2022թ. մայիսի 6-ին Երևանում տեղի ունեցավ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից նախաձեռնած Ազգային մեկնարկային աշխատաժողովը՝ նվիրված «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցության» ծրագրի երկրորդ փուլի և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի մեկնարկին:
Վերոնշյալ երկու ծրագրերն իրականացվում են WWF-ի կողմից: «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցության»-II ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից՝ KfW բանկի միջոցով: «Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջոցով (SDC): Ֆինանսավորումը կազմում է 4.500.000 շվեյցարական ֆրանկ (CHF): Այս ծրագիրն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ) կողմից՝ որպես «Էկո-միջանցք հիմնադրամ Կովկասի համար» (ECF) ավելի ընդարձակ տարածաշրջանային ծրագրի մի մաս: Ծրագիրը կտևի ութ տարի՝ 4,500,000 շվեյցարական ֆրանկ ներդրումով և կիրականացվի ՀՀ Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։
Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ պարոն Արամ Մեյմարյանը: «Տարիների ընթացքում բնության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով ունենք մի իրավիճակ, երբ որոշ կենդանատեսակներ հայտնվել են վտանգման եզրին: Այս համատեքստում էկոլոգիական միջանցքների ստեղծման ծրագիրը կարևոր է, քանի որ այն նպաստեց վտանգված տեսակների պոպուլյացիաների ավելացմանը և դրանց ապահով տեղաշարժին բնության հատուկ պահպանվող տարածքների միջև:»
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մշակույթի զարգացման համագործակցության և մամուլի հարցերով կցորդ պարոն Յակոբ Ցիգլերը նշեց, որ Գերմանիայի կառավարության համար գերակա է բնության համակարգերի պահպանությունը:
Հայաստանում Շվեյցարիայի համադաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ պարոն Վերներ Թութը նշեց, որ կարողացել են նախագծել նորարարական նախագիծ, որը նշանակալի ներուժ ունի: «Մենք փորձում ենք համակցել բնության պահպանությունը տնտեսության աճին գործնական եղանակով, որպեսզի այն իմաստալից լինի տեղի բնակչության համար: Պահպանվող տարածքներում բնակվող գյուղացիները կարող են գումար վաստակել այն լանդշտաֆներից, որտեղ ապրում են, տնտեսապես կայուն եղանակով՝ առանց ոչնչացնելու իրենց տնտեսական գործունեությամբ»,- նշեց նա: Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ղեկավար պարոն Ֆրանկ Մյորշլն իր ողջույնի խոսքում նշեց, որ ուրախ է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի համար՝ հատկապես ունենալով առաջին փուլի արդյունքները: Ծրագրի առաջին փուլի շահառու Զանգակատուն բնակավայրի վարչական ղեկավար պարոն Հովիկ Կարապետյանը խոսեց ծրագրի՝ իրենց բնակավայրի զարգացման վրա ունեցած ազդեցության մասին: «Մեր բնակավայրն ունի հարուստ կենսաբազմազանություն, և կենդանիների բնակատեղիների պահապանությունը երբևիցե ընդգրկված չի եղել որևէ զարգացման ծրագրի մեջ: 2018թ. ընգրկվեցինք էկոմիջանցքների խթանման ծրագրի մեջ, որի արդյունքում ստացանք 166 հազար 500 եվրո գումար, որը մինչ այսօր ծախսվում է ոչ միայն բնապահպանական միջոցառումներ իրականացնելու համար, այլև՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված ծրագրեր են իրականացվում»,- նշեց նա:
Պարոն Կարեն Մանվելյանը ներկայացրեց երկու ծրագրերի ընդհանուր նկարագիրը, դրանց փոխկապակցվածությունը միմյանց և տարածաշրջանում իրականացվող այլ միջազգային ծրագրերի հետ: «Կովկասը WWF-ի համար ունի մեծ առաջնահերթություն, որովհետև ունի մեծ կենսաբազմազնություն, և միևնույն ժամանակ այդ կենսաբազմազանությունը վտանգի տակ է տարբեր ռիսկերի պատճառներով, ինչպես օրինակ՝ անօրինական որսը, հանքարդյունաբերությունը, ապօրինի անտառահատումները, կլիմայի փոփոխությունը: Շատ կարևոր է այս ամբողջը հաշվի առնել մեր մոտեցումների և նախագծերի ժամանակ: Ծրագրերի կապակցվածությունը նախ կենսաբազմազանությունն է, բնության պաշտպանությունը, բնական ռեսուրսների կայուն օգտագործումը և տեղի բիզնեսի կողմից եկամուտ ստանալու հնարավորությունը»,- նշեց նա:
«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցության» ծրագրի երկրորդ փուլի ազգային համակարգող պարոն Արմեն Շահբազյանը ներկայացրեց էկոմիջանցքների ծրագրի հիմնական գաղափարն ու ծրագրի առաջին փուլի արդյունքները: «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ պարոն Մկրտիչ Այվազյանն անդրադարձավ «Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» ծրագրին՝ ներկայացնելով հիմնական գաղափարը:
Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF)