Վերջին երկու տասնամյակում անվտանգության հաստատությունների ժողովրդավարական վերահսկողությունն ավելի ու ավելի է կարևորվել որպես անվտանգության լավ կառավարման անքակտելի բաղադրիչ՝ այդ նույն ժամանակաշրջանում անվտանգության հասկացության զարգացմանը զուգահեռ։ Եթե նախկինում անվտանգության ընկալումը նեղ էր, շեշտը դրվում էր արտաքին ռազմական վտանգից պետության պաշտպանության և երկրի ներսում հանրային կարգի պահպանման վրա, ապա քսաներորդ դարի վերջին տասնամյակից սկսած մեծ ուշադրության սկսեցին հատկացնել մարդկային անվտանգությունն ապահովելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պատասխանատվությանը։ Արմատացավ այն գիտակցությունը, որ անվտանգության հաստատությունները ոչ թե պետք է ծառայեն կառավարող էլիտային և ուղղված լինեն պաշտպանելու իշխանությունը` վերջինիս ձեռքին քաղաքականացվելով ու զենք դառնալով, այլ հասարակության բոլոր անդամներին, այդ թվում կանանց, երեխաներին, փոքրամասնություններին առանց որևէ խտրականության` միջազգային հումանիտար իրավունքի, մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության սկզբունքների համաձայն պաշտպանելուն: Եվ վերջապես, թե՛ նեղ և թե՛ լայն իմաստով այդ նորմերին համապատասխան անվտանգության ապահովման հարցում կարևորվում են հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։ Ինչքան երկիրը ժողովրդավար է, այնքան հանրությունն ավելի մեծ գործիքակազմի է տիրապետում անվտանգության կառավարումը վերահսկելու և դրանում մասնակցելու մեջ։
Հետևաբար, անվտանգության անմիջական ապահովողներից՝ բանակից, ոստիկանությունից, հետախուզական ծառայություններից, մաքսային ծառայություններից, փրկարարներից, հրշեջներից, քրեակատարողական հիմնարկներից բացի, անվտանգության համակարգի մաս են կազմում նաև այդ ուժերն ու ծառայությունները վերահսկող գործադիր, օրենսդիր և անկախ մարմինները՝ նախարարությունները, խորհրդարանը՝ իր համապատասխան մասնագիտացված հանձնաժողովներով, օմբուդսմենների ինստիտուտը, հակակոռուպցիոն, աուդիտորական և տեսչական մարմինները, և վերջապես՝ քաղաքացիական հասարակությունը։
Ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված քաղաքացիական գործադիր իշխանությունները պետք է իրականացնեն անվտանգության ուժերի և ծառայությունների կառավարումը՝ երկրի ամբողջ բնակչության անվտանգության ապահովման նպատակով և քաղաքական չեզոքության սկզբունքի հիման վրա։
Ժողովրդավարաբար ընտրված խորհրդարանը պետք է ապահովի զսպումների մեխանիզմը և անհրաժեշտության դեպքում հավասարակշռի գործադիր կառավարումը՝ պետական բյուջեում անվտանգության համար հատկացումների հաստատման և անվտանգության վերաբերյալ օրենսդրության ընդունման, և անվտանգության ոլորտի գործադիր իշխանություններին և ուժային կառույցների ղեկավարությանը համապատասխան հարցադրումներ ուղղելու միջոցով։
Որոշ երկրներում խորհրդարանը հաստատում է նաև ազգային անվտանգության ռազմավարությունը, կամ մասնակցում է դրա մշակմանը համապատասխան հանձնաժողովների միջոցով։ Ժողովրդավարական երկրներում այդ ռազմավարական փաստաթղթերը չպետք է լինեն կուսակցական և արտահայտեն զուտ իշխող քաղաքական ուժերի շահն ու տեսլականը, այլ պետք է լինեն փոխզիջումային և արտացոլեն ազգային շահերը, հաշտեցնեն հասարակության մեջ առկա տարաձայնությունները անվտանգության հարցերի վերաբերյալ։ Այդ նպատակով էլ դրանց մշակման գործում պետք է ներգրավվի նաև քաղաքացիական հասարակությունը՝ հասարակակական կազմակերպությունների, մտակենտրոնների, փորձագիտական համայնքի, կանանց և երիտասարդական խմբերի միջոցով։
Անվտանգության համակարգը չի կարող ստատիկ լինել, քանի որ աշխարհում տեղի են ունենում արագընթաց փոփոխություններ, այդ թվում՝ տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացին զուգահեռ զարգանում են նաև անվտանգության ապահովման միջոցները։ Անվտանգության համակարգի զարգացումը, ամրապնդումը և բարեփոխումը ոչ թե միանգամյա, այլ շարունակական գործընթաց է, որը պետք է հիմնված լինի քաղաքական որոշումների վրա, արտացոլի տվյալ պետության առանձնահատկությունները, բաղկացած լինի ոչ թե առանձին կարճաժամկետ տեխնիկական գործողություններից, այլ լինի երկարաժամկետ ռազմավարական համապարփակ ծրագիր ։ Այդ բարեփոխումների ընթացքում կարևոր է հավասարակշռություն հաստատել մի կողմից՝ նրանց արդյունավետության և մարտունակության, տեխնիկական զինվածության և անձնակազմի կարողությունների բարելավման, մյուս կողմից՝ նրանց կառավարման հաշվետվողականության, համապատասխան օրենսդրական դաշտի, քաղաքականության և ռազմավարության մշակման միջև։
ՄԱԿ-ում «ժողովրդավարություն» բառը քիչ է կիրառվում, քանի որ այդ կառույցը միավորում է աշխարհի բոլոր ճանաչված պետություններին, իսկ դրանց շարքում կան ոչ ժողովրդավարական պետություններ։ Սակայն ՄԱԿ-ը խիստ կարևորում է անվտանգության, մարդու իրավունքների և զարգացման ուղիղ համեմատական կապը, իսկ ժողովրդավարությունն ըստ էության մարդու իրավունքների՝ քաղաքական և քաղաքացիական ազատությունների ասպեկտներն են։ ՄԱԿ-ը ճանաչում է անվտանգության հաստատությունների բարեփոխումների կարևոր դերը անվտանգության ապահովման և ամրապնդման, հակամարտությունների կանխարգելման և կայուն խաղաղության հաստատման գործում։ Սովորաբար, հակամարտությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրերում ձգտում են ներառել անվտանգության համակարգի բարեփոխումների վերաբերյալ այնպիսի դրույթներ, որոնք ուղղված կլինեն կանխարգելելու վերադարձը զինված հակամարտությանը։
Հայաստանում վերջին տարիներին, հատկապես 44-օրյա պատերազմում պարտությունից հետո, որոշ խմբերի և անհատների կողմից շահարկվում է այն տեսակետը, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն արևմտյան, ազատական, գլոբալիստական ու կեղծ արժեքներ են, որոնք քաղաքացիական հասարակության միջոցով ներմուծվել են դրսից` երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը և հանրության դիմադրողականությունը թուլացնելու նպատակով։ Սակայն պատերազմին հանգեցնող գործոնների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականում արցախյան առաջին և երկրորդ պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում Հայաստանում և Արցախում չկային բավարար հաշվետվողականություն և թափանցիկություն ոչ Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ընթացող դիվանագիտական բանակցային գործընթացի, և ոչ էլ բանակի արդիականացման ու մարտունակության բարձրացման, պաշտպանական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։ Մինչ Արցախի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացը ձգձգվում էր՝ առանց հանգուցալուծման, Ադրբեջանը նավթի ու գազի շահագործումից ստացվող շահույթի շոշափելի մասը ներդնում էր իր բանակի մարտունակությունը բարձրացնելու մեջ, այնինչ Հայաստանը իներցիայով կարծում էր, որ արցախյան առաջին պատերազմում հաղթած իր բանակը լավագույնն է տարածաշրջանում, և բավարար ջանք չէր գործադրում այն արդիականացնելու և բարեփոխելու ուղղությամբ։ Այն հասարակական կազմակերպությունները, որոնք մատնացույց էին անում բանակի թերությունները, օրինակ՝ անարդյունավետության հանգեցնող կոռուպցիան և մարդու իրավունքների խախտումների հանգեցնող ոչ կանոնադրային հարաբերությունները, պիտակավորվում և թիրախավորվում էին, իսկ բանակում առկա թերությունները հիմնականում կոծկվում էին։
Միջէթնիկ այն հակամարտություններում, որոնցում կա անկախության կամ անջատման ձգտում, սովորաբար բախվում են տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները։ Միջազգային հանրության վերաբերմունքն այդ հակամարտությունների լուծման գործում պայմանավորված է լինում մի շարք գործոններով, որոնց թվում են՝ էթնիկ բնաջնջման վտանգն ու մարդու իրավունքների խախտման աստիճանը, այդ երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումն ու կառավարման համակարգը, ինչպես նաև աշխարհաքաղաքական շահերը և հակամարտության կողմերի վարած արդյունավետ դիվանագիտական աշխատանքը։
Հայաստանում ժողովրդավարության հանդեպ պատերազմից հետո առկա հիասթափությունը պայմանավորված էր նաև այն ակնկալիքով, որ քանի որ Հայաստանն ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը, ապա միջազգային հանրությունը, մասնավորապես՝ իրավապաշտպան կազմակերպությունները, պետք է աջակցեին Հայաստանին ու Արցախին պատերազմի ընթացքում։ Ըստ ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարության մակարդակը նույնպես շատ ավելի բարձր է, քան թե Ադրբեջանինը՝ վերջինս համարվում է եվրասիական տարածաշրջանի ավտորիտար պետություններից մեկը։ Դա լրացուցիչ հանգամանք է հիմնավորելու համար, թե ինչու արցախահայությունը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության և վերահսկողության ներքո։
Այս ակնկալիքը վերացավ պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ փոխարինվելով այն իրողության գիտակցմամբ, որ միջազգային հանրության կարծիքի ձևավորման գործում մեծ դեր է խաղում նաև աշխարհաքաղաքականությունը։ Վերջին տարիներին նկատելի է այն, որ բռնապետական կառավարությունները դառնում են անկառավարելի, և հակվում են հակամարտություններն ու խնդիրները լուծել ոչ թե բանակցությունների և միջնորդության, այլ ռազմական ուժի կիրառման միջոցով՝ հաճախ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքն ու մարդու իրավունքների նորմերը։ Ադրբեջանի կողմից քովիդի համավարակի պայմաններում պատերազմ սկսելը, վարձկանների կիրառումը, զինվորականների ու քաղաքացիական անձանց գլխատումներն ու մարմնական խեղումները, ռազմագերիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն ու ադրբեջանական ղեկավարության կողմից հայերի նկատմամբ իրականացվող էթնիկ ատելության քաղաքականությունը համարժեք արձագանքի չարժանացան միջազգային հանրության կողմից։
Միաժամանակ, սա նույնպես հակասական ու միակողմանի եզրակացություն է, քանի որ չի վերլուծում արտաքին քաղաքականության և դիվանագիտության մեջ Հայաստանի բացթողումները, սեփական նարատիվները միջազգային հանրությանը մատուցելու թերացումները, բանակցային գործընթացում առավելապաշտությունն ու սեփական սխալները չընդունելը։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ չէ, որ եղել է հետևողական, և դրանում առկա են եղել հակասություններ մի կողմից՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական և անվտանգային իրողություններից բխող որոշումների միջև։ Պատերազմից հետո հայկական հանրային դաշտում խորացավ բևեռացումը Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացի, պատերազմի և դրանում պարտության պատճառների վերաբերյալ, հանգեցնելով տարբեր ժամանակների իշխանությունների և քաղաքական ուժերի փոխադարձ մեղադրանքների։ Թեև այս հարցերի վերաբերյալ հանրային բանավեճն անհրաժեշտ և տեղին է ժողովրդավարական երկրում, սակայն այն, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ չի ընդունում իր բացթողումներն ու պատասխանատվությունը և մեղադրում է այլ քաղաքական ուժերի, հանգեցնում է բևեռայնացման հետագա խորացման, խանգարում է իրավիճակի օբյեկտիվ վերլուծությանը և անվտանգային քաղաքականության ու բարեփոխումների համար անհրաժեշտ դասեր քաղելուն։ Ժողովրդավարական բարեփոխումների շարունակական ընթացքը հետպատերազմյան Հայաստանում կարևոր նախապայման է դիվանագիտական և անվտանգային ճգնաժամի հաղթահարման և արցախյան հակամարտության լուծման հարցում առաջընթաց արձանագրելու համար։
Սոսի ԹԱԹԻԿՅԱՆ
Միջազգային հարաբերությունների և անվտանգության կառավարման փորձագետ
Երևան