Վերջերս հայ իրականության մեջ ավելի ու ավելի հաճախ է հնչում այն միտքը, թե Հայաստանը գտնվում է անվտանգային վակուումի մեջ, կամ այսպես ասած` Հայաստանի ոչ մի անվտանգային «բարձիկ» չի աշխատում։ Այս մտքից տարբեր մարդիկ գալիս են տարբեր եզրահանգումների. մի մասը կարծում է, որ անհրաժեշտ են շրջադարձային փոփոխություններ, մյուս մասը ենթադրում է, թե չաշխատող բարձիկն ավելի լավ է, քան բարձիկի բացակայությունը։
Սակայն այս վեճը բացազատվել է, ըստ իս, ի սկզբանե հիմք վերցնելով առկա իրականության մի մասը միայն, այն է. Ռուսաստանի կողմից դաշնակցային պարտավորությունները չիրականացնելը և ՀԱՊԿ-ի, որպես անվտանգային կառույցի, չաշխատելը։ Իրականությունը, սակայն, այդտեղ չի ավարտվում։ Ռուսաստանը ոչ միայն չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, այլ, ըստ էության, նաև գեներացնում է Հայաստանի Հանրապետության համար որոշ մարտահրավերներ։ Ռուսաստանը որոշակի փոխըմբռնման մակարդակի է հասել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ կապված համատեղ տնտեսական ու ենթակառուցվածքային ծրագրերի հետ։ Ծրագրեր, որոնք մեծագույն մասով Ռուսաստանին հետաքրքիր են Արևմուտքից կախվածության մակարդակի նվազեցման ու առևտրատնտեսական պատժամիջոցների հետևանքների հաղթահարման տեսանկյունից։
Այդ ծրագրերի բաղկացուցիչ մասը «Մեղրիի միջանցքի» գաղափարն է։ Հարկավոր է արձանագրել, որ միջանցքային տրամաբանության և միջանցքային խոսույթի հիմնական շահառուն ու իրականացնել փորձողը հենց Ռուսաստանն է։ Ռուսաստանն էր 44-օրյա պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ իր նախնական հայտարարության տեքստերում ներառել «Մեղրիի միջանցք» արտահայտությունը, և միայն հայկական կողմի ջանքերի շնորհիվ է, որ այդ բառակապակցությունը տեղ չի գտել վերջնական տեքստում։ Ռուսաստանն է, որ իր տարբեր պաշտոնյաների միջոցով բանակցությունների ժամանակ պարբերաբար բարձրացնում է «Ադրբեջանցիների ուզած այս փոքրիկ հարցը լուծելու» ու առաջ շարժվելու տարբերակը։ Ռուսաստանն է, որ տարօրինակ բովանդակությամբ նամակներ է ուղարկում միջանցքի կահավորման համար անհրաժեշտ հողահատկացման պահանջով։ Կահավորում ասելով էլ՝ հասկանալով ճանապարհի երկկողմանի ամբողջական ցանկապատում։ Եվ հենց այդ նույն Ռուսաստանն է, որ այդ չարաբաստիկ նամակից հետո ըստ էության որևէ կերպ չի արձագանքում ՀՀ ինքնիշան տարածքի վրա նախապես պլանավորված հարձակումների փաստին։ Ավելին՝ Ռուսաստանը չի ընդունում անգամ այդ հարձակումների փաստը՝ անվանելով դրանք կա՛մ սահմանային վեճեր, կա՛մ անգամ սահամանազատման ու սահմանագծման աշխատանքների շրջանակում առաջացած խնդիրներ։ Այսինքն, հայ-ադրբեջանական սահմանից ավելի քան 30 կմ խորության վրա գտնվող Մարտունի քաղաքի ռմբահարումը, կամ սահմանից 12 կմ հեռավորության վրա գտնվող Ջերմուկ քաղաքի վրա հարձակումը սահմանային վե՞ճ է։ Իհարկե՝ ոչ, իհարկե՝ դա հասկանում են բոլորը, այդ թվում և Ռուսաստանում։
Իհարկե՝ ակնհայտ է, որ առկա է Հայաստանի վրա հարձակում ու Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիա։ Բայց Ռուսաստանի քաղաքականությունն այստեղ արդյունք է ոչ թե անկարողության, ինչպես հիմա փորձում են ներկայացնել շատերը, այլ՝ հենց միտման արդյունք։ Կարևոր է մեջբերել սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած ՌԴ ԱԳՆ ԱՊՀ 4-րդ վարչության պետ Դենիս Գոնչարի հայտարարությունը. «Մոսկվան ակնկալում է պայմանավորվել ենթակառուցվածքների ապաշրջափակման փաթեթային լուծման շուրջ»։ Այս հայտարարությունն արվում է այն ժամանակ, երբ դեռ չէին էլ լռել թնդանոթները, երբ ըստ էության ադրբեջանական հարձակումն իր ամենաթեժ պահին էր հասել։ Այս հայտարարությամբ Մոսկվան հնչեցնում էր այն գինը, որի պարագայում հարձակումը կկանգնի, որի պարագայում ինքը պատրաստ կլինի «երաշխավորել» ՀՀ-ի անվտանգությունը։ Սա, ըստ էության, տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։ Վերոբերյալ ամեն ասվածից ստացվում է, որ Ռուսաստանը ոչ միայն չի հանդիսանում «անվտանգային բարձիկ», այլ նաև հանդիսանում է ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սպառնալիք կամ սպառնալիքների ակտիվ գեներատոր: Առանձին պետք է անրադառնալ նաև անվտանգության ռուսական «երաշխիքներին», որոնց մենք ականատես ենք լինում Արցախում։ Այդ «երաշխիքները» ոչ այլ ինչ են, քան Արցախի դանդաղ մահ, որոնք Հայաստանի վրա տարածվելու պարագայում դառնալու են Հայաստանի դանդաղ մահ կամ ադրբեջանաթուրքական աքցան, կամ էլ ընդգրկում Ռուսաստանի կազմում՝ հերթական գաղութացման ճանապարհով։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա հարկ է արձանագրել, որ ՀԱՊԿ-ն, ըստ էության, ոչ այլ ինչ է քան Ռուսաստանի հետգաղութատիրական (իսկ Մոսկվայի կարծիքով՝ հենց գաղութատիրական) ամբիցիաների ուժային-իրավական շրջանակ։ Այլ խոսքերով ասած, չկա ՀԱՊԿ անունով միջազգային անվտանգային կառույց, կա Ռուսաստանի հետաքրքրությունների տիրույթի անվտանգային շրջանակը կարգավորող մի ոմն «իրավաբանական անձ»։
Կարևոր է շատ հստակ արձանագրել, թե մենք ինչն ենք անվանում միջանցք, և ինչով է դա այդքան վտանգավոր։ Միջանցքը ցանկացած ռուսական մասնակցությամբ ճանապարհն է՝ լինի դա ռուսների երազած ցանկապատ ճանապարհը, թե որոշակի սիմվոլիկ ռուսական մասնակցությամբ մաքսատունը, որն իր կարգավիճակով կամ ընթացակարգերով կտարբերվի այն ճանապարհներից, որոնք ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի շրջանակներում պատրաստվում է բացել Ադրբեջանը։ Այսինքն, ադրբեջանական ճանապարհների ցանկացած, անգամ հասարակ ընթացակարգային տարբերություն Մեղրիի ճանապարհից այդ նույն՝ Մեղրիի ճանապարհը դարձնելու է միջանցք։ Պարտադիր չէ, որպեսզի միջանցքն ունենա արտատարածքային բնույթ, որպեսզի այն ըստ էության լինի միջանցք։ Այս համատեքստում եթե որոշ ուժեր Հայաստանում կամ Հայաստանից դուրս հույսեր ունեն իրականացնելու միջանցքի գաղափարը, այն պարզապես անվանելով ուրիշ կերպ, ապա աչալուրջ հասարակությունը չպետք է դա թույլ տա։
Հետևանքների առումով կառանձնացնեմ մի քանի կարևոր նկատառում։
- Արցախյան հիմնահարցը անտառային հրդեհի նման կտարածվի ու կանցնի արդեն ՀՀ տարածք։ Այսինքն՝ հակամարտությունն ու դրա հետևանքները, արդեն իրավաբանորեն հաստատում ստացած, ներկա կլինեն նաև ՀՀ տարածքում, որտեղից դրանք հեռացնելը գործնականում անհնար կլինի։
- Եթե ռուսները ստանան միջանցքը իրենց ցանկացած տեսքով, ապա դա գործնականում նշանակելու է հայ-իրանական սահմանի ամբողջական ռուսականացում։
- Դա հերթական քայլն է լինելու ՀՀ ապասուբյեկտացման, այսինքն՝ ոչնչացման։ Այլևս ակնհայտ է, որ դա չի լինելու Հայաստանի վերջին զիջումը Ռուսաստանին, բայց դա լինելու է վերջին ու ճակատագրական զիջմանն ուղղված հերթական քայլը։
- Առանց ժամկետային սահմանների միջանցքը սպառնում է Հայաստանի կոկորդին փաթաթված պարան լինել անգամ Արցախյան հիմնահարցի կարգավորման պարագայում։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում Մեղրիի ճանապարհի վրա սահմանվող ռուսական վերահսկողությունը չունի ժամկետային սահմանափակում։ Ուշադրություն դարձրեք՝ Արցախում բացազատված խաղաղապահ առաքելությունն ունի, բայց այս՝ Մեղրիի ճանապարհին բացազատվող հատուկ ծառայությունների կողմից իրականացվող վերահսկողությունը չունի։
- Այդ միջանցքը, որը նպատակ ունի ապահովել Ռուսաստանի խուսանավումը առևտրատնտեսական պատժամիջոցներից, Հայաստանը դարձնելու է այդ հարցում Ռուսաստանին աջակցող երկիր ու վանելու է Հայաստանը մնացյալ քաղաքակիրթ աշխարհից։
Այսպիսով, արձանագրում ենք, որ Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն ունեն համատեղ պահանջներ Հայաստանից՝ կապված Մեղրիով անցնող ճանապարհի հետ։ Բնական է, որ Հայաստանն իր ուժերին ներածի չափով փորձում է հակադրվել սրան, մինչև բոլորովին վերջերս դա անելով բացարձակ միայնակ։ Սակայն վճռական պահին, երբ Հայաստանի արևելյան գրեթե ամբողջ սահմանի երկայնքով սկսվել էր «հատուկ ռազմական օպերացիա», որը նպատակ ուներ Հայաստանին ստիպել գնալ զիջումների կամ ջախջախվելու, ի հայտ է գալիս նոր միջամտություն։
Համաձայն մի շարք բարձրաստիճան հայաստանցի պաշտոնյաների՝ Հայաստանի վրա սկիզբ առած հարձակումը կասեցվել է Միացյալ Նահանգների միջամտության ու ակտիվ մասնակցության շնորհիվ։ Այսինքն, հարձակումը, որը նպատակ ուներ Հայաստանին պարտադրելու ռուս-թուրքական պայմանավորվածությունների արդյունքները, կասեցվել է Նահանգների կողմից։ Սա էապես փոխում է գործընթացների տրամաբանությունը։ Երբ սրան գումարում ենք Ռիքերի բանակցությունները, Բլինկենի հայտարարություններն ու Փելոսիի այցը, պատկերն ամբողջանում է։ Իրավիճակը հետևյալն է. Հայաստանն արդեն իսկ հակառակվել է ռուս-թուրքական դաշինքին և հիմա պայքարում է դրա դեմ, դեռևս միայնակ։ Սակայն Հայաստանն առաջարկություն է ստացել քաղաքական խոսակցություն սկսելու համար։ Այս առաջարկը դեռ ոչինչ պարտադիր կերպով չի նշանակում, դեռ ոչինչ չի ապահովում, բայց այն հնարավորություն է տալիս ստանալու քաղաքական պայմանավորվածություններ ու որպես դրանց հետևանք՝ դաշնակից, այն էլ այնպիսի դաշնակից, որն իրականում կարողունակ է։
Այսպիսով, Հայաստանը կա՛մ ստորագրում է պահանջածը, կա՛մ՝ պայքարում։ Միայնակ պայքարելու դեպքում երաշխավորված է, որ Հայաստանը ջախջախվում է ու ստորագրում, բայց արդեն ուրիշ բան։ Ուրեմն՝ Հայաստանի ընտրությունը հետևյալն է. կա՛մ ստորագրում է հենց հիմա և հենց այն, ինչ պահանջվում է, կա՛մ ընդունում է քաղաքական խոսակցության ստացված առաջարկը ու իրապես անում ամեն ինչ դաշնակիցներ ձեռք բերելու համար։ Կրկնեմ նորից՝ կա՛մ ստորագրել հիմա ու այն, ինչ պահանջվում է, կա՛մ՝ հենց հիմա անել ամեն ինչ դաշնակիցներ ձեռք բերելու համար։ Բոլոր մնացյալ սցենարները միայն բարդացնելու են իրավիճակները: Սպասելը միայն մեծացնելու է մեր կորուստները։ Ամենավատ բանը, որ կարող են անել ՀՀ իշխանությունները (եթե կուզեք՝ կարող եք դա անվանել անգամ դավաճանություն), ոչինչ չանելը կամ որոշումից խուսափելն է։
Իսկ քաղաքական երկխոսության շարունակությունը գին ունի: Նահանգների տված մեսիջներից ակնհայտ է, որ դա ՀԱՊԿ-ից դուրս գալն է։ ՀԱՊԿ-ից դուրս գալը մեր խնդիրներից ոչ մեկը չի լուծելու, ավելին՝ այն ստեղծելու է ահռելի քանակությամբ նոր խնդիրներ (տնտեսական, էներգետիկ, ենթակառուցվածքային, քաղաքական, գուցե անգամ՝ ռազմական), բայց, որ անհամեմատ ավելի կարևոր է, այն հնարավոր ու իմաստալից է դարձնելու խոսակցության հետագա ընթացքը Նահանգների հետ և նվազ ու շատ թույլ հույս է պահպանելու դուրս գալու այն ճգնաժամից, որում Հայաստանը հայտնվել է։ Ճգնաժամից ելքը չի լինելու հրաշքով կամ մեկ կախարդական քայլով, իհարկե՝ ոչ, մեզ շատ դժվար ճանապարհ է սպասելու, եթե կուզեք՝ անկախության պատերազմ, միևնույն ժամանակ՝ մենք ստիպված ենք լինելու թեկուզ և զիջումների գնով կարգավորելու մեր հարաբերությունները մեր հարևանների հետ, բայց, նորից կրկնեմ, հույս է առաջանալու այս ամենից դուրս գալ՝ պահպանելով ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Եվ, ուրեմն, երրորդ անգամ կրկնեմ՝ առավել կոնկրետացնելով. Կա՛մ՝ Հայաստանն այսօր ստորագրում է այն, ինչ պահանջվում է, կա՛մ՝ Հայաստանն այսօր սկսում է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց։ Մնացած բոլոր տարբերակներն ինքնավնասում են ու դավաճանություն, սեփական վախերի, անկոմպետենտության ու անկարողության հետևում թաքնվելու փորձ: Եկել է որոշումներ կայացնելու պահը. եթե դրանք չեն կայացվում, ուրեմն՝ դրանք կկայացվեն մեր փոխարեն, ու դրա միակ մեղավորը կլինի երկրի քաղաքական ղեկավարությունը, անվանապես՝ վարչապետը։
Արեգ ՔՈՉԻՆՅԱՆ
Քաղաքագետ
Երևան