Ստեփանակերտի բակերից մեկում ամեն օր առավոտը սկսվում է հարևան Ռիմայի հարցով. «Հինչ նորությու՞ն կա»։ Տարեց կնոջը, որն ամբողջ կյանքն ապրել է այժմ սահմանամերձ Ավդուռ գյուղում, իսկ անցյալ տարվանից ամուսնու և որդու հետ քաղաք է տեղափոխվել, Արցախի շուրջ կատարվող միջանկյալ իրադարձությունները չեն հետաքրքրում։ Նա ամեն օր հույս է փայփայում լսել որոշակի մի բան՝ շրջափակման վերացման մասին, կարգավիճակի մասին և այն մասին, թե ինչպես անվտանգ ապրել հայրենի գյուղում, երբ հակառակորդի հենակետերն իր տնից ընդամենը 200 մետրի վրա են։ Մինչ շրջափակումը ամուսինն աշխատել է հարկադիր վերաբնակվածների համար բնակարանների շինարարությունում։ Այժմ, երբ դեկտեմբերից ողջ շինարարությունը կանգ է առել, ընտանիքից միայն տղան է աշխատում։ Ռիման բանջարանոց է գցել, ճտեր է ձեռք բերել, սակայն նկատվում է, որ քաղաքում նրա համար անհարմար է և ձանձրալի։ «Քաղաքականության մասին» առավոտյան կարճ զրույցներն արդեն ավանդույթ են դարձել, և նա, հոգոց հանելով, դրանցից յուրաքանչյուրն ավարտում է կայուն անփոփոխ հարցով. «Հինչ ա՞, է, ինիլու, հունց ա՞, է, ինիլու… է՜հ»։
Շոգը մտել է քաղաք։ Հարևան բազմահարկի բակում երեխաները, չսպասելով Վարդավառին, ջրային ատրճանակներով և շշերով իրար վրա ջուր են ցողում։ Քիչ այն կողմ ինչ-որ մեկի մանկական ձեռքը ասֆալտին նկարել է հայկական դրոշն ու կողքը ռուսերեն գրել՝ «Мы армяне!»։
Փողոցներում վերջին օրերին հետիոտների համար միշտ կանաչ լույսն է վառվում, իսկ մեքենաների համար՝ դեղին։ Այլ ռեժիմով լուսակիրների աշխատանքի անհրաժեշտություն չկա՝ ընթացող մեքենաները քաղաքում չափազանց քիչ են։ Դրա փոխարեն ավելանում են հեծանվորդները։ Ասում են՝ այստեղ-այնտեղ նաև ավանակ են տեսել։
Նաև ասում են, թե մեկ այստեղ, մեկ այնտեղ խանութներում մածուն ու թթվասեր է լինում։ Սակայն դա, հաստատ, միայն նրանց համար, ում բախտը կբերի։ Մյուսներին հաջողվում է միայն հանդիպել դեռևս չվաճառված ներմուծված մայոնեզի, կետչուպի, լոռի պանրի, թեյի և սուրճի։ Տեղական ապրանքներից դարակներում միայն վերմիշել և տուփով մուրաբաներ են։ Խանութների սառցարաններում ամենուր նույն պատկերն է՝ տեղական պաղպաղակ և պիցայի բլիթ։ Վերջինս պահանջարկ չունի, քանի որ, մեկ է, պիցայի այլ բաղադրիչներ գտնել հնարավոր չէ։ Իսկ կաթնամթերքի համար պետք է առավոտ վաղ գնաս «Արցախ կաթ» ֆաբրիկայի մոտ և հերթ կանգնես։
Պատահաբար հանդիպած ծանոթուհիս հրավիրում է իր սեփական տանը սուրճ խմելու։ Տունը փոքրիկ հողամաս ունի։ Բակի հեռավոր պատի երկայնքով մազութապատ փայտե փոքրիկ կոճերի կուտակ է։ «Ամուսնուս ընկերը հատակը փոխել է, դե, հները հանել և մեզ է տվել՝ վառարանի համար։ Կարելի է ասել՝ բախտներս բերել է, որովհետև վառելիքի բացակայության պատճառով փայտ գտնել հնարավոր չէ, իսկ սրանք տղաներս կջարդեն և կօգտագործենք, երբ ցրտերն ընկնեն»։ Իրինան այգում շրջայց է կազմակերպում. «Ահա, այստեղ կանաչ սոխ եմ ցանել, այստեղ ընկույզն է արդեն հասունանում, այստեղ՝ նուռը, ահա և մեր քաղցրիկը՝ թթենին»։ Ծառի տակ ձգված կտորի վրայից Իրինան հավաքում է սպիտակ պտուղները։ «Շաքար չկա, բայց հո թութ կա, հյուրասիրվիր»։ Զրույցին միանում է նրա ամուսինը՝ Դավիթը. «Դե, սա ժամանակավոր հաճույք է»։ «Ոչինչ, կարևորն է, որ այն այսօր կա»։
Քաղաքային շուկայում նույնպես շաքարն են հիշում։ «Երբ մթերքներ բերեցին, ես որպես պաշար առատորեն գնեցի և՛ ձեթ, և՛ շաքար, իսկ հիմա, ահա՝ կես կիլո բան է մնացել»։ Նաիրան՝ այն կանանցից մեկը, որ ժենգյալով հաց ու թերթերուկ են թխում, մեզ է մեկնում փաթեթը. «Սա է մնացել։ Նշանակում է՝ շուտով կմոռանանք թերթերուկը։ Դե, ժենգյալով հացն էլ, երևի. երեք օրվա ձեթ է մնացել»։ «Ալյուրն էլ է պրծնում,- ասում է նրա հարևանուհին՝ Լեսմոնյան։ – Մեզ մոտ հինգ կին է աշխատում, հինգ տուն ենք պահում, սակայն եթե իրավիճակը չփոխվի, ապա այս վաճառակետը պիտի փակենք ու նստենք տանը։ Թե ոնց պիտի ապրենք՝ չգիտեմ։ Բայց, մեկ է, լավի հույս ունենք։ Պետք է հավատալ։ Հնարավոր է ինչ-որ տեղից մի լույսի շող երևա…»։ Լեսմոնյան տեղական աստղ է. պատերազմից հետո բազմիցս հարցազրույցներ է տվել լրագրողներին, ելույթ է ունեցել կայտառ ու աշխույժ։ Ժամանակի ընթացքում նրա էնտուզիազմը մարել է, սակայն «հույսը վերջինն է մեռնում»…երկու անգամ կրկնեց նա։
Արևի շողերը ծակում-անցնում են դատարկ ապակե սառնարանների միջով։ Դրանցում առաջ միս կար։ Հիմա շուկայում միսը քիչ է, և դատարկ սեղաններն են շատ։ Համեմի մի կապն արժե 600 դրա՞մ։ Ամեն դեպքում պետք է գնել կերակրող մոր համար, որը սիրում է այդ կանաչին։ Առջևում զրույց է առաջին պատերազմը և բլոկադան հաղթահարած մերձավորների հետ այն մասին, թե արդյո՞ք բարոյական է ներկա իրավիճակում նման գներով առևտուր անել։
Բայց դա հետո, իսկ հիմա պաղպաղակի մեծ ցանկություն կա։ Ընդ որում՝ հենց «Թումանյան’ս»-ում։ Պետքէ աջակցել նրանց, ովքեր աջակցում են երեխաներին, ապա՝ մասնակցել նաև ձեռագործի պարապմունքներին։
Պատերազմից հետո Քրիստինն ու իր ամուսինը տարածք վարձակալեցին և ընտանեկան սրճարան բացեցին։ Սակայն դա միայն սրճարան չէ։ Այն գործում է նաև որպես երեխաներին զբաղեցնելու հարթակ։ Շաբաթական երկու անգամ մասնագետների հետ պարապմունքների համար այստեղ են գալիս երեխաներ, ընդ որում՝ նաև հատուկ վերաբերմունքի կարիք ունեցողները։ Քրիստինի երազանքը՝ Արցախում բացել ներառական մանկապարտեզ, որպեսզի հատուկ կարիքներ ունեցող երեխաները կարողանան զարգանալ և շփման սահմանափակումներ չունենան, առայժմ երազանք էլ մնում է։ Սակայն նույնիսկ հետպատերազմյան և շրջափակման պայմաններում նա փորձում է օգնել նման երեխաներին և զարգացնել ներառական կրթությունը։
Շրջափակումը Քրիստինի ընտանիքը դարձրել է կիսված։ Նա չի կարող տեսնել մորն ու իր երկու երեխաներին՝ ուսանող աղջկան ու բարձր դասարանում սովորող տղային։ Գրկելով ուրիշի երեխաներին, նա սեփականին գրկել չի կարող։ Նույնիսկ երբ հնարավորություն կար երթևեկել միջանցքով, նա սկզբունքորեն չօգտվեց դրանից. անձնագիրը մեկնել նրանց, ովքեր դեկտեմբերի 12-ից հսկում են ճանապարհը, նշանակում է ընդունել քո ենթակայությունը նրանց, իսկ դա իր համար տաբու է։
Այս անգամ «Թումանյան’ս»-ում երեխաները փորձ էին անում, որպեսզի մասնակցեն GSN-ի խոշոր նախագծին։ Ավելի ճիշտ՝ վոկալի ուսուցիչ Գոգան մանկական երգչախմբի ապագա ձայնագրության համար տոնայնություն էր ընտրում։ Բոլորը չէ, որ կարողացել էին գալ երգի փորձին. քաղաքում հիմա հանգստյան օրերին հասարակական տրանսպորտը չի աշխատում, և ոմանք չէին կարողացել տեղ հասնել։
«Այս նախագիծը առնչություն ունի ՄԱԿ-ի հետ,-պատմում է Քրիստինը,- մասնակցելու է 17 երկիր՝ 17 թեմայով։ Մեր թեման «պայքար ընդդեմ անհավասարության» է կոչվում։ Մենք պետք է ամեն հնարավորություն օգտագործենք՝ աշխարհին հայտարարելու, որ Արցախի երեխաներն ունեն այն նույն իրավունքները, ինչ այլ երկրների երեխաները։ Եվ այդ իրավունքը չպետք է խախտվի, անկախ նրանից՝ ճանաչվա՞ծ, թե՞ չճանաչված երկրում են ապրում։ Արցախի երեխաները, որոնց իրավունքներն անգթորեն խախտվում են, պետք է պաշտպանված լինեն։ Մեր գերմանացի բարեկամները մեզ առաջարկեցին մասնակցել այս նախագծին, համարելով, որ Արցախը պետք ներկայացվի իբրև 17 երկրներից մեկը։ Դա որոշակի իմաստով կդառնա նաև երկրի ճանաչում»։
Երեխաները երգը ձայնագրելու և նախագծին մասնակցելու համար լուրջ աշխատանք պիտի կատարեն։ Իսկ Քրիստինը պետք է հայտնի չէ որտեղից ուժ գտնի, որպեսզի անընդհատ ոտքի վրա անցկացրած ծանր աշխատանքային օրից հետո ոտքով տուն վերադառնա։
Հրապարակում ակտիվ տրաֆիկ ունեցող մեքենաների կուտակում է։ Մանկական էլեկտրամոբիլներն են։ Առայժ շարված են և սպասում են իրենց վարորդներին։ Երեկոյան քաղաքացիներն ընտանիքներով այստեղ կհավաքվեն, և երթևեկությունը խիտ կլինի։ Այն դեպքում, երբ Ստեփանակերտում մեքենան հազվադեպ երևույթ է, և յուրաքանչյուր երթևեկ ուշադրություն է գրավում»
Հանգստյան օրերին քաղաքը դատարկ է առանց դեղին երթուղային ավտոբուսների։ Թեպետ մի դեղին ավտոբուս, այսուհանդերձ, երթևեկում է։ Դա «Գանձասար տուր»-ի երկհարկանի տուրիստական ավտոբուսն է, որը ցանկացողներին տեղափոխում է հրապարակից մինչև «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձան և հետ։ Քաղաքի այդ պաշտամունքային կոթողը չպետք է առանց մարդկանց մնա. քաղաքացիները չափազանց շատ են սիրում իրենց «դեդո-բաբո»-ին։ Ահա ավտոբուսն անցնում է «Պյատաչոկ»-ի մոտով, Ազատամարտիկների պողոտայի դեղին լուսակիրների մոտով, ապա՝ թիվ 7 դպրոցի, որտեղ այժմ ոչ ոք չկա։ Իսկ դեռ երեկ այրող արևի տակ խռնված էին կանայք՝ իրենց երեխաների հետ, որպեսզի, համաձայն նոր կարգի, ստանային մեկ երեխայի հաշվով կես կիլոգրամ շաքարն ու կես շիշ ձեթը։ Սա ամսական նորմ է, և այդ մթերքները տանն ունենալու միակ հնարավորությունը։
Շրջափակումը նոր կանոններ է թելադրում։ Դրանցից մեկը՝ առանց հացի տոպրակի տնից դուրս չգալ։ Ցելոֆանները հիմա նույնպես դեֆիցիտ են։ Սակայն սիրելի «Մայակ» փուռում երեկոյան ժամը հինգին արդեն հաց էլ չկար։ «Հիմա մեզ մոտ հացը շուտ է վերջանում։ Մարդիկ սկսել են շատ հաց առնել։ Մենք նույնիսկ ստիպված եղանք սահմանափակում մտցնել՝ մեկ հոգուն երկու հացից ոչ ավել։ Բայց դե ո՞նց մերժես գյուղացիներին, որոնք ավտոբուսով հատուկ եկել են հացի, որովհետև իրենց մոտ վերջացել է ալյուրը, իսկ նոր խմբաքանակ դեռ չեն առաքել։ Ակնհայտ է, որ կարիքավորներից շատերը բազմանդամ ընտանիքից են, հարկ է լինում նրանց 10 հատ տալ, այդ պատճառով էլ հիմա հացը շատ շուտ է վերջանում, – բացատրում է փռի աշխատակցուհին և ավելացնում,- վաղը եկեք, մենք քաղցրավենիք էլ ենք ունենում, թխվածքաբլիթ ենք թխում այն խմորից, որում ձու չի պահանջվում։ Ձու վաղուց չենք ստանում։ Այն ոչ մի տեղ չկա, չէ՞ որ թռչնաֆաբրիկան փակվել է»։
«Եվրոպա» հյուրանոցի տանիքում, որտեղից քաղաքի և մերձակայքի հրաշալի տեսարան է բացվում, հատկապես մայրամուտին, մի գավաթ սուրճ ըմպելը օրվա սփոփիչ ավարտ դարձավ։ Այն մատուցեց Վալերա անունով մոտ 25 տարեկան զրուցասեր երիտասարդը։ «Իսկ ես ձի կգնեի։ Լրիվ լուրջ,- ասում է Վալերան։ – Բենզին, գազ չկա, և պետք է ոչ միայն ոտքով երթևեկել»։ Վալերան վերաբնակ է։ Ծնվել է Ստեփանակերտում։ Մինչև 2018 թվականն ապրել է Ռուսաստանում, սակայն հետո ընտանիքը գիտակցաբար վերադարձել է հայրենիք։
«Գիտե՞ք, ինչ էլ պատահի, ինչքան էլ դժվար լինի, մեր ընտանիքից ոչ մեկը երբեք չի ափսոսացել, որ մենք այստեղ ենք. ոչ նախկինում, ոչ էլ հիմա՝ շրջափակման ժամանակ։ Մենք ռուսական քաղաքացիություն ունենք և հարյուր անգամ կարող էինք մեկնել, սակայն չենք ուզում։ Ահա, ասում են՝ մթերք չկա, միայն կարտոֆիլ է և լոբի։ Սակայն կարտոֆիլից կարելի է երեք-չորս տարբեր կերակուրներ պատրաստել։ Տեսե՞լ եք «Արցախյան մենյու» նկարը. տապակած կարտոֆիլ, խորոված կարտոֆիլ, եփած և պյուրե։ Լոբի՝ եփած, շոգեխաշած, լուբու խաշլամա, – ծիծաղում է Վալերան։ – Բացի այդ տեղական ձմերուկ և անգամ սեխ է վաճառվում, չնայած թանկ է»։
Սակայն սա էլ օրվա վերջին հանդիպումը չէր։ Տան ճանապարհին ուշադրություն գրավեց ժողովրդական երաժշտության բարձր ձայնը։ Պարզվեց՝ թատրոնի կողքին Մարիամն ազգային պարերի դաս է վարում։ Մոտ 30 մարդ՝ մեծեր ու երեխաներ, Մարիամի ղեկավարությամբ շարժումներն էին սովորում։ Երբ դասն ավարտվեց, և արդեն մթնում էր, ոմանք չէին շտապում հեռանալ և շարունակում էին պարապել։
Մարիամը դա համարում է ոչ թե պարզապես դաս, այլ պարային թերապիա։ «Մենք սթրեսային վիճակում ենք, իսկ պարը մեզ համար լավագույն թերապիան է, որովհետև պարը մեր արյան մեջ է, այն գաղափար և իմաստ է կրում։ Պատերազմից հետո Արցախ վերադառնալով, կորցնելով տունս ու քաղաքս՝ Շուշին, սկզբում ես վատ էի, ինձ անվտանգ չէի զգում, և հենց պարը ինձ հանեց այդ վիճակից։ Եթե ես չվերադառնայի պարերի պարապմունքներին, միգուցե հեռանայի Արցախից։ Սակայն ես պարերի օգնությամբ հաղթահարեցի ամեն ինչ և հիմա օգնում եմ մյուսներին։ Գլխավորն այն է, որ ես տեսնում եմ արդյունքները։ Մեզ կարող է միանալ ցանկացած մարդ։ Երևանում նման բան կա Կասկադում։ Իսկ այժմ կա նաև մեզ մոտ»։
Շրջափակման ևս մի կանոն. Հետևել հեռախոսի լիցքավորված լինելուն, որպեսզի լապտերիկի համար հերիքի, և հոսանքի հերթական անջատման ժամանակ, մթության մեջ հեշտությամբ տուն հասնես։
Իսկ հետո, ինչպես ամպրոպը պայծառ երկնքում, ճայթեց լուրը, թե գազը միացրել են։ Ինչ-որ մեկը հավատաց, ուրախացավ, սակայն մեծամասնությունը չէր կասկածում, որ դա կարճատև է լինելու։ Եվ ճիշտ դուրս եկավ։ Կես օր էլ չանցավ, և գազը նորից անջատեցին։ Եվ սա նույնպես կայունության մասին է խոսում, համբերանքի և սպասման ռեժիմի դեղին լույսի մասին։
Ժենյա ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
Ֆրիլանսեր լրագրող
Ստեփանակերտ