հանրային տրամադրությունների վրա։ Հանրության շրջանում դա կարող է ընկալվել որպես սուբյեկտայնության արժեզրկում, դիվանագիտության ձախողում և պետական շահերը պաշտպանելու անկարողություն՝ դառնալով պարտվողական տրամադրությունների տարածման պատճառ։
Հատկանշական է նաև, որ ադրբեջանական քարոզչամեքենան նույնպես օգտվում է իրավիճակից։ Անգամ ամենաբարձր մակարդակով պարբերաբար շահարկում է այն թեզը, որ ՀԱՊԿ մի շարք անդամներ առավել սերտ հարաբերություններ ունեն Բաքվի, քան Երևանի հետ և ճգնաժամային իրավիճակներում ձեռնպահ են մնում Հայաստանին աջակցելուց։
4․ Ուկրաինական ճգնաժամում ՀԱՊԿ-ի ներգրավման ռիսկ
Ռուսաստանի կողմից Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները որպես իր տարածքային ամբողջականության մաս ճանաչելուց հետո այդ ուղղություններով ուկրաինական կողմի հարձակումները Մոսկվայի կողմից կարող են մեկնաբանվել որպես հարձակում իր տարածքի վրա՝ դրանից բխող ռազմաքաղաքական հետևանքներով: Հաշվի առնելով ռազմական գործողությունների զարգացման անկանխատեսելիությունը՝ տեսականորեն չի կարելի բացառել, որ ինչ-որ իրավիճակում ռուսական կողմն ակնկալի նաև ՀԱՊԿ-ի ներգրավումը՝ ՌԴ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում: Նման դիմումն, անշուշտ, բավական բարդ ընտրության առջև կկանգնեցնի ՀԱՊԿ մյուս անդամներին, այդ թվում՝ Հայաստանին:
Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու (ֆորմալ գործընթացը կարող է տևել առնվազն վեց ամիս) հնարավոր մարտահրավերներ
1․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խաթարման ռիսկ
Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ֆոնին, երբ բաժանարար գծերը աննախադեպ խորացել են, Ռուսաստանի կողմից հովանավորված քաղաքական նախագծերը (անկախ դրանց արդյունավետությունից) Մոսկվայի համար ունեն բավական մեծ կարևորություն։ Բացի դրանցից ստացվող քաղաքական, ռազմական և տնտեսական դիվիդենտներից՝ Մոսկվան այդ ձևաչափերն օգտագործում է որպես Արևմուտքի կողմից իր նկատմամբ իրականացվող մեկուսացման քաղաքականության ձախողման խորհրդանիշ։ Անկախ պատճառների օբյեկտիվությունից՝ ՀԱՊԿ-ը լքելու վերաբերյալ Հայաստանի որոշումը կարող է խիստ բացասաբար ընկալվել Մոսկվայի կողմից՝ հարվածելով Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերություններին: Հաշվի առնելով երկու երկրների տնտեսական, էներգետիկ, սոցիալական և այլ ոլորտներում սերտ կապերը՝ դրանք կարող են հեշտությամբ օգտագործվել ի վնաս Հայաստանի՝ հանգեցնելով ծանրագույն և անդառնալի հետևանքերի:
2․ Ռազմատեխնիկական գործակցության ավանդական կապերի խաթարում
ՀԱՊԿ-ին անդամակցությունը անդամ երկրներին արտոնյալ պայմաններ է ընձեռում ռազմատեխնիկական մատակարարումների համար՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ում կիրառվող զեղչային ռեժիմը: 2003-ից պաշտոնական Մոսկվան ՀԱՊԿ անդամ երկրներին ռազմական նշանակություն ունեցող արտադրանք է մատակարարում գործարանային գներով և առանց ավելացված արժեքի հարկի: ՀԱՊԿ անդամակցության դադարեցումը բացասաբար կանդրադառնա ՀԱՊԿ երկրներից և, մասնավորապես, Ռուսաստանից Հայաստան ռազմական մատակարարումների հնարավորությունների վրա՝ խաթարելով նաև այդ ոլորտում տարիների ընթացքում ձևավորված կապերը: Թեև Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանն այսօր ինքն է բախվել ռազմական մատակարումների ապահովման խնդրին՝ այս զգայուն հարցում Հայաստանը պետք է առավել համակողմանի գնահատի իրավիճակը՝ խնդիրը դիտարկելով երկարաժամկետ պլանավորման տեսանկյունից:
3․ Հանրության շրջանում չափազանցված ակնկալիքների ձևավորում և հնարավոր հիասթափություն
Վերջին շրջանում Հայաստանի ակտիվ և դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը, ադրբեջանական ագրեսիայի հետ կապված որոշ արևմտյան երկրների հասցեական հայտարարությունները և օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների այցերը հայաստանյան հանրային շրջանակներում ակնհայտորեն ստեղծել են որոշակի չհիմնավորված ակնկալիքներ այդ երկրների կողմից հնարավոր աջակցության վերաբերյալ։ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հնարավոր նախաձեռնությունը նույնպես հանրության շրջանում կարող է առաջացնել չափազանցված ակնկալիքներ, ինչը ժամանակի ընթացքում կհանգեցնի հերթական հիասթափությունը, կդառնա արևմտյան գործընկերին դավաճանության մեջ մեղադրելու պատճառ և կխթանի կառավարությանն ուղղված քննադատությունը՝ Արևմուտքի ընձեռած հնարավորություններից օգտվելու անկարողության համար։
Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ ՀԱՊԿ-ի ոչ համարժեք արձագանքը և հայկական կողմի համար իրադրության ողջ լրջությունը բավական ոչ նախանձելի իրավիճակի առջև են կանգնեցրել Հայաստանին: Փաստացի ՀԱՊԿ անդամակցությունը որևէ կերպ չի նպաստում Հայաստանի անվտանգային սպառնալիքների չեզոքացմանը, ավելին՝ ստեղծում է հարցեր և խնդիրներ, իսկ ՀԱՊԿ-ից հեռանալը կարող է պահանջել այնպիսի բարձր գին, որը հայկական կողմը չի կարող կամ պատրաստ չէ վճարել։
Անկախ նրանից, թե որքան էմոցիոնալ են հանրային քննարկումները՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի կառավարությունը պետք է գործի առանց շտապողականության և ՀԱՊԿ-ի նկատմամբ իր քաղաքականության մեջ առաջնորդվի ռացիոնալ և սթափ հաշվարկով՝ Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունն էլ ավելի չվտանգելու համար:
Նարեկ ՄԻՆԱՍՅԱՆ
Քաղաքական մեկնաբան
Երևան