Ղազախական հայացք՝ ռուսական հատուկ գործողությանը
ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ երկու խոշորագույն երկրների՝ Ռուսաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները ոչ միայն առաջվա նման հեռու են լավ լինելուց, այլև, ըստ երևույթին, սրվել են։ Դա տեղի ունեցավ հունիսի 17-ին՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի բաց բանավեճի վարող Մարգարիտա Սիմոնյանի «թեթև ձեռքով»։ Վերջինս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին խնդրեց ներկայացնել «Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության» վերաբերյալ իր տեսակետը։ Նախագահն էլ դա արեց հույժ դիվանագիտորեն, սակայն, ընդսմին, բավականին ուղիղ հայտարարելով, թե ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իրացնելու դեպքում ողջ աշխարհում ՄԱԿ-ի անդամ 193-ի փոխարեն կլիներ 500 կամ 600 պետություն։ «Իհարկե, դա քաոս կլինի։ Այդ պատճառով մենք չենք ճանաչում ո՛չ Թայվանը, ո՛չ Կոսովոն, ո՛չ Հարավային Օսիան, ո՛չ Աբխազիան։ Եվ, ամենայն հավանականությամբ, այս սկզբունքը կկիրառվի նաև այնպիսի կեղծ-պետական տարածքների վրա, ինչպիսին են, մեր կարծիքով, Լուգանսկը և Դոնեցկը»,- հայտարարեց Տոկաևը։
Տոկաևը չսահմանափակվեց Լուգանսկը և Դոնեցկը ճանաչելուց հրաժարվելով, նա նաև «որոշակի դժգոհություն» արտահայտեց «Ղազախստանի հասցեին ռուսական մի քանի պատգամավորների, լրագրողների և մշակույթի գործիչների բացարձակապես ոչ բարեկիրթ որոշ արտահայտությունների վերաբերյալ»։ Դրանից հետո նորից վերադարձավ դիվանագիտական հուն՝ երախտագիտություն հայտնելով Վլադիմիր Պուտինին, որը «սպառիչ շարադրել է Կրեմլի դիրքորոշումը Ղազախստանի և այլ պետությունների նկատմամբ»։ Դա, ըստ Տոկաևի, հաստատում է «բացակայությունն այնպիսի հարցերի, որոնք այս կամ այն կերպ կարելի է փքել՝ երկու ժողովուրդների միջև թշնամություն սերմանելու համար, դրանով իսկ վնաս հասցնելով հենց Ռուսաստանին»։ Դրանից հետո՝ հունիսի 19-ին, Դոհայում պատասխանելով «ընթացիկ իրադարձությունները նկատի ունենալով Ռուսաստանի նախագահի հետ իր վերաբերմունքի» մասին հարցին, նա «հուսալի դաշնակից Պուտինի» հետ հարաբերությունները գնահատեց իբրև մերձավոր։ Ղազախստանի նախագահը նաև հայտարարեց, որ իրենց դեմ առ դեմ զրույցի ժամանակ Պուտինը ոչ մի կերպ չի արձագանքել Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները չճանաչելու Ղազախստանի մտադրության մասին իր արտահայտություններին։
«Սև ապերախտության» հետևանքները
Սակայն, այսպես թե այնպես, վնաս հասցվեց։ Ինչի մասին վկայում են առնվազն ռուսական ԶԼՄ-ների՝ հակաղազախական վերնագրերով աչքի ընկնող էջերն ու եթերները։ Մոդեստ Կոլերովի կարգի կրեմլամերձ զանազան փորձագետներ անմիջապես մեղադրեցին Տոկաևին անձամբ Պուտինի հանդեպ «սև ապերախտության» և, ուշադրություն՝ «Ղազախստանը Ռուսաստանից կտրելու» մեջ։ Ղազախստանի նախագահին հիշեցրին նաև «Ռոսիա 24» ալիքի եթերում արած հայտարարությունը։ Հիշեցնենք՝ նա հայտարարել էր, թե Ղազախստանը ոչ մի բանով պարտք չէ ՌԴ-ին՝ սահմանադրական կարգը վերականգնելու հունվարյան հատուկ գործողության համար։ Պատկերն ամբողջացավ, երբ Տոկաևը հրաժարվեց Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրվելու՝ Պուտինի առաջարկից։
Հասկանալի է, որ Մոսկվայում սա արդեն հանդուրժել չկարողացան՝ հետևեցին արդեն միանգամայն կոնկրետ քայլեր. Ռուսաստանը Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի՝ Նովոռոսիյսկ նավահանգստով Եվրոպա արտահանվող նավթի բեռնման սահմանափակումներ մտցրեց։ Խոսքը ղազախական նավթի մասին է, որն անվանափոխել են, որպեսզի ռուսական նավահանգիստներից արտահանելիս այն չշփոթեն պատժամիջոցների տակ հայտնված ռուսական նավթի հետ։ Արտահանումը կասեցնելու պատրվակ բերվեց, ուշադրություն, Նովոռոսիյսկի նավահանգստում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա՝ պոտենցիալ վտանգ պարունակող 50 ռազմամթերքի հայտնաբերումը։ Ռուս սակրավորները պարտավորվել են դրանք վնասազերծել մինչև ամսվա վերջ։ Ղազախստանում, ի պատասխան, շտապեցին հայտարարել, թե Նովոռոսիյսկում բարձման կասեցումը նավթի արտահանման ընդհանուր ծավալի վրա չի ազդի։ Ինչը, ի դեպ, բոլորովին չխանգարեց Ղազախստանի ղեկավարությանը, ըստ էության, միանալու միջազգային հակառուսական պատժամիջոցներին և արգելափակելու երկրի տարածքում ածուխով բեռնված 1700 վագոնների շարժը։ Ռուսական ԶԼՄ-ները և «Կոլերով» կարգի փորձագետները սա գնահատեցին իբրև տոկաևյան «հարված թիկունքից»։
Նոր աշխարհաքաղաքական հնարավորություններն ու հեռանկարները
Այսպես թե այնպես, Մոսկվայի և Նուր-Սուլթանի (կամ Աստանայի, ում ոնց հարմար է) միջև այս փոխադարձ խայթոցները առնչվում են նաև Հայաստանի շահերին։ Ռուսաստանի և Ղազախստանի պես Հայաստանն էլ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է։ Եվ նրանց միջև հարաբերությունների ցանկացած սրացում չի կարող թեկուզ և անուղղակի չշոշափել մեր շահերը։ Ենթադրվում է, որ իրականում Տոկաևի նման ինքնագլխության և կամակորության պատճառները Ռուսաստանի տնտեսական և հետևաբար աշխարհաքաղաքական թուլացումն ու զուգահեռաբար Ղազախստանի նկատելի ուժեղացումն են։ Ընդ որում, հաշվի առնելով, որ պարբերաբար խորացող միջազգային մեկուսացման պայմաններում ՌԴ-ի համար կարևոր է դեպի արտաքին աշխարհ ցանկացած օդանցք, ինչպիսին է հենց ԵԱՏՄ անդամ Ղազախստանը, հիշատակված պատճառներից երկրորդը պայմանավորված է առաջինով։ Ղազախստանը, ինչպես ցանկացած այլ երկիր, սեփական աշխարհաքաղաքական կապիտալիզացիայի համար օգտագործում է ամեն հնարավորություն։ Եվ հենց Մոսկվայի ընթացիկ՝ Ուկրաինայով պայմանավորված որոշակի թուլացումը դրա համար միանգամայն նոր հնարավորություններ է բացում։ Նվազագույնը՝ բոլոր ինտեգրացիոն նախագծերում ՌԴ-ի ավանդական հեգեմոնիան հավասարակշռելու հարցում։ Կարևոր է ընդգծել նաև, որ դրա համար Ղազախստանին կարող է պետք գալ նույն ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի մյուս անդամների օգնությունը։
Զուգահեռաբար աճում է նաև Ղազախստանի սեփական դերը՝ որպես խոշորագույն միջինասիական երկիր. Եվրոպայի աչքերում՝ պայմանավորված էներգետիկ հնարավորություններով։ Չինաստանի, արաբական միապետությունների և անգամ Իրանի աչքերում՝ պայմանավորված երկրի տրանզիտային ներուժով։ Եվ բառացիորեն ամենուրեք ձգանի դեր է կատարում իրավիճակն Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ։ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելուց հետո, հենց հաջորդ օրը Տոկաևը մեկնեց Դոհա, որտեղ մասնակցեց «Գլոբալ տնտեսության վերականգնման տեմպերի հավասարակշռման» թեմայով Քաթարի երկրորդ տնտեսական համաժողովի բացմանը։ Ապա մեկնեց Իրան, որտեղ հունիսի 19-ին բանակցություններ վարեց նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ և հանդիպեց Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին։ Բանակցությունների ընթացքում երկու կողմերի հատուկ ուշադրությանն արժանացավ առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը՝ տրանսպորտի և լոգիստիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության բնագավառներում։ Տոկաևն էլ ուշադրություն հրավիրեց տրանսպորտա-լոգիստիկ ոլորտում մեծ հնարավորություների, մասնավորապես, Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթգծի վրա։
Հայկական հետեւություններ
Այս ամենից ի՞նչ հետևություններ պիտի անի Հայաստանը, մեր կարծիքով.
Հետևություն №1 – Մոսկվան աստիճանաբար կորցնում է ազդեցությունը հետխորհրդային տարածքում, այն դեպքում, երբ նրա կախվածությունը ԱՊՀ երկրներից աճում է։ Եվ եթե արդեն դրանից օգտվում է Ղազախստանը, ապա ինչն է խանգարում դրանից օգտվել նաև Հայաստանին, բնականաբար՝ ավելի փոքր՝ հարավկովկասյան մասշտաբներով։
Եզրակացություն №2 – Հայաստանը, որպես Իրանի հարևան ԵԱՏՄ-ի անդամ միակ երկիր, իր հերթին պետք է հնարավորությունների սահմանում ակտիվացնի ԻԻՀ-ի հետ առևտրատնտեսական համագործակցությունը։ Այդ թվում՝ հաղորդակցության ուղիների ոլորտում, հետագայում իրանա-ղազախական համատեղ նախագծերին միանալու հեռանկարով։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, վերջապես, ավարտել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարությունը և մտածել Հայաստանն ու Ադրբեջանը կապող, առայժմ աշխարհաքաղաքական նախագիծ համարվող երկաթուղին սեփական տնտեսական շահերին հարմարեցնելու մասին։ Այն, ի դեպ, անցնելու է Իրանի սահմանով՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երթուղով։ Ի վերջո, Հայաստանին ոչինչ չի խանգարում սեփական շահերի համար գործարկել տարածաշրջանային հաղորդակցական ուղիների վերականգնման ռուսական պլանը։
Եզրակացություն №3 – Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը, ո՛չ Ղազախստանը, ո՛չ էլ որևէ այլ երկիր Հայաստանը տարածաշրջանային նախագծերում ընդգրկելու համար գլուխ չի դնելու։ Դա պետք է անի Հայաստանի ղեկավարությունը՝ նվազագույնը փորձելով գոնե մասնակիորեն իր օգտին դարձնելու Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի 44-օրյա համատեղ ավանտյուրայի հետևանքները, սրա համար օգտագործելով Ուկրաինայի շուրջ իրավիճակը, իսկ այժմ՝ նաև ռուս-ղազախական հակասությունները։
Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան