Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ստեղծված իրավիճակը՝ Լաչինի միջանցքի շրջափակման և այնտեղով անարգել երթևեկությունն ապահովելու՝ պաշտոնական Բաքվի համառ չկամության համապատկերում, դառնում է միջազգային օրակարգի հարց և, բնականաբար, շտապ ձեռնարկվելիք միջոցներ է պահանջում։ Ակնհայտ է, որ առանց Ստեփանակերտի և Բաքվի միջև՝ միջազգային հովանու ներքո երկխոսության դժվար թե հարցն իր լուծումը գտնի այն իրադարձությունների համապատկերում, որոնք կատարվում են աշխարհում, և միջազգային հաստատությունների փաստացի փլուզման ու անգործունակության պայմաններում։
Ակնհայտ է նաև, որ ազդեցիկ միջազգային սուբյեկտներից ոչ ոք մտադրություն չի հայտնում միակողմանի միջոցներ ձեռնարկելու մասին, քանի դեռ կողմերը՝ Ստեփանակերտը և Բաքուն, ինչպես նաև պաշտոնական Երևանը չեն գործի կառուցողական տրամաբանությամբ՝ դրական արդյունքների միտված։
Թե ինչ քայլերի կգնան Ստեփանակերտն ու Բաքուն՝ մեծապես կախված է լինելու նաև ներքաղաքական իրավիճակից՝ ինչպես Արցախում, այնպես էլ Ադրբեջանում, ուստի այս հարցն առանձին դիտարկման կարիք ունի։
Արցախյան ներքին իրավիճակը բնորոշող առաջին հանգամանքն այն ամենն է, ինչ կապված է հումանիտար սուր ճգնաժամի հետ, որը ստվերում է քաղաքական մտքի ոչ նվազ ճգնաժամը, ինչը դրսևորվում է նրանով, որ կարծրատիպային կարգախոսներով պաթետիկ ելույթներն անհուսորեն կտրվել են իրականությունից և չեն սպասարկում արցախյան հանրության իրական քաղաքական շահերը։ Եվ սա լավագույն միջավայրը չէ արցախահայության քաղաքական իրավունքների ու անվտանգության օրակարգի առաջմղման համար։
Ներքին իրավիճակը որակապես ավելի վատ է Ադրբեջանում, որտեղ արմատակալած կոռումպացված ավտորիտարիզմը սնուցվում է հայատյացությամբ, որն էլ դարձել է ալիևյան վարչակարգի հիմքն ու լեգիտիմության աղբյուրը երկրի ներսում։
Մենք առանձնակի չենք դիտարկել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, քանի որ 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության արդյունքներով Արցախի ներքին իրավիճակի վրա նրա անմիջական ազդեցությունը կտրուկ նվազել է, իսկ Արցախի հայերի անվտանգության և քաղաքական իրավունքների հարցն ավելի շատ գլխավոր շահառուի իրավասության տակ է, իսկ դա պաշտոնական Ստեփանակերտն է։
Ահա թե ինչու մեր հերթական թողարկումը նվիրել ենք Արցախում և Ադրբեջանում ներքին թրենդների վերլուծությանը, եզրակացությունները թողնելով մեր ընթերցողներին. թե ինչ կարելի է անել, որպեսզի հօդս չցնդեն տարածաշրջանում երկարատև և համընդգրկուն խաղաղության հույսերը։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն