Մեկնարկել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի (ՈՒՊՈՒ) ամառային ռազմարշավը։ Ըստ սպասվածի՝ լայն ճակատով սկսված առաջխաղացման մեկնարկի օրը տարեթվի ճշգրիտ արձանագրման առումով աննկատ է մնացել։ (Հակա)հարձակման նախապատրաստական փուլի ավարտը նշանավորվել է «Ռուսական կամավորական կորպուսի» (ՌԿԿ) և «Ազատություն Ռուսաստանին» լեգեոնի (ԱՌԼ) նախ՝ ՌԴ Բրյանսկի, ապա նաև՝ Բելգորոդի մարզերի տարածք կատարած ներթափանցումներով։ Կոլեկտիվ Շեբեկինոն դարձել է ռազմադաշտից ստացվող նորությունների մշտական բաղադրիչը։
Ռուսաստանյան օկուպացիոն զորքերի (ՌՕԶ) կողմից Նոր Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցումը հստակորեն ցուցադրել է, որ «ամեն ինչ շարժման վիճակի մեջ է մտել»։ Հիշյալ պայթեցմամբ Կրեմլը (իր իսկ տրամաբանության շրջանակում) կարծել է, թե կարողացել է «լուծել» իր համար հիմնարար երկու խնդիրներ․
ա․ ձերբազատել է մի շարք ռազմական ռեզերվներ՝ (դարձյալ իր իսկ տրամաբանության շրջանակում) անորոշ ժամանակով Ուկրաինայի պաշտպանության ուժերի համար անհնարին դարձնելով Խերսոնի նահանգում Դնեպրի ռազմական գետանցումը,
բ․ Կիևին և հակառուսական դաշինքին (կոլեկտիվ Ռամշթայնին) և բոլոր մյուսներին (նախ և առաջ՝ «կոլեկտիվ հետխորհրդային բանտախցի «եղբայրակիցներին») հասկացրել է, որ պատրաստ է ի կատար ածել իր սպառնալիքները և տոկոսադրույքներ բարձրացնել այն պարագայում, եթե Ուկրաինան և իր գործընկերները հրաժարվեն Կրեմլի պայմաններից։ Տվյալ դեպքում խոսքը Մոսկվայի պայմաններով ռազմաճակատի սառեցման մասին է։
Տպավորություն կա, թե Նոր Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման միանգամայն հնարավոր սցենարը լրջորեն գնահատվել է միայն Կիևում։ Ուկրաինան վաղուց ի վեր սովոր է միջազգային հանրության բացարձակապես ոչ ադեկվատ արձագանքին և միջազգային կազմակերպությունների անկարողությանը։ Ամառային ռազմարշավի դադարեցման մասին խոսք անգամ չկա։ Ծրագրերի համապատասխան ճշգրտումն արդեն կատարված է։
Ուկրաինայի պաշտպանության ուժերի ընթացիկ գործողություններն ուղեկցվում են Կրեմլի միջուկային բլեֆի վերարծարծմամբ՝ ընդհուպ մինչև ՆԱՏՕ-ի (թե՛ ԱՄՆ, և թե՛ եվրոպական) երկրներին «կանխարգելիչ միջուկային հարվածներ» հասցնելու սպառնալիքի հնչեցումը։ Այստեղ առանցքային բառը դեռ «բլեֆ»-ն է։ Սակայն Մոսկվայում մեծ կարմիր կոճակն առաջինը սեղմելուն անընդունակ տրտմած ֆյուրերի անկարողությունը (իրազեկ մարդկանց մեծամասնությունը հենց դա է պնդում) օրակարգից դուրս է բերում «միջուկային սպառնալիքների» կիրառական բնույթը՝ Նոր Կախովկայի ամբարտակի պայթեցման օրինակով։
Հաջորդ հերթն Էներգոդարում գտնվող բռնազավթված և ականապատված Զապորոժիեի ատոմակայանին է։ Կախովկայի ամբարտակի պայթեցումն արդեն իսկ ուղղակիորեն կապակցված էր Զապորոժիեի ատոմակայանի հետ։ Այսպես՝ տեսանելի ապագայում կարող է ծագել սառեցման բլոկի համար կենսականորեն անհրաժեշտ ջրի պակասի առաջացման սպառնալիքը։ Ընդ որում, վերոնշյալ բլոկի ականապատված լինելու վերաբերյալ զգուշացումները ստացել են բոլորը՝ Հռոմի պապից մինչև, մեղա Աստուծո, ՄԱԳԱՏԵ-ն։ Պայթեցման ենթակա օբյեկտների շարքում է նաև Արմյանսկի շրջակայքում գտնվող «Ղրիմյան Տիտան» ամիակի գործարանը, որը նույնպես արդեն ականապատված է։ Երբ ես գրում եմ «հերթագրված է», ապա պարզապես կամենում եմ հիշեցնել, որ թե՛ Ղրիմը, թե՛ ամբողջ Զապորիժիեի նահանգը հավասարապես 1991 թ․ սահմաններում ուկրաինական տարածքների լիակատար ազատագրման համար իրականացվող (հակա)հարձակման օրակարգի մաս են։ Այնուհետև, անդրադառնում ենք ոչ միայն վերոնշյալին և բլեֆին, այլև Կախովկային և տրտմած ֆյուրերին․․․
Ներկա փուլում Ուկրաինայի պաշտպանության ուժերի ոչ նշանակալից առաջխաղացումը նկատվում է և՛ արևելքում, և՛ հարավում՝ տավրիդյան ուղղությամբ։ Ազատագրված բնակավայրերի ցանկը թարմացվում է ռազմական գործողությունների ընթացքին նվիրված պաշտոնական տեղեկագրերում։ Ընդ որում, մի շարք հատվածներում Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են պաշտպանական մարտեր մղել։ (Հակա)հարձակման հաջողություն/ձախողումն ազատագրված տարածքների ծավալով չափելը ճիշտ մեթոդաբանություն չէ։ Ընթանում են ծանր մարտեր, տեղի է ունենում հակառակորդի բազմաշերտ պաշտպանական գծերում թույլ տեղերի որոնում։ Գլխավոր նպատակն է թշնամու ռեզերվների սպառումը, իսկ «ով առաջինը մարտի մեջ կներքաշի ռեզերվները, նա պարտվելու է ամառային ռազմարշավում» արտահայտությունը հիրավի վարակիչ է դարձել։
Արևմտյան սպառազինությունների մատակարարման շնորհիվ հարվածային ճշգրտության և հեռահարության համակարգերի ոլորտում (մեծապես ցանկալի են նաև ATACMS ընտանիքի ավելի հեռահար հրթիռները) Ուկրաինայի ձեռք բերած առավելությունը երկրի զինված ուժերին թույլ է տալիս հետևողականորեն ոչնչացնել հակառակորդի թիկունքում գտնվող հրամանատարական կետերը, մատակարարումների ցանցերն ու ենթակառուցվածքները։ Միաժամանակ, Ուկրաինան դեռևս զիջում է Ռուսաստանին սպառազինությունների թվաքանակով։ Թեպետև սահմանափակ ծավալով, բայց արդեն իսկ օգտագործվում են Storm Shadow օդային բազավորման հրթիռները՝ հարմարեցված Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-24 կործանիչներին (որպես «չարաբաստիկ» F-16-երի տրամադրմանը նախորդող շրջանի համար ժամանակավոր լուծում)։ Այսպիսով, ՌԴ զինված ուժերի հետևողական սպառումն իր հունով է ընթանում։ Վերջին նշանակալից հանգրվանը՝ Չոնգար ավանի հարևանությամբ Ղրիմն ու Խերսոնի նահանգը կապող կամրջին իրադրային արդյունքներով հարվածն էր, որի շնորհիվ ժամանակավորապես դադարել է գործել Ղրիմից ՌԴ զինված ուժերի հարավային խմբավորման մատակարարումների գլխավոր գիծը։ Հակառակորդը մեծ դժվարություններով օգտագործում է արդեն իսկ հիշատակված Արմյանսկի միջով անցնող երթուղին, բայց այն ևս արդեն ուկրաինական բանակի հարվածային հասանելիության գոտում է հայտնվել։
Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների արագացումը
Ուկրաինական ճակատում Ռուսաստանի ռազմավարական ձախողումն առարկայաբար հանգեցրել է մի շարք հարակից տարածաշրջաններում, այդ թվում և Հարավային Կովկասում ՌԴ դիրքերի թուլացմանը։ Սակայն ընթացիկ փուլում Կրեմլը դեռ չի հրաժարվել այդ երեք երկրներից յուրաքանչյուրում ռազմական ներկայության վրա հենված ծավալապաշտական քաղաքականություն վարելուց։ Այսուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վաշինգտոնյան/բրյուսելյան ձևաչափն ընդհանուր առմամբ դե-ֆակտո անայլընտրանք է դարձել։ Մոսկվան այսուհետև գերազանցապես զբաղվելու է թե՛ բանակցային այս ձևաչափի աշխատանքների խոչընդոտմամբ/արգելակմամբ, թե՛ նրա արդյունքներում սեփական տեղի որոնմամբ։
Ուկրաինական ճակատում Ռուսաստանի ռազմավարական պարտության ողջ որոշելիությամբ հանդերձ՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերի 1991 թ․ սահմաններին դուրս գալու ժամկետներն անորոշ են մնում։ Համոզվածությամբ կարելի է պնդել, որ ամառային ռազմարշավին հաջորդելու է աշնանայինը։ Հակաօդային պաշտպանության զորքերը, կոմունալ ծառայություններն ու մնացյալ բոլորը պատրաստվում են նոր ձմեռային «հրթիռա-ջեռուցման» սեզոնին։
Էլ ավելի անորոշ է մնում Ռուսաստանի պարտությունն ամրագրող ձևաչափը։ Այս անորոշությունը պայմանավորում է Հարավային Կովկասի երեք երկրների առանց կտրուկ շարժումների ընդհանուր առմամբ սպասողական դիրքորոշումը։
Վրաստանի խորհրդարանի խոսնակի «համբերության ռազմավարական քաղաքականություն» արտահայտությունը Վրաստանի ներքին քաղաքական֊կատակերգային խոհանոցում խորհրդանշական է դարձել։ Ըստ իս, այն միանգամայն սպառիչ կերպով է բացատրում Ռուսաստանի նկատմամբ ողջ Հարավային Կովկասում առկա մոտեցումների համապատկերը։ Սակայն Մոսկվան՝ ուկրաինական ճակատում արձանագրվող նորանոր ձախողումներին համընթաց, այստեղ հետզհետե ավելի ու ավելի նյարդային ջղաձգումների է դիմելու։ Դրանց այսուհետև ևս չարձագանքել հնարավոր չի լինի։
Տվյալ նյութում մենք փակագծերից դուրս կհանենք իրադարձությունների զարգացման ծայրահեղ բևեռային սցենարները, ինչպես Մոսկվայի շահերից բխող ռազմաճակատի ստատուս-քվոյի սառեցումն ու ամրագրումը, այնպես էլ կրեմլյան իշխանական կառույցների «կասկադային փլուզումը»՝ Ուկրաինայում ռուսաստանյան զինված ուժերի ջախջախման հետևանքով։ Մնացած՝ «մեջտեղում» գտնվող տարբերակները տեղավորվում են բոլոր ուկրաինական տարածքների հետևողական փուլային ազատագրման սցենարների մեջ։ Ուկրաինայի համար «նվազագույն առաջադրանքն» է՝ պայմանականորեն դառնալ 1991 թ․ դրությամբ Լեհաստան կամ բալթյան երկիր՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամակցության ձեռքբերմամբ․․․
Ուկրաինայի համար նվազագույնս ընդունելի այս «հակահարձակման ուղեծիրը» բոլորովին չի երաշխավորում Հարավային Կովկասից Ռուսաստանի հեռացումը։ Կրեմլյան հավակնությունների համակարգում, թերևս, ընդհակառակը՝ Մոսկվան փորձում է պահպանել Հարավային Կովկասն իր իսկ «վերապրելու սեփական էկոհամակարգում»՝ առանց կարևորելու, թե ինչպես կփոխվի/կտապալվի պուտինյան իշխանության ցուցանակը։
Յուրաքանչյուր երկրում այս ուղեծիրը կարագացնի տարածաշրջանում ծավալվող գործընթացներն ըստ առավելագույնս պարզ կաղապարների։
***
«Այսօր Ուկրաինան պատերազմում է բոլորիս համար» արտահայտությունը միաձայն հնչում է Թբիլիսիից, Բաքվից և Երևանից։ Սա, իհարկե, ճշմարտություն է, որը յուրաքանչյուր ուկրաինացու հոգին է ջերմացնում։ Սակայն ճշմարտությունը նաև այն է, որ «մեր մոտի թաղում» ամեն ոք ստիպված է ինքնուրույնաբար գոնե «վիճակահանության տոմս գնել»։
Վլադիմիր ԿՈՊՉԱԿ
Բանակի, ռազմարդյունաբերության խաղաղ վերափոխման և սպառազինանվազման ուկրաինական կենտրոնի հարավկովկասյան մասնաճյուղի ղեկավար
Թբիլիսի