Հայաստանում իշխանության երեք ճյուղերից դատականն օրինաչափորեն ամենադժվար բարեփոխվողն է դարձել ոչ միայն այդ ոլորտի մասնագիտական առանձնահատկությունների ու տվյալ հաստատության յուրատեսակ «պահպանողականության» բերումով, այլ նաև այն պատճառով, որ ակնհայտորեն հենց կայացած դատական համակարգն է հանդիսանում միագումար ժողովրդավարական բոլոր մյուս բարեփոխումների (վարչական, տնտեսական, սոցիալական և այլն) ամենածանրակշիռ երաշխավորը, որն էլ կանխորոշելու է գալիք աշխարհակարգում մեր երկրի ապագա տեղը։ Իսկ Թավշյա հեղափոխությունից չորս տարի անց Հայաստանում ներքաղաքական և արտաքին-քաղաքական համատեքստը ցույց է տալիս, որ դատական բարեփոխումը երկրում բարեփոխումների ողջ օրակարգի կենտրոնական հարցն է և, միաժամանակ, այդ ոլորտի ներկայիս վիճակը գործող իշխանության հիմնական բացթողումն է, համենայն դեպս՝ այդպես է քաղաքական շատ ուժերի և իրավաբանական ու փորձագիտական հանրույթների որոշակի հատվածի կարծիքով, իսկ բարեփոխումներին ներհամակարգային դիմադրությունն էլ, ցավոք, շարունակվում է։
Արցախում, որտեղ ներքաղաքական թրենդները զգալի չափով պայմանավորված են հայաստանյան գործընթացներով, այդ թվում՝ բարեփոխումների վեկտորով, առաջիկա սահմանադրական բարեփոխման հետ կապված իրավիճակը բարդանում է նրանով, որ երկիրը միջազգային ճանաչում չունի, ինչն էլ լուրջ խոչընդոտ է բարեփոխումների օրակարգով եվրոպական կառույցների հետ հաջող համագործակցության համար, թեև դա, ինչ խոսք, չի չեղարկում դատական իշխանության ողջ փիլիսոփայության արմատական փոփոխության, դրա ապախորհրդայնացման և խորհրդային ու հետխորհրդային դիկտատուրաներին հատուկ պատժիչ մտածողության ու պրակտիկայի բոլոր նախադրյալներն արմատախիլ անելու անհրաժեշտությունը։ Ու այստեղ օդի պես անհրաժեշտ է առաջին հերթին Հայաստանի, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի աջակցությունը։
Մեր վերլուծական հանդեսի նոր թողարկումը նվիրված է Հայաստանում ու Արցախում դատաիրավական բարեփոխումների խնդրին, ազատ, ժողովրդավարական ու իրավական պետության համար այս կարևորագույն ոլորտին։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն