Պատերազմի և Ռուսաստանից զանգվածային արտագաղթի սկզբից ի վեր ավելի քան մեկ տարի է անցել, բայց ո՛չ Վրաստանում, ո՛չ Հայաստանում, որտեղ ներգաղթյալները հատկապես շատ են, մինչ օրս չի ստեղծվել ռուսալեզու լսարանի համար նախատեսված ոչ մի խոշոր ձեռնարկություն կամ լրատվամիջոց։ Դրա համար կան որոշակի պատճառներ։ Վերջերս զրուցել եմ հայկական մի ձեռնարկության ղեկավարի հետ։ Հարցնում եմ.
֊ Չէ՞ որ ձեր քթի տակ կա պատրաստի սպառողական շերտ՝ վճարունակ տասնյակ հազարավոր մարդիկ։ Ինչո՞ւ դրանից չեք օգտվում։ Փող եք կորցնում՝ հարստանալու փոխարեն։
֊ Մենք հաճույքով դրանով կզբաղվեինք, բայց հասկանալի չէ, թե ովքեր են այդ մարդիկ, ինչ են նրանք կամենում, արդյոք բավարար միջոցներ ունեն։ Չկա կողմնորոշվելու համար անհրաժեշտ ոչ մի տեղեկություն։
Սա ճշմարտություն է։ ՌԴ-ից Հարավային Կովկաս տեղափոխված ահռելի խայտաբղետ զանգվածը terra incognita է՝ անծանոթ աշխարհ։ Մեզ բոլորիս անգամ հաշվարկելն է դժվար։ Տարվա ընթացքում տեղեկատվական դաշտում ի հայտ էին գալիս ամենատարբեր, այդ թվում և պաշտոնական թվեր՝ 500, 600, 700 հազար… Ապա հանկարծակի այդ մարդիկ ստանում էին եվրոպական և ամերիկյան վիզաներ, պոկվում էին տեղից. ոմանք, չդիմանալով դժվարություններին, վերադառնում էին ՌԴ, իսկ ճշգրիտ վիճակագրական պատկերը կրկին խաթարվում էր։
Ավելին՝ շատերն անգամ չգիտեն՝ արտագաղթե՞լ են իրենք, թե՞ չեն արտագաղթել։ Մինչև ռուսաստանյան մասնակի զորահավաքը Հայաստանում (կարծում եմ, որ մի շարք այլ երկրներում ևս) տարածված էր մայր երկիր «կիրակնօրյա» վերադարձը։ Մարդիկ տեղափոխվել են, բայց պարբերաբար Ռուսաստան էին վերադառնում՝ հարազատներին տեսնելու, գործերն ավարտելու կամ պարզապես ժամանցի նպատակով։ Այսինքն, մի տեսակ «թեթև»՝ ոչ «լուրջ» արտագաղթի են դիմել։ Իրավիճակի վատթարացումից հետո այդպիսի արտագաղթյալների շարքերը զգալիորեն նոսրացել են։ Թեև այդպիսիք այժմ էլ դեռ կան։
Եվս մի տարածված երևույթ՝ երկրորդ փորձից արտագաղթ։ Մարդիկ վերադառնում, ապա երկրորդ ու երրորդ անգամ էին արտագաղթում։ Շատերն արտագաղթում, վերադառնում, իրավիճակը գնահատում ու կրկին ավելի լավ պատրաստված էին արտագաղթում՝ ի վերջո վճռելով մնալ դրսում։
Կամ՝ այլ սցենար։ Շատերը մեկնում էին Կովկաս, նպատակ ունենալով այդտեղ ընդամենը մի քանի ամիս մնալ, իսկ ապա տեղափոխվել Եվրոպա, բայց արդեն տեղում հասկանում էին, որ Եվրոպան բարդ և թանկ տարբերակ է, իսկ Հայաստանում նրանց լավ են վերաբերվում, կենսապայմաններն էլ հարմարավետ են։ Արտագաղթյալների չաթերում ամեն շաբաթ հայտնվում են նոր ռուսաստանցիներ, որոնք 5-6 ամիս անց հասկացել են, որ ուզում են այստեղ մնալ և հարցնում են, թե ինչպես կարելի է ձևակերպել օրինավոր կացության փաստաթուղթը։
Այս քաոսում միլիոնավոր առասպելներ են ծնվում։ Օրինակ՝ ամենասկզբից հասկանալի էր, որ դեպի Կովկաս ձգվող արտագաղթը զուտ էթնիկապես ռուսական չէ։ Ռուսների հետ եկել են հազարավոր էթնիկ կովկասցիներ։ Նրանց համար սա արտագաղթ չէր, այլ՝ հայրենադարձություն։ Բոլորը դա հասկանում էին, բայց ծավալները գնահատել չէին կարող։ «Աչքաչափով» 30 տոկոս էին հիշատակում, թեև թվում էր, որ ցուցանիշն ակնհայտորեն չափազանցված էր։
Ահավասիկ՝ վերջերս Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրապարակած թվերը. «2022 թ. փետրվարից Հայաստանում բնակություն է հաստատել 118 հազար մարդ։ Նրանցից 68 հազարը էթնիկ հայեր են, իսկ 50 հազարը՝ այլ ազգերի ներկայացուցիչներ»։ Այսինքն՝ ոչ թե մեկ-երրորդը, այլ կեսից ավելին։
Ընդ որում, նույն կերպ է նաև Հայաստանում ուկրաինացի փախստականների վիճակագրությունը։ Ուկրաինացի փախստականների աջակցության «Դոպոմոգա» կենտրոնի ղեկավար Ելենա Շևչուկն արձանագրել է Հայաստան մուտք գործած շուրջ 22 հազար մարդկանց տվյալները, որոնցից երկրում մնացել է մոտավորապես 6 հազարը՝ գրեթե բոլորն էլ էթնիկ հայեր են կամ խառն ամուսնություններով ընտանիքներն ու նրանց հարազատները։
Այս գարնանն անցկացված սոցիոլոգիական հետազոտություններն ավելի շատ անսպասելի իրողություններ են բացահայտում։ Թեև պետք է նկատի ունենալ, որ դրանք հիմնված են հարցումների, այսինքն, մարդկանց՝ իրենց իսկ մասին ունեցած սուբյեկտիվ պատկերացումների վրա։ Չէ՞ որ շատերը մինչ օրս լիակատար անորոշության ու շփոթվածության վիճակի մեջ են, չունեն ապագային վերաբերող հստակ ծրագրեր, չեն ընկալում իրենց կարգավիճակը, իսկ նրանց դրամական ապահովվածությունը խախուտ է։
Հետազոտությունները կառուցված են ինքնընտրության սկզբունքով. հարցմանը մասնակցում էին լոկ շփվելու պատրաստակամ մարդիկ։ Սոցիոլոգները դեռևս չեն հասկանում, թե ինչպես պետք է կառուցել ներկայացուցչական ընտրանին. ներգաղթյալների մասին առայժմ շատ քիչ բան է հայտնի։ Հետազոտությունները ցույց են տալիս տեղի ունեցողի ողջ տրամաբանությունը, բայց դրանց տվյալներն առանձնապես ճշգրիտ չեն։
Արևելաեվրոպական և միջազգային հետազոտությունների Կենտրոնը, որը գերազանցապես զբաղվում է ՌԴ-ից հեռացած ռուսաստանցիների շրջանում առկա տրամադրությունների ուսումնասիրությամբ, շատ զգուշավոր և նախարար Քերոբյանի հրապարակածին չհամապատասխանող տվյալներ է ներկայացնում։ Re-Russia նախագծի համաձայն՝ Ուկրաինա ռուսաստանյան զորքերի ներխուժումից հետո Հայաստանում հաստատվել են 42 հազարից, իսկ Վրաստանում 62 հազարից ոչ պակաս ռուսաստանցիներ։
Դմիտրի Ռուդենկինը, որը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում և Վրաստանում ռուսաստանցի նոր տարագիրներ. ադապտացման մոդելներ և հյուրընկալող հասարակությունների վրա ազդեցության հեռանկարներ» թեմայով հետազոտություն, Վրաստանին վերաբերող ավելի համարձակ թվեր է հրապարակում՝ 112 հազար, հիմնվելով Վրաստանի ՆԳՆ 2022 թ. դրությամբ եղած տվյալների վրա։
Իսկ այժմ այն մասին, թե ովքեր են այս մարդիկ և ինչ են նրանք մտածում։
Տարագրությունը երիտասարդ է։ Ըստ Ռուդենկինի՝ նրանց կեսից ավելին ծնվել է 90-ական թվականներին։ Արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի ստացած արդյունքը մոտավորապես նույնն է։
Ռուդենկինը Կովկաս փոխադրված միջինվիճակագրական արտագաղթյալին նկարագրում է այսպես. շուրջ երեսուն տարեկան, մեծ մասամբ՝ առանց երեխաների (պարզապես դեռ չի հասցրել ունենալ), բայց զույգով։ Այսինքն, նրանք ուսանող չեն, կյանքի ուղին փնտրող երիտասարդներ չեն, համեմատաբար հասուն և պատասխանատվություն ստանձնելուն և կյանքի ընթացքը վճռականորեն փոխելուն ունակ մարդիկ են։ Նրանց կարելի է հասկանալ, քանի որ հենց նրանք են զորահավաքի ենթակա։
Ռուդենկինի տված մեկնաբանության համաձայն. «Խոսքը միայն զորահավաքի մասին չէ։ Սա 1990-ականներին և վաղ 2000-ականներին մեծացած սերունդն է։ Այս մարդկանցից շատերը յուրացրել են այն ժամանակ հասարակության կյանքում գերիշխած ազատության, մարդու իրավունքների և արևմտյան կենսակերպի արժեքները։ Շատերը հասցրել են ճամփորդել եվրոպական երկրներով՝ հատկապես Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչները։ Այսպիսի մարդկանց արտագաղթը Ռուսաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական փոխակերպումների նկատմամբ դրսևորած արժեհամակարգային անհամաձայնություն է առավելապես։ Եթե բուն խնդիրը լիներ սոսկ զորահավաքը, ապա մենք առաջին՝ գարնանային արտագաղթի ալիքը չէինք տեսնի։ 2022 թ. գարնանը զորահավաքի մասին խոսքն անգամ չի եղել, բայց երկրից արդեն հազարավոր մարդիկ էին հեռանում։
Տրամաբանական է ենթադրել, որ այս տարագրությունը հիմնականում տղամարդկանցից է բաղկացած։ Դարձյալ՝ զորահավաքի պատճառով։ Տարագրության մեջ՝ տղամարդիկ առանց կանանց, Ռուսաստանում՝ կանայք առանց տղամարդկանց։ Սա հաստատում է արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնը՝ տղամարդկանց և կանանց տոկոսային հարաբերակցությունը 60-30 է։ Այսուհանդերձ, Ռուդենկինը բերում է այլ թվեր՝ 51 և 47 տոկոս, այսինքն՝ գրեթե հավասար։ Սակայն կան նրբություններ։
«Տարածված սցենար է,- բացատրում է սոցիոլոգը։- Ամուսինն արտագաղթել է, կինն ապրում է՝ կիսվելով երկու երկրի միջև։ Երևանում այդպիսի շուրջ մեկ տասնակ զույգ եմ ճանաչում։ Ամուսնուն կտրականապես հակացուցված է վերադառնալը, իսկ կինը կարող է մեկնել Ռուսաստան և լուծել այնտեղ ծագող խնդիրները։ Կանայք միշտ չէ, որ անմիջապես ամուսնու հետ արտերկիր են տեղափոխվում, բայց ՌԴ-ում էլ ամբողջ ժամանակ չեն մնում։
Այսինքն, այստեղ ևս իրադրությունը շատ փոփոխական է։ Զույգերը դեռ չեն կարող հստակ ասել՝ արդյո՞ք նրանք այժմ էլ զույգ են։ Շատ ընտանիքներ, չդիմանալով անորոշությանն ու միմյանցից հեռավորությանը, տրոհվում են հենց մեր աչքի առաջ։ Շատ ընտանիքներ քայքայման ընթացքի մեջ են։ Շատերը միասնական են մնում՝ ի հեճուկս տառապանք կամ ողբերգականություն հաղորդող դժվարությունների։
Հայաստանում դեռևս անցած տարվանից առասպել է տիրում, թե Հայաստան եկած ռուսաստանցիները գերազանցապես IT մասնագետ են։ Իսկապես, ռուսաստանյան IT կազմակերպությունները Հայաստան էին տեղափոխվում ամբողջական գրասենյակներով։ Այստեղ նրանց համար բարենպաստ պայմաններ են գործում։ Ավելին՝ Հայաստանի կառավարությունը հետագայում ծրագրում է հանրապետությունում բարձրտեխնոլոգիական «հաբ»՝ հայկական սիլիկոնյան հովիտ ստեղծել։ Որպես հետևանք՝ որոշ հայեր վաղուց «ռուս» ասելու փոխարեն ասում են «IT մասնագետ», և բոլորն էլ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը։
Ընդհանուր առմամբ, հետազոտությունները դա հաստատում են, բայց շատ ավելի զուսպ են իրենց մատուցած գնահատականներում։ 54 տոկոսը՝ եկածների կեսից մի փոքր ավել մարդիկ իսկապես աշխատում են բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում, հաստատում է Ռուդենկինը։ Բայց, ուշադրությո՛ւն. նրանք միջին չափի եկամուտ ունեցող անձինք են, ընդգծում է Ռուդենկինը։ Ըստ ամենայնի դատելով՝ միանշանակ բարձր եկամուտ ունեցող IT մասնագետները հաստատվել են ավելի հարմարավետ երկներում։ Կարևոր հավելում. նրանք բարձրագույն կրթություն ունեցող քաղաքաբնակ մարդիկ են՝ մերձավորագույն անցյալում մեգապոլիսների բնակիչներ. 46 տոկոսը՝ Մոսկվայից, 26 տոկոսը՝ Սանկտ Պետերբուրգից։
Իսկ այժմ գլխավորը՝ քաղաքական դիրքորոշումը։ Կա պատկերացում, որ կովկասյան՝ հատկապես դեպի Հայաստան արտագաղթն ապաքաղաքական է։ Այս հարցը մենք քննարկել ենք հայ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ Հելսինկյան խմբի Վանաձորի գրասենյակի ղեկավարի հետ։ Արթուրը կարծում է, որ արտագաղթյալների շրջանում քաղաքականապես ակտիվ մարդիկ շատ սակավ են, առավելագույնը՝ մեկ տոկոս։ Բայց այդ զրույցը եղել է 2022 թ. աշնանային մասնակի զորահավաքից առաջ։ Դրանից ի վեր հակապուտինյան տրամադրություններն էապես մեծացել են։ Թեև կա տարածված մի կարծիք, որ զորահավաքից խուսափած սեպտեմբերյան արտագաղթյալներն ապաքաղաքական են. նրանք պարզապես ռազմաճակատ գնալու սպառնալիքից խուսափելու համար են փախչել։ Իսկ, ընդհանուր առմամբ, նրանք թքած ունեն պատերազմի և պուտինիզմի վրա։
Իմ դաշտային հետազոտությունները հաստատում են Սաքունցի կարծիքը։ Ամիս առ ամիս տեսնում եմ, որ պատերազմի դեմ և Երևանում կազմակերպվող այլ քաղաքական ակցիաներին մասնակցում են հարյուրի չափ մարդիկ։ Մասնակիցները միշտ միևնույն անձինք են։
Մինչդեռ սոցիոլոգիան այլ պատկեր է ցուցադրում։ Ռուդենկինը, հղում անելով «Ok Russians» խմբի զեկույցին, ասում է, որ արտագաղթածների 86 տոկոսը նախկինում ընտրություններին կիրառել է «խելացի քվեարկությունը», 70 տոկոսը ստորագրում էր պատերազմի դեմ պահանջագրեր, 49 տոկոսը մասնակցում էր պատերազմի դեմ ցույցերին՝ չվախենալով փողոց դուրս գալ և լրջորեն վտանգել իրենց։
Արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնն ավելի համեստ, բայց դարձյալ նշանակալից թվեր է նշում. Ուկրաինային աջակցող ակցիաներին մասնակցել է 25,7 տոկոսը։
Նրանք առնվազն սեփական դիրքորոշում ունեցող անձինք են։ Ըստ Ռուդենկինի՝ 53 տոկոսը ՌԴ-ից հեռացել է վարվող արտաքին քաղաքականությանն անհամաձայն լինելու պատճառով, և միայն 24 տոկոսը՝ զորակոչվելու վտանգից ելնելով։
Արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի տվյալների համաձայն՝ Հայաստան տեղափոխվածների 38,1 տոկոսը Ռուսաստանի ապագայի համար պատասխանատվություն են զգում։ Ըստ Կենտրոնի հարցումների տվյալների՝ Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներն ավելի ազատական և քաղաքականապես ակտիվ են, քան Վրաստան տեղափոխվածները։
Հայաստանում հարցվածների համարյա 75 տոկոսը, իսկ Վրաստանում՝ համարյա 65 տոկոսը կարծում են, որ պատերազմի համար գլխավոր պատասխանատվությունը կրում են ռուսաստանյան իշխանությունները։ Հայաստանում արևմտյան երկրներն ու ՆԱՏՕ-ն ուկրաինական պատերազմի մեղավոր են համարում 3 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 11 տոկոսը։ Այսինքն, կան նաև Արևմուտքի դեմ տրամադրված տարագիրներ, բայց նրանք շատ քիչ են։ Պուտինի գործունեությունը բացասաբար են գնահատում Հայաստանում հաստատվածների 96, իսկ Վրաստանում՝ 82 տոկոսը։
Հայաստանում հարցված ռուսաստանցիների մեկ-հինգերորդ մասը Ռուսաստանից հեռացել է պատերազմի մեկնարկից հետո, իսկ Վրաստանում այս ցուցանիշը կազմում է ընդամենը 4 տոկոսը։
Թե ինչ կլինի հետագայում այդ մարդկանց հետ՝ ոչ ոք չգիտի։ Այսուհանդերձ, հարցումները ցույց են տալիս, որ նոր կյանք սկսածները չեն մոռացել, թե որտեղից և ինչու են արտագաղթել։ «Համարո՞ւմ եք, որ արտերկրում բնակվող ռուսաստանցիները պարտավոր են Ռուսաստանում տիրող քաղաքական իրավիճակի վրա ազդելուն միտված գործունեություն ծավալել». այս հարցումն Արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնը հասցեագրել է Հայաստանում բնակություն հաստատած ՌԴ քաղաքացիներին։ 33 տոկոսը պատասխանել է «ո՛չ», 50 տոկոսից մի փոքր ավել՝ «այո՛»։ Վրաստանում գրանցված թվերը մի քիչ այլ են՝ 38 տոկոսը պատասխանել է «այո՛», իսկ 39 տոկոսը՝ «ո՛չ»։
Իսկ այժմ՝ եզրակացություններ։ Ռուդենկինի մատուցմամբ դրանք այսպիսին են։ Արտագաղթը զանգվածային է և փոքրիշատե միատարր։ Արտագաղթում են ոչ այնքան դեպի Հայաստան կամ Վրաստան, որքան պարզապես հեռանում են Ռուսաստանից։ Արտագաղթյալները քաղաքականացված և ակտիվ անձինք են։ Նրանք շատ են, բայց ոչ այնքան, որ կարողանան ազդել իրենց նոր բնակության երկրի քաղաքականության վրա։
Ռուդենկինը ճշգրտում է. «Նոր երկրները դեռ չեն կողմնորոշվել, արդյո՞ք այդ մարդկանց հայտնվելը բավականաչափ կարևոր երևույթ է ինչ-ինչ կառավարչական որոշումներ ընդունելու համար։ Եկածների թիվն այնքան մեծ չէ՝ տեղացիների կյանքն արմատապես փոխելու համար։ Այս մարդիկ համարյա միշտ ապրում են մեկուսի և տեղի քաղաքական գործընթացներից հեռավորություն են պահպանում։ Դրա համար էլ Հայաստանի և Վրաստանի իշխանությունների համար մենք, կարելի է ասել, դեռևս գոյություն չունենք։ Մենք լուծման ենթակա խնդիրների շարքում ամենևին էլ առաջին տեղում չենք»։
Արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոն. «Այս տարագրության մեջ ռուսներն ավելի երիտասարդ են, կրթված, քաղաքականապես ակտիվ և դավանում են շատ ավելի ազատական արժեքներ, քան Ռուսաստանի բնակչությունն ընդհանուր առմամբ։ Սույն շերտի արտագաղթից հետո Կրեմլի հանդեպ դիմադրությունը կարող է նվազել, իսկ արտերկրում Կրեմլի նկատմամբ դիմադրությունը՝ մեծանալ։ Ռուսաստանի առավել կրթված, հմուտ, արդյունավետ և ստեղծագործական հատվածի մեծ մասը փոխադրվել է արտերկիր։ Որքան երկար տևի պատերազմը, այնքան ավելի քիչ ռուսաստանցիներ կվերադառնան իրենց երկիր՝ առնվազն մոտ ապագայում։
Արտասահմանում հաստատված ռուսաստանցիները սերտ կապ են պահում հայրենիքում մնացած ընկերների և ընտանիքի անդամների հետ։ Սակայն անորոշություն կա, թե արդյո՞ք վերջերս Ռուսաստանից հեռացածները կարող են իրենց ծագման երկիր փոխանցել իրենց դավանած քաղաքական գաղափարները»։
Իմ կողմից հավելեմ, այո՛, հայտնի չէ՝ կկարողանա՞ն, թե՞ ո՛չ, բայց գլխավորն այն է, որ ուզում են։
Հենց դա, այլ ոչ թե լեզվի վատ իմացությունը, առասպելական կայսերապաշտական հավակնությունները կամ նոր հանգամանքներին ընտելանալու անկարողությունն է խանգարում նոր երկրներում մեր ինտեգրմանը և տարագրային մեծ նախագծերի ստեղծմանը։ Պատերազմի սկզբից անցել է համարյա մեկ ու կես տարի, բայց մինչ օրս մենք կլանված ենք ռուսաստանյան նորություններով, Պուտինի դեմ ցույցերին ենք մասնակցում, նվիրատվություններ ենք կատարում փախստականներին և ընդդիմադիր նախագծերին աջակցելու համար, նամակներ ենք գրում մեր երկրում մնացած ընկերներին։ Այսինքն՝ ապրում ենք հետահայաց։ Այլ կերպ մենք դեռ չենք կարողանում։
Յան ՇԵՆԿՄԱՆ
Գրող
Երևան