Մայիսի 20-ին Երևանում կայացավ Ժողովրդավարության հայկական ֆորումը: Այդ միջոցառումն աննախադեպ էր ոչ միայն ժողովրդավարության արժեքները ակնհայտորեն (նաև հրապարակայնորեն) չկիսող ընդդիմադիր պատգամավորների ու կողմնակիցների բողոքով, այլև, առաջին հերթին, բանախոսներով: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Ազգային ժողովի ու Սահմանադրական դատարանի նախագահները, մի շարք մարմինների ղեկավարներ, խորհրդարանի պատգամավորներ, դեսպաններ, օտարերկրյա հյուրեր ԵԱՀԿ-ից, Freedom House-ից, Human Rights House-ից և այլն: Հայաստանում երբևիցե եղած ամենաբարձր մակարդակում քննարկվեցին ժողովրդավարության խնդիրները, մարտահրավերները և բարեփոխումները:
Այսպիսով, որոշակիորեն ամփոփելով ֆորումը, արժե փորձել հասկանալ, թե ինչ վիճակում է ժողովրդավարությունը Հայաստանում, և որ ուղղություններով առաջադիմությունն է անհրաժեշտ ժողովրդավարության ինստիտուցիոնալացման համար:
Հիմնական սխեման
Ըստ էության, ժողովրդավարությունն այն կառավարման ձևն է, երբ որոշումները կայացնում է ժողովուրդը: Բայց ակնհայտ է, որ ժողովուրդը ժամանակի սահմանափակության ու մասնագիտական գիտելիքների բնական պակասի արդյունքում չի կարող անմիջականորեն կայացնել հանրային կառավարման բոլոր որոշումները: Օրինակ, Զինված ուժերի X մարտական դիրքը Y կերպով կահավորելու որոշումը չի կարող կայացնել ամբողջ ժողովուրդը, նախ՝ քանի որ նման տիպի որոշումների քանակը անծայրածիր է (և ժողովրդի ժամանակը չի բավարարի բոլորով զբաղվելու) և երկրորդը՝ ժողովուրդը ռազմական մասնագիտական գիտելիքներ չունի, որ ճիշտ նախագծի դիրքի կահավորումը:
Այդ իսկ պատճառով, բացի ամենակարևոր որոշումներից (որոնք ընդունվում են հանրաքվեով, օրինակ` սահմանադրության բովանդակությունը), մնացած որոշումների կայացումը ժողովուրդը ընտրությունների միջոցով պատվիրակում է հատուկ մարդկանց՝ տալով իր անունից իշխանություն իրացնելու իրավունք: Խորհրդարանական կառավարման մոդելում այդ մարդիկ, առաջին հերթին, հենց ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի անդամներն են, հետո արդեն այդ խորհրդարանի կողմից ուղղակի կամ անուղղակի ձևով նշանակված այլ պաշտոնյաներն ու դատավորները:
Հայաստանի պարագայում ժողովուրդը ընտրում է երկու «խորհրդարան»՝ տեղական ու պետական, որոնք, իրենց հերթին, ձևավորում են պետական ու տեղական իշխանությունների մյուս ճյուղերը… Բայց դա քննարկման այլ թեմա է: Էականն այն է, որ խորհրդարանն ու իր նշանակած պաշտոնյաները (թեկուզ անուղղակի նշանակված շարքային ոստիկանը) գործեն այնպես, որ 5 տարի հետո՝ ընտրությունների ժամանակ, քաղաքացիները գոհ մնան և նորից ընտրեն այդ քաղաքական թիմին:
Բայց ինչպե՞ս քաղաքացիները գնահատեն 5 տարվա աշխատանքը, եթե, մեղմ ասած, չեն կարող խորանալ բոլոր պաշտոնյաների կայացրած բոլոր որոշումների ու քայլերի մեջ, որ հասկանան, թե արդյո՞ք բավարարված են դրանց ամբողջականությամբ և արդյո՞ք իշխանությունը (դրա բոլոր ճյուղերով) կարող էր գործել ավելի լավ:
Բայց նախքան այդ հարցի պատասխանին հանգելը պարզապես արձանագրենք, որ ինքնին իշխանություն ընտրելը (և ընտրություններ չկեղծելը), մեծ հաշվով, բոլոր թերություններով հանդերձ, Հայաստանում ստացվում է. ընտրությունները բավականին մրցակցային են, դրանցում հաճախ (տեղական մակարդակում) հաղթում է ընդդիմությունը: Ընթերցողն այստեղ կարող է հակադարձել, որ առանց որակյալ դատական համակարգի չի կարող լինել ժողովրդավարություն և, անշուշտ, ճիշտ կլինի, քանի որ ժողովրդավարական մեխանիզմների ապահովման արբիտրը հենց դատարանները պետք է լինեն: Բայց դա քննարկման այլ թեմա է:
Միջնորդները
Սակայն ինչպե՞ս է ժողովուրդը կայացնում որոշում այս կամ այն թիմին 5 տարով պետական կամ տեղական իշխանություն վստահելու մասին, եթե, ինչպես նշվեց, այդ գնահատականի մեջ պետք է լինեն անսահման քանակության քայլերի գնահատականներ (և դրանց մեծ մասը հասկանալու համար էլ պետք են մասնագիտական գիտելիքներ):
Ակնհայտ է, որ այդ ամբողջը հասկանալու համար ժողովրդին պետք են միջնորդներ, որոնք ուշադիր կհետևեն իշխանության տարբեր ներկայացուցիչների տարբեր որոշումներին ու քայլերին, հասկանալի կերպով կբացատրեն այդ քայլերը, իսկ այլ քաղաքական ուժերի կողմից այդ քայլերին այլընտրանք առաջարկելու դեպքում՝ նույն կերպ կքննարկեն այդ այլընտրանքային առաջարկները (որ ժողովուրդը գնահատի, թե իշխանությունը այլ ուժի կողմից իրացնելու դեպքում ինչպիսի քայլեր կկատարվեին):
Ակնհայտ է, որ խոսքը լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության մասին է: Ու թեև ընդունված է համարել, որ լրատվամիջոցը զուտ տեղեկատվություն տարածողն է, իրականում՝ լրատվամիջոցների դերը շատ ավելի մեծ ու լուրջ է: Եվ հենց այստեղ է, որ Հայաստանի ժողովրդավարությունն առերեսվում է առաջին լուրջ խնդրին կամ, ավելի ճիշտ, մարտահրավերին:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայաստանյան լրատվական դաշտը բավականին ցածրորակ, կողմնակալ ու բևեռացված է: ԶԼՄ-ները հաճախ իրենք են զբաղված պոպուլիզմով, իրականությանը չհամապատասխանող կամ իրականությունը աղավաղող հրապարակումներ անելով, ոչ էական հարցերը ուռճացնելով, էական հարցերը անտեսելով, իշխանության ու ընդդիմության քայլերը կամ մոտեցումները անհավասար լուսաբանելով, իրական փորձագետների փոխարեն ցանկալի կարծիք արտահայտողներին եթեր տալով և այլն:
Թեև քաղաքացիական հասարակությունը որոշակիորեն կայացած է Հայաստանում, սակայն այն ևս անթերի չի կատարում իշխանության ու հասարակության միջնորդի դերը: Ընդ որում, այդ չկատարելու պատճառներից մեկն այն է, որ հանրության հետ շփվելու համար քաղհասարակությանը ևս անհրաժեշտ են լրատվամիջոցները, որոնք բավականին քիչ են տեղ տալիս քաղաքացիական հասարակության իրական դերակատարներին, որոնք ունակ են իրենց կոմպետենտության ոլորտում օբյեկտիվ գնահատականներ տալ իշխանության որոշումներին ու քայլերին:
Արդյունքում, երբ իշխանությունը անում է X քայլը՝ մարդկանց համար շատ դժվար է գնահատել՝ այդ քայլը լա՞վն էր, թե՞ վատը: Իշխանությունն իր լրատվական ռեսուրսներով ամեն ինչ կանի, որ դա երևա լավ լույսի ներքո, իսկ ընդդիմությունը` հակառակը:
Այստեղ իդեալական կլիներ, որ լինեին անկախ լրատվամիջոցներ, որոնք կապահովեին ժողովրդավարության մեխանիզմի այդ կարևորագույն բաղադրիչը: Բայց անկախ լրատվական դաշտն ինքն իրենով չի ստեղծվում: Ինչպես ցանկացած այլ շուկայական հարաբերություն, այս դեպքում ևս առաջարկի համար անհրաժեշտ է պահանջարկ կամ պահանջարկով չպայմանավորված ֆինանսավորում:
Այսինքն, կամ պետք է գտնվեն որոշ աղբյուրներ, որոնք էական միջոցներ կներդնեն անկախ լրատավամիջոցների մեջ (ընդ որում` միջոցներ դրամաշնորհի կամ նվիրատվության տեսքով, քանի որ դրանց շուկայական պահանջարկ չկա ու եկամտաբեր չի կարող լինել) կամ էլ պետք է առաջանա անկախ լրատվամիջոցների շուկայական պահանջ:
Այսինքն, մարդիկ պետք է կարդան ու տարածեն այն կայքերը, դիտեն այն հեռուստաալիքներն ու լսեն այն ռադիոկայանները, որոնցում լրատվությունը որակյալ է ու օբյեկտիվ: Բայց այստեղ, վստահ եմ, ընթերցողը միանգամից կարձանագրի, որ Հայաստանում մեդիագրագիտությունը և, առհասարակ, գրագիտությունը այդ մակարդակի վրա չեն:
Ցավոք, Հայաստանում մարդիկ ավելի հակված են բացել քլիք-բեյթ վերնագրերը, կարդալ դեղին մամուլը և հետևել այն հեռուստատեսություններին ու ռադիոընկերություններին, որոնք իրենց ականջին ավելի հաճո կերպով են լուսաբանում իրականությունը (կամ իրականությունը աղավաղվում է հաճո կերպով):
Կրթությունը
Ցավոք, վերջին տասնամյակներում Հայաստանի կրթական համակարգը էական հետընթաց է ապրել ու հասել նրան, որ վերջին տարիներին դպրոցների շրջանավարտների մոտ մեկ երրորդը անգրագետ է: Բայց խնդիրն, իրականում, ավելի խորն է:
Դեռևս Խորհրդային Միության ժամանակներից (և առ այսօր) հումանիտար առարկաների դասավանդումը շատ ցածրորակ է, երբեմն հիշեցնում է քարոզչանյութեր, և մարդիկ ընտելանում են հենց այդ ձևաչափին: Քննադատական մտածողությունը կամ, պատմական առարկաների դեպքում, պատճառահետևանքային կապի վերհանումը շատ վատ մակարդակի վրա են: Եվ եթե երիտասարդ սերունդը գոնե քիչ թե շատ ուսումնասիրել է հասարակագիտությունը, ապա ավագ սերունդը դրա փոխարեն ուսումնասիրել է ՍՄԿԿ պատմության նման առարկաներ:
Չխորանալով կրթության խնդիրների մեջ (որոնց շուրջ մասնագետները շատ ավելի խորը վերլուծություններ կարող են անել)՝ արձանագրենք, որ այդ խնդիրները շատ ցայտուն կերպով արտահայտվում են բոլոր ոլորտներում… Եվ բացառություն չէ ժողովրդավարական գործընթացներին հանրային մասնակցությունը:
Ցածր որակի կրթությամբ կիսագրագետ քաղաքացին ոչ միշտ կկարողանա տարանջատել լավ լրատվամիջոցները, հասկանալ, որ իրեն պետք է սպառել որակյալ լրատվություն և ունակ լինել տարանջատելու որակյալ լրատվությունը քարոզչությունից: Մարդը, ում դպրոցում ասել են, որ առաջին աշխարհամարտը սկսվեց միմիայն Գավրիլո Պրինցիպի կողմից Ավստրիայի թագաժառանգի սպանությամբ՝ առանց դրան նախորդող միջավայրի ու համաշխարհային լարումը ներկայացնելու, կարող է հավատալ ամեն տեսակի լրատվամիջոցի ու չփորձել պնդումների տակ պատճառահետևանքային կապեր որոնել, ցանկացած բան վերլուծելիս նաև ունենալ որոշակի մակարդակի պատկերացումներ հասարակագիտությունից և, առհասարակ, աշխարհից:
Հետևապես, ժողովրդավարություն չի կարող զարգանալ և, միգուցե, չկարողանա անգամ մնալ ներկայիս մակարդակի վրա, եթե օր առաջ չլուծվեն ժողովրդի՝ կրթության գոնե որոշ թիրախային ուղղությունների վրա աշխատելու հարցերը: Իհարկե, մեծ հաշվով, դա պետք է արվի դպրոցում՝ հանրակրթության որակի բարձրացմամբ, բայց քանի որ դա շատ ավելի երկարաժամկետ նպատակ է (իրական արդյունքը կսկսի զգացվել մոտ 10 տարում), կարելի է սկսել լայն հանրության գրագիտությունը հանրային կառավարման որոշ ասպեկտների շուրջ զանգվածաբար բարձրացնող ծրագրերից:
Հարյուր տարի առաջ նման ծրագրերը կոչվում էին «Լիկբեզ», այժմ կարող են կոչվել այլ կերպ: Բայց եթե հանրային կառավարման ու հասարակագիտության հարցերում հանրային կրթվածությունը էապես չբարձրանա, մենք կարող ենք լուրջ խնդիրների բախվել:
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող
Երևան