Պուտինը շարունակում է պնդել, թե ուկրաինական ուժերը լուրջ կորուստներ են կրել հակահարձակման առաջին շաբաթների ընթացքում և այժմ որոշակի «անդորր է ռազմաճակատում»։
«Կիևը զբաղվում է մարտունակության վերականգնմամբ, միավորում է նոր ստորաբաժանումներ բրիգադներից, որոնք լուրջ կորուստներ են կրել», – ասել է նա։
Ընդ որում, նախկինում Ռուսաստանի նախագահը ռազմական դրությունը այսքան մանրամասն չէր մեկնաբանում։
Հակառակ Պուտինի պնդումներին, արևմտյան վերլուծաբանները հայտարարում են, թե ուկրաինական հակահարձակումը թեև սպասվածից ավելի դանդաղ և դժվարությամբ, բայց առաջ է գնում։
Նախագահ Զելենսկին հակադարձում է․ – «Ոմանք կարծում են, թե սա հոլիվուդյան ֆիլմ է և արագ արդյունքներ են ակնկալում: Դա այդպես չէ»։
Հակահարձակման այս երկու շաբաթվա ընթացքում ուկրաինական ուժերը կարողացել են հետ վերցնել ութ գյուղ Զապորոժիեի և Դոնեցկի մարզերում։ Զելենսկին ասում է, որ ռազմական գործողությունները հեշտ չեն ընթանում, քանի որ ուկրաինական տարածքի 200 հազար քառակուսի կիլոմետրը ականապատվել է ռուսական ուժերի կողմից. – «Ինչ էլ որ ոմանք ցանկանան, ներառյալ մեզ վրա ճնշում գործադրելու փորձերը, ամենայն հարգանքով, մենք կշարժվենք մարտի դաշտում այնպես, ինչպես մենք լավագույնն ենք համարում»։
Եթե հակահարձակումը ձախողվի, Ուկրաինան ստիպված կլինի նստել բանակցային սեղանի շուրջ. արևմտյան փորձագետներ
Արևմտյան մամուլը, փորձագետները ուկրաինական այս հակահարձակումը վճռորոշ են համարում և պնդում, որ եթե այն ձախողվի, արևմտյան, հատկապես ամերիկյան աննախադեպ օգնությունը դժվար թե նույն թափով շարունակվի, և Ուկրաինան ստիպված կլինի նստել բանակցային սեղանի շուրջ։
Ուկրաինայի առաջնորդը սակայն պնդում է՝ կապ չունի, թե ինչ արդյունքներ կտա այս հակահարձակմումը, կապ չունի, թե ով կլինի Կրեմլում՝ Պուտինը թե մեկ ուրիշը, Կիևը չի համակերպվի սառեցված հակահամարտության գաղափարի հետ. – «Անկախ նրանից, թե որքան հեռու ենք մենք առաջ շարժվել մեր հակահարձակման մեջ, մենք չենք համաձայնի սառեցված հակամարտությանը, քանի որ դա պատերազմ է, դա անհեռանկար զարգացում է Ուկրաինայի համար»:
Արևմտյան փորձագետները միևնույն ժամանակ մտավախություն ունեն, որ եթե ռուսների վիճակը ռազմի դաշտում իսկապես վատանա և նրանք պարտվելու վտանգի առաջ կանգնած լինեն, կմեծանա միջուկային հարվածի հավանականությունը։ Ավելին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին զգուշացրել է, որ Վլադիմիր Պուտինի կողմից տակտիկական միջուկային զենք օգտագործելու սպառնալիքը իրական է։
Զելենսկին մինչդեռ ասում է, թե չի հավատում, որ Պուտինը կգնա նման քայլի. – «Նա խոսում է միջուկային զենքի կիրառման մասին, բայց ես չեմ կարծում, որ պատրաստ է դա անել, քանի որ վախենում է իր կյանքի համար։ Նա շատ է սիրում կյանքը։ Բայց ես չեմ կարող հստակ ասել, հատկապես որ խոսքը իրականության հետ կապ չունեցող, 21-րդ դարում իր հարևանի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսած մի մարդու մասին է»։
Թե ինչ զարգացումներ կլինեն Ուկրաինայում առաջիկա շաբաթներին և ամիսներին, դժվար է կանխատեսել։ Ակնհայտ է սակայն, որ պատերազմից ավերված Ուկրաինան պետք է վերականգվի։ Լոնդոնում այսօր Ուկրաինայի վերականգմանը նվիրված համաժողովի շրջանականերում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է Ուկրաինային առաջիկա երեք տարիների ընթացքում 3 միլիարդ դոլարի (իսկ ԱՄՆ պետքարտուղարը՝ 1,3 մլրդ դոլարի) հավելյալ օգնություն տրամադրելու մասին։
Անօդաչուներն այսօր կրկին հայտնվել էին Մոսկվայի մարզում
Երեք անօդաչու սարք է այսօր վաղ առավոտյան խոցել ռուսական ՀՕՊ-ը։ Անօդաչուներից մեկը խոցվել և ընկել է Նոր Մոսկվայի Լուկինո գյուղում, մյուս երկուսը խոցվել և ընկել են մերձմոսկովյան Նարոֆոմինսկի շրջանում, մոտոհրաձգային գնդի բազայի հարևանությամբ։
«Առաջին անգամ անսովոր ուժեղ ձայն լսեցի առավոտյան հինգին, երբ սուրճ էի խմում։ Դուրս եկա փողոց, տեսա ծուխ այս շենքի հետևում։ Հետո երբ վերադարձել էի տուն, լսեցի երկրորդ ավելի ուժեղ պայթյունի ձայնը», – պատմում է տեղի բնակիչը։
«Անհաջող ահաբեկչության հետևանքով զոհեր և ավերածություններ չկան», – ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։
Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի տարածքում հարձակումները սովորաբար չեն մեկնաբանում։
Ռազմի դաշտում երկակի իրավիճակ է ստեղծվել
Իսկ ռազմի դաշտում երկակի իրավիճակ է ստեղծվել. հարավում՝ Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններով ուկրաինական բանակն է դանդաղ առաջ գնում, իսկ Դոնեցկի մարզում՝ Բախմուտի և Լիմանի ուղղություններով ռուսներն են նախաձեռնել լայնամասշտաբ հարձակողական գործողություններ։
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի խոսքով, ռուսների «նպատակը Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմաններին հասնելն է»։ Մալյարը հայտնել է նաև Զապորոժիեի ուղղությամբ մասնակի հաջողությունների մասին։ Մասնակի հաջողություն․ այս տերմինն է օգտագործում պաշտոնական Կիևը հակահարձակման ընթացքը նկարագրելիս։
Բրիտանական հետախուզության տվյալներով ևս պատկերը նույնն է. Դոնբասում ռուսները փորձում են նոր հարձակում սկսել, իսկ Ղրիմի ուղղությամբ շարունակում են ուժեղացնել պաշտպանական գծերը։
«Սա ցույց է տալիս ռուսական հրամանատարության մտավախությունները, որ ուկրաինական ուժերը կարող են ուղղակիորեն հարձակվել Ղրիմի վրա։ Ռուսաստանը շարունակում է թերակղզու նկատմամբ վերահսկողության պահպանումը դիտարկել որպես քաղաքական առաջնահերթություն», – նշված է բրիտանացիների զեկույցում։