Միջազգային փորձ. Թեպետ 1945 թվականից հետո պատերազմով բռնկված վայրերում նվաստացման և ահաբեկման մեթոդները կարծես թե նվազել են, մարդկությունը լրացուցիչ ապացույցներ է ստանում, որ հին բռնի գործելակերպը հեշտությամբ կարող է վերածնվել: 20-րդ դարի վերջում (Վիետնամի պատերազմ, Հարավսլավիայի փլուզման ժամանակ էթնիկ զտումներ Բոսնիայում, ցեղասպանություն Ռուանդայում, չեչենական պատերազմներ) և 21-րդ դարում բռնության ցուցադրումից շոու սարքելը և ակնթարթորեն տեսահաղորդագրությամբ տարածելը, շնորհիվ բարձր տեխնոլոգիաների զարգացման, դարձել են շատ ավելի հեշտ ու կատարելագործված (Իրաքի դեպքերը և աղմուկ հանած խոշտանգումները Աբու Գրեյբում, ԻԼԻՊ` «Իսլամական պետություն» կամ ԴԱԻՇ (այսպես կոչված «ջիհադիստական Հոլիվուդը»), Ղարաբաղյան պատերազմը, ռուսական պատերազմն Ուկրաինայում)։ Հարցն այն է, թե ինչո՞ւ ներգրավվել նման բռնության մեջ, որը, հավանաբար, միջազգային իմիջի ձևավորման և ավելի կարևոր քաղաքական նպատակների հասնելու լայն համատեքստում հակաարդյունավետ է: Ժամանակակից աշխարհում բռնության ցուցադրման առաջացրած ծախսերն ու հեղինակության վնասը չափազանց թանկ են դարձել՝ կապված մի տեսակ Գլոբալ Լևիաթան ստեղծելու փորձերի հետ (օրինակ՝ բոսնիական գործին զուգահեռ տրիբունալների ստեղծումը, Հայաստանի ներկայացրած հայցը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և Մարդու իրավունքների միջազգային տրիբունալ):
Այդ դեպքում ինչո՞ւ պետական այրերը կամ նրանց վստահված անձինք չեն դիմադրում դրան։ Այս գլուխկոտրուկը լուծելու համար անհրաժեշտ է վերլուծել բռնությունը, որն իրականացվում է ցուցադրաբար և թիրախային լսարանի համար: Համեմատելով տարբեր մայրցամաքների գործերն ինչպես գլոբալ հարավից (Ռուանդայի ցեղասպանություն), այնպես էլ գլոբալ հյուսիսից (աֆրոամերիկացիների նկատմամբ լինչի դատաստանները Միացյալ Նահանգներում և էթնիկ զտումների կոնկրետ դեպքերը Բոսնիայում)՝ հետազոտողները ցույց են տալիս, թե որքանով է բռնության ցուցադրումը հանդիսանում «նախընտրելի սոցիալական կարգի հաստատում՝ սոցիալական կատեգորիաների վերագծագրման (կամ վերահաստատման) միջոցով՝ էթնիկ և ռասայական տարբերությունների ոչ միանշանակ սահմանները վերացնելու կամ այդ սահմանները խախտելուն արձագանքելու համար։ Լի Էն Ֆուջին հաստատում է սոցիալական կարգի հասկացությունների նշանակությունը՝ ռասայական/էթնիկ հիերարխիան «ներգրելով» ոչ միայն անմիջական զոհի մարմնին, այլ նաև զոհի սոցիալական խմբի այլ անդամներին, որոնց անունից այդ մարմինը նույնպես հանդես է գալիս»:
Ընդհանրացնելով միջազգային գործերը՝ դեռևս անհասկանալի և քիչ ուսումնասիրված է մնում, թե ինչու են զինվորները երբեմն դիմում անհատույց, կոլեկտիվ, «ոչ մահացու» բռնության (օրինակ՝ ականջներն ու քիթը կտրելը, ծնկի իջեցնելն ու ադրբեջանական երաժշտության ներքո պարելով «Ղարաբաղն Ադրբեջան է» բառերն անվերջ բղավել ստիպելը, սպանությունից առաջ և հետո զոհերի հրապարակային բռնաբարությունները, խոշտանգումներն ու նվաստացումները (դիակների խեղման տեսանկարահանում):
Հեռուստատեսային բռնություն եզրույթն առաջին անգամ կիրառվել է ԻԼԻՊ -ի հանցագործությունների հետ կապված: Պատմականորեն ռազմական բռնությունը եղել և մնում է հակառակորդ կողմին հղված տեքստ, ուղերձի ձև: Պատերազմի ժամանակ դաժանության դրսևորման այս հատուկ լեզուն հասկանալն էլ հենց այս տեքստի խնդիրն է։ Որոշ քաղաքական սոցիոլոգներ և քրեագետներ բռնության դեպքերը մեկնաբանում են որպես ծածկագրված լեզու, որը սերտորեն առնչվում է պատկանելության և ինքնության խնդիրներին, ինչպես նաև՝ գողական/մաֆիական աշխարհի ծածկագրի լեզվին։
Տեղեկատվական տարածքում շրջանառվում է առնվազն երկու դասի/տեսակի տեսահոլովակ՝ անհատական կամ խմբակային բռնության (որն օրինականացրել է պետությունը, ավելի ճիշտ՝ նրա բռնապետը) նկարահանված տեսարաններ և Ադրբեջանի քարոզչամեքենայի արտադրած պաշտոնական տեսանյութեր։ 2020 թվականի նոյեմբերի 27-ին ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկություն է հայցել հինգ հայ զինվորների/ռազմագերիների գտնվելու վայրի վերաբերյալ։ HRWatch-ի ներկայացուցիչ Հյու Ուիլյամսոնը բացատրում է. իրենք կարևոր են համարում, որ այս խախտումները կատարած զինվորներից ոմանք չեն ամաչում կեցվածք ընդունել տեսախցիկի առջև։ «Չնայած զինվորները կարծում էին, թե կարող են անպատիժ մնալ, Ադրբեջանի համար կարևոր է այդ հանցագործությունների մեղավորներին ենթարկել ինչպես ուղղակի քրեական, այնպես էլ կոլեկտիվ պատասխանատվության»: Ադրբեջանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների պաշտոնական տեսանյութերն իբր վկայում են այն մասին, թե հիվանդանոցների բաժանմունքներում հատուկ ուշադրություն է դարձվում հայ ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքին։ Սրանք ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի երկու սկզբունքորեն տարբեր չափորոշիչներ են, որոնցով կարելի է պատկերացնել պաշտոնական և մասնավոր դիսկուրսների հակասությունը։
Այստեղ կարևոր է ուրվագծել Սաֆարովի գործը։ Ռամիլ Սաֆարովը ադրբեջանցի զինվորական է, որը 2004 թվականին Բուդապեշտում կացնահարեց ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում իր հետ դասընթացների մասնակցող՝ քնած հայ գործընկերոջը: Սաֆարովի դեպքից հետո վերոհիշյալ հակասությունը կարծես էլ չի թվում ինքնին հասկանալի մի բան: Ալիև կրտսերը հասավ Սաֆարովի արտահանձնմանը՝ վերջինիս ութամյա բանտարկությունից հետո։ Բաքու հասնելով՝ Սաֆարովն անմիջապես պարգևատրվեց հայ սպայի սպանության համար։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նշել է. «Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանը համարում էր անմեղ կամ ապօրինի դատապարտված անձ, և նա ստացավ մի շարք արտոնություններ (աշխատավարձի պարտք, բնակարան, ծառայողական առաջխաղացում)՝ առանց ներպետական օրենսդրությանը համապատասխանող որևէ իրավական հիմքի։ Ռամիլ Սաֆարովի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած միջոցները, որոնք հանգեցրին նրա փաստացի անպատժելիությանը՝ զուգորդված ծայրահեղ դաժան հանցագործության հերոսացմամբ, պատճառահետևանքային կապ ունեին նրա զոհի հայ լինելու հետ, և այդպիսով որակվել են որպես ռասայական և էթնիկ ատելության հողի վրա կատարված»:
Սաֆարովի պաշտոնապես հերոսացված օրինակով ոգեշնչված՝ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորները նկարահանում էին ծաղրուծանակումները, նվաստացումները, խոշտանգումները և գլխատումները՝ նույնիսկ հարկ չհամարելով թաքցնել իրենց դեմքը, այլ, ընդհակառակը, ցանկանալով ցուցանել իրենց ուղղակի մասնակցությունը։ Բացի այդ, տեսանյութերն անմիջապես տարածվում էին տարբեր բաց հարթակներում, ինչպիսին են Facebook-ը, TikTok-ը, Instagram-ը (Instagram-ի մի քանի օգտահաշիվներում), Odnoklassniki-ն, Telegram-ը (ներառյալ Kolorit 18+ և Karabakh News) և VKontakte-ն (վերջին երեք սոցիալական ցանցերը բացառապես ռուսաստանյան են): Հետազոտական տեսանկյունից հետաքրքիր է, որ մի շարք տեսանյութերում ադրբեջանցի զինվորականները, նախքան տեսախցիկի առջև հայ խաղաղ բնակիչների կոկորդները կտրելը, հեռուստադիտողին բացատրում էին, թե այդ անձը սպանվում է, քանի որ նա, ամենայն հավանականությամբ, մասնակցել է Խոջալուի գրոհին, ինչը ենթադրում է, որ նա, հավանաբար, մասնակցել է ադրբեջանցիների սպանությանը։ Իհարկե՝ ոչ մի խոսք անմեղության կանխավարկածի մասին։ Մասնավորապես, հենց այս կաղապարային տեքստ-հայտարարությունն է անում ադրբեջանցի զինվորը` դանակը ձեռքին, նախքան Շուշիի բնակիչ տարեց քաղաքացուն գլխատելը:[1]
Հետազոտության շրջադարձային կետերից մեկն այն է, որ ադրբեջանցի բռնարարները մշտապես անհրաժեշտ էին համարում արդարացնել իրենց բռնությունը (մեջբերում՝ «մենք գիտենք, որ նա [զոհը] Սումգայիթից էր, ինչը նշանակում է, որ նա մասնակցել է Խոջալուի դեպքերին, կամ գիտենք, որ այդ անձը որոշ ցուցակներում է/Ինտերպոլում և մեկ այլ տեղ», և իբր հավաստիորեն հայտնի է, որ նա մասնակցել է Ադրբեջանի դեմ առաջին Ղարաբաղյան պատերազմին): Ինչո՞ւ են ցուցադրական բռնության դերակատարները (ադրբեջանցի զինվորներն ու նրանց օգնականները) փորձում արդարացնել և ռացիոնալացնել իրենց վերաբերմունքը ցեղասպանությանը, իրենց ռազմական հանցագործություններն ու դաժանությունը։ Ովքե՞ր են այս ռացիոնալացումների ու հիմնավորումների հասցեատերերը։ Լավատեսական բացատրությունն այս դեպքում կարող է լինել այն, որ բռնությունն ու մահաբեր ագրեսիան բախվում են որոշակի բարոյական արգելակների, որոնք բռնության դերակատարը փորձում է շրջանցել՝ տեսախցիկի օբյեկտիվի առջև բացատրելով սպանությունների, խոշտանգումների, բռնությունների՝ իրեն արդարացնող դրդապատճառները։ Իր «Բռնություն. միկրո-սոցիոլոգիական տեսություն» հիմնարար աշխատության մեջ Ռանդալ Քոլինզը հանգել է այն եզրակացության, որ բռնությունն ու ագրեսիան, ի վերջո, մի բան են, որը մարդը հեշտ չի կատարում: Այստեղից, ըստ երևույթին, հարբած, անպատիժ ադրբեջանցի զինվորականների պարծենկոտությունը, քանզի նրանք հասկանում են, որ ոչ բոլորն են դրան ընդունակ և ամեն մեկը չէ բավարար չափով «տղամարդ տղա»՝ բռնարար դառնալու համար։
Նվաստացումներ, խոշտանգումներ և ստիպողական հայտարարություններ. ծայրահեղացված մահացու բռնություն Բաքվի հանգույն։ Սոցիալական ցանցերում տեղադրվել են հայ ռազմագերիների նկատմամբ բռնություն գործադրելու տեսարաններով տասնյակ տեսանյութեր (որոնք այնուհետև հապճեպ հեռացվել են)։ Բաքվի բանտերում ռազմագերիները պարբերաբար ենթարկվել են նվաստացումների և խոշտանգումների։ Ադրբեջանցի հսկիչները կիրառել են խոշտանգման տարբեր գործիքներ՝ գոտիներ, պտուտակահաններ, ինքնաձիգի կոթեր, մետաղական շղթաներ և մահակներ։ Խոշտանգումների հետևանքով շատերը ստացել են անբուժելի վնասվածքներ:
Շատ բանտարկյալների ստիպել են զանգահարել ընտանիքներին և հայտնել, թե իրենց լավ են վերաբերվում։ Արտահանձնված մի քանի գերիներ ականատես են եղել, թե ինչպես են ադրբեջանական բանտերում ռազմագերիներին խնդրել տրամադրել իրենց սոցիալական ցանցերի գաղտնաբառերը, որպեսզի նրանց ծնողների և հարազատների հետ կապ հաստատեն, ապա Ինտերնետով նրանց են ուղարկել խոշտանգումների պատկերները: Գերիներից ոմանց սպառնացել են՝ ստիպելով տեսագրել հայտարարություն, թե պատերազմի ընթացքում իրենց հրամանատարը հրամայել է նահանջել, և հրամանատարի գործողություններն են իրենց գերեվարման պատճառը։ Ադրբեջանի զինված ուժերն ամենուր ծաղրում և անարգում էին ռազմագերիներին։ Արտահանձնված 20-ամյա ժամկետային զինծառայողին հսկիչները ստիպել են կանացի զգեստ հագնել, ծաղրել ու նվաստացրել են՝ ամեն ինչ տեսագրելով։ Ադրբեջանցի հսկիչները սպառնացել են սպանել նրան, եթե չմասնակցի նկարահանվող և հետագայում տարածված նվաստացուցիչ տեսարանին։
Բանտարկյալներից մեկին տվել են կարդալու մի տեքստ, որտեղ ասվում էր, թե հայկական բանակում քուրդ զինյալներ կան, որոնք պատրաստվում են մասնակցել հակամարտությանը։ Միաժամանակ, նրա «խցակցին, որը ծանր վիրավորվել էր գերեվարվելուց առաջ, մարմինը ուղիղ պահելու համար կապել են մետաղյա ճաղերից, ապա դրել տանկի վրա և ցուցադրել որպես ռազմավար: Այս բոլոր իրադարձությունները տեսագրել են ադրբեջանցի զինծառայողները, նրանք, որ երկու զինվորներին էլ գերության ընթացքում ծաղրել ու ծանակել են։ Ժամկետային զինծառայողներից մեկը պատմել է, որ ադրբեջանցի հսկիչները եկել են իր խուց և շղթաներով դուրս են բերել իրեն՝ ստիպելով կենդանու նման սողալ։
2020 թվականի դեկտեմբերի սկզբին Human Rights Watch միջազգային կազմակերպությունը թարմ հետքերով հետաքննեց հեռուստատեսային բռնության ձևերն ու տեսակները: Նրանք ուշադիր ուսումնասիրեցին 14 տեսանյութ և զրուցեցին այն հինգ ռազմագերիների ընտանիքների հետ, որոնց նկատմամբ դաժան վերաբերմունքի տեսագրությունները տարածվել էին հեռուստատեսությամբ: Միևնույն ժամանակ, Human Rights Watch-ի ակտիվիստները ուսումնասիրեցին բազմաթիվ այլ տեսանյութեր, լուսանկարներ և իրավական փաստաթղթեր, ինչպես նաև զրուցեցին երկու առաջատար փաստաբանների՝ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի հետ: Վերջիններս մոտ 40 ռազմագերիների ընտանիքների ներկայացուցիչներն են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջնորդություններում, որոնցով պահանջվում է կիրառել հրատապ միջոցներ՝ պաշտպանելու այն անձանց, որոնց գործերը դատարանում են և որոնց սպառնում է «անուղղելի վնասի անմիջական վտանգը»։ Զեյնալյանի և Սահակյանի խոսքերով՝ դատարանը բավարարել է առանձին ռազմագերիների անունից ներկայացված բոլոր դիմումները, պահանջելով Ադրբեջանի կառավարությունից՝ ռազմագերիների մասին տեղեկություններ տրամադրել։
Դատաքննությունը պահանջում է մեծ համբերություն, ժամանակ, ռեսուրսներ՝ դա հայտնի է, բայց, ի վերջո, իրավակիրառման նախաձեռնությունն ավելի քան վարձատրվում է։ Մահացածներին չես վերադարձնի, հաշմանդամներին երբեմն հնարավոր չէ բուժել, սակայն դատավարությունն անհրաժեշտ է՝ ցրելու համար անպատժելիության այն մահացու զգացումը, որն արձակել է բանտարկյալների նկատմամբ ցուցադրական բռնություն կիրառող ադրբեջանցի հանցագործների և կարգավիճակային արտոնություն փնտրողների ձեռքերը:
Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Սոցիալական մարդաբան,
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Երևան
_____________________
[1] Ուշադրությո՛ւն։ Նախազգուշացում. Երեխաներին ցույց չտալ. Azerbaijan’s brutal beheadings and torture of Armenians. A non-exhaustive summary of war crimes. April 13, 2021 PanARMENIAN.Net. https://www.panarmenian.net/eng/details/292052/- a graphic video can be watched here: https://www.ragex.co/post/azerbaijani-soldiers-cut-off-the-head-of-an-armenian-old-man