Յուրաքանչյուր երկրի կայուն զարգացման հիմնական նախադրյալներից է արդյունավետ դատական համակարգը, որը երաշխավորում է իրավունքի գերակայության սկզբունքը։ Միայն օրենքների արդար կիրառումն ու դատարանի որոշումների կատարումն ապահովող դատական համակարգը կարող է դառնալ այն հիմքը, որի վրա կառուցվում է ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետությունը՝ իշխանությունների տարանջատման սկզբունքի կենսագործմամբ։
Քանի որ դատական համակարգը ներառում է մի շարք ինստիտուտների և առանձին կատեգորիայի անձանց լայն շրջանակ, այն անընդհատ պետք է արդիականացվի, իսկ դատաիրավական բարեփոխումները լինեն համապարփակ ու բազմակողմ և կրեն ապաքաղաքական բնույթ։
Արցախի Հանրապետությունում դատական համակարգի իրավական զարգացումը փաստացիորեն սկսվել է 2006 թվականին՝ ԱՀ առաջին սահմանադրության ընդունումից հետո։ Եթե մինչև Սահմանադրության ընդունումը ԱՀ տարածքում գործողության մեջ էին դրված խորհրդային կամ ՀՀ դատավարական հիմնական իրավական ակտերը, ապա հետագա տարիներին ընդունվեցին մի շարք իրավական ակտեր, ինչպիսին են ԼՂՀ Քաղաքացիական և Քրեական դատավարության օրենսգրքերը, Դատարանակազմության մասին օրենքը, ԱՀ Դատական օրենսգիրքը և այլն, որոնք որոշակի ուղղություն հաղորդեցին դատական համակարգի զարգացմանը: Չնայած նշված իրավական ակտերն էական առաջընթաց ապահովեցին դատական համակարգի գործունեության համար, սակայն դատաիրավական ոլորտում համապարփակ բարեփոխումներ այդպես էլ չիրականացվեցին։ Ավելին՝ Արցախի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն կամ նման այլ փաստաթուղթ շրջանառության մեջ երբևիցե չդրվեց։
Միակ փաստաթուղթը, որում ներկայացված է դատական համակարգի բարեփոխումների տեսլականը, Հանրապետության նախագահի ծրագիրն է։ Այսպես՝ ԱՀ նախագահի 2020-2025 թվականների ծրագրի համաձայն՝ «անհրաժեշտության դեպքում կիրականացվեն սահմանադրական բարեփոխումներ՝ փոխզսպման և հավասարակշռման մեխանիզմների հստակեցմամբ, որոնք կնպաստեն օրենսդրության արդիականացմանը, մարդու իրավունքների և ազատությունների առավել արդյունավետ պաշտպանությանը, դատական համակարգի մատչելիության և արդյունավետության ապահովմանը, նորարարական լուծումների միջոցով արդարադատության համակարգի նպատակների իրացմանը, օրենքի գերակայությունն ապահովող օրենսդրական դաշտի կատարելագործմանը»: Դատարանների գործունեության մասին խոսելիս ծրագրում, մասնավորապես, նշվում է. «Դատաիրավական համակարգում դատարանների և դատական իշխանության լիակատար անկախության ապահովման նպատակով նախատեսվում է իրականացնել օրենսդրական ու գործնական բարեփոխումներ դատական համակարգում, վեր հանել դատական իշխանության և իրավական համակարգի պրակտիկայում առկա խնդիրները՝ նպաստելով դատական համակարգի արդյունավետության, հեղինակության և դատարանների հանդեպ հասարակության վստահության բարձրացմանը»։[i] Հարց է, թե արդյո՞ք վերոնշյալ հայտարարությունները կարող են համարվել դատական բարեփոխումների ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններ կամ ռազմավարության գործողություններ։
Այսօր հասարակության լայն շերտերի կողմից դատարանն ընկալվում է որպես պատժիչ գործառույթ իրականացնող մարմին և ոչ թե արդարադատություն իրականացնող կառույց, իսկ դատական իշխանությունը՝ որպես օրենսդիր և գործադիր թևերի քաղաքական կամքից կախված լրացում և ոչ որպես դրանք զսպող ուժ։ Հարցերի մեծ շրջանակ է առաջանում նաև անկախ, անաչառ, արդյունավետությամբ աշխատող և հասարակության անդամների վստահությունը վայելող դատական համակարգի առկայության կապակցությամբ։ Պատճառների շարքում կան օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոններ՝ մասնագիտական իրավաբանական կրթության համակարգի խնդիրներից մինչև դատարանների նյութատեխնիկական արդիականացման ու դատավորի սոցիալական երաշխիքների բացակայություն։
Մեկ այլ խնդիր է դատական և իրավական ոլորտում իրականացվող փոփոխությունների գործընթացում քաղաքացիական հասարակության բացակայությունը։ Մի կողմից՝ պետությունը չի նպաստում քաղաքացիական հասարակության մասնակցությանն այդ գործընթացներին, մյուս կողմից էլ՝ քաղաքացիական հասարակությունն այնքան պասիվ է, որ այդ գործընթացներին մասնակցելու պահանջարկ չի էլ նկատվում։ Եթե մինչև 2020 թվականի պատերազմը որոշ հասարակական և արտաիշխանական կազմակերպություններ սկսել էին քաղաքացիական ակտիվություն դրսևորել, ապա պատերազմից հետո բոլոր նման կազմակերպությունները լծվել են հետպատերազմական սոցիալական խնդիրների լուծմանը, և դաշտը մնացել է բաց։
Առայսօր դատական համակարգում առկա խնդիրները վեր հանող հետազոտություն չի կատարվել, մինչդեռ հետպատերազմական իրավիճակից ելնելով՝ խնդիրների թիվն էականորեն աճել է։ Դատական համակարգում առկա որոշ խնդիրներին անդրադարձ է կատարվել ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին տարեկան հաղորդման[ii] «Անձնական (քաղաքացիական) և քաղաքական իրավունքների և ազատությունների պաշտպանություն» բաժնում։ Պաշտպանի կողմից հատկապես ընդգծվել են արդար դատաքննությանն ու պատշաճ վարչարարությանն առնչվող՝ գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման, կալանավորման միջնորդությունների՝ դռնփակ դատական նիստում քննության, պատշաճ ծանուցումների հետ կապված հարցեր։
2022 թվականի հունվարի 31-ին ԱՀ Նախագահի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով[iii], իսկ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն արդեն իսկ դրվել է հանրային քննարկման։[iv] Հայեցակարգը սահմանափակ պատկերացում է տալիս առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ, բայց հայեցակարգային մոտեցումների վերլուծությունից պարզ է, որ «դատական իշխանություն» բաժինը ենթարկվելու է համակարգային փոփոխությունների, ուստի դատական համակարգում էական փոփոխություններ են սպասվում։ Թե ինչքանով են այդ փոփոխությունները նպաստելու ժողովրդավարության ամրապնդմանն ու իշխանության ճյուղերի տարանջատման ու հակակշռման սկզբունքի կենսագործմանը, ինչքանով են կանխարգելելու կոռուպցիան և ապահովելու իրավունքի գերակայության սկզբունքը, կարելի է միայն ենթադրել։ Այսպես, օրինակ, ըստ հայեցակարգում ներկայացվող փոփոխություններից մեկի՝ առաջարկվում է ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորների նշանակումը վերապահել հանրապետության նախագահին՝ դուրս թողնելով օրենսդիրին ստորին օղակի դատարանների ձևավորման գործընթացից։ Թեև Գերագույն դատարանի դատավորները շարունակելու են նշանակվել Ազգային ժողովի կողմից, սա խոչընդոտ է իրական ժողովրդավարությանը։ Ուստի հանրային քննարկումների այս փուլը շատ կարևոր է, որպեսզի մինչև նոր սահմանադրության նախագծի հաստատումը հայեցակարգի առանձին դրույթների վերաբերյալ իրավական վերլուծություններ կատարվեն։
Նախագահի հունիսի 1-ի մեկ այլ հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը պետք է մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը ներկայացնի սահմանադրական բարեփոխումների նախագիծը։[v] Հաշվի առնելով հանձնաժողովի կազմը, որտեղ բացակայում են փաստաբանական հանրույթի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ընդգրկված չեն բավարար թվով իրավաբան-գիտնականներ, ակնհայտ է, որ մայր օրենքի նոր նախագծի «դատական իշխանություն» բաժնի հետ կապված խնդիրներ են առաջանալու արդարադատության ոլորտում առկա սուբյեկտիվիզմի հաղթահարման ու հանրային սպասումների իրականացման առումով։ Արցախի Հանրապետության չճանաչվածության պատճառով միջազգային փորձագիտական կարծիք նույնպես դժվար է ակնկալել, օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովից։
Դատաիրավական փոփոխություններ կատարելիս իշխանությունների կողմից հիմնականում նախապատվությունը տրվում է պահի հրամայականին կամ քաղաքական շահին, մինչդեռ ոլորտը պահանջում է դատական համակարգի ինստիտուտների զարգացման ու կատարելագործման տեսլական։
Այս առումով, առաջին՝ անհրաժեշտ է, հաշվի առնելով արդարադատության ոլորտի բարեփոխումների խիստ քաղաքական բնույթը, հաղթահարել գործադիր և օրենսդիր համակարգերում արմատավորված անձնավորված և սուբյեկտիվ վերաբերմունքը և փոփոխություններ կատարելիս քաղաքական աջակցությունն ապահովել ի շահ դատական համակարգի՝ իշխանությունների բաժանումն ու հավասարակշռումն ավելի իրական դարձնելու համար։ Երկրորդ՝ անհրաժեշտ է ուսումնասիրել նաև դատական համակարգի հիմնական շահառուների՝ քաղաքացիների կողմից դատարան դիմելու պայմաններն ու նպատակները՝ ապահովելու արդարադատության ծառայությունների պահանջարկի և առաջարկի հավասարակշռությունը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Երրորդ՝ բարեփոխումների գործողությունների ծրագիրը պետք է լինի կայուն և վկայի քաղաքականություն մշակողների՝ դատական, գործադիր և օրենսդիր իշխանությունների երկարաժամկետ հանձնառությունը:
Փորձը ցույց է տվել, որ բարեփոխումներն առավել հաջողված են լինում, երբ ուղղված են դատական համակարգի բոլոր տարրերին, ներառում են շահագրգիռ կողմերի լայն մասնակցություն, հարմարեցված են տեղական իրողություններին:
Ելնելով վերոնշյալից՝ Արցախի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումները պետք է ընդգրկեն հետևյալ գործողությունները։ Առաջին՝ անհրաժեշտ է բարձրացնել դատական համակարգի հաշվետվողականությունը և փաստաբանների ու դատախազների պրոֆեսիոնալիզմը։ Այս համատեքստում անհրաժեշտ են դատավորների նշանակումների հիմնավորման բարելավում, արդյունավետ դատական գնահատման մեխանիզմի մշակում` դատավորների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման համակարգի ներդրում, դատավորների վերապատրաստման ծրագրի փոփոխություն, որակյալ և շարունակական վերապատրաստման ծրագրեր ինչպես փաստաբանների պալատում, այնպես էլ դատախազության աշխատողների համար։ Երկրորդ՝ պետք է ուժեղացնել դատական համակարգի արդյունավետությունն ու որակը։ Գործերի համակարգման համար անհրաժեշտ է մշակել արդյունավետ, հուսալի և օգտագործման համար հարմար էլեկտրոնային ծրագիր: Երրորդ՝ կարևոր է Գերագույն դատարանի իրավական և ինստիտուցիոնալ դաշտի օպտիմալացումը: Գերագույն դատարանի կանոնակարգն ու դատավարության օրենսդրական կարգավորումներն անհրաժեշտ է վերանայել` ապահովելու դատարանի առավել արդյունավետ գործունեությունը: Միաժամանակ՝ կարևոր է ինչպես Գերագույն դատարանի աշխատակազմի վերլուծական հմտությունների զարգացումը, այնպես էլ Գերագույն դատարանի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը։
Ընթացող սահմանադրական փոփոխությունների գործընթացն իրական հնարավորություն է դատական համակարգի լիարժեք անկախության համար նոր ու կատարելագործված հիմքեր ստեղծելու համար: Անշուշտ, դրան պետք է հետևեն համակարգում առկա խնդիրների հասցեական լուծմանն ուղղված քայլեր, որպեսզի այն կարողանա դառնալ հավասարակշռող ուժ իշխանության մյուս ճյուղերի համար, քանզի հենց դատական իշխանությունն է իրավասու ապահովելու օրենքի գերակայությունը երկրում, գնահատելու օրենսդիր ու գործադիր իշխանությունների գործունեության սահմանադրականությունն ու օրինականությունը և նրանց պահելու սահմանադրական հավասարակշռության դաշտում:
Յանա ԱՎԱՆԵՍՅԱՆ
Իրավաբան, ԱրՊՀ դասախոս
Ստեփանակերտ
__________________
[i] Տե՛ս ԱՀ Նախագահի 2020-2025 թթ․ ծրագրի «Արդարադատություն» բաժինը։ Առ 15․06․2022թ․ http://president.nkr.am/media/documents/ԱՀ-Նախագահի-2020-2025-ծրագիրը.pdf
[ii] Տե՛ս ԱՀ ՄԻՊ 2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին տարեկան հաղորդման «Անձնական (քաղաքացիական) և քաղաքական իրավունքների և ազատությունների պաշտպանություն» բաժինը։ Առ 15․06․2022թ․ https://www.artsakhombuds.am/sites/default/files/2022-04/Հաղորդում%202021.pdf
[iii] Տե՛ս Արցախի Հանրապետության Նախագահի 31․01․2022թ․ հրամանագիրը ԱՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին։ Առ 15․06․2022թ․ http://arlexis.am/DocumentView.aspx?DocID=27594
[iv] Տե՛ս ԱՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Առ 15․06․2022թ․ http://arlexis.am/Banners/Հայեցակարգ_առ_31.05.2022.pdf
[v] Տե՛ս Արցախի Հանրապետության Նախագահի 01․06․2022թ․ հրամանագիրը Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին։ Առ 15․06․2022թ․ http://arlexis.am/DocumentView.aspx?DocID=27751