Մոտ կես տարի տևող բանակցություններում Հայաստանն ու Թուրքիան առաջին պայմանավորվածություններին են հասել՝ ամենասեղմ ժամկետներում բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, օդային ուղիղ բեռնափոխադրումներ սկսել, իսկ Հայաստանի և Թուրքիայի պետական մարմինները պետք է աշխատանքներ տանեն պայմանավորվածությունների տեխնիկական դետալները համաձայնեցնելու և դրանք իրականացնելու ուղղությամբ։
Որոշ միջանկյալ համաձայնությունների հասնելը երկու կողմերին էլ պետք էր՝ ցույց տալու համար, որ մի քանի ամիս ընթացող բանակցությունները փակուղում չեն, և որ կա իրական առաջընթաց, իսկ դա անհրաժեշտ է բանակցություններին իմաստ հաղորդելու համար։ Այլ հարց է՝ կիրականացվե՞ն դրանք, թե՞ ոչ։ Չի բացառվում, որ, օրինակ, մի քանի ամիս էլ կողմերը կքննարկեն տեխնիկական դետալները, բայց բուն իրականացումը հատկապես թուրքական կողմից ձգձգվի, քանի որ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելը և օդային ուղիղ բեռնափոխադրումներ սկսելը Թուրքիայի ակնկալած հիմնական արդյունքները չեն։ Այլ կերպ ասած, դրանք փոքր քայլեր են՝ հայկական կողմին ավելի առարկայական քայլերի մղելու, ավելի լուրջ պայմանավորվածությունների նախադրյալներ ստեղծելու համար։ Մանավանդ, որ նախքան Հայաստանի և Թուրքիայի բանագնացների վերջին հանդիպումը Ռուբինյանը հայտարարել էր, որ դեռևս որևէ արդյունք չկա բանակցություններում, և ամեն ինչ Թուրքիայի քաղաքական կամքից է կախված։ Սա էլ իր հերթին կարող է թուրքական կողմին նման փոքր «առաջընթացի» դրդած լինել, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ արդյունք մատնացույց անել։
Ուշագրավ էր այն, որ հատուկ բանագնացների հանդիպումից 5 օր անց՝ հուլիսի 6-ին, հեռախոսազրույց ունեցան Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը։ Հայկական կողմի տարածած հաղորդագրությունում, իհարկե, հիշատակում չկար, բայց Կրեմլի հաղորդագրության մեջ ասված է, որ հեռախոսազրույցի նախաձեռնողը հայկական կողմն է եղել, և Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին[1]։ Հայ-թուրքական բանակցություններն այս տարվա հունվարին մեկնարկեցին Մոսկվայում, դրանից առաջ էլ հայկական կողմն էր պաշտոնապես դիմել Ռուսաստանին միջնորդելու հարցով։ Թեև հաջորդ հանդիպումները Վիեննայում են ընթացել՝ առանց միջնորդների, իսկ թուրքական կողմը պարբերաբար խոսում է առանց երրորդ կողմի բանակցելու մասին, բայց այս հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ Ռուսաստանն անուղղակիորեն ներգրավված է գործընթացում, և Հայաստանը Ռուսաստանին տեղյակ է պահում Թուրքիայի հետ ընթացող բանակցությունների մանրամասներից ու գործընթացը համակարգում ռուսական կողմի հետ։ Դա առավել ակնհայտ դարձավ, երբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից օրեր անց՝ հուլիսի 11-ին, մոտ 10 տարվա դադարից հետո առաջին անգամ ուղիղ շփում ունեցան Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները։
Հեռախոսազրույցը ժամանակագրորեն համընկավ մահմեդական խոշոր տոներից մեկի՝ Կուրբան Բայրամի հետ, և Փաշինյանի համար դա առիթ եղավ Էրդողանի հետ ուղիղ կոնտակտի մեջ մտնելու համար, որին ի պատասխան էլ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Վարդավառի տոնի առթիվ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում, իհարկե, հիշատակված է միայն «Վարդավառ» բառը և շեշտված չէ, որ դա քրիստոնեական՝ Քրիստոսի պայծառակերպության տոնն է, բայց այս դեպքում էլ Հայաստանում նշվող քրիստոնեական տոնն է ժամանակագրորեն համընկել և շփման արարողակարգային առիթ դարձել։ Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունն ու Թուրքիայի նախագահի աշխատակազմը միևնույն հայտարարությունն են տարածել, ըստ որի՝ ղեկավարներն ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն[2]: Թուրքական լրատվամիջոցներում Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին հայտնելուց րոպեներ անց հաղորդվեց, որ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թեև ո՛չ թուրքական, ո՛չ ռուսական կողմերի տարածած հաղորդագրություններում նշված չէ, որ նախագահները հայ-թուրքական գործընթացին են անդրադարձել, բայց հավանական է, որ այդ հարցը քննարկվել է։ Այդ պատճառով կարելի է եզրակացնել, որ թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան կարգավորման գործընթացը համակարգում են Ռուսաստանի հետ։ Հավանական է նաև, որ առաջիկայում Փաշինյանն ու Էրդողանը նաև հանդիպեն՝ հավանաբար, հենց Վիեննայում, բայց նաև ռուսական կողմի աջակցությամբ։
Մյուս կողմից, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք առաջարկել են բանագնացների առաջին հանդիպումը հենց Երևանում անցկացնել, բայց հայկական կողմը հրաժարվել է։ Չավուշօղլուն այդ մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ Անկարայում կայացած հանդիպումից հետո, որին շնորհակալություն է հայտնել Վիեննայում բանակցությունները կազմակերպելու համար, բայց նաև ասել, որ տրամաբանական կլինի հաջորդ հանդիպումներն անցկացնել հենց Հայաստանում ու Թուրքիայում[3]։ Թուրքիային, իհարկե, ձեռնտու է, որ բանակցությունները ոչ միայն շարունակվեն երկկողմ ձևաչափով, այլ նաև երրորդ երկրների տարածքից տեղափոխվեն և կազմակերպվեն հենց Հայաստանում ու Թուրքիայում, որպեսզի գործընթացն ավելի առարկայական փուլ մտնի։
Մյուս կողմից, սակայն, Թուրքիան չի կարող Հայաստանի հետ բանակցությունների հարցը չքննարկել Ռուսաստանի հետ, և այս պահին լուրջ հիմքեր էլ չկան մտածելու, որ Թուրքիան հակված չէ դրան, ինչը մի քանի պատճառ ունի․
- Հայ-թուրքական բանակցությունները, ինչպես արդեն նշվեց, մեկնարկել են Ռուսաստանի անմիջական աջակցությամբ, և այդ փաստը ռուսական կողմը մի քանի անգամ հիշեցրել է, այդ թվում՝ հուլիսի 14-ին, երբ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասաց, որ կարգավորման գործընթացը ՌԴ անմիջական միջնորդությամբ է մեկնարկել, և հիմա էլ իրենք պատրաստ են աջակցել հետագա առաջընթացին։
- Դժվար է պատկերացնել, որ տարածաշրջանում հսկայական ազդեցություն ունեցող, Հայաստանի հետ ամուր թելերով կապված Ռուսաստանի հետ այս հարցը Թուրքիան չքննարկի։
- Թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան, չնայած բազմաթիվ հակասություններին, մեր տարածաշրջանում որոշ ընդհանուր պատկերացումներ ունեն։ Այժմ, ինչպես հայտարարվել է, նախապատրաստվում է «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը, որը նախատեսվում է Իրանում անցկացնել։ Ռուսաստանը, Թուրքիան, նաև Իրանը հիմա առաջնային են համարում ռեգիոնալ այս ձևաչափի զարգացումը՝ ռեգիոնի խնդիրներն իրար մեջ՝ առանց ոչ ռեգիոնալ ուժերի մասնակցության քննարկելու իմաստով։ Հետևաբար, եթե Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստ են իրար հետ աշխատել ռեգիոնալ խնդիրների հարցում, ապա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը դրանցից մեկն է։
- Ի տարբերություն Հայաստանի՝ Թուրքիայի քայլերը շատ ավելի բազմազան հանգամանքներով են թելադրվում։ Ուկրաինական ճգնաժամի պայմաններում Թուրքիան չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ամեն ջանք գործադրում է, որպեսզի ռուս-ուկրաինական հնարավոր պայմանավորվածություններում ներգրավված լինի որպես միջնորդ, ակտիվ աշխատում է ուկրաինական հացահատիկի արտահանման խնդիրը կարգավորելու ուղղությամբ, և այդ հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումը հուլիսի 13-ին հենց Ստամբուլում կայացավ։ Ավելին, Ռուսաստանի և Թուրքիայի միջև արևմտյան պատժամիջոցների հետևանքով տնտեսական համագործակցությունը մեծացնելու դաշտ է առաջացել։ Այժմ ակտիվացել է նաև սիրիական ուղղությունը, քանի որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ հերթական անգամ հարձակվելու մտադրության մասին է հայտարարել։ Հուլիսի 19-ին Թեհրանում «Աստանայի ձևաչափի» շրջանակում կկայանա Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ սիրիական օրակարգով։ Այնպես որ, Թուրքիան հիմա և, վստահաբար, առաջիկայում իր համար շատ կարևոր մի քանի ուղղությամբ պետք է աշխատի Ռուսաստանի հետ։ Այդ պարագայում դժվար է պատկերացնել, որ Թուրքիան Հայաստանի հետ կարգավորման հարցը չի քննարկելու Ռուսաստանի հետ։
- Ի վերջո, եթե շատ հեռու չգնանք, Հայաստանի և Թուրքիայի բանագնացների ձեռք բերած պայմանավորվածություններից մեկը՝ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը, կարող է հետաքրքրություն ներկայացնել հատկապես Ռուսաստանի համար։ Կողմերը, իհարկե, դեռ պետք է որոշեն՝ անցագրային, մաքսային հսկողության ի՞նչ ռեժիմներ են գործելու, և բազմաթիվ այլ դետալներ պետք է ճշտվեն։ Եթե, օրինակ, որոշվի, որ երրորդ երկրների քաղաքացիները հայ-թուրքական սահմանը կարող են հատել ոչ միայն զբոսաշրջային նպատակով, այլ նաև հատելիս կարող են բեռնափոխադրումներ իրականացնել, ապա դա կարող է հետաքրքրել հատկապես ռուսական բիզնեսին՝ զուտ աշխարհագրական իմաստով։ Ռուսաստանն ու Թուրքիան բեռնափոխադրումներ իրականացնում են օդային և ծովային ճանապարհով, իսկ ցամաքային բեռնափոխադրումների համար հայ-թուրքական երթուղին, վրացականից բացի, ևս կարող է հարմար լինել։
Բայց և չպետք է մոռանալ, որ մի շարք հարցերում Թուրքիան իր ավելի վաղ հայտարարած գծից չի շեղվում․ Մևլութ Չավուշօղլուն վերջին մեկ ամսում մի քանի անգամ նորից հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին, և այս հարցը օրակարգում է։ Երկրորդ՝ Թուրքիան շարունակում է պնդել, որ Հայաստանին առնչվող ցանկացած հարց իրենք համակարգում են Ադրբեջանի հետ, և որ պետք է կարգավորվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ Թե ինչպես է այդ կարգավորումը պատկերացնում Ադրբեջանը, բացատրելու կարիք չկա, իսկ եթե թուրքական կողմն Ադրբեջանի հետ համակարգում է ցանկացած քայլ՝ եթե անգամ միայն Ադրբեջանի հնարավոր դիմադրությունը չեզոքացնելու համար, ապա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների իրական, փոխշահավետ կարգավորումը դժվար է պատկերացնել։
Չմոռանանք, որ Թուրքիան առ այս պահը հրաժարվում է լիարժեք բացել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը և վերացնել Հայաստանի դեմ միակողմանի կիրառվող շրջափակումը։ Ակնհայտ է, որ Թուրքիան սահմանը լիարժեք բացելու, դիվանագիտական հարաբերություներ հաստատելու դիմաց գին է պահանջում Հայաստանից, հակառակ դեպքում բանակցություններին թափ հաղորդելու, հայկական կողմի մտավախությունները մեղմելու համար կգնար, այսպես ասած, բարեկամական ժեստի, կբացեր սահմանը, կհաստատեր դիվանագիտական հարաբերություններ, և նոր հավասար պայմաններում կողմերը կքննարկեին անհրաժեշտ բոլոր հարցերը։ Հետևաբար, անիմաստ է սպասել, որ Թուրքիան հենց այնպես՝ առանց էական զիջումներ ստանալու, կբացի սահմանը, կհաստատի դիվանագիտական հարաբերություններ և այլն։ Թեև Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանը դե յուրե վերահաստատելու կամ, այսպես ասած, Կարսի պայմանագրի վերաճանաչման հարց բանակցություններում չի քննարկվում, բայց մոտ երկու ամիս առաջ Չավուշօղլուն հայտարարել էր, որ պայմանավորվածություն կա սահմանի վերադեմարկացիայի նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին, ինչը հայկական կողմը նախ հերքեց, ապա հաստատեց, որ նման հարց Թուրքիան առաջ քաշել է, բայց հայկական կողմն է մերժել։ Սա ևս մեկ հարց է, որը Թուրքիան ունի ձեռքի տակ, և ամեն պահի կարող է առաջ քաշել։ Եվ վերջում՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող խնդիրները չեն կարող շրջանցվել, և առանց այդ հարցում լուծումների հասնելու Թուրքիան հազիվ թե պատրաստ լինի գործընթացում ռեալ առաջընթաց ապահովել և, առնվազն, տնտեսական, հաղորդակցային շրջափակումը հենց այնպես վերացնելով «ազատել» Հայաստանի ձեռքերը։
Եվ վերջում․ անկախ ամեն ինչից՝ կա հետպատերազմական իրականություն, որը ելակետ է ամեն ինչի համար։ Եթե նախքան 2020 թ․ պատերազմը, երբ Հայաստանն ավելի մեծ գործոն էր իրենից ներկայացնում, քան հիմա, Թուրքիան որևէ կերպ չի գնացել հարաբերությունների կարգավորման, ապա այժմ անհնար է պատկերացնել, որ տարածաշրջանում մեծ ազդեցություն ձեռք բերած Թուրքիան կարող է առանց իր համար կարևոր զիջումներ ստանալու նաև Հայաստանի համար ձեռնտու պայմանավորվածությունների գնալ։
Հայկ ՍԱՀԱԿՅԱՆ
Փորձագետ
Երևան
___________________
[1] http://kremlin.ru/events/president/news/68832
[2] https://www.tccb.gov.tr/en/speeches-statements/558/138710/phone-call-with-prime-minister-nikol-pashinyan-of-armenia-
https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/07/11/Nikol-Pashinyan-Telephone-Conversation/
[3] https://www.aa.com.tr/en/politics/turkiye-offered-armenia-to-host-1st-round-of-normalization-talks-foreign-minister/2629884