Մայիսի 20-ին Երևանում կայացավ Ժողովրդավարության հայկական ֆորումը՝ անկախ Հայաստանի պատմության մեջ նմանատիպ ամենախոշոր համաժողովը: Այն կազմակերպել էին ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հայաստանյան ՀԿ-ն։ Ժողովրդավարության գլոբալ ֆորումի մասնակից երկրում անցկացված այս համաժողովին ներկա են եղել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետը, խորհրդարանի խոսնակը, արդարադատության նախարարը, պատգամավորներ, ժողովրդավարական արժեքների ջատագով քաղաքական և հանրային գործիչներ։ Ֆորումում իր ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդավարությունը հանդիսանում է Հայաստանի գլխավոր միջազգային բրենդը, երկրի ինքնիշխանության պահպանման առանցքային գործոնը։
Անշուշտ, դժվար է չհամաձայնվել ժողովրդավարության և ինքնիշխանության անմիջական փոխկապակցվածության հանգամանքին այնպիսի մի երկրում, որպիսին Հայաստանն է, առավել ևս՝ ժողովրդավարության ու ինքնիշխանության առաջ ծառացած մարտահրավերների համապատկերում, մարտահրավերներ, որոնք մեր երկիրը պիտի հաղթահարի։ 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը որակական զորեղ խթան էր անկախության հռչակումից ի վեր զիգզագներով ընթացող հայկական ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին։
Սակայն ժողովրդավարությունը նաև բավականին բարդ ու բազմաշերտ գործընթաց է, ինչին պարբերաբար մասնակցում է ողջ հանրությունը, որն էլ ապրիորի պետք է իմանա և հասկանա առնվազը դրա այբուբենը, կրողը լինի այն սկզբունքների ու արժեքների, որոնց հիման վրա ժողովրդավարությունը կառուցվում և ամրապնդվում է։ Արդյո՞ք ամեն ինչ անամպ է մեզ մոտ, արդյո՞ք ժողովրդավարությունն անհրաժեշտ չափով ինքնաբավ է՝ անշրջելիության երաշխիքների առումով։ Մեր նոր թողարկման հեղինակների կարծիքով, այստեղ անելիք շատ կա՝ և՛ բարեփոխումների համապետական օրակարգի հաստատման, և՛ մեդիագրագիտության բարձրացման, հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի, ինչպես նաև ժողովրդավարության ու անվտանգության սերտ փոխկապակցվածության գիտակցման առումներով, որոնք էլ հանրագումարում հիմք են հանդիսանալու Հայաստանում ժողովրդավարության հաստատութենականացման և ժողովրդավարական կարգերի անշրջելիության ապահովման համար։
Ժողովրդավարությանն առնչվող հիմնախնդիրների, դրա թույլ կողմերի, այս համատեքստում հանրային խոսույթների, ժողովրդավարության հայկական ֆորումի, կառավարության ու նրա ղեկավարի, նրանց քաղաքական ընդդիմախոսների, նորընտիր օմբուդսմանի տեսակետների մասին կարող եք կարդալ նաև մեր նոր թողարկման արտատպություններում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն