Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ Արլինգտոնում կայացած քառօրյա մարաթոնով սկսված բանակցությունների նոր, բավականին ինտենսիվ մայիսյան շրջափուլը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև՝ Բրյուսելում, Մոսկվայում, ապա և հունիսի 1-ին Քիշնևում, պայմաններ ստեղծեց, որպեսզի հայկական կողմը և միջնորդները, նույնիսկ՝ Ռուսաստանը, զուսպ լավատեսական հայտարարություններով հանդես գան խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարների մասին։ Իսկ ադրբեջանական կողմը, հետևելով իր «ավանդական ուղեգծին», մի կողմից հանդես է գալիս խաղաղության պայմանագրի մերձեցման մասին անոնսների «ֆալստարտով» և զուգահեռաբար Հայաստանին մեղադրում «բանակցությունները ձգձգելու» մեջ, մյուս կողմից էլ նախահարձակ քայլեր է ձեռնարկում ու նախահարձակ հայտարարություններ անում Հայաստանի դեմ, որոնք ակնհայտորեն հեռացնում են խաղաղ կարգավորման հեռանկարը։
Այսպիսով, զգալի ջանքեր կպահանջվեն, որպեսզի նախ՝ Ադրբեջանի համար բարձրացվի կառուցողական հունից դուրս գալու քաղաքական գինը, ապա նաև՝ պարզապես մերձեցվեն կողմերի դիրքորոշումները՝ ապագա պայմանավորվածությունների համար հիմք ստեղծելու համար։
Խնդիրն, ինչ խոսք, հեշտերից չէ, առջևում ԱԳՆ ղեկավարների ևս մի հանդիպում է, այնուհետև հուլիսյան հանդիպումը Բրյուսելում, իսկ Քիշնևի գագաթնաժողովի մասնակիցներն էլ պայմանավորվել են մեկ անգամ ևս հանդիպել, այս անգամ Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի թվով արդեն երրորդ գագաթնաժողովում։
Թե ինչ կարելի է ակնկալել այս ամենից՝ փորձել են պարզել մեր նոր թողարկման հեղինակները։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն