Փետրվարի 24-ից հետո ազատ աշխարհն ու նրա առաջնորդ ԱՄՆ-ն, ռուսաստանյան ագրեսիան զսպելու և դրան դիմակայելու նպատակով, եկան կոնսենսուսային որոշման՝ Մոսկվայի դեմ պատմականորեն աննախադեպ ու համալիր պատժամիջոցներ սահմանել։ Կատարվածի և դեպքերի հետագա զարգացման տրամաբանության մեջ Վաշինգտոնի, Բրյուսելի և Արևմուտքի (ինչպես նաև ոչ արևմտյան երկրների՝ Կորեայի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և այլն) այլ դաշնակիցների՝ «Ռամշթայնի կոալիցիայի» պատժամիջոցային քաղաքականությունը ռազմաքաղաքական միջոց է՝ ուղղված Պուտինի վարչակարգի հնարավորինս արագ հյուծմանը։
Այստեղից հետևում է, որ պատժամիջոցների ռեժիմը շրջանցելու՝ առանձին երկրների փորձեր կարող են լինել և, ամենայն հավանականությամբ, դրանք կընկալվեն որպես հակադիր նպատակին ուղղված քայլեր՝ ագրեսիայի ուղիղ կամ անուղղակի աջակցություն, պատերազմի դադարեցմանը ուղիղ կամ անուղղակի խոչընդոտում։
Սրանք կարևոր եզրահանգումներ են հայ հանրության համար, քանի որ ս.թ. հունիսի վերջին ԱՄՆ ֆինանսների նախարարության Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոն (BIS) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ֆինանսական հաստատություններին հասցեագրված նախազգուշացմամբ՝ ավելի մեծ զգոնություն դրսևորել Ռուսաստանից և Բելառուսից առանձին ապրանքների արտահանման նկատմամբ, հատկապես այն դեպքերում, երբ այդ ոլորտում նկատվում են համապատասխան վերահսկողությունից խուսափելու փորձեր։ Ներկայացվել է նաև «ռիսկի ցուցակ», որում ԱՄՆ-ի այնպիսի կարևոր դաշնակիցների հետ միասին, ինչպիսին են Իսրայելը, Թայվանը, ԱՄԷ-ն, հարևան Մեքսիկան, ներառվել են նաև Հայաստանը, Վրաստանը և Թուրքիան։
Սակայն մեր իրավիճակը տարբերվում է նրանով, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ում, ինչը ենթադրում է ազատ առևտրի ռեժիմ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի հետ։ Իսկ սա էլ լրացուցիչ ջանքեր է պահանջում, որպեսզի մեր երկրի նկատմամբ նույնպես պատժամիջոցներ չկիրառվեն, որոնց մենք իրավամբ արժանի չենք։ Այս մասին կարող եք կարդալ մեր նոր թողարկման նյութերում՝ տնտեսական հարցերով զբաղվող հայ փորձագետների հեղինակային հոդվածներում և հայկական ու տարածաշրջանային մամուլից արտատպություններում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն