Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի այս տարվա գագաթնաժողովը «պատմական պահ» է, քանզի ռազմական դաշինքը պատրաստվում է ընդլայնվել՝ միաժամանակ լուծելով ուկրաինական պատերազմին վերաբերող խնդիրները:
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրը դաշինքը համաձայնեց ողջունել ալյանսին Ուկրաինային անդամակցությունը, սակայն հրաժարվեց ուրվագծել որևէ ժամանակացույց:
«Որոշում է կայացվել հանել Անդամակցության գործողությունների ծրագրի պահանջը, ինչը, փաստացի, նշանակում է, որ անդամակցության համար անհրաժեշտ երկու քայլերի փոխարեն, այժմ [Ուկրաինայի համար] պարտադիր է մեկը: Նաև հստակեցրել ենք` հրավերը կտրամադրվի այն ժամանակ, երբ լինեն համապատասխան պայմաններ»:
Ստոլտենբերգի առաջարկը փոխզիջումային է։ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների որոշ ղեկավարներ, այդ թվում՝ նախագահ Բայդենը, չեն թաքցնում իրենց անհանգստությունն առ այն, որ դաշինքին Ուկրաինայի արագացված անդամակցությունը կհանգեցնի պատերազմի Ռուսաստանի հետ:
Մինչդեռ, մերձբալթյան երկրներում, այդ թվում՝ գագաթնաժողովը հյուրընկալող Լիտվայում, հակադիր մոտեցման են` Կիևի անդամակցությունը զսպող միջոց կլինի։
Ինչևէ, ՆԱՏՕ-ի բոլոր անդամներն իրենց աջակցություն են հայտնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, ով գագաթնաժողովի հյուրն էր։
«Շնորհակալ եմ մեր պաշտպանության հարցում ձեր օգնության, [ինչպես նաև] ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու հրավերի հարցում հստակ, ազնիվ և համարձակ դիրքորոշման համար»,- հայտարարել է Զելենսկին:
ՆԱՏՕ-ի առաջնորդները վերահաստատել են պաշտպանությանն իրենց երկրների ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը հատկացնելու հանձնառությունը` Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պայմաններում։
Ակնհայտորեն` Մոսկվայի ագրեսիան հարկադրել է որոշ երկրների միանալ դաշինքին՝ անդամ-պետությունների թիվը հասցնելով 32-ի։
«Սա պատմական պահ է՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցելու շնորհիվ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Շվեդիայի անդամակցությունը հնարավոր դարձավ, երբ դաշինքի անդամ Թուրքիան հրաժարվեց իր առարկություններից` մասամբ այն պատճառով, որ Վաշինգտոնը կանաչ լույս վառեց Անկարային «F-16»-երի վաճառքի հարցում, որոնք Անկարան երկար ժամանակ է փորձում էր գնել: Ի հավելումն, Շվեդիան համաձայնել է աջակցել Թուրքիային՝ Եվրամիությանն անդամակցելու հայտին։
«Կարծում եմ, եկել է ռազմավարական մեխանիզմի շրջանակներում պետությունների ղեկավարների մակարդակով խորհրդակցությունների ժամանակը, և այսօր` ՆԱՏՕ-ի շրջանակում այս հանդիպումը ես տեսնում եմ որպես դրա առաջին քայլ»,- հայտարարել է Էրդողանը:
Գագաթնաժողովն ավարտվում է չորեքշաբթի։ Նախագահ Բայդենը կմեկնի Հելսինկի՝ հանդիպելու սկանդինավյան երկրների ղեկավարներին:
Դրա հետ մեկտեղ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջին օրը G7 երկրների ղեկավարները և Ուկրաինայի նախագահը ստորագրել են Ուկրաինային ռազմական օգնության և անվտանգության երաշխիքների մասին հռչակագիրը, որը չորեքշաբթի օրը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:
Փաստաթղթի համաձայն՝ երաշխիքները նախատեսում են օգնություն Ուկրաինային ինքնապաշտպանության հարցում, ներառյալ զենքի մատակարարման, տեխնիկական և ֆինանսական աջակցության, ինչպես նաև նոր ագրեսիան զսպելու համար և Ռուսաստանին ագրեսիայի պատճառով պատասխանատվության ենթարկելու հարցում: G7-ի երկրները պարտավորվել են ապահովել Ուկրաինայի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում և անհապաղ արձագանքել Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիայի պարագայում, եթե դա տեղի ունենա ապագայում, այսինքն՝ ներկայիս պատերազմի ավարտից հետո։
Նախագահ Զելենսկին հռչակագիրն անվանել է «շոշափելի հաղթանակ անվտանգության ոլորտում» և «կարևոր հաղթանակ» Ուկրաինայի համար։ Նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները գնահատել էր լավ, բայց ոչ իդեալական, քանի որ Ուկրաինան չի ստացել դաշինքին անդամակցելու պաշտոնական հրավեր։
Մինչ ՆԱՏՕ-ի առաջնորդները Վիլնյուսում էին` չորեքշաբթի ամերիկացի սենատորները վերստին ձեռնամուխ եղան սահմանափակելու նախագահի լիազորությունները, որպեսզի Սպիտակ տան ղեկավարը չկարողանա միայնակ որոշում կայացնել երկիրը ՆԱՏՕ-ից դուրս բերելու հարցում։
«Reuters»-ի փոխանցմամբ, բանաձևը ԱՄՆ Կոնգրեսի զույգ կուսակցությունների համատեղ նախագիծն է, որպեսզի ԱՄՆ որևէ նախագահ`առանց Սենատի հավանության չկարողանա նման որոշում կայացնել:
«Նախագահը չպետք է կասեցնի, դադարեցնի, չեղարկի 1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում կնքված Հյուսիսատլանտյան պայմանագիրը, կամ դուրս բերի Միացյալ Նահանգները [այդ պայմանագրից], եթե [այդ հարցում] առկա չէ Սենատի համաձայնությունը` [հաստատված] ձայների երկու երրորդով»,- նշված է փաստաթղթում։