Արի փախչենք Բաբելոնից,
Արի փախչենք բոլորից,
Արի փախչենք քաղաքից,
Արի փախչենք ինքներս մեզնից:
Ռեինկարնացիա , «Արի փախչենք»
Ես մի հետաքրքիր բան եմ նկատել։ Մի կողմից, իմ հայաստանցի ընկերներից ես շատ եմ լսում պատմություններ այն մասին, որ, օրինակ, ինչ-որ նորաբաց սրճարանում չկա հայերեն ճաշացանկ, իսկ մատուցողները միայն ռուսերեն են խոսում։ Միաժամանակ, Ռուսաստանից տեղափոխված իմ ընկերներից ոմանք գանգատվում են, որ դժվարանում են սովորել հայերեն, քանի որ բոլորն իրենց հետ խոսում են ռուսերեն, անգամ՝ երբ իրենք փորձում են խոսակցությունը հայերեն վարել։ Իմ կարծիքով, այս երկու երևույթներն իրականում նույն խնդրի երկու կողմն են։ Հայաստանի համար զանգվածային ներգաղթը դեռևս միանգամայն նոր երևույթ է, և մենք դեռևս չենք հասկացել, թե ինչպես վարվել այս նոր իրավիճակում։ Ոմանք այս ամենի մեջ տեսնում են միայն տնտեսական հնարավորություններ, մյուսները՝ սոցիալական խնդիրներ։ Ոմանք էլ (թեև նրանք, իմ տպավորությամբ, փոքրամասնություն են) տեսնում են առաջին հերթին վտանգ, ինչը ևս հասկանալի է՝ հաշվի առնելով, որ Հայաստանն, ըստ էության, հետգաղութային կախվածության մեջ է Ռուսաստանից։ Սակայն, իմ կարծիքով, ռուսաստանցիների ներգաղթը մի հիանալի հնարավորութուն է՝ Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև հանրային, քաղաքացիական, մշակութային առումներով։
Ավելին՝ ըստ իս, 2022 թ․ մեծ ներգաղթը (չեմ ուզում օգտագործել «ռելոկացիա» բառը) միանգամայն տեղավորվում է Հայաստանի նոր ժամանակաշրջանի պատմության տրամաբանության մեջ։ Եթե խոսենք ոչ թե պատմական Մեծ Հայքի, այլ այսօրվա Հայաստանի մասին, պետք է խոստովանենք, որ Հայաստանը մի երկիր է, որի կայացման մեջ հսկայական ներդրում են ունեցել ներգաղթյալների մի քանի ալիքներ։ Ընդ որում, նրանց մեծամասնությունն այստեղ են եկել՝ փրկվելով բռնությունից, պատերազմից, բռնապետությունից։ Եվ եթե մենք մի կողմ դնենք մեր կարծրատիպերն ու վախերը, ապա կհասկանանք, որ այսօր Հայաստան եկած ռուսաստանցիներից շատերը միանգամայն տեղավորվում են ինքնության այդ մոդելի մեջ։ Ճիշտ է, նախորդ անգամներ ներգաղթողների գերակշիռ մեծամասնությունը էթնիկ հայեր են եղել, իսկ այս անգամ նրանց մեծ մասը այլ էթնիկ ծագում ունեն և այլ մշակույթի կրող են, սակայն դա ամենևին չի նշանակում, որ նրանք չեն կարող ինտեգրվել մեր հասարակության մեջ։ Ավելին, իմ համոզմամբ, առնվազն նրանց մի մասը կարող է ոչ միայն երկարաժամկետ բնակություն հաստատել Հայաստանում, այլև դառնալ հայաստանյան քաղաքացիական ազգի մի մասը, ինչպես դա արել են ավելի վաղ Հայաստան տեղափոխված եզդիները, ասորիները, մոլոկանները և այլ էթնիկ ծագում ունեցող մարդիկ։ Մեզ՝ «հին Հայաստանցիներիս», մնում է աշխատել այն մարդկանց հետ, ովքեր ուզում են դառնալ «նոր Հայաստանցի», և նրանց հետ միասին ձևավորել ինտեգրման մի մոդել, որն օպտիմալ կլինի մեզ բոլորիս համար։
Ինձ զարմացնում է այն, թե Հայաստանի հանրային դիսկուրսում որքան քիչ է խոսվում այս իրապես աննախադեպ երևույթի մասին։ Թվում էր, թե հայ ինտելեկտուալները, փորձագետները, քաղաքական գործիչները, քաղաքացիական հասարակությունը պետք է շատ խոսեին հենց այս երևույթի մասին, փորձեին այն իմաստավորել, հասկանալ դրա հետ եկող հնարավորությունները և խնդիրները, առաջարկել լուծումներ։ Բայց, որքան էլ զարմանալի է, նման քննարկումներն այնքան էլ տարածված չեն։ Իհարկե, մասամբ սա բացատրվում է նրանով, որ գերակա են անվտանգության հետ կապված թեմաները՝ Արցախ, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոնֆլիկտ, Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններ։ Սակայն, կարծում եմ, կա նաև մեկ այլ պատճառ։ Ռուսաստանցիների ներհոսքը Հայաստան մի երևույթ է, որը չի տեղավորվում հայկական հանրային դիսկուրսում տիրապետող կաղապարների մեջ։
Այս կաղապարները ենթադրում են, որ «ազգայինը» նույնական է «էթնիկականի» հետ, որ ազգային ինքնությունը որոշվում է արյունակցական կապերով, կենցաղային և կրոնական-մշակութային առանձնահատկություններով։ Կարճ ասած, հայն այն մարդն է, ով ունի հայ ծնողներ, ուտում է տոլմա և գնում հայկական եկեղեցի։ Իհարկե, ազգային ինքնության այդ մոդելը, որքան էլ այն արխայիկ է և չի համապատասխանում արդի իրողություններին, գոյության իրավունք ունի, հատկապես սփյուռքում, որտեղ երբեմն դա «հայ մնալու» միակ ճանապարհն է։ Բայց գոյություն ունի նաև «քաղաքական» կամ «քաղաքացիական» ազգ հասկացությունը, «էթնիկ հայ» ինքնության կողքին կա նաև քաղաքական կամ քաղաքացիական «հայաստանցի» ինքնություն, որն, իմ կարծիքով, կարելի է անվանել նաև «քաղաքական հայի» ինքնություն։ Ինքնության այդ մոդելը ենթադրում է, որ առաջնային են ոչ թե արյունակցական կապերը և կենցաղը, ոչ էլ կրոնական պատկանելությունը, այլ նվիրվածությունը սեփական երկրին, այդ երկրի քաղաքացի լինելը, այդ երկրի քաղաքական, հանրային և մշակութային կյանքին մասնակցելը, ինչն, իհարկե, ենթադրում է նաև Հայաստանի պետական լեզվին՝ հայերենին տիրապետելը։ Այո, միգուցե ներգաղթող ռուսաստանցիների մեծ մասը դժվար թե «հայ» դառնան էթնիկ իմաստով (թեև, դա էլ հնարավոր է), բայց «հայաստանցի» դառնալ, այլ կերպ ասած, «քաղաքական ազգի» մաս դառնալ, միանգամայն կարող են։
Սակայն, հոգ չէ, որ մերօրյա հայ մտավորականությունը դեռևս չի կարողանում ստեղծել այն հայեցակարգը, որի շրջանակներում տեղի կունենա ներգաղթյալների ինտեգրումը։ Դա արդեն արել է «մի փոքր ավելի վաղ շրջանի» հայ ինտելեկտուալ Մովսես Խորենացին։ Քաղաքական և քաղաքացիական արժեքների վրա հիմնված ինքնության հայեցակարգն, ըստ էության, արդեն իսկ իր արտահայտությունն է գտել նաև հայ ինքնության համար կենտրոնական դեր ունեցող՝ Հայկ Նահապետի մասին առասպելի մեջ։ Իհարկե, լուրջ պատմաբանների մեծ մասը կասի, որ, ամենայն հավանականությամբ, այդ պատմությունը հորինել է «պատմահայր» Մովսես Խորենացին՝ ոգեշնչվելով Եգիպտոսից հրեաների հեռանալու մասին բիբլիական առասպելից։ Բայց, դա կարևոր չէ։ Առասպելը կարող է չարտացոլել պատմական փաստերը, բայց այն արտահայտում է որոշակի հանրության ինքնության հիմքում ընկած արժեքները։ Եվ այս իմաստով առասպելն ավելի կարևոր է այդ հանրության համար, քան պատմական փաստերը։ Եվ, ուրեմն, ո՞վ էր Հայկը, ում մենք՝ հայերս, համարում ենք մեր երկրի հիմնադիրը։ Մի մարդ, ով չուզեց ապրել այն ժամանակվա ամենահզոր կայսրությունում՝ Բաբելոնում, որտեղ տիրում էր բռնությունը և անազատությունը, և այդ պատճառով իր ցեղակիցների հետ տեղափոխվեց Հայաստանի լեռներ։
Բայց, մի կողմ դնենք առասպելները։ Կրեմլի սկսած պատերազմին մասնակցել չցանկացող ռուսաստանցիների ժամանումը Հայաստան միանգամայն տրամաբանական է, և, եթե հետևենք Հայաստանի պատմության վերջին երկու հարյուր տարվա պատմության միտումներին, նաև օրինաչափ։ Ներկայիս Հայաստանի բնակչության զգալի մասը կազմավորվել է հենց նման ներգաղթի ալիքների արդյունքում, երբ մարդիկ եկել են Հայաստանի ներկա տարածք՝ փրկվելով պատերազմից, բռնապետությունից և հետապնդումներից։ 19-րդ դարի ընթացքում հազարավոր հայեր տեղափոխվեցին Հայաստանի՝ ռուսական տիրապետության անցած մաս, Իրանից և Օսմանյան կայսրությունից, քանի որ չէին ուզում ապրել երկրորդ կարգի մարդու կարգավիճակով, որը պարտադրված էր քրիստոնյաներին մահմեդական այդ կայսրություններում։ Բացի այդ, ռուս-իրանական և ռուս-թուրքական պատերազմներից հետո, որոնցում հայերն ընկալվում էին որպես ռուսների դաշնակից, մեր ազգակիցները ստիպված էին հեռանալ, քանի որ «դավաճան» էին համարում։ 19-րդ դարի վերջում շատ հայեր հայտնվում են այսօրվա Հայաստանի տարածքում՝ փրկվելով Աբդուլ-Համիդի ջարդերից, այնուհետև՝ 1915-1923 թթ․ ցեղասպանությունից, Ադրբեջանի տարածքում հայկական ջարդերից, ընդ որում՝ նրանց հետ միասին ժամանում են նաև այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ եզդիներ, ասորիներ, պոնտացի հույներ։ 1988-ից հետո Հայաստան են եկել գաղթականներ Ադրբեջանից, 2000-ականներին՝ Իրաքի հայերը, 2010-ականներին՝ Սիրիայի հայերը։ Եվ ահա այսօր նորից Հայաստան են գալիս մարդիկ, ովքեր փրկվում են պատերազմից և բռնապետությունից։ Միակ տարբերությունն այն է, որ այս անգամ ներգաղթյալների զգալի մասը էթնիկ հայեր չեն։
Ի՞նչ անել այս իրավիճակում։ Իհարկե, այդ հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ են լուրջ հետազոտություններ և քննարկումներ, սակայն, կարծում եմ, կան մի քանի բաներ, որոնք այնքան ակնհայտ են, որ դրանցով պետք է սկսել զբաղվել հենց հիմա։
Առաջինը հետազոտությունն է։ Անհրաժեշտ է, մի կողմից, հասկանալ, թե ովքեր են Հայաստան եկած ներգաղթյալները․ ի՞նչ սոցիալական և ժողովրդագրական խմբերի են պատկանում, ի՞նչ խնդիրներ և կարիքներ ունեն, ինչպիսի՞ն են նրանց քաղաքական հայացքները և արժեքները, ինչպե՞ս են պատկերացնում իրենց ապագան։ Մյուս կողմից, անհրաժեշտ է հետազոտել միգրացիան և ինտեգրումը որպես երևույթ, մասնավորապես՝ այլ երկրների միգրացիոն և ինտեգրացիոն քաղաքականության փորձը, թե որ մոդելներն են աշխատել և որոնք չեն աշխատել։
Երկրորդ, միանգամայն ակնհայտ բանը, որ պետք է անել՝ հնարավորություն տալ ներգաղթյալներին սովորել հայերեն։ Իհարկե, ոչ բոլորն են, որ պատրաստ են և ցանկանում են դա անել, բայց այսօր անգամ այն ռուսաստանցիները, ովքեր ցանկանում են հայերեն սովորել, մեծ հաշվով շատ սահմանափակ հնարավորություններ ունեն դա անելու համար։ Կան հատուկենտ անհատներ և կազմակերպություններ, որոնք նման ծառայություն են մատուցում։ Գուցե մի փոքր ավելի լավ է վիճակը օնլայն տիրույթում։ Սակայն, մեծ հաշվով, մենք գրեթե ոչ մի բան չենք անում, որպեսզի օգնենք ներգաղթողներին սովորել հայերեն, և սա միանգամայն տարօրինակ է։ Թե ինչպես պետք է դա արվի, արդեն առանձին հարց է, բայց սկզբի համար կարելի է պարզապես բացել լեզվի անվճար դասընթացներ բոլոր ցանկացողների համար՝ պետական կամ հանրային ֆինանսավորմամբ։
Եվ, վերջապես, ամենակարևորը՝ անհրաժեշտ է երկխոսություն ծավալել ներգաղթյալների և տեղացիների միջև։ Դա արդեն ինչ-որ չափով տեղի է ունենում։ Կան հարթակներ, որոնք կազմակերպում են մշակութային, քաղաքական և սոցիալական թեմաներով միջոցառումներ, բայց դրանք քիչ են։ Որոշ բաներ տեղի են ունենում մեդիատիրույթում, օրինակ՝ «Բուն-ԹիՎի»-ի ստեղծած «Եկանք, մնացինք» հաղորդումների շարքը։ Բայց, նման երկխոսության ավելի շատ հարթակներ են պետք։ Եվ դեռևս այդ ուղղությամբ բավարար աշխատանք չի անում ոչ պետությունը, ինչն ինձ համար զարմանալի չէ, քանի պետությունն իր բնույթով չի կարող արդյունավետ լինել նման հարցերում, ո՛չ էլ, ցավոք, քաղաքացիական հանրությունը,։ Սակայն, կա նաև լավ նորություն։ Այն, ինչը, թերևս, ամենակարևորն է՝ պարզ մարդկային շփումն, այսպես թե այնպես, տեղի է ունենում։
Եվ վերջում նորից խոսքը տանք Մովսես Խորենացուն։ Ահա այսպես է նա նկարագրում Բաբելոնից Հայաստան տեղափոխվելու՝ Հայկի որոշման պատճառներ․«Որովհետև այս ժամանակ ամեն մի մարդ կատաղած՝ սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էր մյուսներին տիրելու, երբ Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և ամբողջ երկիրը գրավել։ Հայկը, չկամենալով սրան հնազանդվել, Բաբելոնում իր Արամանյակ որդուն ունենալուց հետո չվեց, գնաց Արարադի երկիրը, որ գտնվում էր հյուսիսային կողմերում, իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով» ։
Ինչ-որ բան հիշեցնում է, չէ՞։
Միքայել ԶՈԼՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Երևան