Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 27-ի արտահերթ նիստում ընդունեց ուղերձ ՄԱԿ անդամ պետություններին՝ Արցախի անկախությունը ճանաչելու հորդորով, որպես Արցախի ժողովրդին էթնիկ զտման, ցեղասպանության վտանգից պաշտպանելու միակ գործուն միջոց: Արցախյան քաղաքական վերնախավը արդեն տևական ժամանակ է՝ փորձում է միջազգային հանրության, աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրությունը բևեռել Արցախի պաշարման հետևանքով սրված մարդասիրական իրադրության, գրեթե աղետին մոտ վիճակի վրա և այդ միջոցով հասնել Ադրբեջանի հանդեպ միջազգային ճնշման, առնվազն ապաշրջափակման խնդիրը լուծելու համար:
Միջազգային դերակատարները գոնե առայժմ ուշադիր են խոսքով, սակայն՝ գործով ըստ էության անտարբեր: Համենայն դեպս, նրանց գործադրած ջանքը հեռու է խնդրի լուծման, Բաքվի վրա ազդեցության տեսանկյունից բավարար լինելուց: Դրա փոխարեն ակնառու է, որ նաև Արցախի ադրբեջանական պաշարման հանգամանքի վրա ծավալվում է ներկայումս գրեթե համաշխարհային պատերազմի ռեժիմով ընթացող մեծ խաղը, որտեղ ուժային կենտրոնները հետապնդում են իրենց շահերն ու առաջնորդվում դրանց սպասարկման համար մշակված բազմաշերտ սխեմաներով: Այդ պայմաններում ի՞նչ դեր կունենա ՄԱԿ անդամ պետություններին, այդ թվում՝ փաստորեն Կովկասում էական շահեր հետապնդող ուժային դերակատարներին ուղղված Արցախի Հանրապետության ԱԺ կոչը՝ հանուն փրկության Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ:
Միամիտ կլինի, իհարկե, կարծել, թե տեսանելի հեռանկարում որևէ մեկը կանսա այդ կոչին: Մյուս կողմից, հարցն ունի նաև այլ ասպեկտ՝ իսկ կոչի հանգամանքը կարո՞ղ է դառնալ այլ, այսպես ասած՝ ստորջրյա խմորումների միջոց կամ, ինչպես ընդունված է ասել, «ինֆորմացիոն առիթ»:
Այսօր, սակայն, ավելի շատ են հարցերը, և, մասնավորապես, անպատասխան հարցերը: Ու հարցերը ոչ միայն դեպի «դուրս» են: Կան, թերևս, նաև հարցեր «դեպի ներս»: Մասնավորապես, իսկ ի՞նչ ազդեցություն կունենան Արցախի ծանր իրավիճակն ու շուրջը ձևավորված ու դինամիկ ընթացքի մեջ գտնվող քաղաքական մեծ խաղը ներքին քաղաքական դասավորությունների, ստատուս-քվոյի վրա: Այդ «ուղղությունը» հաճախ դիտարկելիներից չէ, այն հիմնականում մնում է ավելի լայն գործընթացների ստվերում, ժամանակ առ ժամանակ արտահայտվելով միայն հայկական մեդիայի հոսքերում: Մինչդեռ, այն, իհարկե, պակաս կարևոր չէ, քանի որ ներքաղաքական ստատուս-քվոն, այդուհանդերձ, ոչ միայն ազդվում է դրսի իրողություններից և ուժերի արտաքին հարաբերակցությունից, այլև ինչ որ առումով ինքն էլ կարող է իր ներգործությունն ունենալ արտաքին միջավայրի ձևավորման հարցում: Առավել ևս, որ այստեղ խոսքը, թերևս, «երկփեղկ» ներքաղաքական իրավիճակի մասին է՝ Արցախի և Հայաստանի, որոնք լինելով առանձին փեղկեր, այդուհանդերձ, կապված են մեկ շրջանակով՝ մի շարք օբյեկտիվ հանգամանքների բերումով:
Իհարկե, մասնակիորեն՝ 2018-ի հեղափոխություն-իշխանափոխությունից հետո և զգալիորեն՝ արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրողությունների կապը էապես թուլացավ, վերափոխվեց իր բնույթով, սակայն, փոխազդեցություն պայմանավորող գործոններն, այդուհանդերձ, առկա են և դրանք անջնջելի են թե՛ արտաքին-քաղաքական, թե՛ սոցիալ-հոգեբանական, թե՛ նաև պատմաքաղաքական իրողությունների բերումով: Դա է նաև պատճառը, որ Հայաստանում ներկայիս իշխանությանը հանրային աջակցության տեսանկյունից զիջելով զգալիորեն՝ նախկին կառավարող համակարգի տարբեր բևեռներից և շերտերից կազմված ընդդիմադիր ուժերը փորձում են Հայաստանում այդ տարբերությունը փոխհատուցել Արցախի հանրության համակրանքը շահելով, բնականաբար՝ օգտագործելով պատերազմի պարտությունը, հետպատերազմական բարդ իրողությունները:
Հասկանալի է, որ Արցախի պաշարման հանգամանքն այդ առումով չէր մնալու ուշադրությունից դուրս և, անշուշտ, դիտարկվելու էր որպես Հայաստանի ներկայիս իշխանության հանդեպ ներքաղաքական ճնշման առիթ, թեև, իհարկե, հիմնավոր առիթ: Սակայն, գոնե այդ իմաստով, Արցախի հանրության վստահության հանգամանքը, թերևս, բավարար չէ Հայաստանի իշխանության վրա ներքաղաքական վճռորոշ ճնշում բանեցնելու համար, հետևաբար հայաստանյան ընդդիմությունը՝ նախկին կառավարող համակարգը, զուտ քաղաքական իմաստով լուծում է առավելագույնը քաղելու խնդիր: Հատկապես, որ ինքը ընդդիմություն ասվածը՝ կազմված լինելով գերազանցապես նախկին կառավարող համակարգից, այդուհանդերձ՝ հեռու է կուռ միատարությունից: Եվ, որքան էլ մեծ լինի մտահոգությունն Արցախի ճակատագրով (որի ներկայիս վիճակն, անշուշտ, էապես պայմանավորված է ոչ միայն Հայաստանի ու Արցախի ներկայիս, այլ նաև նախկին առնվազն ավելի քան երկու տասնամյակների իշխանությունների, մեղմ ասած, անարդյունավետ գործունեությամբ), Հայաստանում ընդդիմության խմբերը զուտ քաղաքական իմաստով ավելի պրակտիկ մրցակցության մեջ են միմյանց, քան Հայաստանի իշխանության հետ:
Այդ հանգամանքը, բնականաբար, թույլ է տալիս Երևանի ներկայիս իշխանությանը զգալ իրեն որոշակիորեն վստահ, չնայած հանրային վարկանիշի էական անկմանը: Դա է նաև պատճառը, որ պաշտոնական Երևանն, օրինակ, արցախյան խնդրի, հայ-ադրբեջանական հակամարտության թեմայի վերաբերյալ հայտարարություններում կենտրոնանում է դրանց արտաքին լեգիտիմության նպատակի վրա, մեծ մտահոգություն չունենալով դրանց ներքին ոչ լեգիտիմության ռիսկերի առնչությամբ: Առերևույթ թվում է, թե Նիկոլ Փաշինյանն, օրինակ, խոսում է Հայաստանի հանրության հետ, անում անկեղծ, բաց, համարձակ խոստովանություններ, գործնականում, սակայն, նրա խոսքի բուն հասցեատերերը Հայաստանից դուրս են, քանի որ գոնե առայժմ նա Հայաստանի ներսում չի տեսնում ներքաղաքական մարտահրավերի վտանգավոր ծավալ: Այդ պատկերը, սակայն, կարող է փոխվել, եթե ներքին քաղաքական ստատուս-քվո փոխվի Արցախում: Պատերազմից հետո Արցախի նախագահի դիրքերն ինչ-որ փուլերում նույնիսկ շատ մեծ դժվարությամբ, բայց, այդուհանդերձ, պահպանած Արայիկ Հարությունյանը ֆիգուր է, որն իրենով ենթադրում է ոչ միայն ներարցախյան քաղաքական էլիտաների տարբեր խմբերի և շերտերի փոխզիջում, այլ նաև փոխզիջում նրանց ու Հայաստանի իշխանության միջև, իհարկե՝ չբարձրաձայնված, այսպես ասած՝ չպայմանավորված փոխզիջում:
Բայց, արցախյան խնդրի, հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացի հետագա ծավալումն ու դրա, մեղմ ասած, խնդրահարույց բովանդակությունն ու շրջապատող միջազգային պատկերն ավելի ու ավելի են սպառնում այդ չբարձրաձայնված, անուղղակի փոխզիջման փլուզմամբ: Սա ամենևին չի նշանակում անպայմանորեն ստատուս-քվոյի փոփոխություն, բայց կարող է բերել ներարցախյան քաղաքական էլիտաների ներքին հարաբերությունների փոփոխության: Դրա հետևանքը կարող է լինել այն, որ Արցախում գործող իշխանությունը կարող է պարզապես մատնվել անգործունակության: Ընդ որում, այդ վտանգի առաջին նշանները դրսևորվեցին օրեր առաջ, երբ Արցախի նախագահը միացավ Արցախի պետնախարարի շուրթերով հայտարարված համաժողովրդական հանրահավաքին և նստացույցին՝ թողնելով նախագահի աշխատասենյակը: Իհարկե, ընթացիկ տեսանկյունից բացատրությունն այն արտառոց, աղետին մոտ մարդասիրական վիճակն էր, որ կար Արցախի պաշարման հետևանքով, այդուհանդերձ՝ այդ քայլի տողատակում, թերևս, հնարավոր է դիտարկել նաև այն, որ նախագահ Հարությունյանի համար այլևս հնարավոր չէր թվում ընթացիկ աշխատանքային ռեժիմով ներքաղաքական բալանսի ապահովումը, քանի որ մարդասիրական սուր իրավիճակը մեծ հավանականությամբ սրում է նաև ներքաղաքական խմբերի հարաբերություններն ու հավակնությունները:
Այդ իմաստով բավականին խոսուն է փաստը, որ հենց համաժողովրդական շարժում հայտարարելուն զուգահեռ՝ Արցախում չարաշահումների մեղադրանքով ձերբակալվեց ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը, ի դեպ, իր պաշտոնավարման ընթացքում աչքի է ընկել նաև ադրբեջանական կողմի հետ տեխնիկական արդյունավետ քննարկումներով, իհարկե՝ երբ դեռ չկար Արցախի պաշարում: Իսկ Արցախի ներքաղաքական կյանքը կազմի և հավակնությունների իմաստով խճանկար է, որտեղ այսօր որպես առավել աշխույժ դերակատար-մրցակիցներ են դիրքավորվել Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Բաբայանը, մեկը արդեն նախկին պետնախարար, մյուսը՝ պետնախարարի պաշտոնի բացահայտ հայտ ներկայացրած՝ հավաստիացումով, որ գիտե ինչպես լուծել Արցախի առաջ ծառացած խնդիրները: Արայիկ Հարությունյանը, սակայն, չբավարարեց նրա պետնախարարության հայտը: Մյուսներն իրենց դերով և հավակնություններով, թերևս, առավել զուսպ և համեստ վարքագիծ ունեն, ինչը գուցե պայմանավորված է նաև տրամաչափով:
Միևնույն ժամանակ, նվազ տեսանելի, սակայն Արցախում շարունակում է ազդեցիկ մնալ ուժային սեկտորը: Արայիկ Հարությունյանն օրեր առաջ վերադարձավ նախագահական աշխատանքին՝ նստացույցից հետո, ինչը գուցե խոսում է նաև այն մասին, որ Արցախում նոր ներքաղաքական ստատուս-քվոյի հարցում չի ձևավորվել պայմանավորվածությունների նոր շրջանակ՝ իր թե՛ ներարցախյան, թե՛ ներհայաստանյան և թե՛ արտաքին դերակատարների նվազագույն անհրաժեշտ շերտերով: Արայիկ Հարությունյանը «վերադարձավ», թերևս, հավասարակշռության կետ՝ ներարցախյան քաղաքական միջավայրում ներկայումս երկու ձևակերպված և դիմակայող մոտեցումներ համակարգելու համար, իհարկե՝ ավելի շուտ, թերևս, ակամա, անուղղակի համակարգելու: Դրանք են՝ Բաքվի հետ ժամ առաջ բանակցելու և թե՛ Աղդամի, թե՛ Գորիսի ճանապարհներով առևտուր անելու՝ Սամվել Բաբայանի մոտեցումը, և Ադրբեջանի միակողմանի պայմանները մերժելու և փոխադարձաբար ճանաչելի սուբյեկտության դիրքից միայն բանակցելու՝ Ռուբեն Վարդանյանի մոտեցումը:
Անկասկած է, թերևս, մի բան՝ որ արցախյան ներկայիս ճգնաժամը իր խորքում հետևանք է առաջին հերթին այն քաղաքական մտքի և ֆունկցիոնալության ճգնաժամի, որը սողացող, իսկ որոշակի ժամանակահատվածում նաև բավականին ակնառու կերպով ծավալվել է անցնող նվազագույնը երկու տասնամյակի ընթացքում, երբ Արցախը պարզապես վերածվեց Հայաստանում քրեաօլիգարխիկ տրամաբանությամբ կազմավորված կառավարող համակարգի կցակառույցի, զրկվելով ինքնուրույն քաղաքականության մոտիվացիայից ու ցանկությունից, դրա դիմաց ստանալով այսպես ասած էլիտաների բարեկեցություն և հարմարավետություն: Որոշակիորեն 2018-ի իշխանափոխությունը, իսկ հիմնահատակ կերպով արդեն 44-օրյա պատերազմը փլուզեցին այդ իրավիճակը:
Արցախյան հասարակական-քաղաքական միջավայրում ներկայումս երևի թե առկա է պայքարը. նոր որակի և բովանդակության միջավայր ու դրան հարիր հասարակական-քաղաքական համակարգ, մշակույթ ձևավորելու, ու այդ կերպ նաև Արցախի սուբյեկտության վերականգնման ու բարդ խնդիրները քայլ առ քայլ լուծելու ծանր աշխաատանքը կատարելու, և պարզապես նախկին ժամանակի վերականգնման ձգտումի կամ պատկերացումների միջև, որը կրողները դրան հասնելու ճանապարհը տեսնում են Հայաստանում այդ համակարգի վերականգնումը, որպես Արցախի քաղաքական հիմնական խնդիր դիտարկելով դրան օժանդակելը:
Անհերքելի է, թերևս, մի բան՝ որ թե՛ Հայաստանը, թե՛ ներառյալ Արցախը՝ որպես բավականին խորքային օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների բերումով ձևավորված անվտանգային ճարտարապետության օրգանականություն, ռազմավարական հեռանկարների ձևավորման համար ունեն քաղաքական ռեֆորմացիայի սուր անհրաժեշտություն, հատկապես նկատի ունենալով, թե ինչ բնույթի և տրամաբանությամբ ավտոկրատիայի դեմ է փաստացի գոյութենական պայքարը:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երևան