Սույն տարվա առաջին կեսն Ադրբեջանում անցել է բազմաթիվ ձերբակալությունների և իրավիճակի սրացման հանգեցրած լուրջ խնդիրների նշանի ներքո։ Այդ խնդիրներից որոշները սերտորեն կապված են արտաքին գործոնի, բայց մեծամասնությունը՝ ներքին սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրների հետ։
Նախ՝ իշխող ռեժիմը շարունակել է իր քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարը։ Աշխարհիկ ընդդիմության ջախջախումից հետո իշխանությունները վերջին տարիներին հարձակում են ծավալել երկրի հավատացյալների դեմ։ Փուլ առ փուլ ջախջախվել են սալաֆիթներն ու այլ սունիները, որից հետո իշխանությունները սկսել են զբաղվել շիաներով։ Այստեղ հիմնական հարված է ստացել շատ խարիզմատիկ և մեծ ժողովրդականություն վայելող երիտասարդ աստվածաբան և քարոզիչ Թալեհ Բաղիրզադեի ղեկավարած «Մահմեդական միասնություն» շարժումը։ Բաղիրզադեն խստորեն քննադատում էր իշխանությանը մարդու իրավունքների ոտնահարման և կոռուպցիայի համար։ Այդ քննադատությանն ի պատասխան՝ Թալեհ Բաղիրզադեն ձերբակալվել է 2015 թ․, իսկ 2017 թ․ դատապարտվել է 20-ամյա ազատազրկման։
Իշխանությունները շիաների դեմ իրենց ռեպրեսիվ քաղաքականությունն արդարացնում էին Իրանի հետ նրանց ունեցած կապերով։ Ըստ էության՝ վերջին տարիների շիաներն ադրբեջանա-իրանական հարաբերությունների պատանդ են դարձել․ դրանցում ծագող յուրաքանչյուր նոր սրացում շիաների նոր ձերբակալությունների պատճառ էր դառնում։
2023 թ․ հունվարի 27-ին Իրանի մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով մի աշխատակիցը զոհվել է, իսկ երկուսը՝ վիրավորվել։ Հարձակմանն ի պատասխան Ադրբեջանը դադարեցրել է դեսպանատան գործունեությունը և անգամ ողջ անձնակազմի տարհանում է իրականացրել։ Իսկ երկրի ներսում հավատացյալ շիաների դեմ նոր լայնածավալ արշավ է մեկնարկել․ հունվարի վերջերին և փետրվարի սկզբներին ձերբակալվել է «Մահմեդական միասնության» 44 անդամ և այդ կազմակերպության հետ կապ չունեցող ևս 20 շիա։ Բայց սա սոսկ սկիզբն էր։ Մարտ և ապրիլ ամիսներին սկսվել է ձերբակալությունների նոր և առավել զանգվածային արշավ։ Հավատացյալ շիաների դեմ համատարած որս է սկսվել։ Ձերբակալությունները տեղի էին ունենում համարյա ամեն օր։ Այս հետապնդումների ծավալի մասին վկայում են հետևյալ թվերը․ 2023 թ․ փետրվարի 27-ին «Հանուն քաղբանտարկյալների ազատության» իրավապաշտպան միությունը քաղբանտարկյալների հերթական ցուցակն է հրապարակել, որը պարունակում էր 93 անուն։ 20 օր անց իրավապաշտպանները քաղբանտարկյալների նոր ցուցակ են հրապարակել, որում արդեն երկու անգամ ավելի շատ՝ 182 անուն էր նշված։ Քաղբանտարկյալների թվի կտրուկ աճը տեղի է ունեցել հավատացյալ շիաների հաշվին, որոնք նոր ցուցակում 120 էին կամ ձերբակալված և դատապարտված հավատացյալների 66 տոկոսը։ Ընդ որում, իրավապաշտպանների տրամադրության տակ այն պահին կար ձերբակալված հավատացյալների համեմատաբար փոքր թվի մասին տեղեկատվություն։ Հունվարի 27-ից ապրիլի 19-ն ընկած ժամանակահատվածում ձերբակալված ավելի քան 370 հոգու զգալի մասը մայրաքաղաքից դուրս էր ապրում, և իրավապաշտպաններին այդ պահին չի հաջողվել նրանց մասին հանգամանալից տեղեկություններ ստանալ։
Սակայն հավատացյալների ձերբակալությունները դրանով չեն ավարտվել։ Մայիսին շիա հավատացյալների դեմ բռնաճնշումների ևս մի ալիք է սկսվել․ հունիսի վերջերին և հուլիսի սկզբներին հայտնի է դարձել շիա հավատացյալների դեմ ձերբակալություններով ու բռնություններով ուղեկցվող նոր արշավի մասին։ Իրավապաշտպանների տվյալներով՝ 2023 թ․ հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 450-500 հավատացյալ շիա։
Հետաքրքիր է նշել, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում և հեռուստաալիքներում ձերբակալված շիաներին պաթոսով անվանում են «Իրանի գործակալներ», իսկ Ադրբեջանում և արտերկրում շատերն այդ մեղադրանքին հավատում են։ Մինչդեռ ադրբեջանցի իրավապաշտպաններն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ ձերբակալությունները կատարում է ոչ թե երկրի Պետական անվտանգության ծառայությունը, այլ ոստիկանությունը։ Ընդ որում, ձերբակալվածներից ոչ մեկին դատավարության ժամանակ պետական դավաճանության մեղադրանք չի առաջադրվել։ Նրանք բոլորը ձերբակալվել են ․․․ թմրանյութեր վաճառելու կամ օգտագործելու մեղադրանքով։ Այսինքն, հրապարակայնորեն լրտեսության մեջ մեղադրվող մարդիկ դատվում են որպես թմրամոլ կամ թմրանյութ վաճառող։
Ադրբեջանում և արտերկրում ուշադրության արժանացած և արձագանք հարուցած մյուս իրադարձությունը տեղի է ունեցել երկրի արևմուտքում՝ Գետաբեկի շրջանում։ Հունիսի 20-ին Սոյուդլու գյուղում սկսվել է տեղի բնակիչների բողոքն ընդդեմ ոսկի հանքարդյունաբերող «Anglo Asian Mining PLC» ընկերության, որը մտադիր էր արոտավայրային հողերում թթվային պարունակությամբ ջրերի համար երկրորդ պոչամբար կառուցել։ Իրավիճակի նրբագրգիռ հանգամանքն այն չէր, որ Լոնդոնում գրանցված այս ընկերությունն իրավունք ունի շահագործել Լեռնային Ղարաբաղը ներառյալ՝ ողջ Ադրբեջանում գտնվող ոսկու, արծաթի և պղնձի բոլոր հանքերը, այլ այն, որ դրա իրական սեփականատերն Ալիևների իշխող ընտանիքն է։ Դեռևս 2012 թ․ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության միջազգային կենտրոնը (OCCRP) մի զեկույց է հրատարակել, որում մանրամասնորեն ներկայացրել է, որ Ադրբեջանում ոսկու, արծաթի և պղնձի բոլոր հանքերի հետևում կանգնած են նախագահ Ալիևի երկու դուստրերը՝ Արզու և Լեյլա Ալիևները։ Այդ իսկ պատճառով բողոքի գործողության մասին լուր ստանալու պես իշխանությունները գյուղացիների դեմ ավանդական բռնաճնշումներ են կիրառել՝ նրանց դաժանաբար ծեծել են, տարեց կանանց դեմ արցունքաբեր գազ են օգտագործել։ 6 հոգի 20 օրով ձերբակալվել են։ Սակայն, ի հեճուկս ոստիկանական վայրագությունների, գյուղացիները չեն ահաբեկվել , և հաջորդ իսկ օրը շարունակել են բողոքի ցույցերը՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։ Սակայն իշխանությունների համար այս ամենի մեջ ամենատհաճն այն էր, որ նրանք հաշվի չեն առել, որ այժմ 21-րդ դարն է․ գյուղացիների բողոքն ու նրանց դեմ ոստիկանության վայրագ գործողությունները հեռախոսներով տեսանկարահանվել ու սոցիալական ցանցերում ազատ մատչելիության մեջ են հայտնվել։ Դա հասարակության մեջ մեծ զայրույթ է առաջացրել, իսկ բողոքին մասնակցած և գլխավոր դերում հանդես եկած կանայք իրավապահ մարմինների ապօրինությունների դեմ պայքարի խորհրդանիշ են դարձել։
Իշխանությունները սկզբում ավանդաբար փորձել են բողոքի դուրս եկած քաղաքացիների մասին սուտ տեղեկություններ տարածել և անգամ նրանց ակտիվությունը շահագրգիռ արտաքին ազդեցությամբ բացատրել։ Արգելափակվել է նաև գյուղ տանող ճանապարհը։ Բայց սա միմիայն մեծացրել է հասարակական դժգոհության ալիքը։ Իշխանությունները հարկադրված են եղել փոխելու վարքագիծը․ նախ՝ աշխատանքները դադարեցվել են, ստեղծվել է իրավիճակն ուսումնասիրող հանձնաժողով, իսկ ՆԳՆ ղեկավարությունը խոստովանել է, որ տեղում գործած ոստիկանները «զգացմունքներին են տրվել»՝ խոստանալով ներքին հետաքննություն իրականացնել։ Սակայն գյուղացիները չէին հանձնվում, իսկ հասարակության մեջ իշխանությունների դեմ քննադատությունն աճում էր։ Այս ամենն Իլհամ Ալիևին հարկադրել է անձամբ խոսել․ նա թեթևակիորեն քննադատել է Բնապահպանության և բնական պաշարների նախարարության «անփութությունը», կառավարությանը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը և հաշվի առնել «Anglo Asian Mining PLC» ընկերության գործունեության հետ կապված բոլոր բացասական հանգամանքները։ Միաժամանակ, Իլհամ Ալիևը հերթական անգամ պաշտպանել է իր բռնարար ռեժիմի հենասյուն ոստիկաններին և տեղի ունեցածի մեջ անորոշ «սադրիչների» մեղադրել, նշելով, որ նրանց մի մասն Ադրբեջանում, իսկ մյուս մասն արտերկրում է թաքնվում։ Նա ասել է, որ Ադրբեջանում գտնվածներն արդեն բացահայտված են, իսկ նրանցից ոմանք արդեն իսկ՝ պատասխանատվության ենթարկված։ Նա խոստացել է պատասխանատվության ենթարկել նաև դրսում գտնվողներին և ասել․ «Թող ոչ ոք չմտածի, որ մենք դրա մասին մոռացել ենք»։
Այսուհանդերձ, Սոյուդլուում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, իսկ բնակիչները սպասում են իշխանությունների տված խոստումների կատարմանն ու բոլոր ձերբակալվածների ազատ արձակմանը։
Երկրի հասարակական կարծիքը հուզած մյուս իրադարձությունը՝ «Ժողովրդավարություն և բարօրություն» կուսակցության ղեկավար և հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի ձերբակալությունն էր հուլիսի 23-ին։ Ընդ որում, իրավապահ մարմինները սկզբնապես տեղեկություն են տարածել, թե ձերբակալության պատճառը Թուրքիայից եկած հայցն էր, որտեղ մի օր առաջ կատարվել է ԱՄՆ-ում բնակվող կրոնական քարոզիչ և Էրդողանի հակառակորդ Գյուլենի չորս կողմնակիցների ձերբակալություն։ Ձերբակալվածներից մեկն իբր Գուբադ Իբադօղլուի անունն է տվել։ Սակայն, այնուհետև, իշխանությունները հայտարարել են, որ կուսակցության գրասենյակի խուզարկման ժամանակ հայտնաբերվել է 40 հազար դոլար, որի հիման վրա տնտեսագիտության պրոֆեսորին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված հանցավոր խմբի կազմում կեղծ տարադրամ պատրաստելու և վաճառելու հոդվածով։ Հուլիսի 24-ին դատարանը Գուբադ Իբադօղլուին կալանավորել է 4 ամիս ժամկետով։
Մինչդեռ ձերբակալության իրական պատճառն այն էր, որ հունիսին Իբադօղլուն ընդդիմադիր Ազգային խորհրդի ղեկավար, պրոֆեսոր Ջամիլ Հասանլիի և քաղաքական պատճառնեով արտագաղթած ու Եվրոպայում բնակվող վտարանդի դիվանագետ Արիֆ Մամեդովի հետ ստեղծել են Լոնդոնում գրանցված «Ադրբեջանցի երիտասարդության կրթության հիմնադրամ»։ Իսկ ամենագլխավորն այն է, որ Իբադօղլուն հանդես է եկել Ադրբեջանի պաշտոնատար անձանց և առաջնահերթորեն Իլհամ Ալիևի արտերկրում ունեցած սեփականությունը բռնագրավելու և այդ միջոցները իրենց ստեղծած հիմնադրամին ուղղելու նախաձեռնությամբ։ Այս առաջարկը Բաքվում մեծ զայրույթ է առաջացրել, և հենց Լոնդոնից վերադարձող Իբադօղլուն Բաքվում վայրէջք է կատարել, նա տեղում իսկ ձերբակալվել է, ընդ որում՝ ձերբակալությունն ընդգծված կոշտ բնույթ է կրել, որի պատճառով գործողության ժամանակ տուժել է նաև նրա կինը։ Անգամ ձերբակալությունից օրեր անց Իբադօղլուի առողջական վիճակի մասին ոչ մի տեղեկություն չկա, իսկ փաստաբաններին չի թույլատրվում տեսակցել նրան։
Այս ձերբակալությունը և Իբադօղլուի դեմ հարուցված անհեթեթ մեղադրանքները հասարակության մեջ դժգոհության մեծ ալիք են բարձրացրել։ Սոցիալական ցանցերում «Ազատություն Գուբադ Իբադօղլուին» կարգախոսով արշավ է սկսվել։ Համաշխարհային հռչակ ունեցող գիտնականի ձերբակալությունն արտասահմանում ևս արձագանք է հարուցել։ Եվրամիությունը պահանջել է Իբադօղլուին ազատ արձակել։ Դրան հաջորդել է Ադրբեջանում Գերմանիայի, Միացյալ թագավորության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների համատեղ հայտարարությունը, որում նրանք ևս պահանջել են ազատ արձակել Իբադօղլուին։
Արիֆ ՅՈՒՆՈՒՍՈՎ
Քաղաքագետ
Ադրբեջան/Նիդեռլանդներ