2022 թ․ սեպտեմբերին և հոկտեմբերին Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունները մի շարք հայտարարություններ արեցին (նաև՝ ամենաբարձր մակարդակով) հոկտեմբերի 6-ին Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման հնարավորության մասին։
Ավելին, hոկտեմբերի 4-ին թուրքական իշխանամետ Sabah թերթը հայտնեց տվյալ հանդիպման ժամանակ քննարկվելիք թեմաների շրջանակը։ Թերթի պնդմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը մտադիր է քննարկել Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ երրորդ երկրներում չանցկացնելու, տարածաշրջանում է՛լ ավելի մեծ լարվածություն չհրահրելու նպատակով սադրանքներից հեռու մնալու ու Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման հարցերը։ Բացի այդ, ակնկալվում է, որ Էրդողանը քննարկելու է Զանգեզուրի միջանցքը «շահիր-շահիր» (win-win) սկզբունքով հնարավորինս շուտ բացելու հարցը։
Եվ ահա հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Ն․ Փաշինյան – Ռ․Թ․Էրդողան հանդիպումը։ Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց․ «Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները: Ն․ Փաշինյանը և Ռ․ Թ․ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը: Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ»:
Էրդողանն էլ Պրահայում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է․ «Ն․ Փաշինյանի հետ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում։ Անկարան ձգտում է հասնել Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների աստիճանական ջերմացմանը և կողմերի միջև տարաձայնությունների կարգավորմանը։ Հայաստանն ու Թուրքիան շարունակելու են շփումները հատուկ ներկայացուցիչների մակարդակով և կարող են հարաբերությունների ամբողջական կարգավորման հասնել տարածաշրջանում բարեդրացիության սկզբունքի հիման վրա։ Նախապայմաններ չկան, միայն ցանկանում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ ստորագրվի խաղաղության պայմանագիր։ Հենց դա արվի, մեզ հետ որևէ խնդիր չի մնա․ սահմաննե՞ր են պետք բացել, ուրեմն կբացենք, ընդ որում բոլոր տեսակի՝ օդային, ցամաքային և երկաթուղային»։
Նշենք, որ 2022 թ․-ն ՀՀ-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից արդեն հասցրել է մտնել պատմության մեջ․ ա) հունվարին Մոսկվայում կայացավ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը, որը երկու երկրների միջև բանակցությունների առաջին փուլն էր վերջին ավելի քան 10 տարում (նրանց հետագա հանդիպումները շարունակվեցին Վիեննայում)։ բ) Մարտին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը, որը երկու երկրների արտգործնախարարների առաջին «նստած հանդիպումն» (sit-down meeting) էր 2009թ․ ի վեր: գ) Պրահայում Փաշինյանի ու Էրդողանի հանդիպումը երկու երկրների առաջնորդների առաջին տետ-ա-տետ հանդիպումն էր 13-ամյա ընդմիջումից հետո (հուլիսի 11-ին կողմերի միջև կայացել է հեռախոսազրույց)։
Պրահայի հանդիպումը բավական կարևոր էր երկու կողմի համար էլ, հայկական կողմը դրան մոտենում էր որոշակի դրական ֆոնին՝ կապված մի շարք զարգացումների հետ, որոնք որոշակի մեծացնում են Հայաստանի/հայության պահանջարկն ու զսպիչ դերն Էրդողանի/Թուրքիայի համար․
- Նենսի Փելոսիի երևանյան այց, որը ցայժմ հանգիստ չի տալիս թուրքական կողմին (սեպտեմբերի 30-ին այցը դատապարտեց Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը),
- Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Հայաստանի հանդեպ միջազգային հանրության (ՄԱԿ ԱԽ) և հատկապես ԱՄՆ-ի բարյացակամ դիրքորոշում,
- ԱՄՆ Կոնգրեսում հայամետ/հակաթուրքական բանաձևերի առաջ քաշում (նաև F-16 կործանիչների գործարքի արգելափակման վերաբերյալ),
- Հայաստանի բազմավեկտոր ու պրոակտիվ քաղաքականություն,
- Հնդկաստանից զենքի զգալի քանակի գնում,
- ՀՀ ռազմական բյուջեի կտրուկ մեծացում։
Պրահայում Էրդողանի հայտարարությունները հերթական անգամ եկան հաստատելու թուրքական կողմի այն դիրքորոշումը, որ նա ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը շաղկապում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման/խաղաղության պայմանագրի կնքման հետ։ Սա ունի մի շարք պատճառներ․
ա) Վերջին տարիներին Էրդողանն այնքան է խոսել «մեկ ազգ, երկու պետություն», «թյուրքական աշխարհի միասնություն» ու նման թեզերի մասին, որ, ըստ էության, չի կարող անտեսել Ադրբեջանի գործոնը և այդպիսով հակասել ինքն իրեն։
բ) Էրդողանին անհրաժեշտ է ՀՀ-Թուրքիա բաց սահման տեսնել միայն ՀՀ-Ադրբեջան բաց սահմանի առկայության պարագայում, որպեսզի թուրքական բեռնատար մեքենան կամ գնացքը կարողանա Թուրքիայից Հայաստանով մտնել դեպի Ադրբեջան, ապա նաև դեպի Միջին Ասիա ու Չինաստան և ընդհակառակը (ուկրաինական պատերազմի ֆոնին զգալի մեծացել է Ասիան ու Եվրոպան միմյանց կապող Միջին միջանցքի կարևորությունը)։
գ) Էրդողանը փորձում է թուրքական սահմանի բացմամբ Հայաստանին առաջարկել «բոնուս», եթե Հայաստանը գնա Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը (Հայաստանը նկատի ունենա, որ Ադրբեջանի հետ փոխզիջման հանգելու դեպքում Թուրքիայից, թերևս, ստանալու է սահմանի (անվճար) բացում)։
դ) ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը միմյանց շաղկապելով՝ Էրդողանը փորձում է նորանոր զիջումներ/արտոնություններ կորզել Ադրբեջանից (դրանք ստանալ՝ նախքան Հայաստանի հետ սահմանը բացելը)։ Էրդողանը շարունակում է «թուրքական» երեք հայտնի նախապայմաններից առաջ մղել «ադրբեջանական» նախապայմանը, որը նախորդ տասնամյակում նրան բերել է մոտ 15 միլիարդ դոլարի ադրբեջանական ներդրում (TANAP գազատար, STAR նավթավերամշակման գործարան)[1]։
ե) Էրդողանը, թերևս, մտավախություն ունի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող է Հայաստանի/Արցախի հետ կապված իր նպատակներին փոքրիշատե հասնելուց հետո «ցտեսություն ասել» Էրդողանին[2]։ Էրդողանը, 44-օրյա պատերազմում օգնելով Ադրբեջանին և նպաստելով նրա հաղթանակին, այդպիսով «կրակել է իր ոտքին»` նվազեցնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանի հանդեպ կիրառված/կիրառվող հայկական լծակի ուժը․ ռազմական հաղթանակից հետո վերելք գրանցող Ադրբեջանը կարող է նախկինի չափ չմտահոգվել ՀՀ-Թուրքիա սահմանի բացումից և այդպիսով շրջափակումից ՀՀ-ի դուրս գալուց։ Վերջին շրջանում թուրքական իշխանությունները պարբերաբար ընդգծում են, որ «Թուրքիան Ադրբեջանի կողքին է և այսուհետ նույնպես կլինի նրա կողքին»՝ այդ կերպ տալով «հավատարմության երդումներ», և այստեղ հարց է առաջանում, իսկ արդյո՞ք Ադրբեջանը Թուրքիայի կողքին է, և եթե այո, ապա որչափ ու մինչև երբ։
Մեր կարծիքով, Պրահայում Փաշինյանի հետ հանդիպումը կարևոր էր նաև Էրդողան-Ալիև անձնական հարաբերությունների առումով, որոնք, թերևս, այնքան էլ փայլուն չեն, որքան որ կարող է թվալ արտաքուստ։ Չենք բացառում, որ Էրդողանը դժգոհ է Ալիևի ռազմական տարատեսակ սադրանքներից, որոնց ամենավառ վկայությունն օգոստոսին Բերձորի միջանցքի շուրջ թեժացման ժամանակ Թուրքիայից արձագանքի բացակայությունն էր և սեպտեմբերյան սահմանային թեժացման ժամանակ Թուրքիայի թույլ արձագանքը։ Ճիշտ է՝ թուրքական կողմն ընդգծում էր իր աջակցությունն Ադրբեջանին, հընթացս էլ Հայաստանին կոչ անում «հրաժարվել սադրանքներից», սակայն նրա կիրառած բառամթերքը համադրելի չէ 2020 թ․ Տավուշյան թեժացման ժամանակ արած հայտարարությունների հետ։ Էրդողանին Ալիևի այս պահվածքը կարող է դուր չգալ մի շարք պատճառներով․
1) Էրդողանը, թերևս, չի ցանկանում դառնալ Ալիևի ռազմական արկածախնդրությունների պատանդը (Էրդողանը, բնականաբար, քաջատեղյակ է, թե ով է իրականացնում սահմանային ռազմական սադրանքներ)։ Էրդողանը «մեկ ազգ, երկու պետություն» թեզի չարչրկմամբ հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ Ալիևի ձեռնարկած ռազմական ցանկացած փոքրիշատե գործողության արդյունքն առնչվում է նաև իրեն․ Ալիևի ցանկացած (փոքր, միջին, մեծ) մասշտաբի ռազմական հաղթանակը նաև Էրդողանի հաղթանակն է և նույն կերպ էլ ցանկացած մասշտաբի ռազմական պարտությունը նաև Էրդողանի պարտությունն է։ Հայտնի է, որ Էրդողանը չափազանց մեծ կարևորություն է տալիս պատմության մեջ սեփական խորը հետքը թողնելուն, և թեկուզ փոքրամասշտաբ պարտությունը (2020 թ․ Տավուշյան թեժացման նման) անընդունելի է նրա համար։ Հնդկաստանից Հայաստանի զենք գնելը կարող է իր կնիքը թողնել Ադրբեջանի կողմից հնարավոր նոր սահմանային ռազմական սադրանքի արդյունքների վրա և այդ հարցում ունենալ զսպիչ դեր, այդ թվում նաև Էրդողանի համար՝ նրան հարկադրելով որոշակի հեռավորություն պահպանել Ալիևի այդ քայլերից։ Այլ կերպ ասած՝ Էրդողանի տվյալ իմիջի պահպանման հարցը գտնվում է Ադրբեջանի և այդ առումով նաև Հայաստանի ձեռքում[3]։
2) Ալիևի ռազմական սադրանքները հակասում են համայն աշխարհին և առաջին հերթին Չինաստանին ու ԵՄ-ին Հարավային Կովկասն այսուհետ (44-օրյա պատերազմից հետո) որպես անվտանգ ու կայուն տարածաշրջան ներկայացնելու Էրդողանի թեզին, ով ցանկանում է ԵՄ-ին ու Չինաստանին համոզել, որ փոխադարձ առևտրի համար ամենակարճ, անվտանգ ու շահավետ երթուղին Միջին միջանցքն է (որը տեսականորեն կարող է անցնել նաև Հայաստանով)։ Մինչդեռ Ալիևին սահմանային սադրանքները (միկրոհաղթանակները) պետք են սեփական ժողովրդին դրանցով «կերակրելու» և ըստ այդմ էլ սեփական իշխանության պահպանման ու երկարաձգման համար։ Նման քայլերի համար Ալիևն ունի սահմանափակ ժամկետ, քանի դեռ ՀՀ-ի ու Ադրբեջանի տարածքներում պատրաստ չեն համապատասխան ենթակառուցվածքները՝ Միջին միջանցքի գործարկման համար։
3) Էրդողանը, թերևս, գիտակցում է, որ Ալիևը ռազմական սադրանքների միջոցով նաև ձգտում է գժտեցնել Հայաստանն ու Թուրքիան, թունավորել կարգավորման գործընթացի մթնոլորտը[4]։ Ալիևը գիտակցում է, որ թուրքական իշխանությունները պարզապես «դատապարտված» են ամեն անգամ աջակցություն հայտնել Ադրբեջանին և քննադատել Հայաստանին։ Եթե Ալիևը համոզվի, որ սահմանային թեժացումների իր մեթոդն աշխատում է Թուրքիայի մասով, ապա դրանք կլինեն շարունակական (իհարկե՝ կախված ԱՄՆ-ի ճնշումներից)։
4) Էրդողանը գիտակցում է, որ Ալիևի ռազմական սադրանքները մեծացնում են Ռուսաստանից Ադրբեջանի կախվածությունը, մեծացնում են Ռուսաստանի պահանջարկն Ադրբեջանի համար, ինչը ցանկալի չէ Թուրքիայի համար (սահմանային սադրանքների հարցում ավելի շատ համընկնում են Ալիևի ու Պուտինի, քան՝ Ալիևի ու Էրդողանի շահերը)։
5) Էրդողանը գիտակցում է, որ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ռազմական սադրանքները կարող են հանգեցնել Իրանի ռազմական միջամտությանը, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել Թուրքիայի մասնակցությանը ռազմական կոնֆլիկտին։ Սա խիստ անցանկալի սցենար է Էրդողանի համար առնվազն երկու պատճառով․
ա) թուրքական բանակը վերջին 100 տարում որևէ խոշոր ռազմական կոնֆլիկտի չի մասնակցել, չունի մարտական մեծ փորձ, թերևս պատրաստ չէ մասշտաբային պատերազմների, պատրաստ է միայն ասիմետրիկ (սահմանափակ) պատերազմներ մղելուն՝ Սիրիայում, Լիբիայում և այլուր (այս առումով այն հիշեցնում է ռուսական բանակը)։ Էրդողանը լավ գիտի, թե իրականում ինչպիսին է թուրքական բանակը, որում ՆԱՏՕ-ում կրթություն ստացած կոմպետենտ գեներալներին փոխարինել են մորուքավոր (կրոնամոլ/ազգայնամոլ) ոչ կոմպետենտ գեներալները, երբ 40 տարի զինվորական համազգեստ կրող գեներալը դուրս է մնում Բարձրագույն ռազմական խորհրդի կազմից և նրան փոխարինում է ֆինանսների նախարարը (Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը), երբ Էրդողանն այնքան է թուլացրել թուրքական օդուժը, որ վերջինս մնացել է «Թուրքական ավիաուղիների», պակիստանցի օդաչուների ու Կատարի ինքնաթիռների հույսին։
բ) Իրանի հետ ռազմական բախման դեպքում չի գործելու մեր նախորդ հոդվածներից մեկում առաջ քաշված ռուս-թուրքական 2+2 մոդելը, որի շրջանակներում էրդողանական Թուրքիան մասնակցել է միայն այն ռազմական կոնֆլիկտներին, որտեղ հակառակորդ կողմի «կնքահայրը» եղել է պուտինյան Ռուսաստանը։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը չի կարող կանխավ երաշխավորել, որ Թուրքիան ռազմական հաղթանակով դուրս կգա Իրանի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ մտնելու դեպքում (Թուրքիայի հնարավորություններն ավելի սահմանափակ են, եթե ՀՀ-Ադրբեջան սահմանային բախումները չեն շոշափում Նախիջևանը, որի հետ Թուրքիան ունի անմիջական ցամաքային սահման)։
Ամփոփելով նշենք, որ այս պահին Թուրքիայի հետ երկխոսությունը Հայաստանի համար կարևոր է նրա միջոցով Ադրբեջանի վրա ներազդելու հնարավորության մասով, ինչը կարող է առնչվել ինչպես ռազմական նոր սադրանքների կանխմանը, այնպես էլ հայ ռազմագերիների ու պատանդների ազատ արձակմանը։ Չենք բացառում, որ ԱՄՆ-ի ճնշման ներքո Թուրքիան նույնպես աշխատած լինի Ադրբեջանի հետ (ԱՄՆ-ը հայկական թեմայով կանոնավոր կապի մեջ է Թուրքիայի հետ)։ Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը Բաքու համընկավ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված 17 անձանց Հայաստան վերադարձնելու հետ[5]։
Չենք բացառում նաև, որ Էրդողանը կփորձի յուրօրինակ միջնորդի/ֆասիլիտատորի դերում հանդես գալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Հոկտեմբերի 20-ին Էրդողանը մասնակցելու է Զանգելանի (Կովսական) օդանավակայանի բացման արարողությանը[6], որի շրջանակներում նա կհանդիպի Ի․ Ալիևի հետ (Պրահայում Էրդողանն առանձին երկկողմ հանդիպում չունեցավ նրա հետ)։ Այդպիսով, Էրդողանը երկու շաբաթվա ընթացքում երկու առանձին հանդիպում կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ՝ չհաշված Պրահայում նրանց ոչ պաշտոնական եռակողմ հանդիպումը։
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Թուրքագետ
Երևան
______________
[1] 2022 թ․ հոկտեմբերի 6-ին (Պրահայի հանդիպման օրը) Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը Ստամբուլում անցկացված Թուրք-ադրբեջանական երկրորդ էներգետիկ ֆորումի արդյունքներով հայտարարեց, թե ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կրկնապատկելու համար TANAP գազատարով գազի մատակարարումների ծավալը․ ներկայիս տարեկան 16 միլիարդից 32 միլիարդ մ3-ի։ Ընդ որում՝ Թուրքիան կկարողանա օգտվել հավելյալ այդ մատակարարումների մի մասից։
[2] 2022 թ․ սեպտեմբերի վերջին Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցի պետ, գեներալ-մայոր Ֆուզուլի Սալահովը հայտարարեց, որ ադրբեջանական բանակն արդեն ամբողջությամբ անցել է թուրքական ձևաչափին։
[3] Դրան կարելի է հավելել նաև 2023 թ․ հունիսին Թուրքիայում նշանակված նախագահական ու խորհրդարանական թեժ ընտրություններից առաջ Թուրքիայի կողմից ՀՀ-ի սահմանի հնարավոր բացումը, որի դեպքում Էրդողանն ու նրա ԱԶԿ կուսակցությունը հավելյալ քվեներ կստանան արևելյան ու հարավ-արևելյան քրդաբնակ նահանգներից։
[4] 2022 թ․ սեպտեմբերի 29-ին Ռուբեն Ռուբինյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 14-ին սահմանին պետք է տեղի ունենար հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև, սակայն ադրբեջանական հարձակման պատճառով այդ հանդիպումը հետաձգվել է թուրքական կողմի ցանկությամբ։ Նշենք, որ ադրբեջանական այս սադրանքից հետո՝ հոկտեմբերի 1-ին, Էրդողանը խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ չբացառեց Պրահայում Փաշինյանի հետ հանդիպելու հնարավորությունը։
[5] Վերջին շրջանում Էրդողանը շարունակ հպարտանում է Թուրքիայի միջոցով Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև 200 ռազմագերիների փոխանակման համար։
[6] 2020 թ․ հոկտեմբերի 20-ին ադրբեջանական զորքերը գրավել են Զանգելանը։