Վերջին շաբաթներին լարվածության նոր փուլ է սկսվել Հունաստանի ու Թուրքիայի միջև։ Մայիսին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ԱՄՆ Կոնգրեսում դատապարտեց Թուրքիայի գործողություններն Էգեյան ծովում ու Արևելյան Միջերկրականում և ԱՄՆ-ին կոչ արեց Թուրքիային չվաճառել F-16 կործանիչներ։ Այս ելույթը զայրացրեց Էրդողանին, ով քանիցս նշեց, որ թեև Միցոտակիսի հետ պայմանավորվել էր երկու երկրների միջև խնդրահարույց թեմաներում չներգրավել 3-րդ կողմի, սակայն դրանից 15 օր անց Միցոտակիսն ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ ելույթ է ունեցել: Էրդողանն ընդգծեց, որ Միցոտակիսն իր համար այլևս գոյություն չունի, որ այլևս չի հանդիպելու նրան և չեղարկեց Հունաստան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի մեխանիզմը։
Միցոտակիսի ելույթն իրականում միայն առիթ էր, որպեսզի միմյանց հետ բազում խնդիրներ ունեցող Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածությունը բորբոքվի նորովի։ Մեր կարծիքով՝ Էրդողանի նման զայրույթն ունի առնվազն երկու կարևոր պատճառ․
ա) Նա ցույց է տալիս, որ խաբված է զգում իրեն, որ կարևորում է լիդերների կողմից սեփական խոստումների պահպանումը։ Չենք բացառում, որ Էրդողանը նաև նախանձում է Միցոտակիսին, ով դարձավ ԱՄՆ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում ելույթ ունեցած Հունաստանի առաջին վարչապետը (Էրդողանը կերազեր նման հնարավորության մասին)։
բ) Իր ելույթում Միցոտակիսը դիպել է Էրդողանի նուրբ լարերից մեկին․ 2021թ․ հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել էր վաճառել 40 միավոր 4․5 սերնդի F-16 Block 70 կործանիչ, ինչպես նաև արդիականացնել իր օդուժում առկա 80 միավոր F-16։ Խնդիրն այն է, որ երբ 2016 թ․ ռազմական հեղաշրջման փորձից հետո Էրդողանը Ռուսաստանից գնեց S-400 համակարգեր և այդպիսով տապալեց ԱՄՆ-ից 100-120 միավոր հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելը, ինչպես նաև ԶՈՒ-ից հեռացրեց հարյուրավոր օդաչուների, թուրքական օդուժը հայտնվեց բավական խոցելի դերում։ Չնայած ԱԹՍ-երի ոլորտում Թուրքիայի վերջին ձեռքբերումներին[1]՝ ՌՕՈՒ պլանում նա սկսել է հետ մնալ տարածաշրջանի մի շարք երկրներից (Իսրայել, Քաթար, ԱՄԷ, Հունաստան, Եգիպտոս), և Էրդողանը թերևս զգում է այդ հարցում իր պատասխանատվությունը։ Ամեն դեպքում նա չի պատրաստվում հրաժարվել S-400-ներից, ուստի փորձում է ՌՕՈՒ ոլորտում առկա բացը ժամանակավորապես լրացնել ԱՄՆ-ից 4․5 սերնդի F-16 գնելով և առկա F-16-երն արդիականացնելով՝ մինչև որ հաջորդ տասնամյակի սկզբում պատրաստ կլինի թուրքական 5-րդ սերնդի կործանիչ TF-X-ը։ Թուրք փորձագետների կարծիքով՝ ընթացիկ տասնամյակն ամենաբարդն է լինելու թուրքական օդուժի համար, և Միցոտակիսի «ամերիկյան հարվածն» ուղղված էր Թուրքիայի խոցելի տեղին։
Ընդամենը 2-3 տարում Հունաստանը ստեղծել է նախադրյալներ, որոնց շնորհիվ ունակ է ընթացիկ տասնամյակում ոչ միայն զգալի վերականգնել ռազմական բալանսը, այլև՝ որոշակիորեն գերազանցել Թուրքիային։ Թուրքական SETA առաջատար ուղեղային կենտրոնի զեկույցի համաձայն՝ ներկայումս Թուրքիային հատկապես մտահոգում է երկու գործոն՝ Հունաստանի սպառազինման գործընթացը և անվտանգային ռազմավարությունը (դիվանագիտական ակտիվ նախաձեռնությունները), որոնց վերջնանպատակը Թուրքիայի ԶՈՒ-ի հանդեպ գերազանցության հասնելն է և այդպիսով ստատուս-քվոյի փոփոխումն Էգեյան ծովում (Հունաստանի տարածքային ջրերը 12 մղոնի հասցնել), Արևելյան Միջերկրականում (էներգակիրների պաշարների հարցում Թուրքիային խաղից դուրս թողնել) և Կիպրոսում (վերացնել թուրքական ռազմական ներկայությունը)։
Սպառազինման գործընթաց
Հունաստանում ռազմական արդիականացման համապարփակ գործընթացի մեկնարկը տրվել է 2020 թ․ սեպտեմբերին։ 2021 թ․ հունվարին Հունաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել առաջիկա 5 տարվա սպառազինման պլանին, որը գնահատվում է $14 միլիարդ։ Եթե 2020 թ․ Հունաստանի ռազմական ծախսերը կազմում էին $5 միլիարդ, ապա 2021 թ․՝ $8 միլիարդ, ինչը համարժեք է 2008-2009 թթ․ ռեկորդային մակարդակին։ 2021 թ․ Հունաստանի ռազմական ծախսերը հասել են ՀՆԱ-ի 3․82%-ին՝ նախկին 2․4-2․8%-ի փոխարեն։
Սպառազինման ծրագրում Հունաստանը շեշտը դրել է իր օդուժի հզորացման վրա, քանի որ համարում է, որ միայն օդուժի շնորհիվ է հնարավոր արագորեն արդյունավետ ուժ կուտակել որոշակի տարածքում և այդպիսով հաղթահարել սեփական աշխարհագրական խոցելիությունը, որը բխում է իր կղզիների ցրվածությունից, մայրցամաքից դրանց հեռավորությունից և տարածքային խորության բացակայությունից: Նաև հաշվի է առնվում, որ միայն օդուժն է ի վիճակի արդյունավետ գործել թե՛ օդում, թե՛ ցամաքում, թե՛ ծովում և ապահովել որակական գերազանցություն։
Հունաստանում համարում են, որ Թուրքիայի հետ հնարավոր ռազմական էսկալացիան ի սկզբանե կսահմանափակվի Էգեյան ծովի օդային/ծովային տիրույթով, և հենց դա ինքնին սահմանափակում է Թուրքիայի ցամաքային ուժի ճնշող գերազանցությունը՝ Հունաստանին հնարավորություն տալով հասնել թուրքական ռազմական հնարավորությունների մոտավոր համարժեքության: Այդ պատճառով Հունաստանն արդեն երկար ժամանակ է, ինչ օդային գերազանցության ձեռքբերումն ու պահպանումն ընկալում է որպես Թուրքիայի դեմ «խաղ փոխող» գործոն: Տվյալ նպատակի իրականացման համար հատկապես կարևոր դեր է վերապահվում կործանիչներին, և Հունաստանն աշխարհում ամենաշատ F-16 օգտագործող երկրներից է (ԵՄ երկրների թվում առաջինը)։ Ներկայում Հունաստանն ունի 33 միավոր F-4E, 153 միավոր F-16C/D, 16 միավոր Mirage2000EG, 24 միավոր Mirage2000-5 Mk2, 2 միավոր Mirage2000BG (ուսումնական)։ Բացի այդ, նա սկսել է Ֆրանսիայից ստանալ պատվիրած 24 միավոր 4․5 սերնդի Rafale B/C կործանիչներ՝ SCALP թևավոր հրթիռներով, արդիականացնում է 84 միավոր F-16 (ծրագրված է մինչև 2027 թ․ 54 միավոր F-16 հասցնել Block 52+ և 30 միավոր F-16՝ Block 52+ Advanced F-16 ու F-16 Block 72 Viper մակարդակի)։ Հունաստանն ԱՄՆ-ից փորձում է գնել 5-րդ սերնդի F-35 կործանիչներ, որոնց կարող է ստանալ մինչև 2030 թ․։ Օրակարգում է Մեծ Բրիտանիայից Eurofighter Typhoon կործանիչներ գնելը։
Դիվանագիտական ակտիվություն
Արևելյան Միջերկրականում Թուրքիայի հետ խնդիրներից հետո Հունաստանն արագացրեց իր դիվանագիտական և ռազմական նախաձեռնությունները ԱՄՆ-ի հետ՝ վարելով իր տարածքում ամերիկյան ռազմական ներկայությունը հնարավորինս մեծացնելու քաղաքականություն։ 2019 թ․ հոկտեմբերին երկու պետություններն առաջին անգամ ստորագրեցին փոխադարձ պաշտպանական համագործակցության համաձայնագրի (MDCA) լրացուցիչ արձանագրությունը։
Վերջին տարիներին Արևելյան Միջերկրականի հարցում Հունաստանի ուժեղ աջակիցներից մեկը դարձել է Ֆրանսիան, որի հետ հարաբերություններն իրենց գագաթնակետին հասան 2021 թ․ սեպտեմբերին ստորագրված պաշտպանական համաձայնագրով։ Դրանում ամրագրված էր, որ արտաքին հարձակման դեպքում երկու երկրներն օգնելու են միմյանց։ Թուրքական կողմի պնդմամբ՝ սա ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նրա անդամ երկու երկրներ կնքում են նման համաձայնագիր՝ չնայած հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի առկայությանը։
Հունաստանը Ֆրանսիայի օգնությամբ արդիականացնում է նաև իր ՌԾՈՒ-ն՝ գնելով 3-ական միավոր Belharra դասի ֆրեգատ և 3-ական միավոր Gowind դասի կորվետ (հետագայում մեկական ավելացնելու հնարավորությամբ)։ Հունաստանը Ֆրանսիայից զենք է գնում նաև անվտանգության երաշխիք ստանալու նպատակով․ Հունաստանի պաշտպանական ռազմավարությամբ կարևորվում է խոշոր (միջուկային) պետությունից անվտանգության երաշխիք ստանալը։
Թուրքական կողմին մտահոգում է նաև այն, որ Հունաստանը փորձում է Թուրքիայի հետ խնդիրները վերածել համաեվրոպական խնդրի և կանխել Թուրքիայի ու եվրոպական երկրների (հատկապես Գերմանիայի) միջև ռազմական գործարքները։
Վերջին տարիներին Հունաստանը խորացրել է իր հարաբերությունները տարածաշրջանի այն երկրների (Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Իսրայել) հետ, որոնց հարաբերությունները վատթարացել էին Թուրքիայի հետ։ Դրա ամենաուշագրավ զարգացումներից մեկը տվյալ երկրների և Հունաստանի միջև հաճախակիացած համատեղ զորավարժություններն են։
Իր նոր դաշնակիցների թվում Հունաստանը հատուկ նշանակություն է տալիս Իսրայելին՝ որպես որակյալ սպառազինությունների կարևոր մատակարար և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման միջնորդ: Հունաստանն իսրայելական հակաօդային թռչող սարքերը դիտում է որպես թուրքական ԱԹՍ-երի խնդրի կենսունակ լուծում, օգտակար է համարում ՌՕՈՒ-ի անձնակազմի որակների բարձրացման ոլորտում Իսրայելի փորձի ուսումնասիրումը, համատեղ ռազմարդյունաբերության ծավալումը։
Այդպիսով, Հունաստանը նկատելի առաջընթաց է գրանցել նախկին դաշնակիցների հետ հարաբերությունների խորացման և նոր դաշնակիցներ գտնելու հարցերում։ Թուրքիայում համարում են, որ «Հունաստանն իր հակաթուրքական դիվանագիտական արշավով և հատկապես պատժամիջոցների համառ կոչերով ցանկանում է Թուրքիային հեռացնել արևմտյան դաշնակիցներից, սահմանափակել նրա գործողությունների շրջանակը և, ի վերջո, ստիպել հրաժարվել սեփական իրավունքներից Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում: Հունաստանը, ռազմական առումով լուրջ սպառազինության գնելով և հակաթուրքական ագրեսիվ դիվանագիտություն վարելով, հետևում է պարտադրող ռազմավարության, որը կոչված է քայքայել Թուրքիայի ԶՈՒ-ի զսպող ուժը և Թուրքիային ստիպել պարտվել առանց կռվի»:
Մեր կարծիքով՝ թուրք-հունական լարվածությունն առաջիկայում կարող է զարգանալ հետևյալ կերպ․
Կարճաժամկետ պլան (մինչև 2023 թ․ հունիսին Թուրքիայում նշանակված նախագահական ու խորհրդարանական ընտրություններ)։ Բավական մեծ է հավանականությունը, որ ներկայիս լարվածությունը կարող է է՛լ ավելի սրվել հետագայում և անգամ հանգեցնել ռազմական որոշակի բախումների (ասենք, ռազմանավի կամ կործանչի ոչնչացում), ինչն ունի հինգ հիմնական պատճառ։
ա) Թուրքիայում մեծ հաշվով արդեն մեկնարկել է նախընտրական արշավը, և տնտեսական բարդությունների ֆոնին Էրդողանը հարկադրված է լինելու շեշտը դնել արտաքին-քաղաքական հաղթանակների վրա։ Այս համատեքստում Էրդողանը թեժացնելու է հակահունական (նաև հակաամերիկյան) հռետորությունն ու քայլերը, ինչը կարող է առնչվել EastMed գազատարի նախագիծը տորպեդահարելուն, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի միջազգային ճանաչման գործընթացի մեկնարկը տալուն, Արևելյան Միջերկրականի էներգակիրները յուրացնելուն։ Բնականաբար, կարևոր են նաև Հունաստանի ներքաղաքական զարգացումները (հունական ընդդիմությունն նվազ կոշտ դիրքորոշում ունի Թուրքիայի հանդեպ)։
բ) Թուրքական կողմը գիտակցում է, որ ներկայումս ռազմական որոշակի առավելություն ունի Հունաստանի նկատմամբ (այս տարեվերջին շարք է մտնելու թուրքական «Անադոլու» թեթև ավիակիրը), ինչը, սակայն, կարող է կտրուկ փոխվել մոտ ապագայում, և եթե հարկ է գործել, ապա պետք է դա անել հենց հիմա։
գ) Թուրքիան Հունաստանին մեղադրում է իր ափերի մոտ ընկած կղզիները սպառազինելու և դրանով 1923 թ․ Լոզանի և 1947 թ․ Փարիզի համաձայնագրերը խախտելու մեջ։ Այստեղ թուրքական կողմին, թերևս, մեծապես մտահոգում է նաև այն, որ Հունաստանն այդպիսով վերահսկողության տակ է առնում դեպի Սևծովյան նեղուցներ տանող ուղիները և թուրքական կողմի բնորոշմամբ՝ «պատ է կառուցում» Էգեյան ծովում (թուրքական բնորոշմամբ՝ «Կղզիների ծով»)։
դ) Էրդողանը հեռակա մրցակցության մեջ է ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետ, որի համար գլխավորը հանդիսացել է հենց հունական ռազմաճակատը։ Վերջինս թերևս նույն կարգավիճակն ունի նաև ներկայումս՝ հաշվի առնելով Էրդողանի կողմից «Ծովային Սևրի» և «Ծովային Ազգային ուխտի» գաղափարների, «Կապույտ հայրենիք» դոկտրինի առաջ քաշումը (թուրքական ընդդիմությունն Էրդողանին մեղադրում է 2004 թ․ ափամերձ 17 փոքր կղզի և 1 խութ Հունաստանին նվիրելու համար՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկի դիմաց)։
ե) 1820-ականների սկզբին սկսած պայքարի արդյունքում Հունաստանն է ազատվել թուրքական լծից, իսկ 1920-ականների սկզբին՝ Թուրքիան՝ «հունական լծից»։ Թվում է, թե ներկայումս՝ ուղիղ 100 տարի անց, վրա է հասնում երրորդ և վճռական բախման պահը։
Միջնաժամկետ պլան՝ 2023-2030թթ․։ Այստեղ առավել քիչ հավանական ենք համարում թուրք-հունական ռազմական բախման հնարավորությունը՝ իհարկե, կախված երկու հիմնական գործոններից․
ա) Մեծ կարևորություն ունի այն, թե, արդյոք, Էրդողանը գալիք ընտրությունների արդյունքներով կպահպանի՞ ընթացիկ պաշտոնը․ արևմտամետ ընդդիմության իշխանության գալով՝ Թուրքիայում կգրանցվեն զգալի փոփոխություններ։
բ) Արդյոք, ԱՄՆ-ն իսկապես կհրաժարվի՞ միջերկրածովյան հավասարակշռված քաղաքականությունից, ինչի արդյունքում Հունաստանը կստանա F-35-եր, իսկ Թուրքիան չի ստանա անգամ F-16 Blok 70-եր։ Դա կտրուկ կփոխի ռազմական բալանսը հօգուտ Հունաստանի և էականորեն կզսպի Թուրքիայի ախորժակը։
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Թուրքագետ
Երևան
___________________
[1] Հուլիսի սկզբին շահագործման է հանձնվելու հունական ARCHYTAS սուպեր ԱԹՍ-ը, որը F-35-ի նման կունենա ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարելու հնարավորություն: