1853-56 թվականների Ղրիմյան պատերազմում անգլո-ֆրանսա-օսմանական կոալիցիայից կրած պարտությունից հետո ռուսաստանյան կայսրության կանցլեր Ալեքսանդր Գորչակովն իր ճեպագրերից մեկում՝ ուղղված Պետերբուրգում հավատարմագրված դեսպանատներին, ի պատասխան իր երկրի վարած քաղաքականության արտասահմանյան հակասական մեկնաբանությունների, գրել է. «Ռուսաստանը բարկացած չէ, Ռուսաստանը կենտրոնանում է»։
Գորչակովին պատեհ-անպատեհ հաճախ են հիշում և հիշատակում կայսրապետական, ավելի ստույգ՝ նորակայսրապետական գաղափարների («ռուսական աշխարհի», «մեկ ընդհանուր ժողովրդի», «ընդհանուր պատմության», «Մեծ հայրենականի արժեքների» և այլնի) ներկայիս կրողները, նրա անունն է կրում մի հիմնադրամ, որի հովանու ներքո նրանք հաճախ ժողովում են իրենց կողմնակիցներին։ Սակայն 2023 թվականի վիլնյուսյան պատմական գագաթնաժողովը, որը պատասխան է 2021 թվականի դեկտեմբերին Արևմուտքի դեմ ռուսաստանյան դեմարշին, և այդ պատասխանը մոտավորապես հետևյալն է՝ «հավաքեք ձեր իրերը և հեռացեք 1991 թ. գծից անդին», իշխան Գորչակովին կստիպի «շուռ գալ գերեզմանում»։
Այն ժամանակ՝ 2021 թ. դեկտեմբերին, Ուկրաինա ներխուժումից երկու ամիս առաջ, գորչակովյան այդ ասույթը մեջբերել է Ռուսաստանի նախագահն ինքը։ Թե ինչ ասել է «կենտրոնացում՝ Պուտինի հանգույն», Ուկրաինան և աշխարհը տեսան 2022 թ. փետրվարի 24-ին։ Ու պարզ դարձավ, որ աշխարհակարգը փլուզվել է, և որ հարկ է ձևավորել նորը, ինչն անհնար է առանց ուժերի իրական կենտրոնացման ու թույլ տված բոլոր սխալների ու պատրանքների («պատմության ավարտի», «ռուսական ժողովրդավարության» ու «չկայսրության» մասին) «փլատակների մաքրման»։
Հիմա արդեն Արևմուտքն է կենտրոնանում. Պուտինը հարձակվել է Ուկրաինայի վրա, «որպեսզի թույլ չտա ՆԱՏՕ-ի ընդլայնումը», բայց ՆԱՏՕ է ստացել հյուսիսային սահմաններին, Բալթիկայում, որտեղ նույն այդ ՆԱՏՕ-ն «զմռսել է» ռուսական Բալթիական նավատորմը և փակել է դեպի Եվրոպա այն պատուհանը, որը դեռևս Պետրոս Առաջինն էր բացել…Եվ սա հետահայաց էքսկուրսիա չէ պատմության սիրահարների համար, այլ կոնկրետ երկրի իրողություն, երկիր, որի նկատմամբ «դաշնակցային պարտավորությունները» իներցիայով շարունակում են կապկպել Հայաստանը։
Սա՝ ընդհանուր գծերով։ Իսկ Վիլնյուսյան գագաթնաժողովի ու Հայաստանի շահերի հետ դրա առնչության մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր հերթական թողարկման նյութերում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն