Մհեր ԱՎԱԳՅԱՆ
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո և ռուս-ուկրաիանական հակամարտությամբ ստեղծված իրադրությունը բավական անբարենպաստ և վտանգավոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Նկատելի է, որ այս երկրի շուրջ մի շարք վտանգներ են առկա, որոնցից ամենախոցելին, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է հայ-իրանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակով։
2020 թ. նոյեմբերի 9-ից հետո թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից օրակարգ մտցված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ պաշտոնական Թեհրանը մի շարք մակարդակներում է հայտարարել իր կոշտ մոտեցումը՝ նշելով, որ իր համար անընդունելի է տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների որևէ փոփոխություն, իսկ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը՝ կարմիր գիծ։ Իրանն իր դիրքորոշումը շատ ավելի է կոշտացրել ընթացիկ տարվա հուլիսի 19-ին Թեհրանում Աստանայի ձևաչափով կայացած Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովին, որի շրջանակներում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ընդունելով Վ. Պուտինին և Ռ.Թ. Էրդողանին, ընդգծել է. «Եթե Իրանի և Հայաստանի սահմանն արգելափակելու քաղաքականություն տարվի, Իսլամական Հանրապետությունը կընդդիմանա, քանի որ այդ սահմանը հազարամյակների հաղորդակցային ճանապարհ է… Իրանը երբեք չի հանդուրժելու որևէ քաղաքականություն և ծրագիր, որն Իրանի և Հայաստանի սահմանի փակմանը կհանգեցնի»:
Հայ-իրանական սահմանի շուրջ ստեղծված վտանգի հաջորդ մեծ ալիքի բռնկումը սեպտեմբերի 13-ին էր, երբ ադրբեջանական կողմը ռազմական ագրեսիա իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, որի նպատակը, ըստ որոշ աղբյուրների, հենց ցանկալի միջանցքը բռնի ուժով ստանալն էր։ Իրանը պաշտոնական մակարդակում մի շարք կոշտ հայտարարություններ է հնչեցրել։ Նախ, նույն օրը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի հեռախոսազրույցը, որտեղ Է. Ռայիսին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է, և Իրանը ուշադրությամբ հետևում է ներկա զարգացումներին, ինչպես նաև ընդգծել. «Տարածաշրջանում բոլոր վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, և Իրանի դիրքորոշումը երկրների տարածքային ամբողջականության հարցում հստակ է»։
Հաջորդիվ հայտարարությամբ է հանդես եկել ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ նշելով, որ Իրանը զսպվածության և հակասությունները խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքի հիման վրա կարգավորելու կոչ է անում, անընդունելի է համարում Ադրբեջանի և Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխություն։ Նշվեց նաև, որ Իրանն ուշադրությամբ հետևում է տեղի ունեցող զարգացումներին և ընդգծում Ադրբեջանի ու Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև պատրաստ է ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել հարևան երկու երկրների հակասությունների կարգավորման համար։
Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, որի ժամանակ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընգծել է. «Մենք Իրան-Հայաստան սահմանը պատմական հաղորդակցային ճանապարհ ենք համարում, և այն պետք է անփոփոխ մնա»։
Ուշագրավ է նաև, որ սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովի ժամանակ հայկական կողմի բացակայության պայմաններում ԻԻՀ նախագահը թե՛ իր ելույթում և թե՛ ՌԴ ու ԹՀ նախագահների հետ հանդիպումներում բարձրաձայնել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը և պատրաստակամություն հայտնել «օժանդակել՝ վերացնելու համար այս երկու հարևան երկրների միջև տարաձայնությունները»։
Հարկ է ուշադրություն դարձնել, որ էսկալացիայից հետո Իրանը մի քանի անգամ հանդես է եկել հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու մտադրությամբ։ Սա կարելի է դիտարկել տարածաշրջանային իրողություններից դուրս չմնալու՝ Թեհրանի քաղաքականության համատեքստում, հիշելով Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ԱԳ փոխնախարար Արաղչիի տարածաշրջանային այցն ու հակամարտությունը կարգավորելու իրանական ծրագիրը ներկայացնելը։
Հաշվի առնելով ստեղծված վտանգները՝ սեպտեմբերի 21-ին հայտարարությամբ է հանդես եկել ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը, ևս մեկ անգամ հաստատելով Իրանի դիրքորոշումը։
ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Է. Ռայիսիի հանդիպումը, որի ժամանակ Իրանի նախագահը նշել է, որ պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է, և Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի: Է. Ռայիսին նաև ընդգծել է, որ պատրաստ են աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:
Իսկ սեպտեմբերի 24-ին նույն գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Ա. Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հ. Ամիր Աբդոլլահիանը։
Այս համատեքստում հետաքրքրական է հոկտեմբերի 13-ին Աստանայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցների հարցերով խորհրդի (CICA) 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ռայիսի-Ալիև հանդիպումը: ԻԻՀ նախագահը, հայտարարելով, որ պետք է հարգել Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, շեշտել է. «Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետից անընդունելի է տարածաշրջանի պատմական և աշխարհաքաղաքական սահմանների, ինչպես նաև Իրանի և Հայաստանի տարանցիկ կարգավիճակի ցանկացած փոփոխություն»: Է. Ռայիսին, հիշեցնելով, որ Իրանն առաջին երկիրն է, որ ողջունել է ԼՂ «ազատագրումը», նշել է. «Իրանը պատրաստ է օգտագործել իր մեծ կարողությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու համար»:
Ուշագրավ է նաև երկկողմ հանդիպումից անմիջապես հետո ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդիի թվիթը. «Այաթոլլա Ռայիսին Իլհամ Ալիևի հետ բանակցություններում մերժել է պատմական սահմանների, տարածաշրջանի աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղու ցանկացած փոփոխություն՝ համարելով Իրանի վճռական պատասխանի ենթակա հարց: Մերժել է ցանկացած քողի ներքո նաև տարածաշրջանում Եվրոպայի ռազմական ներկայությունը: Ներքին հարցերը մեր ուշադրությունը չեն շեղում Իրանի ժողովրդի ռազմավարական շահերից»:
Վերջին հայտարարության մեջ հիշատակվող «տարածաշրջանում Եվրոպայի ռազմական ներկայություն» արտահայտությունը թույլ է տալիս եզրակացնել, որ պաշտոնական Թեհրանը մեծապես անհանգստացած է հոկտեմբերի 6-ին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական Խորհրդի նախագահի հանդիպման ընթացքում ԵՄ քաղաքացիական առաքելություն ստեղծելու վերաբերյալ որոշումից: Ավելին, իրանական մի շարք վերլուծական աղբյուրներում կարելի է կարդալ, որ Արևմուտքը Հայաստանում ցանկանում է օգտագործել վրացական սցենարը, և խաղաղ, քաղաքացիական առաքելության անվան տակ ռազմական ներկայություն ապահովել տարածաշրջանում: Թերևս, պատահական չէ նաև, որ քառակողմ հայտարարությունից հետո Իրանը քանիցս ընդգծել է իր անհամաձայնությունը տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ակտիվացմանը՝ նշելով, որ այդ երկրների հեռահար նպատակն իրենց ուժերը Իրանի դեմ օգտագործելն է:
Իրանում իրենց դեմ ուղղված հերթական քայլն են համարում նաև հոկտեմբերի 3-4-ը Իսրայելի և Թուրքիայի Պն նախարարների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի այցերը Բաքու: Թեհրանում մտավախություններ կան, որ վերոնշյալ երկրները փորձում են օգտվել տարածաշրջանային անկայունությունից և Արևմուտքի դրդմամբ սեղմել Իրանի շուրջ օղակը:
Արտաքին անկայունություններից բացի՝ ԻԻՀ համար լուրջ խնդիր է դարձել գրեթե ամբողջ երկրում ավելի քան մեկ ամիս շարունակվող ցույցերը, որոնք սկսվել են սեպտեմբերի 16-ից՝ ոստիկանության կողմից ձերբակալված 22-ամյա Մահսա Ամինիի մահով: Ներքին անկայունություններից զատ, որ առաջանում են զանգվածային ցույցերի պատճառով, բավական ակտիվացել են Իրանի թյուրքաբնակ և քրդաբնակ շրջանների բնակիչները, որոնք փորձում են օգտվել առիթից և անջատողական նկրտումներ ցուցաբերել, և այս համատեքստում լավագույնս է օգտագործվում Մահսա Ամինիի՝ քրդուհի լինելը: Առավելապես վտանգավոր է Իրանի Արևելյան և Արևմտյան Ատրպատականներ նահանգների թյուրքախոս ազգաբնակչության ակտիվացումը, որոնք, գտնվելով թուրք-ադրբեջանական քարոզչության հիմնական թիրախում, բացահայտ անջատողական քայլեր են դրսևորում:
Հաշվի առնելով վերը հիշատակված վտանգները՝ հոկտեմբերի 17-ից Իրանի Արևելյան Ատրպատական և Արևմտյան Ատրպատական նահանգների սահմանային շրջաններում մեկնարկել է «Հզոր Իրան» կարգախոսով զորավարժությունը, որի ընթացքում նախատեսված են Արաքս գետի վրա շարժական կամուրջների անցկացում, դեսանտի իջեցում, հաղորդակցային ճանապարհների, բարձունքների գրավում և վերահսկողության հաստատում: Հետաքրքիր է նաև, որ զորավարժությունների մեկնարկին ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է. «Զորավարժությունների ուղերձը հարևան երկրների համար խաղաղությունն ու բարեկամությունն է, թշնամիների համար՝ ուղերձ, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանել երկրի սահմաններն ու վճռական պատասխան տալ ցանկացած սպառնալիքի»:
Ընդհանրացնելով՝ կարող ենք նշել, որ առկա վտանգներին Իրանը փորձում է հակազդել դիվանագիտական, ռազմական-անվտանգային տարբեր մեխանիզմներով, ինչպես նաև երկրի ներսում կայունություն հաստատելով: ԻԻՀ-ն քայլեր է ձեռնարկում՝ խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, որի համատեքստում ուշագրավ է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացումը։ Այս քայլով Իրանը ևս մեկ անգամ հստակ ուղերձներ է հղում «միջանցքի» ջատագով կողմերին իր հետաքրքրությունների և նպատակների մասին։ Հատկանշական են նաև մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Երևանը դիմել է Թեհրանին՝ զենքեր ձեռք բերելու նպատակով։ Թե որքանով են լուրերը հավաստի և իրականությանը մոտ՝ ցույց կտա հետագան։ Սակայն կարևոր է նշել, որ ներկա պայմաններում Հայաստանի ու Իրանի շահերը շատ հարցերում գրեթե նույնական են, և ստեղծված են բոլոր նախադրյալները՝ տնտեսականից մինչև անվտանգային ոլորտներում սերտ համագործակցության, որ ձեռնտու է երկու կողմերին էլ։
Մհեր ԱՎԱԳՅԱՆ
Իրանագետ
Երևան