2023 թ. մայիսն արցախյան հակամարտության պատմության մեջ կմտնի, թերևս, որպես առավել ինտենսիվ բանակցությունների ամիս: 2022 թ. նոյեմբերի սկզբից գործընթացում ձևավորված հարաբերական դադարն ընդհատվեց 2023 թ. փետրվարին, երբ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը: Դրանից հետո ապրիլի երկրորդ կեսին ԱՄՆ-ն մաքոքային դիվանագիտության շարք սկսեց՝ դիվանագետների մի ամբողջ աստղաբույլ ուղարկելով Բաքու և Երևան:
Նախապատրաստական գործընթացից հետո 2023 թ. մայիսի սկզբին Վաշինգտոնում մեկնարկեցին հայ-ադրբեջանական քառօրյա բանակցություններն արտաքին գործերի նախարարների և նրանց թիմերի միջև: Առաջին անգամ՝ 2001 թ. գարնանը տեղի ունեցած Քի Վեսթի գագաթնաժողովից հետո, Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները ներգրավվեցին մի քանի օր անընդմեջ շարունակվող բանակցություններում: Բանակցային այս մարաթոնի արդյունքների վերաբերյալ գանահատականները տարբեր էին: ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարում էր զգալի առաջընթացի մասին, մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություններն իրենց հայտարարություններում շատ ավելի զուսպ էին: Ամեն դեպքում, պաշտոնապես հաստատվեց այն տեղեկույթը, որ Վաշինգտոնում կողմերը աշխատել են կոնկրետ փաստաթղթի վրա, և կարողացել են որոշակի առաջընթաց արձանագրել:
Թերևս, այս հաջողությունը ճանապարհ հարթեց 2023 թ. մայիսի 14-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև բանակցությունների համար: Մայիսի 14-ի հանդիպման արդյունքներով Հայաստանն առաջին անգամ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քառակուսի կիլոմետր սահմաններով: Դրանից առաջ, 2022 թ. հոկտեմբերին, Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ադրբեջանում, սակայն, կասկածներ էին մնացել, որ Հայաստանը կարող է պնդել, որ Լեռնային Ղարաբաղը Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին արդեն չէր հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի մաս, հետևաբար, այդ հռչակագրի հիման վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ: 2023 թ. մայիսի 14-ին այս հարցում ևս վերջնական հստակություն մտցվեց, ինչը Հայաստանի վարչապետը հաստատեց նաև 2023 թ. մայիսի 17-ին Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովում ունեցած ելույթի, ինչպես նաև 2023 թ. մայիսի 22-ի մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը մտնում է Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետրի մեջ:
Բրյուսելյան հանդիպումից հետո Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարները մայիսի 19-ին հանդիպեցին Մոսկվայում: Ռուսաստանի մայրաքաղաքում մայիսի 25-ին կայացավ նաև Փաշինյանի և Ալիևի հերթական հանդիպումն այս անգամ նախագահ Պուտինի մասնակցությամբ: Մոսկվայում քննարկվող հիմնական հարցը հաղորդակցության ուղիների ապաշրջափակման խնդիրն էր: Չնայած բոլոր հավաստիացումներին, որ կողմերը որևէ էական տարաձայնություն չունեն այս խնդրում, հանդիպման արդյունքում որևէ փաստաթութ չընդունվեց, և պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխվարչապետների մակարդակով գործող եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ, որը կայացավ Մոսկվայում 2023 թ. հունիսի 2-ին:
Մինչ այդ, 2023 թ. հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական հանրույթի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: Թերևս, Գերմանիայի կանցլերի մասնակցությունը նպատակ ուներ հավասարակշռել Ֆրանսիայի դերակատարությունը, որը ծայրահեղ բացասական է ընկալվում Ադրբեջանի կողմից: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին 2023 թ. հուլիսի 21-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, իսկ մինչ այդ, հունիսի 12-ին, Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:
Վերջին մեկ ամսվա ընթացքում կայացած ինտենսիվ բանակցությունները որոշակի հստակություն են մտցրել բանակցային գորընթացում: Հայաստանը համաձայն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս և հրաժարվել Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարության պահանջից: Միակ բանը, որը պնդում է Հայաստանը, դա Ադրբեջանում արցախահայերի իրավունքների պաշտպանության միջազգային երաշխիքներն են Արցախում միջազգային ներկայության ապահովմամբ, ինչպես նաև Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ բանակցությունների անցկացումը միջազգային մեխանիզմի շրջանակում: Առայժմ հայկական կողմը չի հստակեցնում, թե ինչ նկատի ունի Արցախում միջազգային ներկայություն և բանակցությունների միջազգային մեխանիզմ տերմինների ներքո և ինչպես է պատկերացնում դրանց իրականացումը:
Իր հերթին Ադրբեջանը կտրականապես մերժում է այս պահանջները և Արցախից պահանջում պետական բոլոր ինստիտուտների լուծարում՝ խոստանալով այդ դեպքում դիտարկել Արցախի պետական համակարգում ներգրավված անձանց համաներում հայտարարելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը 2023 թ. ապրիլի 23-ին Լաչինի միջանցքի սկզբնամասում հսկիչ անցագրային կետի տեղադրմամբ փաստացի ավարտել է Արցախ մուտքի ու ելքի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատումը: Չնայած Հայաստանից և միջազգային այլ դերակատարներից հնչող քննադատություններին՝ Ադրբեջանը որևէ մտադրություն չունի վերացնել այդ անցակետը, փաստացի արհամարհելով 2023 թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումը: Արդբեջանը նաև հստակորեն նախապատրաստվում է Արցախում ուժային գործողությունների իրականացմանը՝ դա փաթեթավորելով «հակաահաբեկչական գործողությունների», կամ «ապօրինի զինված խմբավորումների զինաթափման» պիտակներով:
Ռուսաստանն իր հերթին ակնարկում է, որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումից հետո իր հնարավորություններն Արցախի խնդրում էականորեն նվազել են, ինչը գումարվել է 2022 թ. փետրվարին Ուկրաինայում սկսված պատերազմի հետևանքով Ռուսաստանի գրեթե ողջ ռեսուրսների՝ դեպի Ուկրաինա ուղղմանը: Ուկրաինական պատերազմն էականորեն ավելացրել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի նշանակությունը Ռուսաստանի համար՝ որպես պատժամիջոցների շրջանցման և լոգիստիկ նոր ուղիների ձևավորման կարևոր գործիքներ: Միաժամանակ, Արևմուտքը, հանձինս Եվրամիության և ԱՄՆ-ի, մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու համար, իսկ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 2023 թ. մայիսի 30-ին ողջունել է համաներման հնարավորության մասին Ադրբեջանի հայտարարությունը:
Ստեղծված պայմաններում, երբ Արցախում օրեցօր խորանում է սոցիալ տնտեսական ճգնաժամը և անընդհատ ի հայտ են գալիս հումանիտար բնույթի նորանոր բարդություններ, Հայաստանը և Ադրբեջանը մոտեցել են խաղաղության պայմանագրի ստորագրման, որը կարող է տեղի ունենալ մինչև 2023 թ. ավարտը: Խաղաղության պայմանագրի ստորագրումը կմեծացնի Ադրբեջանի իրավական և քաղաքական հնարավորությունները՝ պահանջելու ռուս խաղաղապահների դուրս բերումը Արցախից 2025 թ. նոյեմբերից հետո՝ կտրուկ մերժելով նրանց փոխարեն Արցախում որևէ միջազգային ուժերի տեղակայման հնարավորությունը: Ադրբեջանը կարող է չսպասել նաև մինչև 2025 թ. նոյեմբեր և վերջնագիր ներկայացնել Արցախին՝ պաշտպանության բանակի զինաթափման և պետական ինստիտուտների կազմալուծման հարցով՝ դա հիմնավորելով խաղաղության պայմանագրի ստորագրման հանգամանքով:
Արցախի կողմից այդ պահանջի մերժումը Ադրբեջանը կարող է ներկայացնել որպես խաղաղության պայմանագրի տորպեդահարման փորձ՝ հայտարարելով, որ Արցախը հակադրվում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի, Ադրբեջանի և միջազգային հանրության ջանքերին: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակելու է հսկիչ անցագրային կետի գործունեությունը և Լաչինի միջանցքի փաստացի շրջափակումը՝ էլ ավելի խորացնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կա՛մ արցախահայությունը պետք է ընդունի Ադրբեջանի պահանջը պետական կառույցների, այդ թվում՝ պաշտպանության բանակի կազմալուծման վերաբերյալ, ինչը կնշանակի Արցախի վերջնական կորուստ, կա՛մ, ամենայն հավանականությամբ, պետք է նախապատրաստվի 2025 թ. նոյեմբերից առաջ կամ հետո Ադրբեջանի կողմից ռազմական նոր գործողությունների սկսմանը:
Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ
Քաղաքագետ
Երևան