Ներածություն
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ռազմավարական համատեքստը և միջավայրը 2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմից հետո բարդ են մնում։ Հաղթանակած ռուս-թուրքական դաշինքն անցած ժամանակաշրջանում ձգտում էր հիբրիդային պատերազմի մեթոդներով հասնել Հայաստանի իշխանությունների այնպիսի քայլերի, որոնք կհանգեցնեն հայ ժողովրդի պետական ինքնիշխանության վերացմանը։
Ռուսաստանը և Թուրքիան, որոնց արբանյակն է դարձել Ադրբեջանը, լայնորեն օգտագործում են անկանոն ռազմական գործողությունները՝ կարճատև զինված բախումների, դիվերսիաների, քաղաքացիական բնակչության գնդակոծությունների տեսքով, որոնք հանգեցնում են զոհերի և Արցախում ու Սյունիքում տարածքային կորուստների։ Արդեն ավելի քան 200 օր շրջափակված է Արցախը՝ չնայած միջազգային հանրության պահանջներին։
Հայաստանի վրա աճող ճնշումների պայմաններում ուժի մի շարք կենտրոններ, առաջին հերթին` արևմտյան երկրները, քայլեր են ձեռնարկում կանխելու Հարավային Կովկասը Ռուսաստանի և Թուրքիայի միջև բաժանելու ավարտը և տարածաշրջանից ուժի այլ կենտրոնների դուրս մղումը։ Տարածաշրջանի զարգացման պայմանական «եվրասիական» հետագծից բացի, որի ակտիվ փուլը սկսվել է 2020 թվականին, Արևմուտքը ձգտում է առաջարկել այլընտրանք, որը պայմանականորեն կարելի է անվանել «արևմտյան»։ Եթե «եվրասիական» հետագծի շրջանակներում Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանի խնդիրները համարում են ռազմական ճանապարհով լուծված, ապա «արևմտյանի» շրջանակներում քայլեր են ձեռնարկվում՝ վերադարձնելու խնդիրների լուծման դիվանագիտական և քաղաքական մեթոդները, օրինակ՝ վերականգնելու արցախյան հիմնախնդրի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ձևաչափը։
Հայ ժողովրդի և մեր պետականության շահերն, անշուշտ, պահանջում են զարգացման արևմտյան հետագծի ընտրություն, սակայն Հայաստանի Հանրապետության իշխանությունները մնում են Ռուսաստանի ազդեցության գոտում։ Այսօրվա դրությամբ Երևանի իշխանությունները փորձում են մանևրել երկու այլընտրանքների միջև՝ խուսափելով Հայաստանի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց և մնալով ռուսամետ։
Արցախի իշխանությունները ներկայումս վարում են բացառապես Ռուսաստանի շահերը ներկայացնող քաղաքականություն, ինչը թույլ է տալիս խոսել նրանց հակահայ բնույթի մասին։ Երբ և ինչպես ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունները փոխվեցին կոլաբորացիոնիստականի՝ պետք է պարզի դատական քննությունը:
Արցախի պաշտպանության կառուցակարգը
Որակապես փոփոխված ռազմավարական համատեքստը պահանջում է Արցախի պաշտպանական կառուցակարգի մշակում։ Ընդսմին, պետք է հասկանալի լինի, որ նոր կառուցակարգը, ըստ էության, լինելու է անցումային և պետք է օգնի լուծելու արցախահայության ֆիզիկական գոյատևման ու պետականության պահպանման խնդիրը։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը ստիպում է արցախահայությանն ու հայ ժողովրդին կենտրոնանալու գոյաբանական ռազմական սպառնալիքներին արձագանքելու վրա, իսկ մնացած բոլոր խնդիրներն ու սպառնալիքները պետք է համարվեն երկրորդական։ Կառուցակարգի մշակումը ժամանակ է պահանջում, բայց կարելի է վստահորեն խոսել դրա՝ ստորև բերվող բաղադրիչների մասին։
Արցախահայության ճակատագրի դիտարկումը Մեծ եղեռնի և Հայոց հարցի տեսանկյունից։ Արցախի իշխանությունների աղետալի քաղաքականությունը կրկին հանգեցրել է արցախահայության ֆիզիկական ոչնչացման գոյաբանական ռազմական սպառնալիքի, որը հաղթահարվել էր 1991-94 թվականների արցախյան առաջին պատերազմի արդյունքում։ Վերջին ժամանակներս հայ ժողովուրդը սկսել է գիտակցել այս իրողությունը, և քայլեր են ձեռնարկվում սպառնալիքին դիմակայելու համար։ Իրավիճակը բարդանում է Ստեփանակերտի իշխանությունների գործողություններով, որոնք դժվարացնում են արցախահայությանը հայ ժողովրդի և միջազգային հանրության կողմից օգնության ցուցաբերումը։
Ձևավորված պայմաններում անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ միջազգային կառույցներին ու ուժային կենտրոններին փոխանցելու Ռուսաստանի և Թուրքիայի մտադրությունը՝ շարունակելու Մեծ եղեռնը Արցախում։ Երբ արցախյան խնդիրը վերադառնում է Հայկական հարցի համատեքստ, ապա այն Մեծ եղեռնի տեսանկյունով դիտարկելը անխուսափելիորեն պահանջում է անցում կազմակերպողների ցեղասպան քաղաքականության եզրաբանությանն ու տրամաբանությանը։
Արցախի պետականության պահպանում։ Արցախահայությունը պարտավոր է պահպանել դե ֆակտո գոյություն ունեցող պետությունը՝ Արցախի Հանրապետությունը, որի շրջանակներում իրացրել է ինքնորոշման իր իրավունքը։ Արցախահայությունը պետք է վերականգնի բանակցային սեղանի շուրջ վերադառնալու իր իրավունքը՝ պաշտպանելու համար ազգային շահերը և հիմնական իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ կյանքի, ինքնապաշտպանության, ժողովրդավարական հասարակություն կառուցելու և այլ իրավունքներ։
Արցախի չճանաչված լինելը նրան չի զրկում ցեղասպանության սպառնալիքից պաշտպանվելու և ցեղասպան պետությունից հանուն փրկության անջատվելու իրավունքից։ Արցախը նաև իրավունք ունի օգնություն պահանջելու միջազգային կազմակերպություններից և ուժային կենտրոններից՝ գոյաբանական ռազմական սպառնալիքներին դիմակայելու համար։ Այդպիսի քաղաքականության և ռազմավարության տարր է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև 1995 թվականին ընդհատված երկկողմ հաղորդակցության վերականգնումը՝ միջազգային կազմակերպությունների, ուժային կենտրոնների կամ չեզոք երկրների միջնորդությամբ։
Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև վստահության վերականգնում։ Մինչև արցախյան երկրորդ պատերազմը հայկական երկու պետությունների քաղաքականությունն ու ռազմավարությունը արցախյան կարգավորման հարցում ոչ թե պարզապես համահունչ էին, այլև՝ միասնական։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնած ու ակտիվորեն աջակցվող ապակառուցողական գործընթացները հանգեցրել են Արցախի, Հայաստանի, հայկական պետականության և, ընդհանրապես, հայրենիքում հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ տարաձայնությունների, երբեմն էլ հակադիր տեսակետների։ Առաջացած խզումը պետք է հաղթահարի Հայաստանի Հանրապետության և Արցախի հայ հասարակությունը՝ հայ ժողովրդի պատմության, ներկայի և ապագայի ընդհանուր ըմբռնման վերականգնմամբ։
Արցախի բնակչությանն ինքնապաշտպանության նախապատրաստում։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի բարդությունը՝ Արցախի պաշտպանության կազմակերպումը բացառապես Պաշտպանության բանակի և իրավապահ կառույցների ուժերով անհնար է։ Արցախում տարածքային պաշտպանության համակարգի ներդրման և բնակչության հնարավորինս լայն խավերին ռազմական գործողություններին նախապատրաստելու հրատապ կարիք կա։
Արցախի պաշտպանական համակարգը պետք է իր էությամբ դառնա համապարփակ, ինչը կպահանջի արմատական փոփոխություններ։ Առաջին հերթին պետք է փոխվի պաշտպանության կազմակերպումը Արցախի բնակավայրերում, որոնք պետք է վերածվեն հենակետերի։ Դա կպահանջի Արցախի տարածքի օպերատիվ կահավորման մեծ ծավալի ինժեներական աշխատանքներ և այլ միջոցառումներ՝ ողջ հասարակության ներգրավվածությամբ։
Չափազանց կարևոր են բնակչությանը զինումը թեթև հրազենով և կրակային ու մարտավարական պատրաստության բազային դասընթացի կազմակերպումը, որոնցում մեծ դեր պետք է ունենան ռազմահայրենասիրական կազմակերպությունները։
Կառուցակարգի զարգացման ճանապարհային քարտեզը
Կառուցակարգի զարգացումը պահանջում է ճանապարհային քարտեզի մշակում։ Այն իր մեջ ներառում է մի շարք փուլեր, որոնցից ամենակարևորը նախագահական և խորհրդարանական ընտրություններն են։ Դրանք թույլ կտան կոլաբորացիոնիստական ռեժիմին հեռացնել իշխանությունից: Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ներկայությամբ ընտրությունների անցկացումը բարդ խնդիր է։ Նման պայմաններում մեծ նշանակություն ունի պետական մարմինների ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար միջազգային հանրության՝ ի դեմս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ կազմակերպությունների, երաշխիքների տրամադրումը։
Ճանապարհային քարտեզի մյուս փուլն Արցախում ռուսական զորախմբի փոխարինումն է միջազգային խաղաղապահ ուժերով և միջազգային այնպիսի մեխանիզմների մշակումը, որոնք կերաշխավորեն արցախցիների տեղաշարժվելու և արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքը։ Այս փուլի իրականացումը, անշուշտ, կհանդիպի Ռուսաստանի և Թուրքիայի ուժեղ դիմադրությանը։
Կարևոր փուլ է նաև Արցախը միջազգային հանրություն և նրա քաղաքական, մշակութային, հումանիտար տարածք վերադարձնելու պայմանների ստեղծումը։ Վերադարձը պետք է տեղի ունենա նախքան երկրի միջազգային կարգավիճակի որոշումը։
Անհրաժեշտ է գիտակցել, որ խոսքը ոչ թե վերոհիշյալ հաջորդականության փուլերով «հետևողական ճանապարհային քարտեզի» մասին է, այլ երկու հայկական պետությունների, հայ ժողովրդի և նրա դաշնակիցների մասնակցությամբ կառուցակարգը զարգացնելու համակարգված քաղաքականության։ Ճանապարհային քարտեզի փուլերի իրականացման հաջորդականությունը մեծապես կախված կլինի Հարավային Կովկասում ձևավորվող ռազմավարական համատեքստից, միջազգային անվտանգության միջավայրից, Ռուսաստանում ծավալվող ճգնաժամից և ուկրաինական պատերազմի ընթացքից։
Սակայն, ամեն դեպքում, միայն անվտանգության կառուցակարգի զարգացման միջոցով հայ ժողովուրդը կկարողանա պաշտպանել արցախահայությանը և Արցախը՝ որպես հայ ժողովրդի պետական ինքնիշխանության անքակտելի բաղկացուցիչ։
Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Երևան