Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Ամիր Հոսեյն Աբդոլահիանի այցը Երևան դարձավ տարածաշրջանային այն թրենդների մի մասը, որոնք էական փոփոխություններ են մտցնում անվտանգության մեր միջավայրում և ոչ ամեն ինչում են միանշանակ դրական։
Ամենից առաջ խոսքը գնում է մի ժամանակահատվածի մասին, որը նախորդում է տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Եվրոպական Միության ակտիվացման, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի նոր փուլի, Ադրբեջանի ուղղությամբ մերձավորարևելյան ակտորներ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ակտիվացման, Իրանում գոյություն ունեցող պետական կառավարման դեմ բողոքի ալիքի ծավալման համապատկերում ենթադրյալ խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների վճռորոշ ռաունդին։
Չնայած այն բանին, որ Իրանը համառորեն հերքում է, ուկրաինական ու արևմտյան ներկայացուցիչները պնդում են, որ իրանական դրոնները դարձել են Ուկրաինա ներխուժած և արդեն «մասամբ մոբիլիզացված» ռուսաստանյան բանակի գլխավոր հարվածային ուժը, որը թիրախավորել է քաղաքացիական ու էներգետիկ ենթակառուցվածքները։ Սա ակնհայտորեն վատթարացնում է միջուկային գործարքի հնարավոր վերականգնման շուրջ կանխատեսումները, գործարք, որն այս պահին գործնականում սառեցված է դրա ապագա դրույթների գրեթե լրիվ համաձայնեցման կետում։
Եվ այս համապատկերում Իրանի բարձրագույն ղեկավարությունն Արաքս գետի ափով՝ իր հյուսիսային ողջ սահմանի երկայնքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի հզոր խմբավորում է ծավալել՝ լայնածավալ զորավարժության նպատակով, որի ընթացքում փորձարկվել են նաև հարձակողական խնդիրներ, մասնավորապես՝ գետանցման կամրջակառույցների տեղակայում Արաքսի վրայով և դրանցով մի շարք ստորաբաժանումների տեղաբաշխում սահմանամերձ գոտում։
Միևնույն ժամանակ, Երևանում իրանական նախարարը դժգոհություն է հայտնել տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքում արտասահմանյան ներկայացուցիչների ներկայության կապակցությամբ, ինչպես նաև խոսել է տարածաշրջանային խնդիրները «3+3» ձևաչափով լուծելու «ցանկալիության» մասին, ինչը չի կարող հարցեր չառաջացնել Հայաստանում, հատկապես Եվրոպական Միության դիտորդական առաքելության մեկնարկի պայմաններում։
Ինչ խոսք, քաղաքականության մեջ «բաժակը» գրեթե երբեք լիքը չի լինում, ուստի շատ կարևոր է իրողություններից ու հանգամանքներից օգտվել կարողանալը, առավել ևս դրանց արագ հաջորդափոխության պայմաններում։ Հայաստանի շուրջ անվտանգության փոփոխվող միջավայրում իրանական գործոնի առանձնահատկությունների մասին է մեր վերլուծական հանդեսի նոր թողարկումը։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն