Ուկրաինայում արդեն ավելի քան երեք ամիս ընթացող ռուս-ուկրաինական, իսկ փաստացի՝ ԱՄՆ-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան պատերազմին զուգահեռ, միջազգային հարաբերություններում այսօր սրվել է նոր պատերազմի հավանականության մասին հարցը, պայմանավորված Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերության գերլարումով: Օրերս Հունաստանի վարչապետ Միցոտակիսն, իհարկե, փորձել է հանգստացնել իր հանրությանը, ասելով, որ չնայած լարվածությանը՝ թուրք-հունական հարաբերությունն այսօր ամենևին այն «հատակում չէ», որտեղ գտնվում էր 2020-ի ամռանը:
Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը ծավալվում է դեռևս այդ ժամանակաշրջանից: 2020 թվականի ամռանը կողմերը ընդհուպ մոտեցրել էին ռազմանավեր, և այն ժամանակ էլ, թերևս, կայծն էր պակասում մեծ բախման համար: Իրավիճակը, սակայն, հանգուցալուծվեց առանց ռազմական բախման: Այդ իմաստով, իհարկե, մեծ հարց է, թե ինչպես կզարգանար իրադրությունը Հունաստանի և Թուրքիայի միջև 2020-ի հունիս-օգոստոսին, եթե նույն թվականի սեպտեմբերի վերջին պատերազմը «չպայթեր» Արցախում: Պետք չէ բացառել, որ 2020 թվականի հունիսին արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում պարզապես որոշակիորեն «տաքացվեցին» մկաններ, որոնք հետո գործի դրվեցին Արցախի ու Հայաստանի դեմ՝ իհարկե, շատ ավելի լայն աշխարհաքաղաքական ընդգրկում ունեցող «օրակարգով» ու նպատակներով, քան պարզապես Ադրբեջանի խնդիրները:
Ընդ որում, Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի շուրջ բառի ուղիղ կամ անուղղակի իմաստով «միավորվեցին» սուբյեկտներ, որոնք միջերկրածովյան տարածաշրջանում թերևս տարբեր «խրամատներում» են: Խոսքն, օրինակ, Իսրայելի և Թուրքիայի մասին է: Թեև հակամարտությունն ուղիղ իմաստով Հունաստանի և Թուրքիայի միջև է, այդուհանդերձ՝ դեռևս 2020-ից ակնառու է, որ այս դեպքում էլ խնդրի ընգրկումը շատ ավելին է:
2020 թվականի հունվարին Իսրայելը, Հունաստանն ու Կիպրոսը ստորագրեցին դեպի Եվրոպա գազամուղ կառուցելու մասին համաձայնագիր, որն ըստ էության «խաղից դուրս» է թողնում Թուրքիային: Միաժամանակ, Հունաստանը՝ ֆրանսիական Total և իտալական Eni գազային ազգային ընկերությունների հետ դիտարկում էր Կիպրոսի հարավային ջրերում գազի պաշարների ուսումնասիրման հեռանկարը: Թուրքիան սկսեց այդ գազային հավակնություններին սեփական հավակնություններով հակազդելու գործողություններ: 2020 թվականի օգոստոսին իրավիճակի ռազմական բախում թույլ չտալու համար տարածաշրջանում իր ռազմական ներկայությունն ավելացնելու մասին հայտարարեց Ֆրանսիան՝ Թուրքիային զսպելու նկատառումով:
2021 թվականին Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի եռակողմ գործակցությունը մտավ նոր փուլ՝ Թել-Ավիվում երեք երկրների կնքած բարձր մակարդակի համաձայագրով, որում բավականին կոնկրետ հիշատակվում էր նաև ԱՄԷ-ն գործակցության շրջանակ ներառելու հաստատակամությունը: Դրան զուգահեռ Աբու Դաբիի հետ սերտ աշխատանքի անցավ Էրդողանը, տեղի ունեցավ համաձայնություն, ըստ որի Էմիրությունները ստացան Թուրքիայի տնտեսության մեջ ներդրումների հնարավորություն:
Ընդհանրապես, միջազգային իրադարձությունների ընթացքը որոշակի նոր տրամաբանության դաշտ մտավ ԱՄՆ-ում Ջո Բայդենի հաղթանակից և նրա պաշտոնամուտից հետո: Դրա ազդեցությունը նկատելի է նաև հույն-թուրքական հակամարտության պարագայում: «Ամերիկան վերադառնում է», հայտարարեց Բայդենը Եվրոպա կատարած իր առաջին շրջագայության ընթացքում: Վաշինգտոնը թրամփյան, այսպես ասած, հետքաշման, միջազգային գործերում ակտիվության նվազման քաղաքականությունից անցում էր կատարում աշխույժ և որոշիչ դերակատարության վերականգնման: Եթե 2020 թվականի լարվածությանն ու թուրք-հունական մկանների ցուցադրությանը Վաշինգտոնը գերադասում էր հետևել առավելապես պասիվ ռեժիմում, ապա այսօր ԱՄՆ-ն արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում աշխույժ դերակատար է: Հունաստան-Թուրքիա կոնֆլիկտը դրա առիթ՞ է, թե՞ պատճառ. սա հարց է, բայց փաստ է, որ ԱՄՆ-ն վերադառնում է և «պարուրում» Եվրոպան: Ուկրաինական պատերազմը դարձավ առիթ կամ պատճառ, որպեսզի ԱՄՆ-ն բազմապատկի իր ռազմական ներկայությունն ու ռազմաքաղաքական ազդեցությունն արևելաեվրոպական ուղղությամբ, իսկ Հունաստան-Թուրքիա հակամարտությունը փաստացի առիթ կամ պատճառ է դառնում Եվրոպայի հարավում՝ միջերկրածովյան տարածաշրջանում ամերիկյան ներկայության և ըստ այդմ՝ ազդեցության բազմապատկման համար:
2021 թվականի հոկտեմբերին Հունաստանն ու ԱՄՆ-ն կնքեցին ռազմական գործակցության պայմանագիր, որով ԱՄՆ-ն ստացավ Հունաստանի տարածքում չորս ռազմակայանի տեղակայման հնարավորություն: Մոտ մեկ ամիս առաջ՝ 2022 թվականի մայիսի 13-ին Հունաստանի խորհրդարանը վավերացրեց այդ համաձայնագրում լրացում կատարելու մասին փաստաթուղթը, որով ԱՄՆ-ն փաստացի կրկնապատկում է Հունաստանում իր ռազմակայանների թիվը, հասցնելով դրանք ութի: Հունաստանը Նահանգներին թույլ է տվել Ֆ35 գերժամանակակից կործանիչներ տեղակայել Կրետե կղզում:
Ինչ խոսք, դա Հունաստանում ոգևորում է ոչ բոլորին: Օրինակ, այնտեղ կարող է հնչել կարծիք առ այն, որ Հունաստանը վերածվել է ամերիկյան մեծ բազայի: Դա ասել է Հունաստանի Խորհրդարանի պատգամավոր Կլեոն Գրիգորիադիսը՝ Եվրոպական ռեալիստական անհնազանդության ճակատ կուսակցությունից։ Ըստ նրա, կա մեծ տերությունների շահերի համար Հունաստանն օգտագործելու վտանգ: «1922 թվականին մեծ տերությունները, առաջնորդվելով Մերձավոր Արևելքի նավթի պաշարները գրավելու ցանկությամբ, Հունաստանն օգտագործեցին որպես շեղող միջոց Քեմալի ու երիտթուրքերի դեմ: Հիմա նրանք կրկին օգտագործում են մեզ՝ խելագարներին, հիմա է, որ մենք պետք է հիշենք և գիտակցենք անցյալի այս դասը», ասել է հույն պատգամավորը։ Հունաստանում ամերիկյան ռազմական ներկայությունը, բնականաբար, դուր չի գալիս Անկարային: Էրդողանը հայտարարել է, թե իրենց ասում են, որ դա ռուսների դեմ է, սակայն իրենք չեն հավատում դրան:
Թուրքական մեդիայում հնչում են հարցադրումներ, թե արդյո՞ք Անկարան Ռուսաստանից գնած Ս-400 ՀՕՊ համակարգերը կտեղակայի Հունաստանի հետ սահմանի ուղղությամբ, որտեղ տեղակայվում են ամերիկյան կործանիչներ: Այդ ՀՕՊ համակարգերն էին դարձել ՆԱՏՕ-Թուրքիա կամ ԱՄՆ-Թուրքիա երկարատև բանավեճի և լարվածության պատճառ: Անկարան չհրաժարվեց այդ գործարքից և փաստացի ստացվում է, որ այժմ հնչում են ակնարկներ, որ ռուսական ՀՕՊ համակարգը կարող է լինել ոչ միայն ի հեճուկս ՆԱՏՕ-ի կամքի գնված, այլ նաև հենց ՆԱՏՕ-ի դեմ տեղակայված: Հունիսի 17-ին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հավաքի շրջանակում տեղի է ունեցել Հունաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների շփում: Տարածված սուղ տեղեկությունների համաձայն, կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն ու պահել կապը: ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հավաքվել էին գլխավոր՝ ուկրաինական պատերազմին առնչվող հարցեր քննարկելու համար, հունիսի վերջին Մադրիդում սպասվող ՆԱՏՕ-ի վեհաժողովին ընդառաջ, որն, ըստ դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալի, կլինի շրջադարձային:
Դեպի ու՞ր կթեքվի իրավիճակը միջերկրածովյան տարածաշրջանում այդ շրջադարձից հետո: Այդ հարցն, անշուշտ, իր ազդեցությունն է թողնելու միջազգային անվտանգության ամբողջ շղթայի վրա, որտեղ ներկայումս գործնականում չկա «սուվերեն» օղակ: Հետևաբար, այդ ազդեցության գոտում լինելու է նաև Կովկասը, որտեղ ներկայումս դիվանագիտական մաքոքի աշխույժ պտույտների փուլ է: Էպիկենտրոնն, իհարկե, շարունակում է գտնվել ուկրաինական ճակատում, որտեղ առավել բաց են արտահայտվում խոշոր խաղացողների մոտիվներն ու հավակնությունները: ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությանն, անշուշտ, որոշակի գոհունակությամբ կարող է հետևել Ռուսաստանը, ընդ որում, խնդիրը միայն ՆԱՏՕ-ն քայքայված կամ «երկպառակ» ռեժիմում տեսնելու ցանկությունը չէ: Գուցե հնչի տարօրինակ, սակայն միջերկրածովյան ուղղությամբ Թուրքիայի խնդիրներին Ռուսաստանը կարող է ևս հետևել գոհունակությամբ, այդ կերպ ակնկալելով որոշակի առավելություն ստանալ Թուրքիայի հետ հարաբերության իմաստով: Իսկ այդ հարաբերությունը Մոսկվան ներկայումս դիտարկում է որպես առաջնային ռեսուրս՝ Արևմուտքի հետ աշխարհակարգային դիմակայության համատեքստում: Ըստ այդմ, Մոսկվայի համար, որն առավել ևս այսօր ունի Անկարայի ռազմաքաղաքական և տնտեսաքաղաքական լոյալության կարիք, խիստ ցանկալի է, որ Թուրքիան էլ որքան հնարավոր է շատ տեղերում ունենա իր կարիքը:
Իրավիճակն ամենից բարդն է Եվրոպայի համար: Միջերկրածովյան կոնֆլիկտում կարող են ԱՄՆ-ից բացի ուժեղանալ գործնականում բոլորը, բացի, թերևս, Եվրոպայից, որի քաղաքական սուվերենության կորուստն ավելի ու ավելի է ակնառու: Փարիզն ու Բեռլինը փորձում են որևէ կերպ դիմակայել այդ ռիսկին, սակայն առանց շոշափելի հաջողության: Ընդ որում, այստեղ էլ կա իրադրությանը որոշակի գոհունակությամբ հետևելու առիթ Ռուսաստանի համար, քանի որ Եվրոպայի այդ խնդիրներն ավելի են մեծացնում «եվրոպական սուվերենության» հարցով մտահոգների համար Ռուսաստանի հետ պայմանավորվելու ներքին մղումը, որն էլ հանդիպում է ամերիկա-բրիտանական ռազմավարության պատնեշին:
Թուրքիան իր հերթին փորձում է այդ երեք ռազմավարությունների խաչաձև բախումից քաղել առավելագույնը, ինչն արել է իր պատմության գործնականում ամբողջ ընթացքում: Եվ հաճախ դա արել է Կովկասի և, մասնավորապես, հայկական կենսական շահերի հաշվին: Ընդ որում, այդ մարտահրավերի «որակն» ու բովանդակությունը սկզբունքորեն կախված չեն նրանից, թե ինչպես կհանգուցալուծվի կամ կլիցքաթափվի իրավիճակը միջերկրածովյան տարածաշրջանում՝ Հունաստանի և Թուրքիայի միջև տարածաշրջանում որևէ ստատուս-քվոյի հաստատման կամ փոփոխման ռազմակա՞ն, թե՞ քաղաքական ճանապարհով: Հատկապես, որ միջազգային անվտանգության համակարգի քաոսի կամ գուցե «կառավարելի քաոսի» ալիքը բավականին նկատելի մոտենում է մերձկովկասյան տարածաշրջանին՝ Իրանի միջուկային ծրագրի ճակատագրի համատեքստում: Այդ հանգամանքերն են, որ մեզ համար կարևոր են դարձնում դիվանագիտական աշխատանքը շղթայական գործընթացի բոլոր դերակատարների, այդ թվում՝ Թուրքիայի ուղղությամբ:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երևան