Հունիսի 29-ին Արցախի Ազգային ժողովի նիստին նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2022-ի իր գործունեության միջոցառումների արդյունքները և 2023-ի գործունեության միջոցառումների ծրագիրը։ ՍիվիլՆեթը ներկա էր նիստին և գրի է առել պատգամավորների ու նախագահի հարցուպատասխանի ժամանակ հնչած առավել կարևոր մտքերը։
Ամենածանր թեմաներից մեկը վերաբերում է Ղարաբաղի անվտանգությանը՝ Պաշտպանության բանակին
Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հարցրեց, թե ստեղծված վիճակում արդյոք բավարար է գնահատում հայկական կողմի՝ արցախյան և հայաստանյան իշխանությունների կատարած աշխատանքները միջազգային հարթակներում․ «Արդյոք Հայաստանի իշխանությունն այսօր չի՞ կարող դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Հաագայի դատարանի վճիռը գործնականում կատարելու և, կա՞ արդյոք երկխոսություն Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև՝ այդ հարցը տանելու Անվտանգության խորհրդի հարթակ»։
Նախագահն առաջարկեց մի ձևաչափ, որին կմասնակցի Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը․ «Ինձ հետ կամ առանց ինձ, ուղիղ կապով կարող է ներկայացնել ամենօրյա աշխատանքները, դրանք բավարար են թե չէ, արդեն Դուք կգնահատեք»։
Հարությունյանը նաև ասաց, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների (հունիսի 27-29-ի) հանդիպմանը քննարկվող ամենածանր թեմաներից մեկը վերաբերում է Ղարաբաղի անվտանգությանը՝ Պաշտպանության բանակին և այլն․ «Դրա համար եմ նպատակահարմար համարում արտաքին գործերի նախարարի հետ ժամանակ գտնել, կազմակերպել փակ հանդիպում»։
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների հետ գործակցությանը, Արցախի նախագահն ասաց, որ ամեն օր շփումներ կան, կան նաև խնդիրներ, ինչը նման ձևաչափով պետք չէ քննարկել։
Դավաճանությունը ոչ միայն գաղտնի ինֆորմացիա տրամադրելն է, այլև խուճապ տարածելը
Դավիթ Գալստյանի հարցին պատասխանելուց հետո Հարությունյանը զգայական ելույթ ունեցավ մեր անզգուշության և հակառակորդի պլանավորած քայլերի մասին։
«Ժողովուրդ, նորից եմ ուզում՝ հասկանաք՝ ամեն մի բառ հակառակորդին հնարավորություն է տալիս քաղաքական հարթակում և ընդհանուր սոցիալ-տնտեսական առումով պլանավորելու իր հաջորդ քայլը։ Նպատակը մեկն է՝ ճնշել առավելագույն չափով՝ պառակտելու մեր հասարակությունը։ Երկրորդը՝ ստեղծել դժգոհության, բողոքի ալիքներ։ Ի՞նչ են անում։ Վերլուծում են այն բոլոր պրոբլեմները, որ առկա են հասարակության մեջ, և այդ պրոբլեմները զարգացնում։ Այդ պրոբլեմը բարձրաձայնելով, մենք հնարավորություն ենք տալիս դրանք ավելի խորացնել։ Խոսքի կառուցման առումով զգույշ պիտի լինենք»,- ասաց Արցախի նախագահը։
Հարությունյանն ասաց, որ մեծածավալ աշխատանք արդեն կատարվել է, և առաջիկայում լինելու են ավելի խիստ օրենդրական փոփոխություններ խուճապ տարածողների վերաբերյալ․ «Դավաճանությունը դա է, ժողովու՛րդ, ոչ միայն գաղտնի ինֆորմացիա տալը։ Դավաճանութունը այն է, որ երեկ մեկը, իբր ակտիվ քաղաքական գործիչ, տարածում է, որ քաղաքում վաճառում են ադրբեջանական ապրանք։ Երբ որ արդեն ձերբակալում են, ասում է՝ գիտե՞ս բա, ոմն մի աղջիկ է տվել [լուսանկարները], և ես չեմ ճշտել։ Իհարկե, դա սադրանք է, պառակտում է, երկիրը քանդելու, կործանելու ամենամեծ դավաճանությունն է։ Մենք պիտի ուշադիր լինենք նման հարցերում։ Ընդհուպ, մենք օրենսդրական փոփոխություններ պիտի մտցնենք, այս նույն հաղորդումները պիտի գաղտնիացնենք՝ սկսած բյուջեից, բյուջեի կատարումից, բյուջեի թվերից և այլն։ Այդ բոլորը պիտի գաղտնիացնենք, հույժ գաղտնի ընդհուպ»։
Ամերիկյան տարբերակի, ապաշրջափակման և ապաէսկալացիայի մասին
Ազատ Հայրենիք – ՔՄԴ դաշինքից պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը նախագահին հարցրեց բանակցությունների վերաբերյալ ամերիկյան առաջարկության մասին, որի մասին գրել են լրատվամիջոցները․ «Կա՞ նման առաջարկություն, և արդյոք այդ տեղեկությունը համապատասխանո՞ւմ է ճշմարտությանը»։ Հարությունյանն ասաց, որ եթե առանձին հանդիպում լինի, կներակայացնի պատասխանը։
Աղաբեկյանի երկրորդ հարցը վերաբերում էր Լաչինի միջանցքին․ «Ռուսական կողմը պաշտոնական խողովակով մի քանի անգամ հայտարարել է, որ միջանցքի բացումը կարող է ապաէսկալացիայի տանել։ Բանակցային ի՞նչ փուլում է [այս հարցը], ռուս խաղաղապահները ի՞նչ են ասում։ Արդյոք ապագայում հնարավո՞ր է որոշակի ապաէսկալացիա ապաշրջափակման միջոցով»։
Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ խաղաղապահների բանակցություններն ամեն օր ընթանում են ադրբեջանական կողմի հետ․ «Բայց քանի որ այստեղ ադրբեջանական կողմը միակողմանի փակման պատճառներից մեկը համարում է ամսի 15-ի կատարվածը, այդ առումով կար նաև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև քննարկման անհրաժեշտություն։ Հույս ունեմ, որ բացի խաղաղապահներից, տեղի կունենան նաև նման [Ադրբեջանի ու Հայաստանի միջև] քննարկումներ, որպեսզի հանգուցալուծվի այդ հարցը»։ Ավել տեղեկություն Հարությունյանը չցանկացավ հայտնել։
(Հունիսի 15-ին ադրբեջանցի զինվորականները՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի գետի կամրջի հայկական հատվածում, փորձեցին տեղադրել ադրբեջանական դրոշ։ Հայկական կողմից նախազգուշական կրակոցներից հետո ադրբեջանցիները հետ քաշվեցին։ Այս դեպքից հետո Բաքուն ամբողջապես փակեց Լաչինի միջանցքը, նաև հումանիտար բեռների համար)։
Գլխավորը Կոկա–կոլա խմե՞լն է, թե՞ մեր նպատակին հասնելը
«Արդարություն» խմբակցությունից Մետաքսե Հակոբյանը հետաքրքրվեց, թե արդյոք ճնշում կա Հայաստանի Հանրապետության կողմից ընդունելու երկխոսության՝ Ադրբեջանի առաջարկած ձևաչափը։ Հակոբյանը նաև հարցրեց ինքնորոշման իրավունքի մասին, որի օրակարգ բերելու ողջ բեռը, նրա խոսքով, ընկած է Արցախի իշխանությունների վրա։
Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրականում մի ճնշում կա՝ ժողովրդի ճնշումը ու տրամադրությունները։ «Էդ միասնականություն բառը չեմ ուզում օգտագործել, բայց գոնե բոլորս ունենանք նույն նպատակն ու ցանկությունը։ Իհարկե, դրանց հասնելու համար կարող է տարբեր լինի տակտիկան, բայց ստրատեգիան նույնը պիտի լինի։ Եվ այդ քայլերի քննարկման առումով պիտի ունենանք երկխոսություն։ Ես հարգում եմ բոլոր կարծիքները։ Կարծիք կա, որ մարդիկ ասում են՝ գնանք Բաքու հանդիպման, ունենանք երկխոսություն։ Մարդիկ կան, որ ասում են՝ ընդհանրապես չպիտի հանդիպենք։ Ոնց որ ճանապարհի վերաբերյալ կա մի քանի կարծիք, մի մասը ասում է ՝ զրո գնալ-գալ, մի մասը ասում է՝ ամբողջությամբ գնալ-գալ։ Բայց ուսումնասիրելով այդ ինֆորմացիան, կայացրել ենք որոշում, թե որ ռեժիմն է մեզ համար նպաստավոր»։
Նախագահն ասաց, որ հասարակությունը պիտի հասկանա՝ եթե տասը օր հետո շաքարավազ չլինի, շուկայի աշխատող կանայք չգան ասեն՝ վերջը ինչ է լինելու․ «Ժողովուրդ, մենք պիտի որոշում կայացնենք մեզ համար՝ գլխավոր նպատակը շաքարավազ ունենա՞լն է, Կոկա-կոլա խմե՞լն է, գարեջուր ունենա՞լն է, թե՞ իրականում մեր նպատակին հասնելն է»։
«Վերջը լավ է լինելու»
Շարունակելով ելույթը, Արցախի նախագահը համոզմունք հայտնեց, որ վերջը լավ է լինելու․ «Մեր ինքնորոշման իրավունքը իրացնելը կախված է լինելու մեզնից։ 88 թվականի շարժումը սկսվել է, գլխներիս տվել են՝ Սովետական Միությունը։ Դրանից հետո մենք դիմադրել ենք, կրել ենք զրկանքներ, շաքար չենք ունեցել, ուտելիք չենք ունեցել, ձեթ չենք ունեցել։ Իրավիճակը նպաստավոր է եղել ռազմական գործողությունների արդյունքում, կարողացել ենք հաջողություն արձանագրել, և եկել է մի փուլ, երբ Ղարաբաղի հետ ոչ միայն հաշվի էին նստում․․․ քննարկում էին՝ հինգ շրջանը տվեք, երկուսը մնա ձեզ, ինքնուրույնության բարձր աստիճան․․․ կարևոր չէ»։
Եթե ճանապարհը բացեն, իմացեք՝ հետագայում ավելի շատ զրկանքներ կունենանք
Հարությունյանը բարձրաձայնեց, որ եթե նախընտրենք «կոմֆորտը, կոմֆորտ չենք ունենալու մի տարի հետո»։
«Թող մեր հասարակությունը իմանա՝ եթե ճանապարհը բացեն, առանց ստուգման բացեն, առանց որևէ խոչընդոտի բացեն, իմացե՛ք՝ բացում են, որպեսզի մենք հետագայում ավելի շատ զրկանքներ ունենանք։ Կա՛մ կկորցնենք երկիրը, կա՛մ փախստականի, գաղթականի կարգավիճակ կստանանք։ Ուրախ չեմ այս վիճակից։ Այլ ելք չունենք, դրա համար մեր ինքնորոշման իրավունքը ոչ մեկը, ոչ մի անձ, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի միջազգային կառույց չի կարող կասկածի տակ դնել։ Մեր ինքնորոշման իրավունքն է մեզ պահում այստեղ։ Եթե չլիներ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, ես մի օր չեմ նայի իմ պաշտոնին, հրաժարական կտամ և կասեմ՝ ժողովուրդ, էլ ձև չկա։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին կամ տարբեր միջազգային կառույցների, ես հայտարարում եմ՝ միջազգային իրավունքի նորմից՝ ինքնորոշման իրավունքից ոչ մեկը մեզ չի կարող զրկել»։
Մահապատժի մասին
Ազատ Հայրենիք – ՔՄԴ խմբակցությունից Արամ Գրիգորյանը հարցրեց մահապատիժ մտցնելու մասին՝ հաշվի առնելով լրտեսների ու պետական դավաճանների թվի աճը։
«Մահապատիժը ծանր բան է, բայց քանի որ մեր բանտերի հնարավորությունները սահմանափակ են, մի մեխանիզմ պիտի մտածենք»,- կատակեց Արայիկ Հարությունյանը, այնուհետև ասաց, որ դա ճիշտ չի համարում։
Շարունակելով դավաճանների թեման՝ ասաց, որ նրանց քայլերը ավելի շատ ոչ թե դավաճանական են, այլ մոլորված ու խաբված մարդու քայլեր են։
Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ
CIvilnet.am