Ժամանակին Ստոլտենբերգը զգուշացրել է Մոսկվային
ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովն ավարտվել է, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն արդեն ժամանել է Հելսինկի, որտեղ բացվում է ԱՄՆ-Հյուսիսային Եվրոպա գագաթնաժողովը:
Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի նոր անդամն է, և տեսանելի ապագայում դաշինքին կմիանա սկանդինավյան մյուս հարևանը՝ Շվեդիան:
Դրա մասին է ժամանակին Կրեմլին զգուշացրել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, երբ ի պատասխան Ուկրաինայի վրա հարձակման, անցյալ տարվա փետրվարին ասել է. – «Գրոհը սկսել եք, որ կանխե՞ք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միացումը, բայց դրա հետևանքով ՆԱՏՕ-ի ավելի հզոր ներկայություն կլինի ձեր սահմաններին: Ավելի շատ ՆԱՏՕ կտեսնեք»:
Օտարի հողին տիրանալու Պուտինի մոլուցքը
ԱՄՆ նախագահն էլ Վիլնյուսում ասել է, թե Ուկրաինայի վրա հարձակվելիս, Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը համոզված էր, որ ՆԱՏՕ-ն կզիջի, կպառակտվի։
«Երբ օտարի հողին տիրանալու և իշխելու մոլուցքով առաջնորդվող Պուտինը սանձազերծեց իր դաժան պատերազմը, նա կարծում էր, թե մեր միասնությունը կփշրվի առաջին իսկ փորձության ժամանակ: Բայց նա սխալ էր մտածում: Ուկրաինայի հանդեպ մեր հանձնառությունը չի թուլանա: Մենք պաշտպանելու ենք ազատությունն այսօր, վաղը և այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», – Վիլնյուսում հայտարարել է Բայդենը :
Այսպիսով, Լիտվայի մայրաքաղաքում գումարված ՆԱՏՕ-ի գագաաթնաժողովի անմիջական արդյունքն ունի մի քանի բաղադրիչներ:
Ուկրաինան պատերազմի ընթացքում չի անդամակցի դաշինքին, բայց ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ այդ երկրի ապագան դաշինքում է: Ուկրաինան ռազմական ահռելի օգնություն և Մեծ յոթնյակի կողմից անվտանգության երաշխիքներ կստանա: Շվեդիայի առաջ կբացվեն դաշինքի դռները: Եվ վերջապես առանցքային եզրահանգումը՝ այսօր գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է:
Ռուսները վստահեցնում են, որ կպաշտպանեն իրենց շահերը
Մոսկվայի արձագանքը կանխատեսելի էր: Այն ներկայացրել է արտաքին գերատեսչության ղեկավարը:
«Հելսինկին և Ստոկհոլմն արդեն ԱՄՆ-ի հետ քննարկում են Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի տեղակայումը: Հավատացնում եմ, որ Ռուսաստանի օրինական շահերը կպաշտպանվեն, մենք գիտենք, թե ինչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել», – ասել է նախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանից բացի ուշադրության կենտրոնում Չինաստանն է
Թեպետ ՆԱՏՕ-ն Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միություն է, գործնականում այն ունի աշխարհագրորեն շատ ավելի ընդարձակ քաղաքական և ռազմական նշանակություն:
Պատահական չէ, որ վիլնյուսյան գագաթնաժողովին ներկա են եղել Ավստրալիայի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի և Հարավային Կորեայի ղեկավարները:
Այդ տարածաշրջանի պետությունների համար կարևոր են ՆԱՏՕ-ի հարաբերությունները քաղաքական, տնտեսական և ռազմական հսկա Չինաստանի հետ:
ՆԱՏՕ-ն ամփոփիչ հռչակագրում մտահոգիչ է անվանել Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական գործընկերության ընդարձակումը և Չինաստանի միջուկային զինանոցի զարգացումը: ՆԱՏՕ-ն Չինաստանի հավակնությունները համարում է մարտահրավեր իր շահերին, անվտանգությանը և արժեքներին:
ՆԱՏՕ-ն մտադիր է ավելի ակտիվ աշխատել Եվրամիության հետ Կիևին սատարելու և Պեկինի գործողություններին դիմագրավելու հարցում:
ՆԱՏՕ-ն 2024 թվականին լիագումար գագաթնաժողով կանցկացնի Վաշինգտոնում, իսկ 2025 թվականի հավաքը տեղի կունենա Նիդերլանդներում:
ՆԱՏՕ-ն Ժնևում կբացի գրասենյակ, որը պետք է համագործակցի այնտեղ գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի հետ:
ՆԱՏՕ-ն մտադիր է նպաստել անդամ և գործընկեր պետությունների հետախուզական ծառայությունների համագործակցությանը: