Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ այսրոպեական անվտանգային խնդիրների պատճառով հաճախ անուշադրության են մատնվում միջնաժամկետ ու երկարաժամկետ մարտահրավերները։ Քաղաքական ու ռազմաքաղաքական սպառնալիքների կողքին հաճախ երկրորդայնացվում են հաստատությունների կայացման, մարդու կյանքի որակի բարձրացման, բնապահպանության կամ կլիմայական փոփոխությունների, բնակչության առողջապահության, էներգետիկ ինքնիշխանության համար սպառնալիք հանդիսացող հարցերը, որոնք նույնպես ունեն անվտանգային բնույթ։ Մինչդեռ հենց այդ հարցերին տրվող պատասխաններն են պետության կայացվածության հիմնական ցուցիչները։ Ավելին՝ այդ հարցերի ազդեցությունը մարդու կյանքի ու կյանքի որակի, պետության բնականոն գործունեության ապահովման ու բնակչության անվտանգության վրա ունի միայն աճի միտում։
Հանրահայտ փաստ է, որ պետությունը ունի պարտավորություն՝ ապահովելու սեփական բնակչության անվտանգությունը։ 21-րդ դարում պետության այս պարտավորությունը արդեն վաղուց չի սկսվում և չի ավարտվում ռազմաքաղաքական ու արդարադատական հարթություններում։ Բնակչության կյանքի, առողջության, գույքի ու իրավունքների ապահովման տեսանկյունից պատերազմներից ու հանցագործություններից այլևս ոչ պակաս վտանգավոր են կլիմայական փոփոխությունները և շրջակա միջավայրի դեգրադացիայի գործընթացը։ Այս գործընթացները ներառում են այնպիսի մարտահրավերներ, ինչպիսին են նոր ի հայտ եկած հիվանդությունների ու տեղանքի համար նախկինում ոչ բնորոշ հիվանդությունների ու վնասատուների տարածումը, գյուղատնտեսական նշանակության հողերի որակական անկումը, կլիմայական միջավայրի փոփոխությունները, տարածքների ջրազրկումը կամ անապատացումը, դասական էներգետիկ ենթակառուցվածքներից կախվածությունը և այլն։ Դիտարկենք այս մարտահրավերներն առանձին-առանձին։
Մեր տարածաշրջանում տարածքների ջրազրկումը կամ անապատացումը և գյուղատնտեսական նշանակության հողերի որակական անկումը ուղիղ կապ ունեն նաև ջրերի և սահմանային ջրերի արդյունավետ կառավարման հարցերի հետ։ Այդ հարցերը հատկապես սուր են Մերձավոր Արևելքում Հայաստանից ընդամենը 350-400 կմ ուղիղ գծի վրա։ Տարածաշրջանում այդ հարցերն առաջացնող հիմնական պետությունը Թուրքիան է, որն արդեն տևական ժամանակ է, ինչ զբաղվում է տարածաշրջանի հիմնական ջրային արտերիա հանդիսացող գետերի վրա ջրամբարներ ու ՀԷԿ-եր կառուցելով։ Դա արդեն իսկ ունեցել է ահռելի ազդեցություն Սիրիայի ու Իրաքի գյուղատնտեսության, բնակչության կյանքի որակի, բնակելի տարածքների կրճատման ու սանիտարահիգիենիկ վիճակի վրա։ Հայաստանը հայ-թուրքական սահմանի երկայնքով կիսում է Թուրքիայի հետ Արաքս գետը։ Լինելով Հայաստանի խոշորագույն գետը՝ Արաքսը մեծ ազդեցություն ունի ողջ Արարատյան դաշտի վրա ոչ միայն ոռոգման, այլ նաև ավելի լայն էկոմիջավայրի տեսանկյունից։ Արաքսի վրա թուրքական կողմի իրականացրած ենթակառուցվածքային շինարարություններն արդեն իսկ որոշակի փոփոխություններ են առաջացրել դրա ջրի քանակի մեջ, և ապագայում այս խնդիրը խոստանում է միայն ավելանալ։ Այսպիսով, հայ-թուրքական բանակցային օրակարգի մեջ կարևոր դեր պետք է հատկացնել նաև սահմանային ջրերի կառավարմանը։
Հայաստանն ունի սեփական ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ահռելի խնդիր, մինչև օրս ոռոգման ջրագծերը բացօթյա են, այլ ոչ թե խողովակային, հաճախ դրանք անգամ հողամեջ կանալներ են։ Սա առաջացնում է ջրի այնպիսի կորուստներ, որոնց պարագայում հնարավոր չէ խոսել գյուղատնտեսության զարգացման մասին։ Խնդիրն այստեղ համակարգային է ու համապետական։ Առանձին նախագծերը կամ գործարարները կարող են բերել տեղային փոփոխությունների, բայց ոլորտին անհրաժեշտ են պետական ենթակառուցվածքային երկարաժամկետ փոփոխություններ։ Հայաստանը չի կարող ունենալ զարգացած գյուղատնտեսություն՝ առանց դաշտերի ոռոգման համակարգի վերանայման ու արդիականացման։ Դեռ հնագույն ժամանակներից պետության հիմնական դերը հենց արդյունավետ ոռոգման համակարգերի կառուցումն էր, ավելին՝ դրա համար էր բնակչությունը հանդուրժում կենտրոնացված պետական համակարգի գոյությունը (Եգիպտոս, Միջագետք, Չինաստան)։ Ոռոգման և ընդհանրապես ջրային ենթակառուցվածքների նշանակությունը բնավ ավելի պակաս չէ, քան տրանսպորտային ենթակառուցվածքներինը, սակայն կա՞, արդյոք, Հայաստանում դրա գիտակցումը։ Անհամատեղելի են հողաշեն կամ բաց ջրային կանալների մասսայական օգտագործումը և ժամանակակից գյուղատնտեսությունը։ Հայաստանը չունի ջրային ռեսուրսների խնդիր, Հայաստանն ունի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիր։
Հայաստանը չունի սեփական ածխաջրածնային ռեսուրսներ։ Դա ինքնաբերաբար առաջացնում է որոշակի մարտահրավերներ ու կախվածություններ ինչպես մատակարարների, այնպես էլ լոգիստիկայի տեսանկյուններից։ Ընդ որում, Հայաստանի պարագայում թե՛ մատակարարումները և թե՛ լոգիստիկան, ըստ էության, գրեթե չկառավարվող ռիսկեր են պարունակում։ Եվ, ուրեմն, Հայաստանի համար անվտանգային հարց է դառնում նաև սեփական էներգետիկ այլընտրանքների պահպանությունն ու զարգացումը, ածխաջրածնային ռեսուրսներից կախվածության հնարավորինս սահմանափակումը։ Հայաստանի պարագայում դա ինչպես բնապահպանական, այնպես էլ էներգետիկ անվտանգության ու ինքնիշխանության հարց է։
Առաջնային է ատոմակայանի հարցը։ Վաղ թե ուշ ավարտվելու է Մեծամորի հայկական ատոմակայանի օգտագործման վերջին ժամկետը։ Այդ ժամկետն այլևս սարերի հետևում չէ, և Հայաստանը հստակ պատասխան պետք է ունենա, թե ինչպիսին է լինելու հայկական խաղաղ միջուկային ծրագրի ապագան։ Անձամբ ես համարում եմ նոր ատոմակայանի կառուցման հարցը Հայաստանի առաջիկա կարևորագույն ռազմավարական խնդիրներից մեկը։ Առանց ատոմակայանի գրեթե անիրականանալի է թվում ածխաջրածնային վառելիքից անհրաժեշտ չափով անկախանալու գործընթացում հաջողելը։ Ատոմակայանը, բացի էներգետիկ հարթությունից, ունի նաև առաջնակարգ ռազմավարական ու քաղաքական նշանակություն։ Ատոմակայան ունեցող Հայաստանը մի կարգի երկիր է, իսկ չունեցողը՝ բոլորովին այլ։
Արտակարգ կարևոր է նաև վերականգնվող կամ այլընտրանքային էներգետիկայի զարգացումը։ Այս առումով ահռելի առաջընթաց կա արևային էներգետիկայի զարգացման գործում։ Ու պետության խթանիչ դերակատարությունն այս ոլորտում հրաշալի օրինակն է պետական գործիքակազմերի արդյունավետ օգտագործման՝ նվազագույն միջամտության պահպանմամբ։ Այլընտրանքային էներգիայի աղբյուրների հետագա զարգացումը և այս ոլորտի արտադրողների կողմից նոր շուկաների նվաճումը նույնպես կարող է դիտարկվել որպես ոլորտային առաջնահերթություն։ Որոշակի առաջընթաց կա նաև այլընտրանքային էներգիայով աշխատող տրանսպորտային միջոցների առաջխաղացման հարցում, բայց դրանք կարիք ունեն հետագա խթանման, ծավալման ու բացազատման։
ՔՈՎԻԴ-19-ի պանդեմիկ մակարդակի տարածումը ցույց տվեց ժամանակակից կանխարգելիչ միջոցառումների անկատարությունն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի նոր ի հայտ եկած հիվանդությունների ու տեղանքի համար նախկինում ոչ բնորոշ հիվանդությունների ու վնասատուների տարածումը կանխարգելող մեխանիզմների կատարելագործման ու ժամանակի մարտահրավերներին ադապտացման ուղղությամբ։ Անհրաժեշտ են բնակավայրերի և մարզերի ժամանակավոր, բայց արդյունավետ ու արագ արձագանքող կարանտինային մեխանիզմներ, պետական ճգնաժամային կառավարման սցենարներ ու պահեստային հզորություններ։ Կլիմայական փոփոխությունների հետևանքով Հայաստանի հարևան երկրներում արդեն իսկ արձանագրվել են մեր տարածաշրջանին ոչ բնորոշ հիվանդությունների տարածման դեպքեր, ու վաղ թե ուշ նմանատիպ միջադեպեր լինելու են նաև Հայաստանում։ Արդյո՞ք բավարար ուշադրություն է դարձվում այս ոլորտում ծանր հետևանքների կանխարգելմանը, այլ ոչ թե հետևանքների վերացմանը։
Համընդհանուր խնդիր է կլիմայական փոփոխությունների հարցը։ Այն, այսպես թե այնպես, վերաբերում է բոլոր պետություններին։ Վերոնշյալ սպառնալիքներից որոշներն անգամ հետևանք են հենց կլիմայական փոփոխությունների։ Մարդկությունը շատ դանդաղ է ընկալում այս գլոբալ սպառնալիքը և սկսում աշխատել այս սպառնալիքի հետ։ Հայաստանի դեպքում անելիքները բուն գործում այդքան էլ շատ չեն, քանի որ շատ չեն Հայաստանի վնասակար արտանետումները։ Այնուամենայնիվ, Հայաստանը որդեգրել է արտանետումների սահմանափակման բավականին ամբիցիոզ ծրագիր ու հաջողությամբ իրականացնում է այն։ Բայց կա մեկ այլ խնդիր՝ կլիմայական փոփոխությունների հետևանքների կանխատեսումը ու դրանց ունեցած բացասական ազդեցության մինիմալիզացումը նույնպես պետք է համարել պետության պարտականությունը։
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, էներգետիկ անվտանգության ու ինքնիշխանության որոշակի մակարդակի ապահովումը, կլիմայական փոփոխություններին նախապատրաստվելը և նոր հիվանդությունների տարածում կանխարգելող մեխանիզմների մշակումը Հայաստանի Հանրապետության առաջիկա կարևորագույն անվտանգային խնդիրներից են։ Արդյո՞ք բավարար ուշադրություն է դարձվում նմանատիպ հարցերին, բավարա՞ր է, արդյոք, այս աշխատանքների ֆինանսավորումն ու մարդկային կապիտալը, բավարա՞ր է, արդյոք, տարվող աշխատանքի ծավալն ու որակը։ Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեն։
Ամեն դեպքում, Հայաստանում ոլորտային փոփոխությունների ճանապարհին առաջին քայլը հասարակական կարծիքի, ակնկալիքների, պահանջների ձևավորումն ու հասարակության մասնակցության մակարդակի բարձրացումն է։ Գերքաղաքականացված ու հիմնականում միֆական հարթության խոսույթ վերարտադրող հասարակությունը կարիք ունի առերեսվելու սեփական կյանքի որակի ու անվտանգության վրա ուղիղ ազդեցություն ունեցող հարցերի հետ ու պահանջատեր լինելու հարցերի լուծման ուղությամբ։ Հայտնի փաստ է, որ հին ու կայացած հաստատությունների բացակայության պարագայում պետությունը սկսում է աշխատել այնտեղ, որտեղ պետությանը ստիպում են սկսել աշխատել ու այնքան արդյունավետ, որքան շատ ու խորն է լինում հասարակական վերահսկողությունը։
Արեգ ՔՈՉԻՆՅԱՆ
Անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ
Երևան