Հունիսի 27-29-ը Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը: Սա նման ձևաչափով արդեն երկրորդ բանակցություններն էին: Առաջին փուլն ամերիկյան կողմը հյուրընկալել էր մայիսի սկզբին:
Ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում, երբ ողջ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է ռուս-ուկրաինական պատերազմի վրա, Միացյալ Նահանգների, այդ թվում՝ անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում բավական ուշագրավ իրողություն է։ Ընդ որում, մյուս միջնորդական նախաձեռնությունների հետ համեմատած՝ ամերիկյան ներգրավվածությունն աչքի է ընկնում որոշակի արդյունավետությամբ։ Ռուսական կողմը, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, ներկայումս չի կարողանում ակտիվ միջնորդական դերակատարում ունենալ բանակցային գործընթացում և ներազդել Բաքվի վրա, որից Մոսկվայի կախվածությունը վերջին մեկ տարում զգալիորեն մեծացել է։ Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների բազմաթիվ խախտումները և դրանց հետ կապված ՌԴ դիրքավորումը բացահայտորեն վկայում են այդ մասին։
Ինչ վերաբերում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությանը, ապա պետք է ընդգծել, որ թեև Բրյուսելը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համակողմանի կարգավորման կողմնակից է և հեղինակավոր դերակատար, սակայն գործնականում չունի ազդեցության բավարար լծակներ։ Հայկական կողմը քանիցս բարձրաձայնել է, որ ԵՄ միջնորդությամբ ձեռք բերված շատ պայմանավորվածություններ այդպես էլ մնացել են թղթի վրա։ Ավելին՝ վերջին շրջանում էներգետիկ ոլորտում Բաքվի հետ խորացող գործակցությունը հիմնավոր մտահոգություններ է առաջացնում՝ Բրյուսելի գործողությունների չկաշկանդվածության հետ կապված։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա հարկ է ընդգծել, որ այն ունի բավարար գործիքակազմ՝ կողմերի վրա ազդելու, բանակցությունների արդյունավետությունը խթանելու համար։ Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել այն հանգամանք, որ Վաշինգտոնը ներկայումս դիրքավորվում է ոչ թե որպես միջնորդ, այլ ֆասիլիտատոր։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ամերիկյան կողմի ակտիվությունը պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական գործոններով, այլև 2024 թվականին ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններով, քանզի հնարավոր խաղաղության համաձայնագիրը կարելի է հաջողությամբ օգտագործել նախընտրական քարոզարշավի շրջանակում։
Հատկանշական է, որ վաշինգտոնյան բանակցությունների այս փուլն անցավ էսկալացիայի պայմաններում, որն ընթանում էր մի քանի ուղղություններով: Արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները հաճախակիացել են ինչպես Հայաստանի սահմանների, այնպես էլ ԼՂ շփման գծի երկայնքով։ Հունիսի 28-ին Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից հրետանային միջոցներից կրակ բացելու և ԱԹՍ-ներ կիրառելու հետևանքով ԼՂ ՊԲ-ն ունեցավ 4 զոհ։ Միաժամանակ, Արցախում հումանիտար իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո Բաքուն ամբողջությամբ սահմանափակել է տեղաշարժը Լաչինի միջանցքով. բացառություն են կազմում Կարմիր խաչի մեքենաները, ընդ որում՝ մանրակրկիտ զննության պայմանով: Բացի այդ, արդեն տևական ժամանակ է՝ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակով խոչընդոտում է Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի շինարարությանը, ինչի հետևանքով վիրավորում են ստացել նաև Հնդկաստանի երկու քաղաքացիներ: Այս բոլոր գործոններն զգալիորեն մեծացրել էին լարվածությունը և բավական բացասական միջավայր ստեղծել նաև բանակցությունների համար։
Հաշվի առնելով Բաքվի պահվածքը՝ առնվազն չենք կարող բացառել, որ բանակցային փուլից առաջ և դրա ընթացքում դիմելով տարբեր սադրանքների՝ ադրբեջանական կողմը նպատակ ուներ խափանել ամերիկյան միջնորդությամբ բանակցությունները, ընդ որում՝ դա անել հայկական կողմի ձեռքով: Ի հեճուկս ադրբեջանական կողմի ջանքերի՝ բանակցությունները շարունակվեցին։
Ի տարբերություն նախորդ մի շարք հանդիպումների՝ կողմերը բանակցությունների արդյունքներով համաձայնեցված հայտարարություն տարածեցին: Սա ինքնին որոշակի ցուցիչ է՝ հաշվի առնելով նախկին փորձը:
Հարկ է նշել, որ տարածված հայտարարությունը բավական նման է առաջին բանակցություններից հետո արված հայտարարությանը: Երկու դեպքում էլ նշվում է խաղաղության համաձայնագրի նախագծի մի քանի հոդվածի շուրջ առաջընթաց գրանցելու մասին, միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերում դիրքորոշումները չի հաջողվել մոտեցնել, և դա պահանջում է հետագա աշխատանք:
Արլինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ամփոփման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես ընդգծեց, որ որքան ավելի է մոտենում խաղաղության համաձայնագիրը, այնքան բանակցություններն ավելի են դժվարանում, քանի որ ամենաբարդ հարցերը թողնվել են վերջում:
Ըստ ՀՀ արտգործնախարարության՝ մի քանի առանցքային հարցերի շուրջ կողմերի միջև հակասությունները պահպանվում են։ Դրանք վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը, զորքերի հետքաշմանը և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը։
Առաջինը սահմանազատման խնդիրն է։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին մեկ տարում թե՛ ռուսական, թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան միջնորդությամբ կազմակերպված հանդիպումների ժամանակ հաստատել են 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը և ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությանը: Հայաստանի վարչապետը նման հայտարարություններով քանիցս հանդես է եկել նաև հրապարակայնորեն, ինչը միջազգային գործընկերների կողմից դրական է գնահատվել: Ի տարբերություն հայկական կողմի՝ Ադրբեջանի նախագահը մինչ օրս Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին հրապարակային հայտարարություն չի արել: Պաշտոնական Երևանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այս հանգամանքի վրա՝ որպես Բաքվի տարածքային հավակնությունների ևս մեկ ապացույց:
Ինչ վերաբերում է բուն սահմանազատման գործընթացին՝ Ադրբեջանը հայտարարում է, որ պետք է հիմք ընդունել ինչ-որ անհասկանալի պատմական քարտեզներ, մինչդեռ հայկական կողմը պնդում է, որ գործընթացը կարող է կյանքի կոչվել միմիայն իրավական հիմք ունեցող քարտեզներով, մասնավորապես՝ 1975 թվականի Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզները:
Ադրբեջանի հետ բանակցությունների այս փուլում հայկական կողմի համար առաջնահերթ խնդիրներից է ապահովել առավելագույն որոշակիություն Ալմա-Աթայի հռչակագրի և 1975 թ. քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում, ինչը Բաքվին կզրկեր խուսանավելու և շահարկումների դիմելու հնարավորություններից:
Սահմանազատման գործընթացի հետ փոխկապակցված և միևնույն ժամանակ բավական առանցքային հարց է նաև զորքերի հետքաշման խնդիրը։ Վերջին երեք տարում ադրբեջանական կողմի ագրեսիաների հետևանքով Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացվել է 150 քառակուսի կիլոմետր։ Մի շարք տարածքներ էլ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ դեռ 90-ականներից։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով ուժով և ուժի սպառնալիքով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում։ Հաշվի առնելով Բաքվի այս գործելաճը և իրականացվող սադրանքների բացասական ազդեցությունը բանակցային գործընթացի վրա՝ հայկական կողմն առաջարկում է 1975 թվականի քարտեզով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում, որն, այս իրավիճակում կնշանակի կայունության ապահովում և հնարավոր էսկալացիաների բացառում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենաառանցքային հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը։ Որպես հնարավոր մեխանիզմ՝ հայկական կողմն առաջ է տանում միջազգային ներգրավվածությամբ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ձևաչափի ստեղծման գաղափարը։ Չցանկանալով նման երկխոսություն, սակայն, միևնույն ժամանակ, չկարողանալով բացահայտ դեմ գնալ միջնորդներին՝ ադրբեջանական կողմը փորձում է ամեն կերպ աղավաղել երկխոսության գաղափարը՝ տարբեր տեխնիկական հարցերի վերաբերյալ շփումները ներկայացնելով որպես պահանջվող երկխոսություն, պնդելով, թե միջազգային ներգրավվածության անհրաժեշտություն չկա, ինչպես նաև փորձելով Ստեփանակերտին պարտադրել երկխոսության սեփական պայմանները և, իհարկե, օրակարգը։
Հատկանշական է, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության մեխանիզմի անհրաժեշտության ընկալում կա նաև թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, սակայն դրա կյանքի կոչման տեսլականի հետ կապված անորոշությունները և հակասությունները պահպանում են։ Այս առումով ուշագրավ էին մամուլում տարածված լուրերը, որ Վաշինգտոնն առաջարկել է իր միջնորդությամբ երրորդ երկրում կազմակերպել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում, ինչին պաշտոնական Մոսկվան արձագանքեց կոշտ տեղեկատվական արշավով, ճնշում գործադրելով նաև Ստեփանակերտի վրա՝ թիրախավորելով Արցախի ԱԳ նախարարին։ Նկատենք նաև, որ փորձելով թույլ չտալ ամերիկյան միջնորդությամբ հնարավոր հանդիպումը՝ ռուսական կողմն այլընտրանքներ չի առաջարկում։ Առնվազն նկատելի չեն գործնական ջանքեր՝ օրինակ, համոզելու Ադրբեջանին Իվանյանում վերսկսել Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումները։ Ռուսաստանի կողմից չկա նաև որևէ նախաձեռնություն՝ ուղղված երրորդ երկրում, անգամ իր տարածքում նման հանդիպման անցկացմանը։
Ամփոփելով Վաշինգտոնյան հանդիպումը՝ արձանագրենք, որ տարածված հայտարարության մեջ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու բանակցություններն ամերիկյան աջակցությամբ, սակայն, թե երբ տեղի կունենա բանակցությունների հաջորդ փուլը, դեռ հայտնի չէ։
Նարեկ ՄԻՆԱՍՅԱՆ
Քաղաքագետ
Երևան