Նորերս Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում՝ ռուսաստանյան առաջնորդի ներկայությամբ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ելույթն ու հայտարարությունները ռուսաստանյան լրատվամիջոցներում ընկալվեցին որպես սենսացիոն։ Քանի որ դեռ բոլորովին վերջերս անկարգությունների վերածված զանգվածային ցույցերն առիթ էին դարձել, ինչպես խորհրդային շրջանում էին ասում՝ «ինտերնացիոնալ օգնության» համար՝ ՀԱՊԿ հովանու ներքո, կազմակերպություն, որում նախագահում է Հայաստանը։
Բայց փետրվարի 24-ից ու դրան հաջորդածից հետո այդ դեպքերն արդեն կարծես «անցյալ կյանքից» լինեն։ Դրանք նաև որոշակի իմաստով միավորել են Հայաստանն ու Ղազախստանը. երկու երկրներն էլ, որոնք Ռուսաստանի «դաշնակիցներ» են համարվում, իսկ Մոսկվայի տեսանկյունից՝ երկրներ, որոնք «պարտավոր» են իրեն, համանման որոշում ընդունեցին՝ չաջակցել Ռուսաստանին ինքնիշխան Ուկրաինայի դեմ նախահարձակ պատերազմում։ Ավելի քան չորս ամիսներից հետո տեսանելի են ապագա իրողությունների ուրվագծերը։ ՌԴ-ի դեմ աննախադեպ պատժամիջոցներն ու երկրի շուրջ գրեթե համատարած դիվանագիտական բոյկոտը չեն կարող չազդել հետխորհրդային երկրների քաղաքականության «աշխարհագրության» վրա, երկրներ, որոնք «կոշտ կցասայլով» մղվել են նեոկայսերական շահերի ուղեծիր, և այդ առումով «դաշնակից» Հայաստանն ու Ղազախստանն արել են իրենց ընտրությունը։
Ղազախստանը հայացքն ուղղել է դեպի Արևելք ու Հարավ՝ Չինաստան, Իրան, Հնդկաստան և, բնականաբար, դեպի Արևմուտք, իսկ Հայաստանն, իր հերթին, որոշել է դիվերսիֆիկացնել ածխաջրածինների ներմուծման աղբյուրները, և Ղազախստանին կարևոր դեր է հատկացված դրանում՝ աշնանը ղազախական նավթամթերքները կհայտնվեն հայաստանյան շուկայում։ Կրճատվող և երկրորդային պատժամիջոցների սպառնալիքի տակ «տոքսիկ» դարձող ռուսաստանյան շուկան վանող է դարձել, և դա արդեն մի իրողություն է, որը նոր մոտեցումներ է թելադրում ինչպես տնտեսությունում, այնպես էլ քաղաքականությունում, և այստեղ շատ բան կարող է միավորել Հայստանն ու Ղազախստանը։
Ի՞նչ է իրականում կատարվում Ղազախստանում։ Այս մասին՝ մեր նոր թողարկման նյութերում. փորձագիտական հայացք և՛ Հայաստանից, և՛ Ղազախստանից, նաև՝ նույն թեմայով կարևոր հրապարակումներ հայկական և միջազգային լրատվամիջոցներում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն