Ղազախստանի արդի զարգացումը կապված է «տրանզիտի ժամանակաշրջանի» ավարտական փուլի հետ։ Այստեղ խոսքը միայն Նազարբաևից Տոկաևին իշխանությունը փոխանցելու մասին չէ․․․ Այս տրանզիտի իմաստն այլ հետխորհրդային երկրների պես արտացոլում է սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային համակարգերի, անվտանգության ձևաչափերի, Մեծ Եվրասիայի տարածքում իրենց պետական անկախությունը վերագտած ժողովուրդների ինքնության վեկտորների որոշման գործընթացը։ Այս գործընթացն ամերիկացի փորձագետ Մարլեն Լյարուելը բնորոշել է որպես «հետհետխորհրդային»։
Ղազախստանի երկրորդ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից սկսած բախվել է մի շարք լուրջ «մարտահրավերների»՝ թե՛ անձնական, և թե՛ համակարգային֊գործառութային մակարդակների վրա։ Մասնավորապես, «հովանավորչական ժառանգականության» մեխանիզմը, որն առաջարկել է երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որի համաձայն նա, հեռանալով պետության ղեկավարի պաշտոնից, իր ձեռքում էր պահպանում պետական կառավարման բոլոր թելերը, մասնավորապես՝ Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, որի համար սահմանադրորեն ամրագրված է իշխանության բոլոր այլ ճյուղերի վրա վերահսկողությունը։ Կուսակցական-քաղաքական մրցակցության փաստացի բացակայության պայմաններում Նուրսուլթան Նազարբաևը մնում էր իշխող կուսակցության նախագահ և Ազգային բարօրության հիմնադրամի ղեկավար մարմնի նախագահ։ Ընդ որում, այս հիմնադրամում կենտրոնանում էին օգտակար հանածոների արդյունահանումից և վաճառքից գոյացող բոլոր միջոցները։ Նազարբաևը նաև երկրի բոլոր էթնիկ խմբերը ներկայացուցչաբար ներառող Ղազախստանի ժողովրդի Ասամբլեայի նախագահն ու պատվո սենատոր էր, ինչպես նաև երկրի Սահմանադրությունը մեկնաբանելու և բարեփոխելու օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող Սահմանադրական խորհրդի անդամ և այլն։
Այսինքն, 2019 թ․ մարտի 19-ին, երբ Նազարբաևը ստորագրել է Ղազախստանի նախագահի պաշտոնից հեռանալու հայտարարությունը, ըստ Սահմանադրության մինչև ընտրությունները նախագահի պարտականությունները կատարող Տոկաևն ուներ շատ սահմանափակ իրավասություններ։ Այնուհետև՝ հաստատված ժամկետում, բայց լուրջ վարչական ճնշման ներքո կայացած նախագահական ընտրությունները թույլ են տվել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին պաշտոնապես դառնալ երկրի երկրորդ նախագահը, սակայն և՛ ներքին, և՛ արտաքին հանրությունների լուրջ քննադատության են արժանացել․ միջազգային դիտորդներն ընտրությունները բնութագրել են հանրապետության օրենքների տառին և ոգուն ոչ լիովին համապատասխան։ Ընդ որում, երկրում քաղաքական ուժերի և ազդեցության դասավորությունը չի փոփոխվել։ Նուրսուլթան Նազարբաևն առաջվա պես գերիշխում էր պետությունը կառավարելու գործընթացներում։ Տոկաևը վերահսկում էր միայն երկրի օպերատիվ կառավարման թելերը։ Բացի դրանից, որպես երկրի պաշտոնական ղեկավար նա բախվել է աննախադեպ մարտահրավերների, որոնցից են, օրինակ, Արիսում ռազմական պահեստներում տեղի ունեցած պայթյունները, Ղազախստանի հարավում մոլեգնած ջրհեղեղը, թագաժահրի համավարակը, Ղազախստանի հիմնական արտաքին առևտրատնտեսական գործընկերների նկատմամբ առևտրային պատժամիջոցների ռեժիմը։
Սակայն, անգամ այս պայմաններում նորընտիր նախագահը դրսևորել է լավ ղեկավարի, կազմակերպչի և ճգնաժամային կառավարչի հմտություններ։ Տոկաևը, հռչակելով «լսող պետության» հայեցակարգը, կարգավորել է իշխանության և հասարակության միջև ուղղահայաց քաղաքական հաղորդակցության գործընթացները՝ հետևողականորեն արդիականացնելով պետության սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգը։ Շատ դիտորդներ Ղազախստանում գործած իշխանության տվյալ մոդելը բնութագրել են որպես «դուումվիրատ», որում «սև գործը» Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կարգավիճակում կատարում էր Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Միաժամանակ, երկրի նախկին ղեկավարը, որն այն պահին օժտված էր Ազգի Առաջնորդի կարգավիճակով, վերահսկում էր իշխանության բոլոր ճյուղերի գործունեությունը, ինչպես նաև կատարում այլևայլ պատվավոր պարտականություններ մի շարք արտաքին միջազգային կազմակերպություններում, օրինակ՝ ԵԱՏՄ պատվավոր նախագահություն, Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (այժմ՝ Թյուրք պետությունների միության) նախագահ, Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի նախագահ։ Այսուհանդերձ, տեղի էր ունենում նախկին նախագահ Նազարբաևից մի շարք իրավասությունների փուլային փոխանցումը Տոկաևին։ Մասնավորապես, Ղազախստանի ժողովրդի Ասամբլեայի նախագահի պարտականությունների փոխանցումը երկրի նոր գործող ղեկավարին։ Այսպիսին էր երկրում մինչև 2021 թ․ դեկտեմբերը տիրած քաղաքական իրադրությունը՝ Ղազախստանի Հանրապետության անկախության 30-ամյակի տոնախմբությանն ընդառաջ։
2022 թ․ «հունվարյան իրադարձությունները» Ղազախստանում կտրուկ փոխել են իշխանության դասավորությունը և մեր երկրի քաղաքական նախագծման վեկտորը։ Հանրապետության ողջ տարածքով անցած հասարակական դժգոհությունների ալիքը սկզբնական փուլում ուներ սոցիալ-տնտեսական բնույթ, որն արագորեն վերաճել է Նազարբաևի իշխանությունից իրական և լիակատար հեռանալու պահանջին։ Այս իրավիճակում և ոչ առանց նախկին նախագահի կլանի ներկայացուցիչների և կողմնակիցների մասնակցության (այժմ նրանց մասնակցության աստիճանն ուսումնասիրվում է հատուկ քննչական խմբի կողմից) փորձ է արվել նախագահ Տոկաևի ձեռքից փաստացի խլել իշխանությունը։ Սակայն, վերջինիս վճռական գործողությունները «դավադիրների»՝ Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովի և այլոց չեզոքացման ուղղությամբ՝ ՀԱՊԿ ուժերի վրա խորհրդանշաբար հենվելու միջոցով՝ պետության ղեկավարի որոշումների ուժային մարմինների մի շարք ղեկավարների փաստացի սաբոտաժի պայմաններում Կասիմ-Ժոմարտ Տոկաևին թույլ են տվել բավականին կոշտ միջոցների գործադրմամբ վերականգնել սահմանադրական կարգը՝ այսպես կոչված «20 հազար դրսից ներթափանցած ահաբեկիչների» և ներքին ապակառուցողական ուժերի դեմ պայքարելու պատրվակի ներքո։ Արդյունքում՝ քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհեր են եղել, իսկ մարդկանց հանրային գիտակցությանը բարոյական լուրջ հարված է հասցվել։ Այդ օրերը կոչվեցին «Қаңтар қасыреті»՝ հունվարյան ողբերգություն։
Տոկաևը երկրում իրավիճակը խաղաղեցնելու նպատակով իր վրա է վերցրել պետական իշխանության ամբողջականությունը՝ ստանձնելով նաև Անվտանգության խորհրդի ղեկավարությունը։ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է իր «թոշակառուի կարգավիճակում» գտնվելու մասին և ինքնամեկուսացել է տեղի ունեցածի համար պատասխանատվությունից՝ աջակցություն հայտնելով երկրի գործող նախագահին։ Այս փաստն արձանագրել է երկրում «դուումվիրատի» ավարտը։ Նախագահ Տոկաևը հայտարարել է Ղազախստանում լայն քաղաքական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Ժողովրդին հասցեագրված իր մի շարք ուղերձներում Տոկաևն ուրվագծել է քաղաքական արդիականացման իր վճռած ուրվագծերը, որոնց գլխավոր ուղղությունը Նազարբաևի ժամանակաշրջանի «գերնախագահական իշխանությունից» դեպի ավելի հավասարակշռված՝ «ուժեղ նախագահ – ազդեցիկ խորհրդարան – պատասխանատու կառավարություն» մոդելին անցնելն է, որը հնարավորություն կստեղծի որոշումների ընդունման գործընթացներում բնակչությունն ավելի լայնորեն ներառելու համար՝ կուսակցական-քաղաքական դաշտի ազատականացման և ընտրական օրենսդրությունում համապատասխան փոփոխություններ մտցնելու միջոցով։ Երկրի Գլխավոր օրենքի հոդվածների մեկ երրորդի համար սահմանադրական բարեփոխումներ են առաջարկվել, որոնք վերացրել են նախկին նախագահի երբեմնի գերիշխանությունը և նախատեսում են բնակչության լայն շերտերի շահերի ներկայացվածության արդիականացումը պետության կառավարման ոլորտում։ «Գերնախագահական իրավասությունները» վերաբաշխվել են իշխանության բոլոր ճյուղերի միջև, ապահովվել են կուսակցական-քաղաքական դաշտում իրական քաղաքական մրցակցության պայմաններ, առաջարկվել են նախագահական իրավասությունների էական սահմանափակումներ։ Երկրի Սահմանադրության մեջ այս փոփոխություններն ընդունվել են սույն թվականի հունիսի 5-ին կայացած Համազգային հանրաքվեի միջոցով։ Ներկայումս տեղի է ունենում նորացված Սահմանադրության պահանջներին մի շարք օրենքների վերահամապատասխանեցման գործընթացը։
Քաղաքական լիարժեք իմաստով Կասիմ-Ժոմարտ Կեմելի Տոկաևը միայն այս տարվա սկզբից է անցել պետության ղեկավարի լիիրավ պարտականությունների կատարմանը, թեև նոր ընտրություններին մնացել է շուրջ երկու տարի։ Երկրի ղեկավարի հաջորդ ընտրությունները պետք է կայանան 2024 թ․։ Ներկա պահին գործող նախագահը կուտակում է անհրաժեշտ ուժն ու քաղաքական կշիռը՝ հստակ և կուռ կերպով ներկայացնելով թե՛ երկրի ներսում, և թե՛ երկրից դուրս տիրող իրավիճակի վերաբերյալ սեփական պատկերացումները։ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում, այլ միջազգային հարթակներում և արտերկիր կատարած այցերի ժամանակ նա հաստատել է միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ կանոնադրությանը հետևելու ամուր հանձնառություն (Տոկաևն ունի ՄԱԿ Գլխավոր Քարտուղարի տեղակալ աշխատելու փորձառություն), մասնավորապես՝ ՄԱԿ անդամ-պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը չխախտելու, ուստի և Ղազախստանի կողմից «Դոնեցկում և Լուգանսկում կեղծ-պետական կազմավորումների», ինչպես նաև Թայվանի, Աբխազիայի և Հարավայի Օսիայի ճանաչման անհնարինությունը, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում նրա ծավալած գործողությունների հետևանքով սահմանված պատժամիջոցային ռեժիմի անվերապահ պահպանման հաստատակամությունը։ Այս ամենը բացասական արձագանք է հարուցել մերձկրեմլյան գաղափարաբանների և Պուտինի վարչակազմին հավատարիմ տարբեր տեսակ քարոզիչների ու փորձագետների շրջանում։
Տոկաևը հանդես է գալիս տնտեսության ներառականության և բաց լինելու օգտին և իրականացնում է տնտեսության և Ղազախստանի նավթագազային և այլ պաշարների դեպի համաշխարհային շուկա ուղղելու տրանսպորտային-կազմակերպչական երթուղիների տարբերակման քաղաքականություն։ Ղազախստանի նավթագազային պաշարները երկրի եկամտի հիմնական աղբյուրն են, թեև երկրի նոր ղեկավարի քաղաքականությունը ենթադրում է տնտեսության վերակազմավորում և պաշարային կախվածությունից ձերբազատում։ Որպես մասնագետ չինաբան՝ նա ուշադրությամբ է ուսումնասիրում տնտեսական հաջողության և քաղաքական նախագծման չինական մոդելը։ Նրա արտաքին քաղաքականության գլխավոր առանձնահատկությունը միջազգային իրավունքի հիման վրա արտաքին ազդեցության հավասարակշռվածության և բազմավեկտորության պահպանումն է։ Արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են Կենտրոնական Ասիայի հարևանների հետ կապերի ամրապնդումը, Մեծ տերությունների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի հետ համակողմանի ռազմավարական գործընկերության բնույթ կրող ավանդական, ներդաշնակ և փոխշահավետ բարեկամական հարաբերությունների խորացումը։ Հատուկ նշանակություն ունի ԵՄ-ի և Թուրքիայի հետ ընդլայնված ռազմավարական գործընկերությունը, վերջինիս հետ՝ Թյուրք պետությունների միության շրջանակներում։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ունի բնակչության համընդգրկուն աջակցությունը և հասարակության լայն շերտերի շահերին համապատասխան հետևողականորեն իրականացնում է քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման հավասարակշռված և արդյունավետ քաղաքականություն։ Հռչակված է սոցիալական արդարության և պատասխանատու պետության սկզբունքների վրա հիմնված «Նոր Ղազախստան» կերտելու նպատակ։
Այդար ԱՄՐԵԲԱԵՎ
Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն
Ղազախստան