Վերջերս (ս.թ. հունիսի 28-ին) Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոն (BIS) համատեղ հրապարակել են ֆինանսական հաստատություններին ուղղված ահազանգ[1] առ այն, որ հարկ է առավել զգոն վարքագիծ դրսևորել Ռուսաստանի Դաշնություն և Բելառուսի Հանրապետություն որոշ ապրանքների արտահանման նկատմամբ, մասնավորապես՝ այն դեպքերում, երբ նկատելի են այդ տիրույթում արտահանման վերահսկողությունից խուսափելու հնարավոր փորձեր: Նշենք, որ այս միջոցառումները շարունակությունն են դեռևս 2022 թվականի փետրվարի 24-ից դեպի Ռուսաստան և Բելառուս կասկածելի արտահանման բացահայտման նպատակով BIS-ի կողմից իրականացված արտահանման վերահսկողության մի շարք խիստ միջոցառումների[2]՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ռուս-ուկրաինական պատերազմը հարկ է օր առաջ կասեցնել նաև նմանատիպ գործիքների կիրառման շնորհիվ: Ավելին, նշյալ ահազանգում ընդգրկված գործողությունները միաժամանակ լրացնում են դեռևս 2014 թվականին Ղրիմի օկուպացման հետ կապված Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Ահազանգը գերազանցապես վերաբերում է այնպիսի միջոցառումների, որոնք կարող են սահմանափակել նորագույն տեխնոլոգիաների և նմանատիպ առարկաների հասանելիությունը Ռուսաստանի Դաշնություն: Ընդ որում թիրախն այնպիսի տեխնոլոգիաների նկատմամբ է, որոնք կարող են կիրառվել Ռուսաստանի պաշտպանության, օդատիեզերական, նավթավերամշակման, արդյունաբերական, առևտրային, ծովային և այլ ոլորտներում՝ ներդրումներ կատարելու նպատակով: Ահազանգն իր մեջ ներառում է նաև առևտրի այնպիսի ոլորտներ, որոնք կարող են բավարարել ռուսական էլիտաների պահանջարկը շքեղ ապրանքների նկատմամբ: Փաստորեն, համատեղ ահազանգը ֆինանսական հաստատություններին տրամադրում է մտահոգիչ ապրանքների ցանկ և ընձեռում է հնարավորություն՝ ընտրել գործարքային և «Կարմիր դրոշներ»՝ բացահայտելու և կանխելու արտահանման վերահսկողությունից դուրս իրականացվող կասկածելի գործարքները:
Նման վերահսկողություն սահմանվում է նաև Բելառուսի նկատմամբ, քանի որ վերջինս իր բացահայտ աջակցությունն է ցուցաբերում Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման գործողություններին[3]:
Արձանագրենք, որ ԱՄՆ-ի կողմից իրականացված այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ ահազանգվում է, որ միջազգային հանրության մի ստվար հատված իրենց գործողություններում միասնական են և համառ՝ միտված ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի ռազմական հնարավորությունները նվազեցնելուն, տնտեսական ճնշում գործադրելուն և անարդար պատերազմին վերջ տալուն:
Այս խորապատկերին միանգամայն օրինաչափ է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակվում[4] են և դրանք դրսևորվում են նորանոր երանգներով:
Արդ, ներկայացնենք ֆինանսական հաստատություններին ուղղված վերոնշյալ ահազանգի որոշ դրույթներ: Փաստաթղթում սահմանվել են արտահանման վերահսկողության խստացմանն ուղղված գործարքային և վարքագծային «Կարմիր դրոշներ», որոնց շրջանակը բավականաչափ լայն է՝ 22 «Կարմիր դրոշներ»[5]:
Կարճառոտ ներկայացնենք դրանցից առավել կարևորները, որոնք կարող են Հայաստանի ֆինանսական շուկայի հետագա զարգացումների համար լուրջ վտանգներ առաջացնել.
Այսպես, վարքագծային «Կարմիր դրոշներ» են այն դեպքերը, երբ.
- Ծովային արդյունաբերության գործակալը տեղափոխում է ապրանքներ և օգտագործում հայտնի առևտրային միջանցքներ, որոնք Ռուսաստան և Բելառուս բեռնափոխադրման հնարավոր կետեր են,
- Ռազմական ոլորտի կամ կառավարության հետ կապված բիզնես գործունեություն, որը լրացուցիչ ռիսկեր է պարունակում արտահանման վերահսկողությունից խուսափելու պարագայում,
- Նավեր են ձեռքբերվում՝ առանց ակնհայտ տնտեսական և գործարար նպատակների, կամ էլ դրանք օգտագործվում են բեռնափոխադրման գործող միջանցքում՝ փոխադրող մեկ կամ երկու երկրների մասնակցությամբ
- Արտաքին առևտրային գործարքներ, որոնցում ներգրավված են համացանցում չգրանցված կամ ոչ ակտիվ վարքագիծ դրսևորող կազմակերպություններ,
- Գործարքներ, որոնք ներառում են բեռնափոխադրումների կամ վճարումների այնպիսի փոփոխություն, որը նախկինում նախատեսված էր դեպի Ռուսաստան կամ Բելառուս, կամ՝ Ռուսաստանում կամ Բելառուսում գտնվող ընկերություններ, որոնք այժմ պատրաստվում են ուղղորդվել տարբեր երկրներ,
- Գործարքներ, որոնք ներառում են վճարումներ՝ երրորդ երկրներում տեղակայված կազմակերպություններից, որոնք էլ հայտնի են որպես պոտենցիալ փոխադրման կետեր դեպի Ռուսաստան և Բելառուս։
- Գործարքներ՝ կապված շքեղ ապրանքների փոխադրման հետ, որոնք նախկինում նախատեսված են եղել Ռուսաստանի կամ Բելառուսի համար, բայց այժմ նախատեսված են փոխադրման այլ երկիր,
- Շքեղության ապրանքների հետ կապված գործարքների արագ անցում դեպի նոր գնորդներ,
- Ապրանքների բեռնափոխադրումներ, որոնք գնում են ավանդական ռուսական փոխադրման հանգույցներ:
- Գործարքներ, որոնք կապված են ապրանքի առաքման անհայտ երթուղիների հետ,
- Գործարքներ, որոնցում ներգրավված են այն կազմակերպությունները, որոնց կայքում կամ բիզնեսի գրանցման կայքում նշված է, որ կազմակերպությունները աշխատում են «հատուկ նշանակության նախագծերի» տիրույթում,
- Նախկինում դատվածություն ունեցող անձանց կողմից նոր կամ գոյություն ունեցող հաշիվներ և գործարքներ,
- Գործարքներ, որոնք կատարվում են դոլարով կամ իրականացվում են մեծ ծավալներով,
- Վարկային քարտերով կամ մեծ ծավալով դոլարային գնումներ՝ օնլայն հարթակում, հատկապես՝ եթե դրանք վերաբերում են էլեկտրոնային արդյունաբերության , էլեկտրոնիկայի մեծածախ մատակարարներին,
- Ռուսաստանյան պետական կորպորացիաների հետ կապեր ունեցող ընկերություններ կամ անհատներ (ներառյալ բաժնետիրական սեփականություն, ինչպես նաև մասնաճյուղեր, դուստր ձեռնարկություններ կամ դրանց բաժնետեր պետական կորպորացիաներ), որոնք ներգրավված են արտահանման հետ կապված գործարքներում կամ տրամադրում են արտահանման հետ կապված ծառայություններ.
- Արտահանման գործարքներ, որոնք բացահայտվել են կորեսպոնդենտային բանկային գործունեության միջոցով, որոնք ներառում են ոչ միայն ԱՄՆ-ը,
- Արտարժույթի հաշիվների օգտագործումը ԱՄՆ-ում գործող առևտրականների կողմից՝ էլեկտրոնային սարքավորումների ներմուծման կամ արտահանման նպատակով, երբ գործարքներն իրականացվում են երրորդ երկրների էլեկտրոնիկայի և օդատիեզերական ընկերությունների հետ և որոնք գրասենյակներ ունեն նաև Ռուսաստանում կամ Բելառուսում:
Այսպիսով, ակնհայտ է, որ վերահսկողության «Կարմիր դրոշներ»-ը սահմանափակում են դեպի Ռուսաստան կամ Բելառուս արտահանման, վերաարտահանման գործարքները, է´լ ավելի խստացնում են դրանց փաստաթղթային ձևակերպումները, պահանջում են արտահանման լիցենզիաներ և բազմաբնույթ ֆինանսական հաշվետվություններ, հատկապես՝ բանկերի կողմից կատարված գործարքների վերաբերյալ:
Անդրադառնանք նաև վերոնշյալ խորապատկերին հայաստանյան իրականությանը: Անկասկած, ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում Ռուսաստանի դեմ միջազգային հանրության պատժամիջոցները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ երրորդ երկրների, հատկապես՝ Ռուսաստանի հետ ակտիվ արտաքին-տնտեսական հարաբերությունների մեջ գտնվող երկրների ֆինանսական շուկաների և առհասարակ՝ տնտեսության զարգացման վրա: Գաղտնիք չէ, որ Հայաստանն ակտիվ արտաքին-տնտեսական կապերի մեջ է Ռուսաստանի հետ: Այն ներառում է թե´արտաքին առևտուրը, թե´օտարերկրյա ներդրումները, թե´աշխատուժի միգրացիան և դրանով պայմանավորված դրամական փոխանցումների ոլորտը և ամենակարևորը՝ ԵԱՏՄ ինտեգրացիոն շրջանակներում փոխհամագործակցությունը:
Կարծում ենք, փոխհամագործակցության սոսկ թվարկումն արդեն իսկ հուշում է հնարավոր ռիսկերի ու սպասվող մարտահրավերների մասին: Մասնավորապես, Հայաստանի տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցությունն առայժմ կարելի է դրական գնահատել, պայմանավորված այն հանգամանքով, որ նկատելի է գործարար դաշտի ակտիվացում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, պահանջարկի աճ՝ և´անշարժ գույքի, և´առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների ու ծառայությունների շուկայում, արտարժութային հոսքեր, ինչպես նաև որակյալ աշխատուժի զգալի ներհոսք:
Սակայն, հարց է առաջանում, թե վերոնշյալ ահազանգը կարո՞ղ է, արդյոք, ռիսկեր առաջացնել Հայաստանի ֆինանսական շուկաներում: Կարծում ենք՝ այո´, վերը թվարկված վերահսկողության «Կարմիր դրոշներ»-ից վերջին երեքը հատկապես խնդրահարույց են Հայաստանի ֆինանսական շուկայի համար: Ընդգծենք նաև այն փաստը, որ հայկական բանկերը սպասարկվում են ռուսական բանկերի կողմից, և վերջիններս միջնորդ գործընկեր են SWIFT համակարգով փոխանցումներ կատարելիս: Հետևաբար, այս համակարգում գործարքներ իրականացնող հայկական բանկերը կարող են մոտ ապագայում զգալի ռիսկեր կրել՝ համակարգում որոշ բանկերի գործունեությունը կասեցնելու հետ կապված:
Նշենք նաև այն երևույթը, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անմիջական հետևանքն այս իրողություններում դոլարի առաջարկի գերազանցումն է պահանջարկի նկատմամբ կամ, որ նույնն է, դրամի արժևորումը, ինչը կարելի է գնահատել և´դրական, և´բացասական ազդեցությունների տեսանկյունից: Մտահոգիչ է հատկապես դրամի արժևորման երևույթը, որի շարունակականությունը տարադրամի շուկայում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ տնտեսության հետագա զարգացումների վրա: Արդեն այսօր ձևավորվել են հայկական ապրանքների արտահանման լուրջ խոչընդոտներ, ինչն ահազանգում է ոլորտային զարգացումների հնարավոր հետընթացի մասին: «Կարմիր դրոշներ»-ի հետ կապված ռիսկեր կարող է առաջացնել հայկական ֆինանսական շուկայում, այսպես կոչված, «դոլարային ավելցուկը»:
Ավելորդ չենք համարում նշել ևս մեկ իրողություն: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տիրույթում երկրների «դեղին ցուցակ[6]», որում ներկայացված են այն երկրները, որոնք կարող են պատժամիջոցները շրջանցել և որոշ ապրանքներ ու ծառայություններ արտահանել Ռուսաստան, հատկապես՝ երկակի նշանակության ապրանքներ և այնպիսիներ, որոնք հնարավոր է օգտագործել ռազմաարդյունաբերության ոլորտում: Պարզ է, որ «դեղին ցուցակում» հայտնված երկրներից[7] Թուրքիայի, Չինաստանի, Հնդկաստանի և շատերի հետ անհամեմատելի են Հայաստանի և Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները, այդուհանդերձ՝ պատկան մարմինները պարտավոր են ավելի աչալուրջ լինել և խստացնել արտաքին առևտրաշրջանառության ծավալների ու կառուցվածքի վերահսկողության մեխանիզմները[8]:
Այսպիսով, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի Հանրապետության դեմ միջազգային հանրության, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները շարունակվում են, դրանք նորանոր երանգներ են ստանում և նպատակը մեկն է՝ օր առաջ կասեցնել այս պատերազմը:
Ջուլիետա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Երևան
____________________________
[1] FinCEN and BIS Issue Joint Alert on Potential Russian and Belarusian Export Control Evasion Attempts, FIN-2022-Alert003, June 28, 2022, https://www.fincen.gov/sites/default/files/2022-06/FinCEN%20and%20Bis%20Joint%20Alert%20FINAL.pdf,
[2] Implementation of Sanctions Against Russia Under the Export Administration Regulations (EAR), https://bis.doc.gov/index.php/documents/about-bis/newsroom/press-releases/2914-2022-02-24-bis-russia-rule-press-release-and-tweets-final/file
[3] Տես՝ նույն տեղում, էջ 2
<>[4] Բայդենը կոչ է անում G7-ին մնալ միասին, առաջնորդները թիրախ են դարձնում ռուսական ոսկու և նավթի գները, https://www.euractiv.com/section/global-europe/news/biden-urges-g7-to-stay-together-as-leaders-target-russian-gold-oil-price/
[5] FinCEN and the U.S. Department of Commerce’s Bureau of Industry and Security Urge Increased Vigilance for Potential Russian and Belarusian Export Control Evasion Attempts, էջ 5-7, https://www.fincen.gov/sites/default/files/2022-06/FinCEN%20and%20Bis%20Joint%20Alert%20FINAL.pdf
[6] ԱՄՆ-ը պատրաստ է պատժել 18 երկրների՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում Ռուսաստանին օգնելու համար, https://frontnews.eu/en/news/details/35791?fbclid=IwAR2JYUD0RLGGFssOcK_BD1zml55_-UKh_E41bjv2AFjTM3mTlwWtcFxK4Ok
[7] «Դեղին ցուցակ»-ում են Վրաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Մեքսիկան, Ղրղզստանը, Նիկարագուան, Սերբիան, Սինգապուրը ՀԱՀ-ը, Թայվանը, Տաջիկստանը, Թուրքիան.ԱՄԷ-ն և Ուզբեկստանը:
[8] Տես՝ «Կարմիր դրոշ-12»